Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բնապահպանական բաղադրիչը հաշվի չառնելով՝ ավելի մեծ վնասներ ենք կրելու

Հայտնի է ռեկուլտիվացիայի ենթակա 10 առաջնային տարածքների ցանկը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ՀՀ»—ի հարցազրույցը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ։

–Մենք խոսում ենք անձնական, ազգային ու պետական շահերի բախումից։ Բայց արդյո՞ք պետությունը ֆիքսել է այդ շահը, օրինակ՝ Սեւանի հարցով։ Եթե Սեւանն ազգային արժեք է ու դրա պահպանությունը՝ գերխնդիր, ուրեմն Սեւանի հաշվին չպետք է լուծվեն նույնիսկ սոցիալական խնդիրներ։ Եվ, ընդհանրապես, մենք մեր ջրերը շատ վատ ենք կառավարում՝ դրան պարբերաբար տարբեր անուններ տալով՝ սոցիալական, կլիմայական… Ի՞նչ ուղղությամբ ենք գնում։ Հարցս գուցե ընդհանրական էր, բայց մեր ցավն է սա։ Ի՞նչ ենք ուզում, ի վերջո։
–Ձեր հարցն, այսպես ասեմ, բավական լեգիտիմ է՝ հաշվի առնելով նախորդ տարիների՝ լճից ավելի ջրառները, այդ 170 մլն խմ—ն գերազանցող ծավալները։ Բայց Սեւանը, ճիշտ եք, այո, ազգային արժեք է եւ տարեցտարի ավելի ու ավելի կարեւորություն է ձեռք բերում, մեր մյուս ջրային ռեսուրսները նույնպես՝ հաշվի առնելով կլիմայական գործոնները, տարածաշրջանում ջրի խնդիրները։ Բայց կարող եմ ասել, որ 2019 թ. վերջին 10 տարում Սեւանից նվազագույն ջրառ է իրականացվել։ Եվ դա նույնիսկ եղել է շատ ավելի քիչ, քան ջրային կոմիտեի հայտն է եղել։ Ակնհայտ մի փաստ էլ կա, որ ՋՕԸ—ների կողմից ջրային պահանջարկը ուռճացված է եղել։ Դատախազությունը հայտարարություն է արել։ Դատավարություններ են ընթանում։ Մենք ընդհանրապես մի մեծ փաթեթ ուղարկել ենք դատախազություն, ուսումնասիրություններ ենք արել ՀԷԿ—երի եւ ՋՕԸ—ների միջեւ պայմանագրային պարտավորությունների, եւ ՋՕԸ—ներին տրված ջրառի ծավալները համադրել ենք փաստացի ոռոգված տարածքների հետ։ Ամբողջ ուսումնասիրությունն ուղարկել ենք դատախազություն։ Իսկ Սեւանի խնդիրը լուծելու ենք երկու ուղղությամբ՝ որակ եւ քանակ։ Քանակ. ջուրը միանշանակ պետք է ավելացվի։ Նոր ջրօգտագործման թույլտվություն ենք տվել՝ Եղեգիսից լրացուցիչ ջուր Սեւանա լիճ բերելու համար։ Եվ դրան զուգահեռ կեղտաջրերի հարցը պետք է լուծվի, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք։ Հիմա 5 մլն եվրո դրամաշնորհ կվերցնենք միայն Սեւանի համար։ Ջրի մակարդակի բարձրացումն անհրաժեշտ է, որ սառը շեշտը վերականգնվի։ Չմոռանանք, որ հիմա կլիմայական փոփոխությունները լրացուցիչ ճնշում են Սեւանին։ Նախորդ տարի, օրինակ, առաջին կեսին 100 մլն խմ ավելի ջուր էր գոլորշիացել, եւ 40 մլն խմ—ով պակաս ջուր էր գետերից մտել Սեւան։ Այսինքն՝ միայն բնակլիմայական պայմաններով պայմանավորված առաջին կեսին Սեւանից 140 մլն խմ ջուր պակասեց (Սեւանի մակարդակի 10 սմ—ն)։
–Ասել կուզի՝ մենք պետք է վերանայենք տարիներ առաջ Սեւանի մակարդակի բարձրացման ծրագիրը։
–Միանշանակ, տարիներ առաջ եթե ընդունվել է 1903.5 մ նիշի ցուցանիշը, ապա այսօր այլ հետազոտությունների կարիք կա՝ լճի բնական հավասարակշռությունը վերականգնելու համար։ Զուգահեռ՝ կեղտաջրերի մաքրման խնդիրը, որի մասին անընդհատ եմ նշում։ Հիմա գետերի հուների մաքրման ծրագիր ունենք։ Ծրագիր կա նաեւ Սոթքի լքված պոչամբարի ռեկուլտիվացիայի հետ կապված։ Մի խոսքով՝ ընդհանրացված երկու խնդիր ունենք՝ ջրի քանակն ավելացնելու եւ աղտոտման ծավալները նվազեցնելու։ Քանակի խնդիրը դնելիս ասում ենք՝ Արփա—Սեւանով ջրի ավելացում, ջրառի նվազեցում։ Բայց ջրառ, այնուամենայնիվ, պետք է՝ ջրի փոխանակության համար, որպեսզի փակ լիճ չդառնա։ Սեւանի հետ կապված այլ քայլեր էլ են նախատեսված. ինտենսիվ աշխատում ենք կողակը վերականգնելու համար, քանզի կողակը, ինքներդ գրել եք այդ մասին, սանիտարի ֆունկցիա է կատարում։ Մաքրման աշխատանքներն առաջին անգամ իրականացվում են բացառապես ջրածածկ եւ ճահճային տարածքներում, այնտեղ, որտեղ մաքրման կարիք կա, եւ ոչ թե ցամաքում, ինչ—որ բարձրությունների վրա ծառեր են կտրվում։ Խնդիրների փունջն այնքան մեծ է, որ… բայց այլընտրանք չկա, պետք է գործենք։ Որովհետեւ նույն Արարատյան դաշտի ձկնաբուծարանների պարագան ցույց տվեց, որ երբ տնտեսական որոշումներում բնապահպանական բաղադրիչը հաշվի չի առնվում, ապա, որոշ ժամանակ անց, տնտեսական վնասներն անխուսափելի են։
–Անընդհատ խոսում ենք պոչամբարների ռեկուլտիվացիայից, բայց այդպես էլ պարզ չէ՝ ինչ ռեկուլտիվացիայի մասին է խոսքը՝ մեխանիկակա՞ն, կենսաբանակա՞ն…
–Խոսեմ լքված պոչամբարներից։ Մեր նախարարության փորձագետները գույքագրել են Հայաստանում խորհրդային ժամանակահատվածից մնացած 49 պոչամբար եւ թափոնակույտ։ Գույքագրվել է, եռաչափ մոդելավորվել, բաղադրությունները ստուգվել են։ Տվյալները համադրվել են երկրաբանական ֆոնդում առկա տվյալների հետ։ Դրա հիմամբ իմ հրամանով ստեղծվել է ռեկուլտիվացիայի ենթակա 10 առաջնային տարածքների ցանկ։ Ռեկուլտիվացումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հետագայում այդ տարածքները հնարավոր լինի օգտագործել։ Իսկ դա ենթադրում է նաեւ կենսաբանական ռեկուլտիվացիա։ Աշխատանքներ, որոնց հետեւանքով այդ տարածքները կգործածվեն։ Այդ տարածքներից են Սոթքի լքված պոչամբարը, Տանձուտինը, Կավարտի պոչամբարը... Վերջինիս ռեկուլտիվացման համար այնտեղ, օրենսդրորեն, պարտավորություն կա 70 հեկտար անտառվերականգնում անել։
–Գործող պոչամբարների մասով գործը պետք է որ ավելի հեշտ ընթանա։
–Գործող պոչամբարների կառավարման հետ կապված էլ օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնել։ Գործող պոչամբարների հետ կապված հանքերը շահագործողներն ունեն ռեկուլտիվացիոն որոշակի պարտավորություններ։ Հիմա մշակում ենք կենսաբանական ռեկուլտիվացման կարգը։ Զուգահեռ վերանայում ենք ռեկուլտիվացմանն անհրաժեշտ դեպոզիտային վճարներին առնչվող հարցեր։
–Հնարավո՞ր է պոչամբարների վերամշակման հարց դրվի՝ հաշվի առնելով ամենատարբեր հաշվարկները դրանց պարունակության տնտեսական արդյունավետության մասին։
–Մեզ համար առաջնային է, որ որեւէ գործունեություն՝ լինի հանքարդյունաբերություն, էներգետիկա թե մեկ այլ բան, բնապահպանական տեսակետից նվազագույն բացասական ազդեցություն ունենա։
–Հարցս տվեցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավորինս մաքուր պոչամբարը (երկրորդական, երրորդական վերամշակման ենթարկված) հնարավորինս հեշտ է ռեկուլտիվացվում՝ դրական բնապահպանական հետեւանքներով հանդերձ։
–Շրջակա միջավայրի նախարարությունն ասում է, որ Հայաստանի բնական պաշարները օգտագործվելիս առավելագույնը պետք է համապատասխանեն բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, իսկ եկամուտները՝ առավելագույնս ծառայեն Հայաստանի քաղաքացուն։
–Մասնակի որոշ հարցեր չեմ հնչեցնում, քանզի դրանց պարբերաբար անդրադառնում եմ եւ քանզի ընդհանուր ոլորտային քաղաքականության շատ փոփոխություններ կգան՝ լուծելու մասնակի խնդիրները։ Ըստ այդմ՝ 2020 թ. ձեր անելիքները։
–Բնօգտագործման վճարների համակարգի վերանայումը։ Խոսրովի անտառի սահմանների վերանայումը։ Ձեր հարցական հայացքին ի պատասխան՝ միանգամից ճշտեմ՝ (ժպտում է) սահմանների մեծացումը։ Բուսական եւ կենդանական աշխարհի հաշվառում ենք նախատեսում։ Երեւանում ոչ մետաղական հանքավայրերի օգտագործման մասով կարգավորումներ կմտածենք։ Էլեկտրամոբիլների հետ կապված գործողություններն ենք շարունակելու։ Օնլայն համակարգերի ներդրումը կշարունակենք։ Թափոնների կառավարման հետ կապված հարցեր ունենք, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օրենքի հետ կապված հարցեր էլ կան։ Ջրամբարներում ձկնաբուծության կարգավորումը չմոռանանք։ Մի խոսքով՝ գործ շատ կա։

26-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO