Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասն իր ժողովրդի ապագան կապում էր Ռուսաստանի հետ

Վարդապետը՝ Արշակ Չոպանյանին հասցեագրած նամակների հայելիում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ինչու՞ Կոմիտասը չընտրեց Ռուսաստանը։ Սա Վարդապետի կյանքի առեղծվածներից է՝ կարծում է երաժշտագետ Աննա Ասատրյանը։ Ասում է՝ դժվար է հասկանալ, մանավանդ որ հայտնի է Կոմիտասի բարեհաճ վերաբերմունքը ինչպես ռուս ժողովրդի, այնպես էլ ռուսական երաժշտության հանդեպ։
Թեեւ Կոմիտասը Մոսկվայում երբեք չէր եղել, սակայն ռուսերենին տիրապետում էր ազատ, ինչի մասին է վկայում, մասնավորապես, սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական—հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Միխայիլ Գնեսինը, ում վկայությամբ ռուս երաժշտության դասական Ն. Ա. Ռիմսկի Կորսակովի որոշ ստեղծագործություններ ու «Հարմոնիայի դասագիրքը» Կոմիտասի սեղանի գրքերն էին։ Թուրքիայում ծնված եւ Գերմանիայում կրթված Կոմիտասը, երաժշտագետի խոսքով, իր հարազատ ժողովրդի ապագան կապում էր Ռուսաստանի հետ։
1912—ի դեկտեմբերի 25—ին Կ. Պոլսից Ա. Չոպանյանին հասցեագրած նամակում Կոմիտասը գրում է. «Պէտք է նախ բոլոր հայերը խմբուեն մէկ տերութեան, մէկ օրէնքի տակ, աճեն ու զարգանան բարոյապէս եւ նիւթապէս եւ ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերէ մեզ մեր ազատութիւնը. շտապելով՝ առաջինը չառած, երկրորդ քայլի դիմելով՝ բոլորովին պիտի կորչենք. տաճիկէն ո՛չ մի յոյս մի՛ ունենաք, մի՛ սպասէք. նորա ուղեղը քարէ ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրուելու համար պիտանի եւ ոտքի տակը սալայատակելուն յարմար։ Չպէտք է բաժնուենք. չպէտք է խաբուենք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներէն. միանալու ենք եւ գործնական ճամբան բռնելու, ըստ իս առաջին քայլն է՝ բոլոր հայութիւնն ամփոփել Ռուսի իշխանութեան տակ, երկրորդ քայլն է՝ տնտեսապէս ու բարոյապէս, զուտ ազգային, առանց օտարին ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդելու՝ զարգանալ, երրորդ քայլն է արդէն ինքը՝ ռուս յեղափոխութիւնն է, որ պիտի անէ, ո՛չ թէ մենք, իսկ մենք օգտուելու ենք այդ քայլէն, սակայն պատրաստուելով, լեհերու պէս զուտ ազգային շաւիղը բռնելով. եւրոպական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպէտք են. պաղ երկրի բոյսերը մեր ջերմ արեւին տակ կկիզուեն։ Ես վախ չունեմ, թէ ռուս կառավարութեան մէջ կհալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիւ մեր ինքնագիտակցութիւնը զարթնած է, եւ եթէ խելօք շարժուենք՝ կվաստկենք։ Ես այս կարծիքն ունեմ»։
Եվ ինչու՞ Ա. Չոպանյանը նրան խորհուրդ չտվեց գնալ Ռուսաստան։ Չէ՞ որ ինքն էլ շատ բարձր էր գնահատում ռուսական գրականությունը՝ շեշտելով նրա համամարդկային նշանակությունը։ «Պետք է կարծել, որ եթե Կոմիտասը 1910—ին տեղափոխվեր Մոսկվա, ապա նույն Ա. Մյասնիկյանի հրավերով տարիներ անց՝ 1920 թվականին, մյուս ականավոր հայ երաժիշտների հետ կտեղափոխվեր Խորհրդային Հայաստան եւ այստեղ կիրագործեր իր բոլոր—բոլոր ծրագրերը, իրականություն կդառնային նրա բոլոր երազանքները…»,–նկատում է Ա. Ասատրյանը։
Կոմիտասի ծավալուն նամականին, որն, ըստ Ա. Ասատրյանի, նրա գրական ժառանգության ուրույն ու կարեւոր մասն է, ընդգրկում է երկու տասնամյակ (1894—1914)։ Կոմիտասի նամակները հասցեագրված են Մարգարիտ Բաբայանին, Մարիամ Թումանյանին, Հովհաննես Թումանյանին, Մատթեոս Իզմիրլյանին, Գարեգին Լեւոնյանին, Բարսեղ Ղորղանյանին, Անտոն Մայիլյանին, Վահրամ Մանկունուն, Սպիրիդոն Մելիքյանին, Ալեքսանդր Մյասնիկյանին, Սիրանույշին, Նիկողայոս Տիգրանյանին եւ էլի շատ—շատերի։ Երաժշտագետի կարծիքով՝ ծավալուն ու արժեքավոր է Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի նամակագրությունը, որը սկիզբ է առել 1901 թ.՝ Կոմիտասի՝ Փարիզից Էջմիածին վերադառնալուց հետո. «Կոմիտասի՝ Ա. Չոպանյանին հասցեագրված նամակները, որոնք Ա. Չոպանյանի հարուստ արխիվի հետ ստացվել էին Փարիզից եւ հանգրվանել Հայկական ՍՍՀ ԳԱ գրականության եւ արվեստի թանգարանում, առաջին անգամ հրատարակվեցին «Պատմաբանասիրական հանդեսի» անդրանիկ համարում՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջին վարիչ Մաթեւոս Մուրադյանի առաջաբանով ու ծանոթագրություններով»։
Կոմիտասը, երաժշտագետի խոսքով, շատ բարձր է գնահատել Ա. Չոպանյանի անձն ու նրա կատարած գործը։ «Արդեն հայ ազգը քեզ շա՜տ բան է պարտական,–գրում է Կոմիտասը Ա. Չոպանյանին Կ. Պոլսից 1912 թ. դեկտեմբերի 25—ին,–դո՛ւն էիր առաջինը, որ լավ ըմբռնեցիր, թե մեր ապագան հարթելու համար պետք էր, նախ մեզ օտարներին ծանոթացնել. ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսո որդեգիր ու կարապետ ենք խավար վայրերում, շինարար ենք…»։ Ապա շարունակում է. «Դո՛ւն էիր առաջինը, որ մեր նախնյաց ստեղծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մեջ քաղաքակրթության հարազատ զավակներին, որ մե՛նք եւս իրենց շավիղն ենք բռնել, մեÕնք եւս իրենց ճամփան ենք քայլել, մեÕնք եւս մեր ձեռքից լույս բռնել. եւ թեպետ ջանացել են դեւերը փչել ու մարել մեր կյանքը, բայց փչողներն են խորտակվել, ու մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք՝ ապավինելով գիտության ու կրթության, որ թեեւ մերն է եղել՝ իբր արեւելքի զավակներ, բայց մեր ձեռքեն դուրս է ելել ու Եվրոպան լուսավորել. արդ, քանի որ մեզ համար անծանոթ չէ մեր մտքի նախատիպը եւ կարողությունը, որ այժմ Եվրոպայից է, որ մեզ լուսավորում է, ինչու՞ չունենանք մեր իսկ լուսո ջահը՝ մեր ձեռքին։ Դո՛Õն էիր առաջինը, որ հրավիրեց հայի գեղարվեստական ստեղծագործությանց ծանոթացնելու քաղաքակիրթ աշխարհին»։
Թեեւ Կոմիտասը, ըստ Ա. Ասատրյանի, իր նամակագրության մեջ զուսպ է ու ինքնամփոփ, այդուամենայնիվ, Ա. Չոպանյանին ուղղված նամակներում դրսեւորվում են նրա հետաքրքրությունների բազմակողմանիությունը, մտքի սրությունն ու անկախությունը, կենդանի ու նուրբ դիտողականությունը, շրջապատող աշխարհի հանդեպ վերին աստիճանի զգայուն վերաբերմունքը։
Շարունակելի

26-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO