Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՄԱՐԶԵՐ


Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու

Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա խնդիրների, ինչպես նաեւ այնտեղ իրականացված ու իրականացվող ծրագրերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։
–Պարոն Սարգսյան, փորձենք ընդհանուր գծերով ամփոփել անցած տարին, ապա խոսենք այս տարվա սպասվող ծրագրերից։ Ի՞նչ ունեցանք 2019—ին։
–Նախորդ տարվա ձեռքբերումներից կարելի է համարել կառավարության օժանդակությամբ սուբվենցիոն ծրագրերի մեծաքանակ լինելը։ Այսպես 2018—ին ունեինք 4 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2019—ին ներկայացրել էինք 80 այդպիսի ծրագիր, որից հաստատվել էր 58—ը՝ ընդհանուր 1.5 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ։ Այս տարի այդ ծրագրերի շրջանակներում իրականացվելու են թե՛ ասֆալտապատում, թե՛ գազաֆիկացում, թե՛ մշակույթի տների, մանկապարտեզների նորոգում, թե՛ լուսավորության, խմելու եւ ոռոգման ջրագծերի անցկացում եւ այլն։ Արդեն 112 ծրագրի հայտ ենք ներկայացրել։ Իհարկե, ոչ բոլորն են հաստատվում, բայց այդ 112 ծրագրերը կազմում են մոտ 4.4 մլրդ դրամ։ 2019—ին ավարտել ենք նաեւ մոտ 400 մլն դրամի հրատապ ծրագրեր, որոնք կատարվել են 23 համայնքում։ Այս տարի, ցավոք, հրատապ ծրագրեր չունենք, քանի որ կառավարությունը հիմնականում կարծում է, որ համայնքը պետք է ոչ միայն հույսը դնի կառավարության վրա, կառավարությունից ակնկալի ուղիղ ներդրում, այլեւ իր միջոցները ներդնի, իր համաֆինանսավորումն անի։
–Հրատապ ծրագրերն ինչո՞վ են տարբերվում սուբվենցիոն ծրագրերից։
–Հրատապ ծրագրերի դեպքում ներդրումների 90 տոկոսը կառավարության կողմից էր արվում, իսկ սուբվենցիոն ծրագրերի պարագայում համայնքի ներդրումը 30—70 տոկոս է կազմում։ Քանի որ պրակտիկայում արդեն ունենք սուբվենցիոն ծրագրերի հաջողված փորձ, կառավարությունն ուզում է համայնքին շահագրգռել՝ ավելի շատ մասնակցելու այդպիսի ծրագրերի։ Սա շատ լավ գործիք է, բայց ինչ—որ տեղ վատ է անդրադառնում փոքր բյուջե ունեցող համայնքների վրա, որոնք 3 մլն—ի շեմը չեն կարողանում հաղթահարել։ Այս ծրագրերի դեպքում համայնքի ներդրման նվազագույն շեմը պետք է լինի 3 մլն դրամը։
–Իսկ չկա՞ն մեխանիզմներ, որոնք փոքր համայնքներին հնարավորություն կընձեռեն համատեղ ծրագրեր իրականացնել։
–Այդպիսի փորձ անցյալ տարի ունեցանք. ոռոգման ջրագիծ էր, որից օգտվելու էր երեք համայնք։ Երկու համայնքն իրենց դրական կարծիքը հայտնել էին՝ ծրագրին մասնակցելու, բայց երրորդ համայնքում ավագանու եւ համայնքի ղեկավարի միջեւ կոնֆլիկտ կար, ավագանու նիստերը չէին գումարվում, եւ նրանք դուրս մնացին այդ ծրագրից, չկարողացան մասնակցել։
–Համայնքներն աշխուժացնելուն ուղղված կառավարության այս մոտեցումն արդյունքներ տալի՞ս է, համայնքների գործունեությունը դառնո՞ւմ է ավելի արդյունավետ։
–Անշուշտ, այդ աշխուժությունն արդեն տեսանելի է։ Հաջորդող յուրաքանչյուր տարի գրեթե կրկնապատկվում են ծրագրերը, որակն է լավանում։ Անցյալ տարի ունեինք ասֆալտապատման 23 ծրագիր, որոնց գրեթե կեսը խնդիրներով հանձնվեցին, այսինքն, դեռ չեն ընդունվել մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման մասնագետների կողմից, չի ընդունվել քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից։ Հորդորել ենք, որ համայնքների ղեկավարներն էլ չընդունեն այդ գործերը, քանի որ այդ աշխատանքները, մեր գնահատմամբ, անորակ են արվել, լաբորատոր փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել։ Այս տարի, կարծում եմ, արդեն նման խնդիրներ չեն լինի, քանզի բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու։
–Երբ աշխատանքը չի ընդունվում, պատասխանատվությունը դրվո՞ւմ է ասֆալտապատողի վրա, տվյալ ընկերությունը որեւէ տուգանքի ենթարկվո՞ւմ է։
–Նախորդ տարի ասֆալտապատող ընկերություններին շանս ենք տվել մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը թերությունները վերացնել։ Երկու տեղ ունենք, որ շտկվել է շատ արագ, ընդունվել է նրանց աշխատանքը, մյուսներին էլ ժամանակ է տրվել։ Եթե թերությունները չուղղեն, միանշանակ չենք ընդունելու աշխատանքը, չեն վճարվելու, արդեն իրենք են կրելու հետեւանքները, գուցե, նույնիսկ իրավապահ մարմինները զբաղվեն։
–2020 թ. սպասվող ծրագրերին անդրադառնանք՝ ի՞նչ ծրագրեր ունեք պլանավորված։
–Այս տարի մայիսի 1—ին բացվելու է գյուղմթերքի մեծածախ շուկան, իսկ, առհասարակ, այս տարի ուզում ենք Արարատի մարզի համար ներդրումային տնտեսական հեղափոխության տարի հայտարարել։ Երեք խոշոր ծրագիր ունենք, որոնց մասին այս պահին չեմ ցանկանա բարձրաձայնել, բայց հիմնականում կառավարություն ներկայացված ու հավանության արժանացած ծրագրեր են, որոնք այս տարի կմեկնարկեն։
–Դրանք մասնավո՞ր ներդրումային ծրագրեր են։
–Այո, մասնավոր ուղիղ ներդրումներ են, եւ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, խոշոր ներդրումներ են։
–Տնտեսական հեղափոխություն ասելով՝ հենվում եք միայն այս երեք ներդրումների վրա՞, թե՞ ակնկալվում են նաեւ այլ ներդրումներ։
–Տնտեսական հեղափոխություն ասելով՝ առաջին հերթին հասկանում եմ մեր արդեն գոյություն ունեցող տնտեսությունների զարգացում, հարկային վարչարարության, խաղի կանոնների հստակեցում, լիզինգային վարկերի տրամադրում, սուբսիդավորված վարկերի տրամադրում գյուղացիական տնտեսություններին։
–Մարզպետարանի անելիքը Ձեր նշած ամբողջ գործընթացում ո՞րն է։
–Մարզպետարանի դերը հիմնականում կոորդինացնող է եւ իրազեկող։ Որպեսզի համայնքներում ծրագրերի մասին տեղեկությունները ժամանակին հասցվեն ճիշտ հասցեատիրոջը։ Տեսեք, ժամկետներ էին տրված ցրտահարության դեմ ապահովագրություն անցկացնելու համար, մինչեւ փետրվարի 17—ն էր, կառավարությունը մեկ շաբաթով երկարացրեց եւ ապահովագրության փաթեթի մեջ մտցրեց նաեւ դեղձի ապահովագրությունը։ Մեր հանդիպումների ժամանակ հորդորել ենք գյուղացիներին ապահովագրել իրենց բերքը, քանի որ եթե այս տարի ունենանք ցրտահարման դեպքեր, պետությունը փոխհատուցում չի տա։
–Սա առաջին տարին է, այո՞։ Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը բերքի ապահովագրման գործընթացին բավարար համարո՞ւմ եք։
–Այո, առաջին տարին է, բայց գյուղացիների աշխուժությունը բավարար չեմ համարում։ Օրինակ՝ վերջերս մի հանդիպման ժամանակ, երբ դահլիճում 300 մարդ կլիներ, հարցրեցի, թե քանի հոգի է ապահովագրել բերքը, եւ պարզվեց, որ միայն մեկ—երկու հոգի են արել դա։ Երբ հարցրեցի, թե ինչն է պատճառը, ասացին՝ դե, առաջին տարին է, տեսնենք՝ ինչ է լինում, ապահովագրողներն ինչ փոխհատուցում են ստանալու, հետո կմտածենք...
–Մենք խոսում ենք տարբեր ծրագրերից, եւ ես ուզում էի հասկանալ այդ ծրագրերի ազդեցությունը շարքային քաղաքացիների ապրելակերպի ու կյանքի որակի վրա։
–Կարող ենք անդրադառնալ տարբեր ներդրումային ծրագրերի եւ հասկանալ, թե դրանք ինչ տնտեսական ակտիվություն են մտցնում։ Նախկինում, երբ Արարատի մարզում արտադրված գյուղմթերքը տարվում էր Երեւան, գյուղացին կարող էր, ասենք, ճանապարհային երթեւեկության խախտում թույլ տալ ու տուգանվել։ Այժմ շուկան միջպետական մայրուղու վրա է, եւ Երեւան հասնելու կարիք չկա, շուկայում տեղի խնդիր չի լինելու, աշխատատեղեր միանշանակ ստեղծվելու են եւ այլն։ Ինչպես գիտենք, մարզում լիբանանահայ մեր հայրենակիցների ներդրումով կգործի «Անիտեքս» տեքստիլ գործարանը, որտեղ աշխատանքի կանցնի 600 մարդ, իսկ երբ սկսեն ամբողջ թափով աշխատել, արդեն 1500 աշխատատեղ կլինի։ Օրինակ կարող եմ բերել «Սպայկա» ջերմոցային տնտեսությունը, որտեղ աշխատում են տարբեր համայնքների բնակիչներ, որոնց ընկերությունն իր մեքենաներով է տեղափոխում։ Այսպիսի մեծ ներդրումները մեր աշխատաշուկայում լուրջ խնդիրներ են լուծելու։ Այսօր արդեն շինարարական աշխատաշուկայում բանվորական ուժի խնդիր ունենք։ Ճանապարհաշինական ընկերությունները չեն կարողանում աշխատուժ ներգրավել։ Անցյալ տարի Երասխից մինչեւ Տիգրանաշեն հատվածում 12 կմ միջպետական ճանապարհահատվածի կառուցման հարցում աշխատուժի խնդիր կար, եւ ճանապարհաշինության սեզոնին ընկերությունն օրական առաջարկում էր նույնիսկ 7—10 հազար դրամ բանվորական աշխատուժի համար, բայց աշխատողներ չէին կարողանում գտնել։ Ունենք «Գրին ֆարմեր» ընկերությունը, որի հողատարածքները շուրջ 60 հեկտար են, եւ այնտեղ ոչ բոլորն են գնում առաջարկված պայմաններով աշխատելու։ Գործարարը մտադիր է արտերկրից աշխատուժ բերել, որպեսզի վստահ լինի, որ սեզոնին աշխատուժի խնդիր չի ունենա։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

27-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO