Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել

Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության գրկում

2009 թ. կառավարության ընդունած էկոլոգիական կրթության եւ դաստիարակության միասնական ու ամբողջական ազգային համակարգ ձեւավորելու հայեցակարգից բխող չորսամյա միջոցառումների մեծ մասը մնաց թղթի վրա։
Միջոցառումների կատարման ընթացքը վեր հանեց բազմաթիվ հիմնախնդիրներ էկոկրթության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չնայած հանրակրթության բոլոր մակարդակներում բնապահպանական կրթության տարրերն ինտեգրված ձեւով առկա են առանձին բնագիտական առարկաներում, սակայն այն շատ թույլ է մատուցվում՝ համապատասխան կարողություններով ուսուցիչների պակասի պատճառով։ Սա այն դեպքում, երբ Երեւանի պետական մանկավարժական համալսարանը պատրաստում է բնապահպանության ուսուցիչներ, բայց դպրոցներում առանձին «Էկոլոգիա» առարկա չի դասավանդվում, հետեւաբար, նրանց պահանջարկն էլ չկա։
Մյուս կողմից էլ չեն եղել էկոլոգիական կրթության ծրագրերով ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներ, որոնք կլուծեին կարեւոր հարցը՝ ուսուցիչների վերապատրաստումը, քանի որ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ անբավարար կարողությունների պատճառով նույնիսկ դասագրքերում ուսումնական ծրագրերով ներառված բնապահպանական ամբողջ գլուխները չէին դասավանդվել։
Բնապահպանական կրթության հարցերում լիազոր պետական մարմինների միջեւ համագործակցված աշխատանքը թույլ է եղել, ինչը մեծապես պայմանավորված էր միջգերատեսչական հանձնաժողովի անգործությամբ։ Սա այն դեպքում, երբ կրթության այս ձեւը, ունենալով իր առանձնահատկությունները, պահանջում է տարբեր պետական եւ համայնքային մարմինների համատեղ գործողություններ։ Այս հարցում փոխգործակցությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ օրենսդրական փոփոխություններով ամրագրել վերջիններիս լիազորությունները եւ պատասխանատվության ոլորտները, ինչն էլ ներառվեց նոր ընդունված ռազմավարության մեջ։
Ոլորտի հիմնական բացերից է նաեւ այն, որ դպրոցներում պարտադիր դասավանդման առարկայացանկում ներառված չէ առանձին էկոլոգիական առարկան, այն դեպքում, երբ կան հրատարակված դասագրքեր, մյուս կողմից էլ մասնագետները մշտապես բարձրաձայնել են ավագ դպրոցում առանձին առարկայի դասավանդման անհրաժեշտության մասին։ Ոչ պարտադիր՝ ընտրովի դասընթացներում այսօր դպրոցներին առաջարկվում են «Էկոլոգիա», «Բնապահպանություն», «Էներգիա եւ ռեսուրսների օգտագործում» առարկաները, բայց հայեցակարգի միջոցառումների շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն Կապանի դպրոցներից մեկում է դասավանդվում այդ առարկան։
Վերեւում ասվեց, որ բնապահպանությունը հանրակրթական դպրոցներում իրականացվում է տարբեր առարկաների մեջ ինտեգրված բաժինների միջոցով։ Այդպիսի բաժիններ են ներառված կենսաբանության, կենդանաբանության, քիմիայի, աշխարհագրության դասագրքերում։ Միայն ցածր դասարաններում են դասավանդվում առանձին «Ես եւ շրջակա միջավայրը» եւ «Բնագիտություն» առարկաները։ Հիմնականում տարբեր առարկաներում ինտեգրված մատուցելու միջոցն ունի էական թերություններ։ Այս մեթոդով միասնական էկոլոգիական ակադեմիական գիտելիքներ, ըստ էության, չեն մատուցվում՝ խզելով ուսուցման տրամաբանական շղթան եւ շարունակականությունը, որն էականորեն գցում է էկոկրթության որակը։
Նմանատիպ իրավիճակ է նաեւ կրթության մյուս մակարդակներում՝ նախադպրոցականում, միջին մասնագիտականում եւ բուհականում։ Վերջինում խիստ անբավարար են էկոլոգիական ուղղվածության գիտական հետազոտությունները եւ հրատարակությունը։ Բացակայում են միջգիտաճյուղային մոտեցումները։
Իրավիճակն ավելի բարդ է կրթության հանրակրթական մակարդակից դուրս։ Ժամանակակից Եվրոպայի երկրներում վաղուց հրաժարվել են էկոկրթության ակադեմիական ձեւից՝ կարծելով, որ այն արդյունավետ չէ եւ նույնսիկ խանգարում է բնության նկատմամբ մատաղ սերնդի մոտ սեր սերմանելուն։ Հայաստանը դեռ չի կարող նման բան ասել, քանի որ դեռեւս չի լուծել հանրակրթության ոլորտում էկոկրթության դասավանդման արդյունավետության խնդիրը, որը եվրոպական երկրները վաղուց էին արել։ Շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքների մատուցման ամենաարդյունավետ միջոցը՝ արտադպրոցական կրթությունը, գրեթե չի իրականացվել պետական ֆինանսավորման բացակայության պատճառով։
Անբավարար է նաեւ լրացուցիչ եւ շարունակական կրթության մակարդակում բնապահպանական գիտելիքների մատուցումը։ Այն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ վերապատրաստման միջոցով բարձրացվում են որոշում կայացնողների՝ պետական եւ համայնքային մարմինների աշխատակիցների կարողությունները։ Այս մակարդակում իրականացվող կրթական ծրագրերում կանաչ տնտեսության կամ կանաչ որոշումների կայացումը խթանող մասնագիտական դասընթացներ չեն անցկացվել, այն դեպքում, երբ վերջիններիս որոշումները մեծապես առնչվում են շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերին։
Ինչպես վերեւում նշվեց, բնապահպանական կրթությունը միայն կրթական համակարգի տարբեր մակարդակներում տարվող պրոցեսը չէ։ Նրա բուն նպատակը մարդու վարքագծի փոփոխությունն է։ Դրան հասնելու համար միայն գիտելիքներ փոխանցելն արդյունավետ չէ։ Այստեղ գործնական մասնակցային եւ քաղաքացիական բաղադրիչներն առաջնայնություն են ստանում։
Կրթական համակարգի վիճակի վերլուծության արդյունքները թելադրեցին 2018 թ. մշակված ռազմավարության հիմնական շեշտադրումները՝ լրացուցիչ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության զարգացման առաջնահերթությունը։ Ռազմավարությամբ առաջարկվող կրթության այս ձեւերի զարգացման միջոցները նպատակաուղղվելու են քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ էկոլոգիական մարտահրավերների միջեւ կապի ուժեղացմանը, որոշումներ ընդունողների մոտ էկոլոգիական գրագիտության խրախուսմանը։ Փաստաթղթով մեխանիզմներ են նախանշվում կրթության բոլոր մակարդակների միջեւ ինֆորմալ հարթակների ձեւավորման համար։ Ինֆորմալ կրթության առաջնային վայրեր են համարվում ընտանիքները, բակերը եւ համայքները, որտեղ մարդիկ անցկացնում են իրենց ժամանակի հիմնական մասը։ Այստեղ է, որ պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ եւ խթանման գործիքներ, արժեքային համակարգ, որը հասարակության շրջանում կբարձրացնի սերը շրջակա միջավայրի հանդեպ։
Շատ կարեւոր է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների գործունեության համակարգումը, քանի որ իրականացվող բազմաթիվ ծրագրերով նրանք ձեւավորում են ինֆորմալ էկոկրթության հարթակներ։ Դրանց գործունեությունն ընդհանուր համակարգի մեջ ներգրավելը միանշանակ նպաստելու է այդ ծրագրերի կրթական բաղադրիչի արդյունավետության բարձրացմանը։
Փորձը ցույց է տալիս, որ մարդու հարուցած շատ բնապահպանական խնդիրների պատճառն իրազեկվածության ցածր մակարդակն է, հասարակության մոտ համապատասխան գիտելիքների պակասը, եւ այն կարելի է լրացնել նաեւ իրազեկման համակարգի կատարելագործմամբ։ Այն կարելի է անել ոչ միայն ԶԼՄ—ների, պետական, համայնքային եւ հասարակական կազմակերպությունների պրոակտիվ գործողություններով, այլեւ սոցիալական գովազդներով։
Էկոլոգիական կրթության զարգացման ռազմավարությամբ մշակված համալիր գործողությունները նպատակաուղղված են վեր հանված խնդիրների մեղմմանը եւ իրենց համալիր բնույթով միտված են բնության նկատմամբ հոգատար, վերջնական արդյունքում հայրենիք սիրող հասարակություն ու սերունդ ձեւավորելուն։ Առաջնային կարգախոս դարձնելով այն հանրահայտ ճշմարտությունը, որ հայրենիքը սկսվում է բնությունից, թիրախային խմբերին պետք է հասցնել, որ անհնար է սիրել հայրենիքը եւ միաժամանակ վնաս հասցնել նրա կենսամիջավայրին։ Այս կարգախոսի լիարժեք կյանքի կոչելը կնպաստի բնապահպանական մշակույթի եւ գիտակցության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

27-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO