Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները

1. Համակեցության հրամայականը

Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր։
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820-1907) հայոց հոգեւոր եւ աշխարհիկ պատմության ամենապայծառ դեմքերից է։ Հասարակական-քաղաքական երեւելի գործիչ, խոհուն ուսուցիչ, եռանդուն հրատարակիչ, նվիրյալ հովվապետ, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու շահերի անհողդողդ պաշտպան՝ թե՛ թուրքական կառավարության սանձազերծած ջարդերից, թե՛ ռուսաստանյան իշխանությունների չդադարող մշակութային բռնաճնշումներից։ Հասարակ մարդկանց սիրով եւ երախտագիտությամբ շնորհած «Հայոց Հայրիկ» անզուգական պատվանունն այդ մեծ մարդու կյանքի եւ գործի լավագույն գնահատականն է։ Իսկ նրա տեսական ժառանգությունը հիմք է տալիս ասելու, որ Խրիմյան Հայրիկը լայն աշխարհայացքի տեր է եղել, ներհուն վերլուծաբան. այդ են վկայում ամենից առաջ սոցիալ—փիլիսոփայական բնույթի նրա ընդգրկուն դիտարկումները. դրանք ոչ միայն պատմական արժեք ունեն, այլեւ այսօր էլ չեն կորցրել իմացական—մեթոդաբանական նշանակությունը։

Հանրային կյանքի կարգավորման հիմնախնդիրների ամբողջական դիտարկման առաջին իսկ փորձից հարկ է լինում պատասխանելու պետության ծագման, էության եւ գործառույթների հարցին։ Իսկ պատասխանների պակաս չկա՝ Պլատոնից մինչեւ ժամանակակից փիլիսոփաները եւ քաղաքագետները։
Բոլոր դեպքերում ելակետային դրույթը պետության ծագմանն է առնչվում, թեպետ մինչեւ օրս տեսական սպառիչ բացատրություն դա չի ստացել։ Որպես մարդկանց համակեցությունը կարգավորող առանցքային կառույց, քաղաքական իշխանության կազմակերպման բարձրագույն ձեւ՝ պետությունը ծագել է շուրջ հինգ հազար տարի առաջ, մինչդեռ մարդիկ հարյուր հազարավոր երկար ու ձիգ տարիներ ապրել եւ կառավարվել են մինչպետական՝ ցեղատոհմային կազմակերպվածության պայմաններում։ Խրիմյան Հայրիկն այն հեղինակներից է, որ պետական իշխանության ծագումը բացատրում է հանրային կյանքի գործառության եւ զարգացման ընդոծին օրինաչափություններից։ Իհարկե, Աստված ստեղծել է մարդուն, նրա տնօրինությանն է հանձնել բովանդակ աշխարհը՝ արդար եւ առաքինի կյանքով ապրելու եւ իր Արարչին փառաբանելու համար։ Հիշեցնելով Աստվածաշնչի այս պարզաբանումը՝ Խրիմյանն անում է հետեւյալ լրացումը. «Սակայն կը յաւելում ասել մանավանդ թէ՝ մարդ մարդուն համար կարգեր է, զի մարդոյն կեանք ընկերական է. մարդն ինքնին առանձին առանձին ոչինչ է, եւ ոչինչ զանազանութիւն չունի վայրենի կենդանիներէն, որոց բնակութիւն՝ լեռներու, խորշերու եւ անտառներու մէջն է»։ Հետեւաբար, կամոքն Աստծո՝ մարդու զարգացումը ոչ թե անկախ է նրա հանրային զարգացումից, այլ դրա ուղղակի արգասիքն է. «Մարդոյն յառաջդիմութիւն՝ իւր ընկերական կեանքէն է.... Մարդոյն ընկերական կեանքէն յառաջ եկաւ աշխարհաշինութիւն. մարդիկ աշխարհիս վերայ տիրապէս տիրեցին եւ տիրապէս կատարեցաւ Աստուծոյ հրամանն»։
Ասվածի լոյսով հասկանալի է դառնում պետական իշխանության ծագման հիմքերին վերաբերյալ Խրիմյանի ելակետային դրույթը, որն ունի փիլիսոփայական նրբագեղ աֆորիզմի ձեւ. «Մարդիկ հաւասար կը ծնին, անհաւասար կ ապրին եւ հաւասար կը մեռնին»։ Մակերեսային մոտեցմամբ՝ այս միտքը մեկնաբանվել է իբրեւ ընդվզում «մարդկային հասարակության ոչ բանական կառուցվածքի դեմ», մինչդեռ հեղինակի միտքը ճիշտ հակառակն է, այն է՝ մարդկանց միջեւ անհավասարության հաստատագրումը մեծագործ Արարչի իմաստուն լուծումն է, «աշխարհիս մարդկային ընկերութեան հզօրագոյն կապն անհաւասարութեան օրէնքն է»։
Իսկապես, եթե ուշադիր դիտենք ոչ միայն մարդուն եւ մարդկային աշխարհը, հորդորում է ընթերցողին Խրիմյանը, ապա դյուրին կհամոզվենք, որ համայն բնությունը, կենդանի եւ անկենդան աշխարհի ամեն մի մասնիկ աչքի է ընկնում անհավասարության հատկանիշով։ Վերջինիս շնորհիվ է, որ ամենուր ապահովվում է ինքնաշարժման եւ ինքնազարգացման հնարավորությունը. եթե լիակատար հավասարությունը անշարժություն է, քանզի հավասար մարդիկ միմյանց կարիքը չեն զգում, ապա անհավասարությունը, մի կողմից՝ նրանց միջեւ փոխադարձ կախվածության կապեր է ստեղծում, մյուս կողմից՝ մղում մրցակցության, պայքարի, առաջադիմության։ «Սորա մէջ կ երեւի Արարչին անհուն զօրութիւն, անհուն իմաստութիւն եւ անհուն հանճար, որ ստեղծեալ իրաց թէ արտաքին ձեւն ու պատկեր եւ թէ ներքին բնական զօրութիւններ, ամենայն ինչ, իրարու աննման, զանազան ու անհաւասար, եւ այս անհաւասարութեն մէջ ամենայն ինչ չափով ու կշռով համեմատ կարգադրելով՝ անհաս եւ անհաւասարն Աստուած կը յօրինէ եւ կը վարէ տիեզերք»։
Մարդկանց անհավասար վիճակն ինքնին նրանց միջեւ գոյացնում է իշխելու եւ հպատակվելու փոխհարաբերություններ, որոնց հիմքում մարդկանց ֆիզիկական եւ մտավոր տարբերություններն են. «Ոմանք աչքի հետ մտաւոր լոյս ունին՝ ընկերին կ առաջնորդեն, եւ ոմանց մտքին լոյս նուազ լինելով՝ կը ստիպուին այլոց ետեւէն երթալ, ոմանք զօրութիւն ստանալով կը տիրեն, եւ ոմանք տկար լինելով կը հպատակին»։
Այստեղ Խրիմյանը պատահական չէ երկու օրինակ համադրել. առաջին դեպքում «առաջնորդ հետեւորդ» կապն է, երկրորդ՝ դեպքում՝ «տիրող հպատակվող»։ Նա հստակորեն տարբերում է դրանք, որպես դեպի ընդհանուր առաջադիմություն մղող բարերար մրցակցություն եւ որպես անհավասարության «յոռի ծնունդ»։ Անհավասարությունից բխող եւ շարունակաբար անհավասարություն վերարտադրող մրցակցությունը հանրային կյանքի առաջընթացի շարժիչ ուժն է, մարդկանց նպատակասլաց գործողությունների մղող հիմնական դրդապատճառը։ Ավելիին ձգտողներին Խրիմյանն անվանում է «յառաջադիմութեան մրցանակ տանողներ» եւ մեզ է հրամցնում առաջընթաց զարգացման մի լայն համայնապատկեր. «Թագաւոր կը ձգտի իւր գահն իւր աթոռակիցներէն բարձր դնել, եւ մերթ եւս աշխարհակալել։ Իշխանը կը ձգտի իւր իշխանակից ընկերէն յառաջ անցնիլ, զօրապետն կը ձգտի իւր զինակիցներէն աւելի յաղթանակ տանել, հարուստն կը ձգտի իւր հաւասարէն աւելի եւս հարստանալ, աղքատն կը ձգտի իւր թշուառութենէն ազատիլ։ Բովանդակ ժողովուրդ կը ձգտի աշխարհիս հրապարակին վերայ մէն մի իւր ընկերէն անցնիլ, կամ հաւասար երթալ եւ կամ եթէ չկարէ առաւելուլ՝ գէթ յետս մնալով չնուազիլ»։
Բայց առաջադիմության այս հզոր շարժումն ունի նաեւ իր ստվերոտ կողմերը, «ամէն լոյս իր խաւարն ունի, ամէն գեղեցիկ իւր տգեղ մասն ունի»։ Որո՞նք են դրանք՝ նախանձ, բռնություն, հարստահարություն, ամենակուլ ագահություն, «մեծամիտ տիրապետութեան ոգի», զանազան մոլություններ, որ ապականում են հանրության բնականոն կյանքը։ Այս ամենը զսպելու համար, ըստ Խրիմյանի, փորձ արվեց օրենսդրություն մտցնելու, եւ առաջինը Լիկուրգոսն էր, որ դա արեց Սպարտայում։ Հետագա բոլոր օրենսդիրներն էլ ձգտել են իշխանության միջոցով, պետության ուժով ապահովագրել հանրային կյանքը անհավասարության նշյալ հոռի հետեւանքներից, ուստի եւ Խրիմյանն ամփոփում է իր միտքը հետեւյալ կերպ՝ «իշխանութիւն մարդոց անհաւասար կեանքէն, խռովարար ոգիէն, տիրողական բուռն ձգտումէն եւ զօրութենէն ծներ է»։
Այսպիսով, մարդկանց համակեցությանը բնորոշ անհավասարությունը, իր ներքին տրամաբանությամբ, հանգեցնում է ընդհանուր, բոլորի վրա տարածվող իշխանության հաստատման անհրաժեշտությունը. սա փաստորեն «պետության» ըմբռնումն է, թեպետ Խրիմյանը մշտապես գործածում է «երկրի իշխանություն» բնութագրումը։
Արդ, մարդկանց համակեցությունը հնարավոր է միասնական իշխանական կամքին ենթարկվելու շնորհիվ։ «Մարդկային ընկերութիւն բնաւ կարելի չէ որ առանց իշխանութեան, առանց օրինաց, առանց դատաստանի եւ հատուցման այս աշխարհիս վրայ ապրի եւ խաղաղ կեանք վարէ, ինչպէս երկնից թռչուններ եւ լեռներու ազատ էրէվայրիներ եւ այլն։ Չէ թէ աշխարհիս այլ եւ այլ ազգեր, այլ նոյն իսկ մի ազգ եւ մի համազգի ընտանիք առանց հայրական իշխանութեան հնար չէ կառավարել»։
Ընդհանուր առմամբ, եթե հակիրճ ամփոփենք Խրիմյանի մտքերը մարդկանց համակեցության կարգավորման մեջ իշխանության գործադրման անհրաժեշտության մասին, ապա երեք փաստարկ են առանձնանում։
Նախ՝ Արարչի կամքը. հենց Աստված ինքը ստեղծեց իշխանությունը՝ մարդուն «տիրող իշխան կարգեց երկրին վերայ», բոլոր կենդանիներին, անգամ մարդուց ավելի ուժեղներին, դրեց նրա իշխանության տակ։
Երկրորդ՝ պատմության վկայակոչումը. իրոք, «աշխարհի պատմութիւնը ցոյց կուտայ, որ իշխանութեան առաջին խանձարուրն ընտանիքն է». հայրը բնական իրավունքով է իշխում, հետո ընտանիքը մեծանում է, ընտանիքները բազմանում են, առաջանում է տանուտերական իշխանություն, փոքր շեները մեծանում են, մեծ բնակավայր դառնում, մեծ իշխանություն է ձեւավորվում, տիրում շատ քաղաքների ու գավառների եւ այլն, մինչեւ «աշխարհակալութեան ծայրագոյն դիրք»։
Երրորդ փաստարկը, որ հանգամանորեն քննարկեցինք, մարդկանց բնական անհավասարությունն է, մրցակցությունը, «տիրողական բուռն ձգտումն», որոնք պետք է սանձահարել պետական իշխանության ուժով։
Եթե այս երեք հիմնադրույթը զուգահեռենք պետականագիտության հայտնի սկզբնաղբյուրներին, ապա կնկատենք, որ առաջինը պետության ծագման աստվածաբանական տեսակետն է, հիմնավորված Թովմաս Աքվինացու, իսկ հայ մտքի շրջանակներում՝ Գրիգոր Տաթեւացու երկերում։ Երկրորդը՝ ընտանիքից եւ ընտանիքում իշխանության ձեւավորումը, նահապետական հայեցակարգն է՝ նման Արիստոտելի դատողություններին։ Իսկ երրորդը կարելի է դիտարկել որպես «հանրային դաշինքի» հայեցակարգի այն տարբերակը, որ հանդիպում է Թոմաս Հոբսի դրույթներում։
Հավելենք, որ Խրիմյան Հայրիկին հայտնի է համակեցության կարգավորման հարցում «ծայրահեղ ազատամիտների» դիրքորոշումը, ըստ որի «եթէ մարդկային ընկերութիւն ազատ անիշխան ապրէր, եւ իշխանութեան ծանրակիր լուծ չը կրէր իւր պարանոցին վերայ, մարդն ինքնիշխան լինէր, եւ չը պարտէր երբէք տուրք, հարկ, զինուոր, եւ այլ բազմապատիկ օրինական եւ ապօրինի բռնի պահանջներ վճարել»։
Հակադրվելով անիշխանականության գաղափարին՝ նա խստացնում է մարդու բնույթի հոռի լինելու ելակետը. եթե պետությունը վերանա, ապա կվերանա քաղաքակրթությունը։ Օրինակ՝ Ֆրանսիայում, «երբ անիշխանութիւն կը տիրէր՝ այդ կրթեալ եւ ուսեալ ժողովուրդը, խուժան կը դառնար եւ ամէն բան կը տապալէր, թէեւ այն բան՝ իւր հայրենեաց փառք ու պարծանք լինէր»։ Ուստի՝ չի կարելի մարդուն դուրս հանել «իշխանութեան եւ օրինաց շրջափակ վանդակէն». հնարավոր է առյուծին անգամ հանդարտեցնել, բայց «մարդոյն կատաղութեան երբէք յագուրդ չիկայ»։
Այսկերպ՝ Խրիմյանի մի ամփոփ մտքի մեջ արձանագրում ենք երեք հայեցակարգի հակիրճ համադրումը. «Ուրեմն իշխանութիւն եւ օրէնք վերին տեսչութեան յաւիտենական կարգադրութիւնն է, որպէս զի մարդիկ երկիւղածութեամբ եւ բանավարութեամբ ապրին ընկերական կեանքին մէջ»։ Իսկ թե որքանով են մարդիկ իսկապես բանավարությամբ կարգավորում իրենց ընկերական կյանքը, Խրիմյան Հայրիկը դիտարկում է համակեցության կազմակերպման երկու սուբյեկտների՝ պետության (իշխանության) եւ ժողովրդի փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների օրինակով։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

28-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO