Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ԼՂՀ


Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»

Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 տարի առաջ, երբ Արցախի ժողովուրդը պատմական արդարությունը վերականգնելու պահանջով խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ էր անցկացնում Ստեփանակերտում, եւ Մոսկվա էր ուղարկվել մայր Հայաստանին վերամիավորվելու վերաբերյալ ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը, հայերին ահաբեկելու եւ համաժողովրդական պայքարը կանխելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները Կրեմլի ուղղորդմամբ հայերի զանգվածային ջարդ ու բռնի տեղահանում կազմակերպեցին Սումգայիթում, ինչը բարբարոս իր դրսեւորումներով ոչնչով չէր զիջում 1915—ի թուրքական կոտորածներին։ Ինչպես սպանդին զոհ գնացածների հարազատներն ու ողբերգության ականատեսներն են վկայում, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության սումգայիթյան սցենարը նախապես լավ ծրագրված էր, ու «ճանապարհային քարտեզը» հանցագործության կազմակերիչներին եւ մարդասպաններին հստակ ուղղորդում էր անարգել իրագործել թուրքերի ձեռագրին բնորոշ եղեռնագործությունը։
1988—ի փետրվարի 27—29—ը՝ Բաքվից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայ բնակչության հանդեպ իրականացված վայրագություններին զոհ գնացին հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ եւ ծերեր։ Հազարավոր ընտանիքներ զանգվածային բռնություններով տեղահանվեցին, իսկ նրանց պատկանող գույքը հափշտակվեց կամ ավերվեց։ Հրեշավոր այդ հանցագործությունն ադրբեջանական իշխանությունների, Նախիջեւանի օրինակով, խտրականության, էթնիկ զտումների եւ հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսեւորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայաբնակ վայրերում։ Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին եւ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը։ Պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածն անպատիժ թողնելը հանգեցրեցին զանգվածային նոր հանցագործությունների եւ Ադրբեջանի կողմից նորանկախ Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի։
Սումգայիթի եղեռնագործության մասին ահա թե ինչ է պատմում ջարդերի ականատեսներից մեկը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ով դառը հիշողությունների վերաբերյալ գիրք է պատրաստում տպագրության. «Ոճիրը ծրագրված է եղել նախօրոք, կասեի՝ «պետական մակարդակով»։ Այդ կապակցությամբ ուշագրավ մի փաստ եմ ուզում արձանագրել։ Ողբերգական դեպքերից առաջ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի եւ գրող—հրապարակախոս Զորի Բալայանի հետ հանդիպմանը «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող 200 հազար հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելուն նպաստեցին նաեւ տարածված այն ստահոդ լուրերը, թե իբրեւ Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին ու թալանում նրանց ունեցվածքը։ Սադրիչ էր եւ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Կատուսեւի հեռուստատեսային ելույթը, երբ նա հայտարարեց, որ Ասկերանի դեպքերի ժամանակ իբրեւ երկու ադրբեջանցի է սպանվել։ Որ եղեռնագործությունն, իրոք, նախապես էր ծրագրվել, այդ մասին են վկայում եւ ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակներն ու գրանցված հեռախոսահամարները։ Սցենարի համաձայն բաժանված էին դերերը, եւ հստակ հայտնի էին, թե ովքեր պիտի սպանեն, ջարդեն, ավերեն, թալանեն, հանցագործության հետքերը թաքցնեն։ Իսկ ոճիրից առաջ հրոսակներին դանակներ, կացիններ ու մետաղալարեր, նաեւ թմրանյութեր էին բաժանվել։ Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ նախապես անջատվել էր հեռախոսային կապը, ու հայերի տներում չէին գործում ՆԳ եւ շտապօգնության ծառայությունները»։
Ծնունդով արցախցի (Պառավաթումբ գյուղից) այս տարեց մարդը սահմռկեցուցիչ դեպքերից հետո հարյուրավոր հայ ընտանիքների հետ նույնպես ստիպված էր լքել արյունոտ քաղաքը, ուր անցյալ դարի 50—ականներից հայտնվել էր ու, որպես շինարար, մասնակցել «ինտերնացիոնալ» Սումգայիթի կառուցմանը։
«Փետրվարի 28—ին, մեկ օր առաջ կայացած հակահայկական հանրահավաքից հետո հրապարակ մտան հազարավոր ավազակներ՝ բաժանվելով տասնյակ ջոկատների։ Նրանք պաստառներ էին բռնել ձեռքերին՝ «Մահ հայերին, ոչնչացրեք նրանց» կարգախոսով։ Բարբարոսները բարձրաձայնում էին, թե ովքեր կփորձեն հայերին թաքցնել, նույնպես կոչնչացվեն։ Կոչ էին անում հայերի ունեցվածքը թալանել, աղջիկներին, կանանց բռնաբարել, իսկ տները՝ վառել,–հիշում է ծերունազարդ պապը։–Ես փորձում էի ծածուկ հեռանալ ամբոխի միջից ու գրեթե դուրս էի եկել «շրջափակումից», երբ միկրոֆոնը ձեռքն առավ դերասանուհի Աֆագ Բաշիր Գըզըն, ով հարբած էր ու հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Դիմելով ավազակներին, նա ասաց. «Քերօղլու եւ Բաբեկի խիզախ թոռներ, եկել է անաստված հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու պահը։ Թալանեցեք եւ հրդեհեք նրանց տները, խայտառակեք աղջիկներին։ Հայերը մեր պապերի ժամանակներից՝ դարավոր թշնամիներ են, անխնա կոտորեք։ Այս գիշեր նրանց հաշիվները մաքրել է պետք»։
Ալեքսանդր Սարգսյանը միաժամանակ խոստովանում է, որ հանրահավաքին ներկա գտնվող ոչ բոլոր ադրբեջանցիներն էին թշնամաբար տրամադրված եղել հայերի նկատմամբ. «Դերասանուհու ակտիվ ելույթից հետո մանուկը գրկած մի երիտասարդ կին մոտեցավ ու, գրեթե նրանից խլելով միկրոֆոնը, այսպես դիմեց ամբոխին. «Տղաներ, աղաչում եմ, մի լսեք այդ հրեշավոր անձնավորության խոսքերը։ Եթե նա «արյուն թափելու» կոչեր է անում, ընդհանրապես՝ մայր, կին կոչվելու իրավունք չունի։ Հայերն աշխարհում հարգված ազգերից են, եւ ում ճանաչում եմ՝ նրանք շատ բարի մարդիկ են։ Իմ հարազատները Հայաստանում են ապրում, եւ հաճախ եմ նրանց այցելում, ու չեմ հիշում մի դեպք, երբ դժգոհած լինեն հայերից եւ ասեն, թե իրենց նեղացնում են»… Ադրբեջանուհուն՝ խոսքը դեռ չավարտած, գազանաբար քաշեցին թեւերից եւ հայհոյանքներով տարան ինչ—որ ուղղությամբ։ Շուտով հանրահավաքը վերածվեց խառնաշփոթի, եւ իրարանցում սկսվեց։ Գազազած ամբոխը շտապում էր հայերով խիտ բնակեցված թաղամասեր՝ հաշվեհարդար տեսնելու։ Տեղում մնալը խիստ վտանգավոր էր։ Անհրաժեշտ էր ինչ—որ ձեւով տուն շտապել եւ ադրբեջանցիների արյունոտ ծրագրի մասին ծանոթ—բարեկամներին տեղյակ պահել»։
Ինչպես Ս. Սարգսյանն է հիշում մղձավանջային օրերի մասին, իրեն ու հարեւան շենքերից եւս 3 հայ ընտանիքի հաջողվեց պատսպարվել նկուղներից մեկում, ուր մահից փրկելու մտադրությամբ տարել է իր ծանոթ ադրբեջանցին։ Իսկ երբ լուսադեմին փորձել էր բակ դուրս գալ, վերջինս կանխել էր այդ մտադրությունը՝ հասկացնելով, թե «դրսում թափառում են հատուկ ջոկատները, ու ռիսկի դիմել պետք չէ»… Շատերի թվում, ինչպես պարզվեց, թուրքերի կողմից գիշերը թալանվել եւ ավերվել էր նաեւ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանը։ «Հետո հասկացա, որ հրաշքով փրկվել ենք,–ասում է նա։–Լավ է, որ այդ օրը տանը չենք գիշերել, այլապես մեզ էլ կհոշոտեին ու կվառեին գազանները»… Ա. Սարգսյանը ցավով եւ ափսոսանքով է հիշում հրապարակի հարեւանությամբ ապրող իր ընկերոջը՝ մեծ հայրենականի մասնակից Խաչատուր Բաբայանին, ում ազերիները ցած էին նետել 3—րդ հարկից եւ հետո տանջամահ արել ու այրել։ Ավերել էին տունն ու ունեցվածքը, կնոջն ու դեռահաս աղջկան բռնաբարել եւ ծաղրուծանակի ենթարկել։ Մինուճար տղայի հետ դաժանորեն սպանվել էր եւ մտերիմ ընկերներից Արտուշը…
Ականատեսի խոսքով, խորհրդային բանակի զինվորները Սումգայիթ մտան փետրվարի 29—ի գիշերվա ժամը 3—ին, երբ «թուրքերն իրենց ծրագիրն արդեն իրագործել էին»։ Ռուս սպաներից մեկը տեղեկացրել էր, որ քաղաքն իբրեւ շրջապատված է զորքերով, եւ հանցագործները հազիվ թե կարողանան իրենց ձեռքից դուրս պրծնել։ Մինչդեռ իրականում զինվորները կրակելու հրաման չէին ստացել ու «սպասողական» վիճակում էին։ Նրանց օգնությամբ հայ ընտանիքները պատսպարվել էին քաղկոմի եւ թատրոնի շենքերում։ «Կանայք ու երեխաները հյուծված էին, գունատ, օրերով հացուջրի երես չէին տեսել եւ վախից ու ցրտից դողում էին։ Նրանցից շատերն արյունլվա էին եւ ոտքի վրա հազիվ էին կարողանում կանգնել»։ Ա. Սարգսյանի համոզմամբ, Սումգայիթի սպանդի կազմակերպիչներն Ադրբեջանի ղեկավարներն էին։ Նրանց աջակցել եւ հայերի ջարդերն ուղղորդել էին քաղաքային իշխանությունները՝ Սումգայիթի խողովակագլանման գործարանի տնօրենի անմիջական ղեկավարությամբ. «Հենց վերջինիս հրահանգով էին առաջնորդվել խուժանները՝ զինվելով գործարանում պատրաստված սրածայր երկաթաձողերով եւ դաժանորեն հոշոտելով հայերին»։
Ըստ հավաստի տեղեկությունների, հարյուրավոր հայերի բնակարաններ էին թալանվել ու հրդեհվել, սպանվածների թիվն անցնում էր 500—ի սահմանը։ «Անհայտ կորածների թիվը գրեթե 500—ի էր հասնում։ Իսկ բռնաբարվածների թիվն այնքան մեծ էր, որ շատերն ամոթից խուսափում էին «գրանցվել»… Ստեղծված զինվորական հանձնաժողովը հայերիս հորդորում էր արձանագրել բոլոր բողոքները՝ հավատացնելով, թե պետությունն իբրեւ անպայման կփոխհատուցի կրած վնասների համար… Մինչեւիսկ ինչ—որ փոստարկղներ էին առանձնացրել, թուղթ ու գրիչ էր տրվում, որպեսզի ներկայացնենք մեր պահանջները։ Միամիտ մարդիկ էինք, հավատացած էինք, որ մարդասպանները կպատժվեն եւ արդարություն կլինի։ Ավաղ, առայսօր մեր կրած տառապանքների ու բարոյական վնասների համար ոչ ոք չի պատժվել, եւ հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է՝ վտանգելով ամբողջ տարածաշրջանի կայունությունը»,- կարծում է իր մայրամուտն ապրող, Սումգայիթի հրեշավոր սպանդից մազապուրծ փրկված ծերունազարդ հայը։
Ստեփանակերտ

28-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO