Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ինքնամեկուսացումն էլ իր դրական կողմերն ունի

Պետք է ճիշտ սնվել, առողջ ապրել եւ վերաիմաստավորել կյանքը

Քանի որ արտակարգ դրությունը Հայաստանում շարունակվելու է մինչեւ ապրիլի 14-ը, երկարաժամկետ ընթացքով պայմանավորված տանն ինքնամեկուսացումը կարող է նաեւ սթրեսային գործոն պարունակել։ Այս օրերին սոցցանցերում հանրությունն ակտիվ քննարկում է իր կենսակերպը, փոխանակվում արդեն ընթերցած գրքերով, ֆիլմերով, խորհուրդ տալիս միմյանց՝ ինչպես հաղթահարել պարապուրդը՝ փորձելով հնարավորինս հետաքրքիր ու իմաստալից դարձնել կյանքը։ Ոմանք միմյանց հետ կիսվում են տանը մեկուսացված պայմաններում իրենց առօրյան մի փոքր ավելի վառ անցկացնելու փորձառությամբ, ոմանք կիսվում կերակուր պատրաստելու համեղ բաղադրատոմսերով եւ այլն։ Սակայն, այդ ամենով հանդերձ, դժգոհություններն էլ չեն պակասում, ոմանք գանգատվում են քաշի ավելորդ զանգվածի կուտակումից, ոմանք՝ ավելորդ քնկոտությունից, ոմանք՝ անհաղթահարելի սթրեսից։
Այս պարագայում սննդաբանները խորհուրդ են տալիս շեշտադրում անել ոչ միայն գիրացման գործոնի նվազեցման, այլեւ դիմադրողականության բարձրացման, սթրեսի հաղթահարման եւ առողջ ապրելակերպի պահպանման վրա։ Ինչպես տան պայմաններում ճիշտ կազմակերպել առօրյան, ինչպես ճիշտ սնվել եւ հեշտությամբ հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ բարձր պահելով դիմադրողականությունը։ Այս առթիվ «ՀՀ»—ի հետ զրույցում իր դիտարկումներն է անում ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ Ըստ նրա՝ կան հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ նմանատիպ ռեժիմներում տանը մնալու պայմաններում սթրեսը հանգեցնում է ավելորդ քաղցի առաջացման, մանավանդ երբ մարդը տանն է եւ մոտ լինելով սառնարանին, պահեստավորված սննդին՝ կարող է անընդհատ պատեհ եւ անպատեհ սնվելու ցանկություն ունենալ։ Դարձյալ նույն հետազոտություններից ելնելով՝ սննդաբանը հավելում է, որ, բնականաբար, այդ ընթացքում ընդունած սնունդը սովորաբար օգտակար ներգործություն չի կարող թողնել օրգանիզմի վրա։
«Շատ կարեւոր է այս օրերին ունենալ այնպիսի սննդակարգ, որն առաջին հերթին կնպաստի աղիքային միկրոբիոտայի վրա, որը, ըստ ունեցած ապացույցների, օգնում է բարձրացնելու դիմադրողականությունը։ Մեծ քանակությամբ շաքարը կամ միատեսակ սնունդը բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։ Պետք է ընդունել լիարժեք հավասարակշռված սնունդ։ Այս օրերին պետք է երկու կարեւորագույն խնդիր լուծենք։ Սննդակարգը պետք է բաղկացած լինի արագ յուրացվող ուտելիքներից, որոնք պարունակում են մեծ թվով վիտամիններ։ Ցանկալի է առօրյայում կիրառվող քաղցրավենիքը եւ շաքար պարունակող այլ մթերքներ փոխարինել պտուղ—բանջարեղենով՝ գազարով, կաղամբով, լոլիկով, բրոկոլիով, կանաչեղենով, ցիտրուսային մրգերով։ Օրինակ՝ կիվին, թուրինջն ու նարինջը էապես նպաստում են դիմադրողականության բարձրացմանը»,–ասաց Դավիթ Պիպոյանը՝ կենդանական ծագման մթերքներից հորդորելով սննդակարգում ավելի շատ կիրառել ձուկը։
Որքանո՞վ կարող է որպես հակասթրեսային միջոց ծառայել ալկոհոլը, Դավիթ Պիպոյանն այստեղ եւս իր դիտարկումն ունի։ Կատարված հետազոտությունները փաստում են, որ միակ ոգելից խմիչքը, որն այս առումով օգտակար եւ նաեւ իմունային համակարգի խթանիչ է, կարմիր գինին է՝ չափավոր քանակությամբ (մինչեւ 120 գրամ)։ Որպես սթրեսի հաղթահարման մեկ այլ բաղադրիչ, սննդաբանը խորհուրդ է տալիս գինու հետ նաեւ մեկ կտոր շոկոլադ օգտագործել։ Բացի այդ, բավական լավ ազդեցություն ունեն տաք հեղուկները՝ դրանց դարչին, կոճապղպեղ, կարկադե, կիտրոն, մեղր ավելացնելով։ Այն կարծրատիպը, թե հակավարակային լավագույն միջոց կարող է հանդես գալ ալկոհոլը, մասնավորապես՝ օղին, սննդաբանը մերժեց՝ ավելի մեծ սպիրտի բաղադրություն պարունակող խմիչքը երկարաժամկետ օգտագործման դեպքում կարող է հանգեցնել դիմադրողականության անկման։
Բացի սննդակարգից, պարապուրդում կարեւոր է նաեւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպումը։ Ըստ սննդաբանի՝ քունը սթրեսի եւ քաշի ավելացման գործում ունի կարեւոր դերակատարում։ Մասնավորապես, քիչ քնի դեպքում կարող է առաջանալ նյութափոխանակության խանգարում, այն կարող է նպաստել քաշի ավելացմանը։ Առավոտյան երկար քնելը, ըստ զրուցակցիս, կարելի է փոխարինել կեսօրին մեկժամյա քնով, ինչը օգտակար է եւ օրինաչափ։ 8–ժամյա քունը չափահաս տարիքում գտնվող մարդու համար դրական ազդեցություն է թողնում։ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը նաեւ խորհուրդ տվեց մարմնամարզությամբ զբաղվել տան պայմաններում՝ հետեւելով մասնագիտական առցանց ուղղորդող վարժություններին։
Որպեսզի մարդիկ կարողանան հեշտ անցում կատարել առողջ ապրելու սննդակարգին, Դավիթ Պիպոյանը դրանում նաեւ դրական միտում է տեսնում։ «2020 թ. փոփոխությունների տարի է լինելու»,–ասում է նա՝ նշելով, որ արտակարգ դրությունից դուրս գալուց եւ առկա սահմանափակումների վերացումից հետո մարդիկ այլ կյանքով են սկսելու ապրել, արժեվորել ամեն պահը, վերաիմաստավորել կյանքը՝ դրական էմոցիաներ փոխանցելով միմյանց։
Դավիթ Պիպոյանը նկատեց՝ առկա իրավիճակը ստեղծում է հնարավորություն փոխվելու, կրթվելու, սովորելու, սեփական առողջության հանդեպ ինքնագիտակցությունը բարձրացնելու առումով. «Նկատենք, թե այս օրերին բնակչությունը որքան հաճախ է լվացվում, հետեւում հիգիենայի պահպանմանը։ Այսինքն՝ իրավիճակը բերեց նաեւ մշակութային փոփոխության, սերմանեց յուրաքանչյուրի մեջ սոցիալական պատասխանատվության զգացում։ Նույնը կարող է լինել նաեւ առողջ ապրելակերպի, ճիշտ ու հավասարակշռված սնվելու տեսանկյունից»։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

25-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO