Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.05.2020
ԼՂՀ


Պատգամավորական մանդատների համար պայքարը մտնում է վճռական փուլ

Խորհրդարան կանցնեն այն ուժերը, որոնք կհաղթահարեն հինգ տոկոսի շեմը

12 կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ են մասնակցելու մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ասել է թե՝ պատգամավորական մանդատների համար առաջին անգամ համամասնական ցուցակներով պայքարելու են մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, որոնցից առայժմ չորս կուսակցություն է ներկայացված գործող Ազգային ժողովում։ Արտախորհրդարանական (այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից) մի քանիսն իրենց գործունեությամբ հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող կուսակցություններ են, որոշներն էլ կայացման ճանապարհին են, փորձում են ընտրողների վստահությանն արժանանալ եւ մյուս պատգամավորների հետ նոր խորհրդարանի մաս կազմել։
Հաշված օրեր են մնում քարոզարշավի ավարտին։ Եվ, բնականաբար, քաղաքական ուժերի միջեւ պայքարն ավելի է թեժանում։ Իսկ ինչպես կուսակցությունների կողմից համամասնական կարգով ներկայացված ընտրացուցակներն են փաստում, քաղաքական որոշ ուժեր մեծ ակնկալիքներ ունեն։ Այդ մասին է վկայում նրանց «անսահմանափակ» կազմը։
Եթե «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 65 թեկնածուով, «Միասնական հայրենիքը»՝ 62, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 35, ՀՅԴ—ն՝ 33, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 32, իսկ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը՝ 31 թեկնածուով, ապա «Ազգային վերածնունդը»՝ 20, «Անկախության սերունդը» եւ կոմունիստները 17—ական թեկնածուի հայտ են ներկայացրել։ 16—ական թեկնածու են առաջադրել Արցախի պահպանողական եւ Արցախի հեղափոխական կուսակցությունները։ Իսկ, ինչպես ընտրական օրենսգրքում է հստակ ամրագրված, Ազգային ժողով կկարողանան անցնել այն ուժերը, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
Խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները, ժամանակացույցի համաձայն, ակտիվ հանդիպումներ են ունենում ընտրողների հետ՝ օրվա մեջ հասցնելով այցելել մի քանի համայնք։ Որոշ քաղաքական ուժեր էլ գերադասում են քարոզչությունն իրականացնել զանգվածային լրատվամիջոցներով՝ խնայելով ժամանակը եւ ֆինանսական միջոցները։ Բոլորն էլ միանշանակ վստահեցնում են, թե պատգամավոր ընտրվելու դեպքում օրենսդրական լուրջ փոփոխություններ են կատարելու նախկինում ընդունված փաթեթներում եւ դրանք համապատասխանեցնելու են երկրի Սահմանադրությանը։ Ոմանք շռայլ խոստումներ են տալիս, ոմանք էլ գերադասում են իրատեսական ծրագրերով առաջ շարժվել ու միասին վերափոխել երկիրը։ Երբեմն էլ «ոչ կառուցողական», ծայրահեղության հասնող կոչեր են հնչեցվում, որոնք նախընտրական քարոզչության սահմաններում չեն տեղավորվում ու միանգամայն անընդունելի են։ Եվ որքան էլ զարմանալի թվա, այդ մասին «հետկուլիսյան» քննարկումների ժամանակ հաճախ հենց ընտրողներն են բարձրաձայնում՝ չթաքցնելով իրենց մտահոգությունները։
Չկա որեւէ քաղաքական ուժ, որը հանդիպումների ժամանակ չբարձրաձայնի անարդարությունների եւ կաշառակերության դեմ անաչառ գտնվելու եւ անզիջում պայքար մղելու իր պատրաստակամության մասին, չշոշափի սոցիալական այն խնդիրները, որ տակավին մնում են չլուծված։ Կոմունիստները, որոնց մինչեւ հիմա չի հաջողվել մտնել խորհրդարան, հանդես են գալիս բազմակուսակցականության, ժողովրդավարության եւ իրավահավասարության պայմաններում քաղաքացու անվտանգությունը, արժանապատվությունն ու ազատություններն ապահովելու, անպատժելիության եւ ամենակարողության մթնոլորտի վերացման օգտին։ «Կուսակցությունն ունի կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հստակ ծրագիր, որտեղ գլխավոր շեշտը դրվում է օրենքի գերակայության, խստագույն պատժամիջոցների կիրառման վրա»,— ասում է ԱԺ պատգամավորի թեկնածուների ընտրացուցակում առաջին տեղը զբաղեցնող Գրիշա Հովհաննիսյանը։
Բազմակուսակցականության վերաբերյալ միանգամայն այլ կարծիք ունի Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, ով գտնում է, թե «քաղաքական կուսակցությունները հասարակությանը պառակտում են, եւ խորհրդարանն անկախ լինելու համար պիտի ապաքաղաքականացվի»։ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով վերջին օրերի առավել շատ քննարկվող այն թեմային, թե քարոզարշավը շարունակե՞լ, արդյոք, թե՞ ընտրությունները հետաձգել, կարծում է, որ հետաձգելն ավելի վտանգավոր կլինի, քան «կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ ընտրական գործընթացի պահպանումը»։ Ստեղծված իրավիճակը մարտահրավեր համարելով նաեւ Արցախի քաղաքական մյուս ուժերի համար՝ նա կարծում է, թե «անհրաժեշտ է ի սկզբանե ունենալ արտակարգ պայմաններում աշխատելու ու երկրի բնականոն կյանքն ապահովելու ծրագիր»։ Եվ նա իր մրցակիցներին «հորդորում է» հակաճգնաժամային ծրագրեր ներկայացնել ինչպես առողջապահական խնդիրների համակարգման, այնպես էլ տնտեսության կառավարման մասով։ Այդ համատեքստում կուսակցության նախագահը կարեւորում է պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացման եւ էներգետիկ անկախության ապահովման անհրաժեշտությունը։
«Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն էլ ակտիվորեն շարունակելով պայքարը պատգամավորական մանդատների համար, ընտրողների հետ հանդիպումներում, մի շարք հարցերի թվում, առաջնահերթության կարգով ընդգծում են երկրի անվտանգության եւ բանակի պաշտպանունակության աստիճանի բարձրացման խնդիրը։
Համաձայն ԱՀ «Ընտրական օրենսգրքի» 88—րդ հոդվածի 5—րդ մասի եւ 116—րդ հոդվածի 4—րդ եւ 5—րդ մասերի, հանրապետության նախագահի թեկնածուները եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները կարող էին մինչեւ մարտի 21—ը ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, սահմանված ժամկետում հանձնաժողովն ինքնաբացարկի դիմում չի ստացել։
Նախընտրական քարոզարշավը հանրապետությունում շարունակվում է։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
d.miqayelyan@hhpress.am

25-03-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO