Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ԼՂՀ


«Դեռ պիտի կերտեմ Մարզպետունու արձանն իր անդավաճան ձիու վրա»

85-ամյա նահապետը՝ հոբելյանի նախաշեմին

Քանդակագործ, հանրապետության ժողովրդական նկարիչ Ալբերտ Հարությունյանի անունը դեռ անցյալ դարի 50-ական թվականներից է շրջանառվում արվեստի համահայկական դաշտում։ Նրա ստեղծագործությունները (քանդակներ) զարդարում են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ նախկին Խորհրդային Միության տարբեր երկրների գողտրիկ պուրակներն ու զբոսայգիները, հրապարակները՝ որպես մշակութային արժեքներ, գրավելով արվեստասերների ուշադրությունը։ Դրանցով այսօր, իրավամբ, հպարտանում է ոչ միայն քանդակների հեղինակը։
Ես քիչ չեմ ոգեւորվել նրա ազնիվ մտահղացումներով, անթաքույց ուրախությամբ հետեւել գեղագետի ձեռքի տակ ուրվագծվող քանդակներին, զգացել նրա ստեղծագործությունների հոգեւոր զորությունը։ Ու այսօր 85—ամյա հոբելյանի նախաշեմին գտնվող, շուրջ 100—ի հասնող արձանների ու քանդակների հեղինակը, հետադարձ հայացք ձգելով անցած ուղուն, բաց ճակատով ներկայանալով հանրությանը, շարունակում է իր բարձրաճաշակ արվեստով անմնացորդ ծառայել հայրենիքին։
Առաջին լուրջ հանդիպումը գեղարվեստի զարմանահրաշ աշխարհի հետ կայացավ 1957 թ. երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնի օրերին՝ Մոսկվայում բացված երիտասարդ նկարիչների միջազգային ցուցահանդեսում, որտեղ Ա. Հարությունյանի «Հողագործը» քանդակը գրավեց հանձնախմբի ուշադրությունը եւ արժանացավ առաջին կարգի դիպլոմի։ Ապա տարիների հետ ընդլայնվեց նրա ստեղծագործությունների շրջանակը՝ երիտասարդ հեղինակին բերելով ճանաչում ու հեղինակություն։
«60—ական թվականներին Ստեփանակերտում ստեղծագործող մտավորականների մի հրաշալի ջոկատ էր ձեւավորվել, որը նորանոր խիզախումներ էր ձեռնարկում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության պայմաններում։ Ես այն երջանիկ արվեստագետներից եմ, ում գործերը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ, տեղ էին գտնում Ստեփանակերտի հրապարակներում, պուրակներում եւ զբոսայգիներում.–ասում է նա։–Ինձ հաջողվեց աստիճանաբար հաղթահարել արգելքները, կամք ու հաստատակամություն դրսեւորել եւ լուսավոր երազներ փնտրել խավարի դեմ պայքարում»։
Այդ տարիներին էր, որ ստեղծեց մի շարք ուշագրավ դիմաքանդակներ, մոնումենտալ ծավալի աշխատանքներ, ձեռք բերեց համահայկական հնչեղության քանդակագործի համբավ։ «Բաքվի ցուցումով մարզի այն ժամանակվա ղեկավարները մեծ զգուշավորությամբ էին վերաբերվում «աչքաբաց» մտավորականներին, գրողներին եւ արվեստագետներին,–հիշում է Ալբերտ Հարությունյանը։–Մեր նկատմամբ միշտ էլ խտրականություն էր ցուցաբերվում։ Նրանց հայտնի էր, որ Արցախն է մեր ստեղծագործությունների գլխավոր առանցքը, ու մեղվի պես այդ ծաղկի շուրջն էինք շարունակ պտտվում՝ մեր բաժին նեկտարն ըմպելու... Մի օր էլ, ինչպես ասում են, «կանաչ լույս վառվեց» իմ առջեւ։ Հայրենական մեծ պատերազմում զոհված նավթագործների հիշատակին Բաքվում հուշարձան էր նախատեսված կառուցել, ինչի առիթով մրցույթ էր հայտարարվել։ Արցախից մրցույթին մասնակցում էինք ես ու ճարտարապետ Յուրի Հակոբյանը։ Ու, քանի որ մենք ազգությամբ հայ էինք, չէինք կարծում, թե որեւէ հաջողության կարող ենք հասնել։ Բարեբախտաբար, մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փակ քվեարկությամբ։ Հանձնաժողովը, որի մեջ ընդգրկված էին տարբեր հանրապետությունների արվեստագետներ, մեր նախագիծը լավագույնը ճանաչեց։ Հետագայում քանդակը ձուլելու ժամանակ ռուս անվանի քանդակագործ Վալենտին Ցիգալը, նկատելով կառուցվելիք համալիրի լայնածավալ մոդելները, քաջալերեց մեզ, ու մեր միջեւ մտերմություն հաստատվեց։ Տարիների ընթացքում ամրապնդվեց մեր բարեկամությունը։ Ու այսօր երախտագիտությամբ եմ հիշում հանգուցյալ իմ վարպետին, ում միջամտությամբ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ դարձա»։
Գաղտնիք չէ, թե արցախցի արվեստագետի համար որքան դժվար էր իրականացնել փայփայվող որեւէ գաղափար, մտահղացում։ Մարզի ղեկավարների վրա Բաքվի ճնշումները անկատար էին թողնում հայրենասիրական ցանկացած ձեռնարկում։ Այդ առումով, Ստեփանակերտում Մեծ հայրենականում զոհված ղարաբաղցիների հիշատակին կառուցված համալիրը բացառություն էր...
«1975 թվականին էր, երբ ճարտարապետ Յուրի Հակոբյանի հետ ինքնավար մարզի ղեկավարներին ներկայացրինք համալիրի նախագծերը,–հիշողություններն է քրքրում քանդակագործը։–Սկզբում լռության մատնվեց մեր առաջարկը։ Ապա որոշ ժամանակ անց կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար Զ. Մովսիսյանի միջամտությամբ Բ. Կեւորկովն «արձագանքեց» մեր խնդրանքին։ Նրա անմիջական հանձնարարությամբ էլ սկսվեցին համալիրի շինարարական աշխատանքները։ Շաբաթվա մեջ գրեթե մեկ—երկու անգամ այցելում էր մեզ եւ անձամբ հետաքրքրվում կառույցի ընթացքով։ Մայիսի 9—ին, Մեծ հաղթանակի 30—ամյակի կապակցությամբ համալիրը պիտի շահագործվեր։ Պահանջում էր արագացնել աշխատանքի տեմպերը, շահագրգռված էր, որ, իր խոսքերով, կառույցն ինքնատիպ լինի, բայց ոչ «ճչացող»։ Մի օր էլ, երբ մեզ այցելեց, կամարակապ պատերն էինք հարթաքանդակում։ Համալիրի շինարարությունն ամբողջովին իրականացվում էր վարդագույն տուֆով։ Զգում էինք, որ ընդհանուր առմամբ, մեր աշխատանքը գոհացնում է նրան, սակայն նկատելով ընդգրկուն ծավալներով սյունազարդ կամարները, բարկացած դիմեց ինձ. «Ինչ է, մտադիր եք նոր Սարդարապատ կառուցե՞լ Ղարաբաղում... Չլինի՞ ինձ դատարանի առաջ եք ուզում կանգնեցնել։ Դուք մտածում եք, որ ես պիտի պատասխան տամ Բաքվին»։
Ասում են, այցելելով հուշահամալիր, Հ. Ալիեւը ժամանակին խիստ կշտամբել է մարզկոմի առաջին քարտուղարին՝ «խիստ ազգային» կառույցի համար։ Սակայն հետագայում Բ. Կեւորկովը մի առիթով, երբ Հայաստանից գրողներ էին ժամանել Ստեփանակերտ, խոստովանել է, թե համալիրը, որ Սարդարապատն է հիշեցնում, ցնցել է իրեն. «Այստեղ պարզապես զանգերն են միայն բացակայում»։ Ի դեպ, Ա. Հարությունյանն է նաեւ այստեղ տեղադրված Խորհրդային Միության արցախցի հերոսների հարթաքանդակների հեղինակը, որոնք առանձնակի շուք են հաղորդում հուշահամալիրին։
Ալբերտը նաեւ Թուրքմենիայի մայրաքաղաքի մուտքի կոթողի հեղինակն է։ Հանգամանքների բերումով, 40 օր մնալով Աշխաբադում, այցելել էր նկարիչների միություն, ուր էլ նրան առաջարկել էին «էսքիզներ ներկայացնել մայրաքաղաքի մուտքի կոթողի համար»։ Մեկ շաբաթ անց նախագծերը պատրաստ էին, որոնք հավանության արժանացան՝ եւ գործը հանձնվեց արցախցի քանդակագործին։ Երբ կոթողը շահագործվեց եւ հոնորարը բավականին գայթակղիչ էր, մշակույթի նախարարությունը պատվիրեց եւս մեկ հուշարձան կառուցել մայրաքաղաքում, սակայն Ա. Հարությունյանը պատճառաբանեց, թե Ստեփանակերտում կիսատ գործեր շատ ունի ու պիտի ավարտին հասցնի։
Ա. Հարությունյանի կարծիքով, Մուրացանի հուշարձանը, որպես արվեստի գործ, ամենահաջողվածն է, ամենակատարյալը։ Շատ է սիրում նաեւ մայրաքաղաքում տեղադրված Գրիգոր Նարեկացու հարթաքանդակը, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, ծովակալ Իսակովի արձանները՝ բերդաքաղաք Շուշիում եւ Ստեփանակերտում։
Արվեստագետի գործերում ուրույն տեղ ունեն Հայրենական պատերազմում նահատակվածների հիշատակին՝ Բերդաշենում կառուցված «Մայր Արցախ» հուշարձանը, Մեծ Թաղերում՝ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, գրող Լեոնիդ Հուրունցի հարթաքանդակը, որ տեղադրվել է Երեւանում ու Ստեփանակերտում։ Ստեղծագործությունների այս շարքը երկար կարելի է շարունակել...
«Ծրագրեր, մտահղացումներ շատ ունեմ,–խոստովանում է նահապետը։–Գրեթե ավարտական փուլում է Վաչագան Բարեպաշտ թագավորի արձանը։ Մտադիր եմ կերտել Նարեկացու վեհաշուք, մեծածավալ արձանը եւ այն տեղադրել Ստեփանակերտում կառուցված մայր տաճարի տարածքում։ Դա կլինի իմ նվերը հավատացյալ ժողովրդին։ Վաղուց եմ երազում կերտել նաեւ Գեւորգ Մարզպետունու հերոսական կերպարը՝ իր անդավաճան ձիու վրա...»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
d.miqayelyan@hhpress.am

27-03-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO