Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄԱՐԶԵՐ


Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ

Շռայլ նվիրումի, հավատարմության ու կենսունակության բացառիկ օրինակ

«Դեռ են գլխեն, որոշումների ու ձգտումների ճանապարհին Վանդոսին այցելեց գիտակցության արագացված ընթացքը, քանի որ նրա բովանդակության անբաժան ուղեկիցները եղան բանականության լույսը, կամքն ու Համո պապից ժառանգած անպարագիծ աշխատասիրությունը, որի արդյունքում էլ նրան դիմավորեց վարձատրության ու հատուցման ժամանակը». մարդու կերպն ու կերպարը ներկայացնող հակիրճ, չափազանց խտացված այս վրձնահարվածներն, անշուշտ, շարժեցին ընթերցողիս հետաքրքրասիրությունը...
Լոռիում հայտնի տոհմ են Ղարագյոզյանները։ Ազնվական կեցվածքով, աշխատասիրությամբ, մարդասիրությամբ աչքի ընկած՝ վաղուց նրանք վայելում են համընդհանուր ընդունելություն ու սեր։ Այդ տոհմի մի անդամն էլ Վանդոս Ղարագյոզյանն է, ով լույսի իր տված—ավելացրած շողով առավել ընդգծուն է դարձրել տոհմի առասպելը։ Իսկ մեջբերած խոսքերի հեղինակը լոռեցի գրող Վահագն Մուղնեցյանն է, որ քաղել եմ նրա «Ընկերս մանկության տաճարից» դեռեւս անտիպ էսսեանման պատմությունից։
Բազմաճյուղ է Վանդոս Ղարագյոզյանի գործունեությունը՝ քաղաքական, պետական, կուսակցական, արտադրական, մարզական, մրցավարական, գիտամանկավարժական... Այդ իրարից անկախ բնագավառներից յուրաքանչյուրում անմնացորդ նվիրվածությամբ, կամային եռանդով, անդուլ աշխատասիրությամբ միայն ու միայն վեր է բարձրացել, հասել աննախադեպ հաջողությունների։ Միանգամայն համաձայն եմ նրանց հետ, ովքեր դրա բացատրությունը տեսնում են նրա բացառիկ ունակությունների ու անուրանալի տաղանդի մեջ։ Նրա ամբողջ կյանքը եղել է մեծ նախապատրաստում այդ ամենին։ Դեռ պատանի, արդեն մեծ հեղինակություն էր։ Նրան հարգում ու հետը հաշվի էին նստում թե մեծերը, թե փոքրերը։ Գեղեցկատես էր, վայելչակազմ, բարձրահասակ, զբաղվում էր սպորտով, ծանրամարտով, դահուկային սպորտից Հայաստանի բազմակի չեմպիոն էր, նվաճել էր «Պիոներսկայա պրավդայի» սահմանած գավաթը, դպրոցում սովորում էր գերազանց, ճանաչված մարզիկներ Ռաֆիկ, Ալբերտ, Անդրանիկ եղբայրների կրտսերն էր, համարձակ էր, անվախ եւ հայտնի որպես իրար չհանդուրժող կռվազան տղաներին հաշտեցնող ընկեր։
Ինչ խոսք, այսօրվա նրա առույգ կեցվածքն ու եռանդուն գործունեությունը երիտասարդական տարիների շռայլ պարգեւներն են։ Ամենեւին նպատակ չունենալով նրա կյանքը ներկայացնել թվական տվյալներով, վարած պաշտոններով, գիտական կոչումներով, պարգեւներով, բերեմ մարդուն առավել բնորոշող պատմություններ։ Սարքաշինական տեխնիկումը, ապա Մոսկվայի էներգետիկայի եւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտներն ավարտելուց հետո նշանակվում է «Ավտոգենմաշ» գործարանի բաժնի պետ։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի քարտուղար Հենրիկ Թարջումանյանն առաջիններից մեկը նկատելով երիտասարդի եռանդն ու կարողությունները՝ հրավիրում է աշխատելու քաղկոմի հրահանգիչ։ 1973 թ. նրան վստահվեց համամիութենական նշանակության մորթու—մուշտակի ֆաբրիկայի ղեկավարումը։ 15 տարի անընդմեջ ֆաբրիկայի հանրույթը փոխանցիկ կարմիր դրոշը պահեց իր մոտ։ «Պատվո նշան» շքանշանով պարգեւատրումն էլ աննախադեպ հաջողությունների վավերացումներից մեկն էր։ Նրա ղեկավարության օրոք ֆաբրիկան վերակառուցվեց, շարք մտան նոր հզորություններ։ Աշխատակիցներն անմիջապես զգացին նոր տնօրենի մարդկային որակները՝ հոգատարությունը, հարեհասությունը, կամեցողությունը, սկզբունքայնությունը։ Մարզասեր տնօրենի հոգածությամբ ֆաբրիկայում լավագույն մարզահրապարակները կառուցվեցին։ Շուտով նրան ընտրեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։ Սկսում է ծանրամարտին վերաբերող տեղեկություններ հավաքել—կուտակել։ Ոգեւորում է մեծանուն ուսուցիչ, ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Գարուշ Կարապետյանը...
Այսօր հրապարակի վրա է «Ծանրամարտ, օլիմպիական խաղեր, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ» 650 էջով շքեղ գիրք—հանրագիտարանը։ Հեղինակը հայ է՝ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կոմիտեի անդամ, միջազգային բարձր կարգի մրցավար, ՀՀ ԾՖ—ի անփոփոխ փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ—ի դոկտոր, պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանը։ Այն երկար տարիների համառ ու անդուլ փնտրտուքի, տքնաջան աշխատանքի արգասիք է, որտեղ աշխարհում առաջին անգամ հեղինակը հայերեն եւ անգլերեն ամփոփել է աշխարհի եւ Եվրոպայի բոլոր առաջնությունների տղամարդկանց, կանանց, երիտասարդների, աղջիկների, պատանիների եւ օլիմպիական խաղերի 107 տարվա արդյունքները։ Ծանրամարտի մեծերի, մասնագետների կարծիքն իր գրքի մասին իմանալու համար մեկնեց Ֆինլանդիա։ Աշխատասենյակում են ԾՄՖ—ի գործադիր կոմիտեի նախագահը, աշխատակիցները, երբ հեղինակը ներս է մտնում։ Մի քանի երկար ու ձիգ րոպեների ընթացքում նա խոր լռության մեջ լսում է միայն իր սրտի զարկերը։ Դանդաղ մոտենում է նախագահի աշխատասեղանին։ Տեղից դանդաղ ելնում է նախագահ Գոտֆրիդ Շյոդլը ու… ծափահարում «վիթխարի աշխատանքի համար»։ Նրա հետ՝ բոլոր ներկաները։ ԾՄՖ գլխավոր քարտուղար Թամաշ Այանը չուշացրեց գրավոր կարծիքը՝ «Սա ամենակատարյալ գիրքն է ծանրամարտի արդյունքների մասին»։
Սակայն հեղինակն այդ գրքով ասելիքը լիովին ավարտած չհամարեց, շուտով սեղանին դրվեց երկրորդ հատորը, հետագայում էլի նորանոր հատորներ, որոնցում մանրամասնորեն ներկայացվում են ԽՍՀՄ բոլոր առաջնություններն ու սպարտակիադաները, միջազգային մրցաշարերն ու դրանցում նաեւ հայերի մասնակցությունը, հայկական ծանրամարտի բոլոր առաջնությունները։ Վստահաբար կարելի է ասել՝ նրա հանրագիտարանային արժեք ներկայացնող հատորներում ծանրամարտի վերաբերյալ կարելի է տեղեկանալ բացառապես ամեն ինչի մասին։
Չեմ մոռանա 1989 թ. այն օրը, երբ ներկաները դահլիճում մոտ 10 ժամ երկարուձիգ քննարկումներ ծավալեցին քաղխորհրդի նախագահ ընտրելու նպատակով։ Թեկնածուներ կային, Վանդոսի կողմնակիցների ծանրակշիռ փաստարկված ելույթներից հետո ոմանք հանեցին իրենց թեկնածությունը։ Գերակշիռ մեծամասնության ձայներով նա ընտրվեց քաղաքի ղեկավար։ Հաջորդ տարի քաղաքի բնակիչները նրան ընտրեցին ՀՀ ԳԽ պատգամավոր։ Պատկերացրեք դժվարին տարիները՝ ԽՍՀՄ փլուզում, ահեղ երկրաշարժ, վերականգնման կարոտ քաղաք, հույսերով ապրող մարդիկ։ Քաղաքը դեռ չէր ազատվել փլատակված շենքերի աղբակույտերից։ Լարված օրեր էին, տքնելու, արարելու, մինչ այդ անհայտ կարողությունները երեւակելու նոր ասպարեզ էր բացված։ Քաղաքը մաքրվեց, շահագործման հանձնվեցին բազմաթիվ կառույցներ՝ բնակելիներ, դպրոց—մանկապարտեզներ, նորերի հիմքերն էին գցվում, ձեւավորվեցին վերածննդի խորհրդանիշ նոր թաղամասեր։ Ծրագրված էր 2 տարում կառուցել մոտ 1 մլն քմ մակերեսով բնակարաններ։ Վերակառուցման հրատապ եւ մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին երկաթուղային կայարանում, որպեսզի հնարավոր լիներ ընդունել—բեռնաթափել օգնության ուղարկված մեխանիզմները, շինանյութը, ժամանակավոր կացարանները, մեկ—երկու ամիս անց բեռնափոխադրումների ծավալն աճեց երեք անգամ։ Թեեւ նա դարձավ խորհրդային իշխանությունների «վերջին մոհիկանը», սակայն իր գործունեությամբ կարողացավ բոլորիս պարտադրել, որպեսզի Վանդոս Ղարագյոզյան անունը սիրով պահենք քաղաքի երախտավորների մատյանում։
Նա այժմ, արդեն 20 տարի, դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում, ամբիոնի վարիչ է՝ պրոֆեսորի կոչումով։ Որքան էլ պահանջկոտ, միաժամանակ հոգատար է ուսանողության, գործընկերների նկատմամբ։ Չնայած պատկառելի տարիքին՝ երիտասարդական նույն եռանդով է շարունակում օգտաշատ աշխատանքը, դասավանդմանը զուգահեռ ակտիվորեն մասնակցում է հանրապետական, միջազգային մարզական կազմակերպությունների գործունեությանը, որպես գլխավոր դատավոր՝ ծանամարտի մրցույթներում ապահովում արդար մրցակցություն, նորանոր գրքեր է գրում։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ լույս է տեսել նրա «Ծանրամարտ. Ձեւավորումը, զարգացման փուլերը, մարզման ժամանակակից մեթոդներն ու միջոցները» ծավալուն աշխատությունը։ Դրան հետեւեց մյուսը՝ «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պատմությունը», որը նույնպես բուհական դասագիրք է։
Ի դեպ, այս օրերին տեղեկացա, որ աշխարհի 4 ակադեմիաների իսկական անդամ, «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջին» մեդալի ասպետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Քեմբրիջի համալսարանի միջազգային կենսագրական կենտրոնի «Ականավոր մտավորական» տիտղոսին եւ հատուկ մեդալին արժանացած Վանդոս Ղարագյոզյանի 80-ամյակի առթիվ Վանաձորի «Մաշտոց» հրատարակչությունում պատրաստվում է տպագրության նրան նվիրված «Վանաձորի պատվավոր քաղաքացին» վերտառությամբ գիրքը։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

31-03-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO