Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞

Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, որտեղ, կարելի ասել, բնակչությունը 2003-ից առայսօր շարունակաբար առերեսվել է ներքին ու արտաքին բազում մարտահրավերների, որոնք առավելապես պայմանավորված են նաեւ այդ երկրում օտարերկրյա շահերի բախումներով։ Ներկա դրությամբ Իրաքը, ինչպես աշխարհի շուրջ 180 երկիր, ջանքեր է գործադրում քովիդ-19-ի դեմ պայքարելու ուղղությամբ, կիրառելով որոշ սահմանափակումներ։ Մարտի 30-ի դրությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այդ երկրում կա 547 վիրուսակիր եւ 42 մահացած։
Երկրում անցման շրջանի կառավարություն ձեւավորելու հարցը դեռեւս մնում է անորոշ։ Վարչապետ Ադնան ալ Զարաֆին, որի դեմ են քաղաքական որոշ ուժեր, դժվարին կացության մեջ է հայտնվել։ Նշենք, որ 2018 թ. մայիսի 12—ին, այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանի խմբակցությունների տեւական բանակցությունների արդյունքում համաձայնություն կայացավ վարչապետի թեկնածուի հարցի շուրջ։ Նույն թվականի հոկտեմբերի 2—ին նախագահ Բրահամ Սալեհն Ադել Աբդուլմեհդիին հանձնարարեց ձեւավորել երկրի նոր կառավարություն, ինչը ողջունեց նաեւ հեղինակավոր շիա հոգեւորական Մոքթադա Սադրը, որի ձեւավորած խմբակցությունը 54 անդամով խորհրդարանում ամենաբազմանդամն է։ Մինչդեռ վարչապետի գլխավորած «Ալնասր» խմբակցությունը 329 անդամ ունեցող խորհրդարանում 42 ձայնով զբաղեցնում է 3—րդ տեղը։ Սակայն կառավարության վերջնական ձեւավորումը ձգձգվեց մինչեւ 2019 թ. հուլիս։ Թեեւ Աբդուլմեհդիին ոչ միայն քաղաքական ուժերն ու գործիչները, այլեւ վերլուծաբաններն էին համարում լավագույն ընտրություն, սակայն 2019 թ. նոյեմբերին երկրի սոցիալ—տնտեսական վիճակից դժգոհ բազմամարդ ցույցերը նրան հարկադրեցին նույն թվականի դեկտեմբերի 1—ին հրաժարական տալ։
Իրաքում տիրող նման պայմաններում 2020 թ. հունվարի 3—ին այդ երկիրը հայտնվեց նոր մարտահրավերի առջեւ, ինչը շարունակվում է առայսօր։ ԱՄՆ—Իրան շահերի բախումով պայմանավորված՝ այդ օրն Իրաքում ԱՄՆ զորքերը, իրականացնելով «Կապույտ ամպրոպ» ռազմական գործողությունը, թիրախ դարձրեցին Իրանի հեղափոխության պահապան գվարդիայի Երուսաղեմի զորամիավորումների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին եւ Իրաքի շիա «Հաշադ աշ շաաբի» (Ժողվրդական համահավաք) ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Մոհանդեսին, որոնց հետ զոհվեց նաեւ նրանց ուղեկցող 10 մարդ։ «Ալ Հաշադ աշ շաաբին» խորհրդարանում ներկայացված է «Ալ Ֆաթհ» խմբակցությամբ՝ 47 ձայնով զբաղեցնելով 2—րդ տեղը։ 2014 թ. այն ձեւավորվել է դաիշականների դեմ պայքարի նպատակով եւ զգալի ավանդ ունի այդ հարցում։ ԱՄՆ—ի այդ քայլին ի պատասխան Իրանը հրթիռակոծեց Իրաքում այդ երկրի ռազմաբազաներից մեկը, իսկ հունվարի 5—ին Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց Իրսաթքից օտարերկրյա ուժերը դուրս բերելու վերաբերյալ։ 2014 թ., երբ «Իսլամական խալիֆայությունը» լուրջ հաջողություններ էր արձանագրում Իրաքում, ԱՄՆ—ի գլխավորությամբ ձեւավորվեց միջազգային ուժերի հակադաիշական կոալիցիա՝ շուրջ 7500 անձնակազմով, ընդ որում, 5000—ը՝ ամերիկացի։ Այժմ կոալիցիայի անդամներն աստիճանբար Իրաքից դուրս են բերում իրենց զորքերը։ Եվ, ահա, մարտի 24—ին Կաեմ ռազմաբազայից դուրս են բերվել ֆրանսիական զորքերը եւ այն հանձնվել Իրաքի բանակին։ Հակադաիշական կոալիցիայի խոսնակ Մեյլս Քագինզը հայտարարել է, որ Քիրքուքում գտնվող K1 ռազմաբազայից կոալիցիոն ուժերը դուրս են բերվել եւ մեկ միլիոն արժողությամբ սարքավորումներով հանձնվել իրաքյան ուժերին։ Նա, նշելով, որ շուտով եւս երկու ռազմաբազա է հանձնվելու Իրաքին, միաժամանակ շեշտել է, թե անձնակազմի մի մասը վերադառնալու է ԱՄՆ, իսկ մնացածները տեղափոխվելու են այլ բազաներ։ Քագինզը հավելել է, որ կոալիցիոն ուժերը դեռեւս մնալու են Իրաքում եւ վերջինիս ու Քրդստանի ինքնավարության ուժերի համագործակցությամբ շարունակելու են պայքարն ընդդեմ դաիշականների։
ԱՄՆ—Իրան շահերի բախումները, ըստ ամենայնի, աշխարհի եւ Իրաքի համար այս դժվարին օրերին շարունակվելու են։ Վերջին օրերին ԱՄՆ ԶԼՄ—ները, մասնավորապես, «Վաշինգտոն փոստ» օրաթերթը մարտի 28—ի համարում գրել է, թե ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են վճռական հարվածի՝ ընդդեմ «Հաշադ աշ շաաբի»։ Հանգամանք, ինչը, ըստ «Վաշինգտոն փոստի», պայմանավորված է ԱՄՆ զորքերի դեմ վերջինիս հարձակումներով։ Նույն օրը «Նյու Յորք թայսմ» օրաթերթն էլ գրել է, թե գաղտնի հրաման կա Իրաքի իրանամետ ուժերի դեմ գործողությունների պլանավորման մասին։ Այսուհանդերձ, Իրաքում ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական, որը ցանկացել է անհայտ մնալ, նշել է, թե հնարավոր վտանգների պատճառով այդ գործողությունների իրականացումը շատ դժվար է (www.radiofarda.com, 29 մարտի, 2020 թ.)։ Միաժամանակ, ԱՄՆ—ն Արբիլից ու Բաղդադից իր դիվանագետների թիվը կրճատել է, ինչն Իրաքի պաշտոնյաները չեն բացառում, որ հենց նման ռազմական գործողություններով է պայմանավորված։ Իսկ «Հաշադ աշ շաաբին» հայտարարել է, որ ցանկացած հարձակում անպատասխան չի մնալու, խորհրդարանից եւ կառավարությունից էլ պահանջել է արտահերթ նիստ գումարել «ԱՄՆ—ի կողմից այդ երկրի ինքնիշխանությունը ոտնահարելու եւ նման հարձակումների նպատակները» օրակարգով։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ—Իրան հակամարտություններն Իրաքում շարունակվում են՝ անկախ աշխարհում ու այդ երկրում տիրող ծանր վիճակից, ինչի հետեւանքով, հավանաբար, կրկին տուժելու են նաեւ Իրաքի խաղաղ բնակիչները։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO