Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՅԼՔ...


Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան

Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի կլինի ցանկացած պահի

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռիի եւ Վայոց ձորի մարզերում այս տարվա մինչեւ հունիս ամիսը տեղադրվելու են 23 նոր օդերեւութաբանական ավտոմատ, գերժամանակակից կայաններ։ Սարքավորումներն արդեն Հայաստանում են։ Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր ապրիլի առաջին տասնօրյակին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ժամկետների որոշակի փոփոխություն է եղել։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում հայտնեց «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Լեւոն Ազիզյանը։
Կայանները ձեռք են բերվել ՄԱԶԾ «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը Հայաստանի հիդրոօդերեւութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ «Մեր դիտարկումների, գործիք—սարքավորումների վիճակը բավական վատ է։ Մեծ մասը հին սարքավորումներ են, որոնք «բարոյապես» մաշվել են, բայց ստուգաճշտումների, պահեստամասերի հայթայթման միջոցով փորձում ենք դրանք «վերակենդանացնել»։ Բացի այդ, ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի ֆինանսավորմամբ վերանորոգվել, վերազինվել են Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային տարածքների «Հիդրոմետ» ծառայության 6 հիդրոլոգիական դիտակետեր, տեղադրվել են ջրի մակարդակի դիտարկումների գերժամանակակից ռադարային մակարդակաչափեր»,–ասաց Լ. Ազիզյանը։ Հիդրոօդերեւութաբանական դիտարկումների ավտոմատացումն ունի մի շարք առավելություններ։
Ըստ ծառայության տնօրենի տեղակալի՝ ավտոմատ կայանները փոխանցում են հիդրօդերեւութաբանական տվյալներ առանց մարդու անմիջական մասնակցության, ինչը հնարավոր սխալները հասցնում է նվազագույնի. «Ավտոմատ կայանների առկայության դեպքում ինֆորմացիան հասանելի է ժամանակի ցանկացած պահի (ներկայումս հնարավորություն ունենք ինֆորմացիա ստանալու հատուկ ֆիքսված ժամերին)։ Ավտոմատ կերպով կատարվում է տվյալների թվայնացում եւ արխիվացում, ինչը հետագայում հնարավորություն է տալիս մուտք անել տարբեր մոդելներ, դիտարկել բազմամյա տվյալների շարքը, կատարել վիճակագրական վերլուծություն, կազմել գրաֆիկներ եւ այլն»։ Ավտոմատ կայանի առավելություններից մեկն էլ այն է, որ բարձրացնում է շահառուներին տրամադրվող հիդրոօդերեւութաբանական տեղեկատվության որակը եւ օպերատիվությունը։ «Դիտացանցի ավտոմատացված համակարգը կնպաստի կանխատեսումների արդարացվածության բարձրացմանը»,–ընդգծեց Լ. Ազիզյանը։
Հիշեցնենք, որ «Հիդրոմետ» ծառայությունը Հայաստանի միակ պետական կառույցն է, որն իրականացնում է օդերեւութաբանական եւ մակերեւութային ջրային ռեսուրսների՝ գետերի, լճերի, ջրամբարների եւ հիդրոլոգիական դիտարկումներ։ Օդերեւութաբանական դիտարկումներ կատարվում են 47 օդերեւութաբանական կայաններում, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, օրվա մեջ 8 անգամ՝ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան։ Լ. Ազիզյանը բացատրում է՝ դիտարկումներն իրականացվում են հիմնական օդերեւութաբանական տարրերի նկատմամբ, եւ տվյալները կոդավորվում են ու ներքին ցանցով ուղարկվում ծառայություն։ ՀՕԿ—ի տարբեր ծրագրի շրջանակներում 5 կայանի դիտարկումների տվյալներն ուղարկվում են համաշխարհային փոխանակության, քանի որ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է եւ ունի որոշակի պարտավորություններ, դրանցից մեկն էլ հենց տվյալների փոխանակությունն է. «Տվյալներն իրենց կիրառությունն են գտնում տարբեր կանխատեսման մոդելների մեջ։ Մենք եղանակի կանխատեսում կազմում ենք առաջիկա 5 օրվա համար, որը տեղադրվում է նախարարության կայքէջում։ Կանխատեսումների կազմման համար օգտագործվում են օդերեւութաբանական կայանների շուրջօրյա դիտարկումների փաստացի տվյալները, եղանակային կանխատեսման գլոբալ եւ տարածաշրջանային մոդելների արդյունքները, զոնդարկման, ռադիոլոկացիոն համակարգերի տվյալները, ինչպես նաեւ արբանյակային տեղեկատվություն։ 2010թ. «EUMETSAT» կազմակերպության կողմից «DAWBEE» նախագծի շրջանակներում, «Հիդրոմետ» ծառայությունում տեղադրվել է արբանյակային տեղեկատվությունն ընդունող կայան։ Ակզբնական շրջանում 15 րոպեն մեկ, իսկ այժմ 5 րոպեն մեկ հաճախականությամբ ստանում ենք խիստ կարեւոր արբանյակային տեղեկատվություն՝ մինչեւ անգամ ամպի մեջ սառցե հատիկների քանակության, ջրային գոլորշիների պարունակության, ամպի գագաթի ջերմաստիճանի եւ այլնի մասին»։
Արբանյակային նման ինֆորմացիան, զրուցակցիս խոսքով, հատկապես մեծ նշանակություն ունի վտանգավոր հիդրօդերեւութաբանական երեւույթների կանխատեսման գործում։ Այն օգնում է ուժեղ մառախուղների, ամպրոպների, հորդառատ տեղումների, կարկուտի եւ ուժեղ քամիների ավելի ճշգրիտ կանխատեսման, ինչպես նաեւ կանխատեսումները տեղայնացնելու գործում։ Հիդրոլոգիական դիտարկումները կատարվում են 93 հիդրոլոգիական դիտակետերում՝ 84—ը գետերի, 5—ը ռազմավարական խոշոր ջրամբարների եւ 4—ը Սեւանա լճի վրա։ «Հիդրոմետ» ծառայությունն ունի նաեւ երկու ռադիոլոկացիոն կայան, մեկը Արտաշավանում է, մյուսը՝ Դսեղում։ Ռադիոլոկացիոն կայանները հնարավորություն են տալիս տեսնել նաեւ սպասվելիք կարկուտի մեծության չափը։ Այս երկու կայանն ընդգրկում են հանրապետության մեծ մասը։ Ըստ Լ. Ազիզյանի՝ աշխարհում կարկուտի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը հակակարկտային ցանցերն են, որոնք ունեն 100 տոկոս արդյունավետություն. «Մեր ծառայությունը կարկտահարության դեմ պայքարում օգտագորոծում է գազագեներատորային եւ հրթիռային եղանակները, ընդ որում, վերջինս պիլոտային ծրագիր է։ Աշխատում ենք մոդելների կանխատեսման, տեղայնացման ուղղությամբ։ Եղանակային կանխատեսում տալիս ենք՝ ըստ մարզերի։ Աշխատում ենք կորուստները կրճատելու ուղղությամբ։ Եթե տեխնիկապես կարողանանք զարգանալ, կանխատեսումներ եւ տեղեկատվություն կարող ենք տալ ոչ թե մարզի, այլ գյուղերի կտրվածքով։ Այս դեպքում պաշտպանվածության տեսակետից այլ պատկեր կունենանք»։
Երբեմն դեպքեր են լինում, երբ գյուղի մի մասում կարկուտ է տեղում, մի մասում՝ ոչ։ Համապատասխան տեխնիկայի բացակայության հետեւանքով չեն կարողանում տալ տեղայնացված տեղեկատվություն, կանխատեսումներ։ Խնդիր ունեն նաեւ կադրային վերապատրաստման եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների առումով։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO