Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին

Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի 17-ին Հաճընի պաշտպանության ղեկավարները մերժեցին թուրքական զորքերի հրամանատար Կոզան օղլու Դողանի՝ իրենց ներկայացրած վերջնագիրը, որով պահանջվում էր հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան, ինչպես նաեւ ուղարկել երեք բանագնաց՝ իբրեւ թե խաղաղություն հաստատելու նպատակով։
Այս մերժումը հայերի համար քաղաքի շրջապատում արժեցավ։ Դողան բեյը Մուստաֆա Քեմալին հեռագրեց, որ իրենց հարձակումներն ապարդյուն են, քանի որ Հաճընը զենքով գրավել անհնար է, ուստի պետք է սպասել, որ հայերն ուժասպառումից անձնատուր լինեն, քանի որ ընդամենը մի քանի ամսվա ուտելիք ունեն։ 100 տարի առաջ՝ ապրիլի 1—ին, թուրքերն անցան հարձակման. Հաճընն ամբողջությամբ պաշարվեց։
Պատմական Հաճընը քաղաք է Կիլիկիայում, ցավոք՝ այսօր արդեն Սաիմբեյլի անունով։ Տավրոսի լեռների գրկում է, Քերմես լեռան լանջին։ Այստեղով է հոսում Աչի գետը, որից, հավանաբար, առաջացել է Հաճըն անվանումը, մինչդեռ ժողովրդական ստուգաբանությունն ասում է, որ Հաճըն՝ նշանակում է հաճելի վայր։
1915—ի տվյալներով՝ տեղի բնակչության 35 հազարից 30—ը հայեր էին, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին բռնությամբ տեղահանվել ու աքսորվել էին Դեր Զոր, որտեղ էլ նրանց մեծ մասը զոհվել էր։ Երբ 1918 թ. Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը, եւ Մուդրոսի պայմանագրով թուրքական զորքը դուրս բերվեց այնտեղից, Հաճընի 30 հազար բնակչից մոտ 8 հազարը վերադարձավ հայրենիք՝ այն հույսով, թե Ֆրանսիան այլեւս թույլ չի տա բռնագաղթ ու կոտորած։ Սակայն պատմությունն այլ բան ցույց տվեց. Ընդամենը երկու տարի հետո՝ 1920—ի սկզբին, քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին դուրս բերել զորքերը Կիլիկիայից, իսկ թուրքերը մեկը մյուսի հետեւից սկսեցին գրավել Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը… Բնականաբար, գրավումն ուղեկցվում էր տեղի բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդարով։ Ժամանակին դեռ Հյուգոն է ասել՝ որտեղ կտեսնեք ավեր ու թալան, իմացեք՝ այդտեղով թուրքն է անցել։
Մահը, ավերն ու թալանը չէին կարող շրջանցել Հաճըն քաղաքը, ուստի հայերը, զգալով վերահաս վտանգը, իրենց կառավարիչ, փաստաբան Կարապետ Չալյանի նախաձեռնությամբ կազմեցին ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ, որի նախագահ դարձավ Հաճընի հոգեւոր առաջնորդ Պետրոս Սարաճյանը։ Պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկ Օզանյանի զինակից, սպա Սարգիս Ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը։
Կազմակերպվեց չորս վաշտ (հրամանատարներ՝ Կ. Օղուլլուգյան, Մ. Շխըրտմյան, Մ. Մանասյան, Վ. Ալթունյան), 60 հեծյալից բաղկացած էսկադրոն (հրամանատար՝ Պ. Թերզյան)։ Ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն, պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ։ 16—50 տարեկան տղամարդկանց բաժանվեց 132 հրացան, հետագայում եւս՝ 300 հրացան եւ 200 ռումբ։ Հաճընը եւ շրջակայքը բաժանվեցին պաշտպանական 4 շրջանի, փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր եւ այլ ամրություններ, քաղաքում մտցվեց պարետային ժամ։
Քաղաքի ողջ ժողովուրդը՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ, զբաղված էր ինքնապաշտպանության կազմակերպմամբ, ինչի մասին ֆրանսիական զինվորական ներկայացուցիչները տեղեկացրին թուրքերին։ Ֆրանսիացիների օգնությունը հայերին սահմանափակվեց ընդամենը մի քանի հարյուր հրացան տալով։
Քեմալական էմիսարները հաճընցիների դեմ էին տրամադրում շրջակայքի թուրք ու քուրդ բնակչությանը, հրահրում ընդհարումներ։ Քաղաքամերձ գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումից հետո՝ մարտի 9—ին, հաճընցիները պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի գլխավոր կառավարիչ, նահանգապետ Բրեմոնի մոտ՝ խնդրելով օգնություն եւ զենք, սակայն մերժում ստացան։ Թուրքերը, բնականաբար, օգտվեցին առիթից. գրավեցին շրջակա գյուղերը եւ, կոտորելով բնակիչներին, շարժվեցին դեպի Հաճըն։
Ինչպես վերը արդեն նշել ենք՝ թուրքերի վերջնագիրը մերժելուց հետո Հաճընը շրջապատվեց։ Կատաղի մարտերը չէին կարողանում կոտրել հաճընցիական ոգին, ու թեեւ միմյանց հաջորդեցին Գոփուշ ու Կիլիկիա թաղամասերի եւ Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ գրոհները, սակայն քաղաքը շարունակում էր հերոսաբար պաշտպանվել։ Վանքի գրավումից հետո պայքարը շարունակվեց մինչեւ հուլիսի 12—13, երբ թուրքական հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծնկի բերել հաճընցիներին, սակայն այս փորձը եւս ապարդյուն անցավ, ինչպես եւ հաջողություն չունեցան թուրքերի մինչ այդ ձեռնարկած մյուս գրոհները։
Օգոստոսի 5—ին մոտ 200 կամավոր Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճընի հրապարակ եւ կրակ բացեցին թուրքերի վրա, սեպտեմբերին անգամ գրավեցին Ռումլու գյուղը, սակայն թուրքական զորքը համալրումներ ստացավ եւ աստիճանաբար սեղմեց պաշարման օղակը քաղաքի շուրջ։ Է՛լ ավելի հզորացած թուրքերը հոկտեմբերի 14—ին նոր թափով հարձակվեցին ուժասպառ եղած հաճընցիների վրա, մեկ օր հետո՝ հոկտեմբերի 15—ին, Հաճընն ընկավ։ Քաղաքի հայ բնակչությունն ութամսյա անձնվեր ու համառ պայքարից հետո սրի քաշվեց, իսկ քաղաքը հրկիզվեց։
Մի նռան հատիկի չափ հայեր՝ 365 հոգի, ճեղքեցին շրջափակումը, փրկվեցին թուրք ջարդարարներից եւ սփռվեցին աշխարհով մեկ՝ որպես հաճընցիների վերջին բեկորներ։ Ութ ամիս տեւած կատաղի, անհավասար մարտերն իրավամբ ցույց տվեցին, որ հային կոտրել անհնար է, եւ Հաճընի հերոսամարտն այլ ելք կունենար, եթե բոլոր միջոցները սպառված չլինեին. քաջությունն ու կորովը երբեք չեն պակասել։
Այս տարի լրանում է Հաճընի ութամսյա դյուցազնամարտի 100—ամյակը։ Մենք շատ հերոսամարտեր ենք տեսել, բոլորն էլ, անշուշտ, արդարացիորեն արժանի են ամենաբարձր գնահատանքի, սակայն, չգիտես ինչու, Հաճընի ինքնապաշտպանական պայքարը մինչ օրս դեռ պատշաճ լուսաբանված ու ներկայացված չէ, մինչդեռ ոչ պակաս կարեւոր է, քան մեր մյուս դյուցազնամարտերը։ Հաճընի պայքարը մեր պատմությունն ավելացրեց եւս մի հերոսական էջով՝ հավերժացնելով ազնվագույն քաջորդիների անուններ, որոնց հիշատակը մշտապես պահելը մեր այսօրվա ու հետագա սերունդների հոգու պարտքն է։
Այսօր էլ աշխարհասփյուռ հաճընցիները բարձր են պահում թե՛ հայի ոգին, թե՛ իրենց ազգային նկարագիրը՝ որտեղ էլ լինեն։ Ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային պատմությանն են հայտնի հաճընցիների այնպիսի մեծությունների անուններ, ինչպիսին է, օրինակ, Պարիս Հերունին։
Ինչպես երեկ, այնպես էլ մեր օրերում հաճընցին նույն մարտիկն է՝ ամեն վայրկյան պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին։ Թե՛ Արցախյան ազատամարտը, թե՛ ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն են. հաճընցի մեծն Մուրադի ոգին իրենց մեջ ամփոփած՝ մերօրյա հերոս հաճընցիները եւս կյանքի գնով իրենց դերն ունեցան հայրենիքի պաշտպանության գործում։
Այդպիսին է հաճընցին՝ մարտիկ ի ծնե, որը երբեք չի ուրանում արմատները։ Անգամ քաղաքի նվիրական անունը՝ Հաճըն, մոռացության չմատնվեց եւ այսօր ապրում է Նոր Հաճըն քաղաքի անվան մեջ։ Հաճընցիներն իրենց յուրահատուկ տեսակը պահելու համար համախմբվել են նաեւ «Հաճըն» հայրենակցական միության շրջանակներում, որի ջանքերով ու նախաձեռնությամբ բազմիցս կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ ուղղված հաճընցիական անմահ ոգու պահպանմանն ու Հայկական հարցի բարձրաձայնմանը՝ որպես մեր ազգի արդարացի պահանջ։ Իր մասին 100 տարի առաջվա իր իսկ խոսքն այսօր էլ ճշմարիտ է հաճընցու դեպքում, իսկապես՝ նրանց «նատուրոն բաշխո ի»։
«Հաճըն» հայրենակցական միություն

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO