Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները

4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է աշխարհի վերայ։


Վերադառնանք Խրիմյան Հայրիկի դատողությունների ելակետին՝ մարդկանց համակեցության հիմքում ընկած է նրանց անհավասարությունը, ինչը ստեղծում է փոխադարձ կախվածություն, հիմք դառնում համագործակցության, իր հերթին գոյանում է իշխանություն՝ անհավասարությունից ածանցյալ հոռի երեւույթները զսպելու համար։ Դա մարդու տեսակային առավելությունն է մյուս կենդանիների հանդեպ՝ միավորվելը, հանրային կյանքով ապրելը։ Աստված ոչ միայն ստեղծել է մարդուն եւ կարգել «իշխող տիրապետ» այլ կենդանիների վրա, այլեւ սահմանել է առավելության կարգը, մարդկային հասարակության առաջադիմության այդ բանալին։ Մեկը մյուսին զորակցելով, բայց եւ միմյանց հետ մրցակցելով՝ մարդիկ առաջ են տանում գիտությունը, զարգացնում տնտեսությունը, բարելավում կենցաղը, ձգտում հարգանք վայելել, փառք ու պատիվ ձեռք բերել։ «Այս աշխարհ մարդոց առաքինութեան ասպարէզն է», որտեղ ամեն ոք հնարավորություն ունի ինքնադրսեւորվելու։ Այս կենսափիլիսոփայությունը շատ տպավորիչ է ձեւակերպված. «Ուստի աշխարհիս վերայ մարդոյն կոչումն, պատիւ, փառք, արժանաւորութիւն՝ իւր գործքերու կշիռն է. նա ինչ վիճակի մէջ կը լինի թող լինի. նորա նուիրական պարտիքն է ճանչնալ իւր կոչումն, ճանչնալ մարդկութեան վայելուչ կեանք, ճանչնալ նաեւ թէ ինքն այս աշխարհիս վերայ դիպուածով եւ ունայնաբար չէ եկեր, այլ մեծամեծ պարտիքներ կատարելու համար ծներ է, քանի որ կեանք ունի՝ պէտք է գործէ, վասնզի մահն ու գերեզման գիշեր կը բերեն, յորում այլ եւս մարդ կարող չէ գործել»։
Իսկ ո՞րն է համակեցության ցանկալի ձեւը։ Այս հինավուրց հարցին Խրիմյանի պատասխանը բխում է իր ձեւակերպած «անհավասարության օրենքից», որով հակադրվում է հավասարարական (էգալիտարիստական) ուտոպիաների հեղինակներին։ Նա լիովին հասկանում է վերջիններիս փաստարկման բնույթը. տեսնելով ծայրահեղ հարստության եւ աղքատության պատկերը, աշխատավորների թշվառությունը, ապերջանիկ կյանքը՝ այս դիրքորոշման կողմնակիցները մարդկանց անհավասարությունը բնորոշում էին որպես մեծագույն չարիք եւ փորձում հիմնավորել լիակատար հավասարություն։ Մինչդեռ Խրիմյանի համար հենց անհավասարության հանգամանքն է առաջադիմության «մղիչ ու շարժիչ զորությունը»։ Եվ սա աստվածադիր կարգ է. «նախախնամող կարգադրիչ իմաստութիւնը կամեցեր է, որ այդ անհաւասարութեան կապով մարդկային ընկերութիւն կանգուն եւ կենդանի մնայ»։ Եթե մարդիկ հավասար լինեին, ոչ մեկը մյուսի կարիքը չէր զգա, չէին առաջանա կապեր, հանրային կյանքն էլ չէր գոյանա, մարդիկ կմնային անասնական մակարդակին։ Կենդանիներն անփոփոխ են արարչագործության պահից՝ «սկզբանէ անտի ուր որ են՝ անդ կան ու կը մնան»։ Այնինչ մարդիկ մշտական պայքարի մեջ են. արդյունքը առաջադիմությունն է, գիտության եւ մշակույթի ծաղկումը։
Լավ, մի՞թե աստվածահաճո են կողոպուտը, թալանը, հարստահարությունը, խաբեությունը եւ մրցակցությանն ուղեկցող մյուս երեւույթները։ Կարո՞ղ ենք հեղինակին դասել «նախասահմանված ներդաշնակության» կողմնակիցների շարքը։ Նման եզրակացությունը սխալ կլիներ, ինքն էլ կանխել է դա։ Նախ՝ Աստված մարդուն տվել է ընտրելու ազատ կամք. «Մարդն ազատ անբռնադատ է. ինքն ազատարար կÕընտրէ իւր ճանապարհ. կամ արդարութիւն գործելով՝ արդար կը լինի, կամ մեղք գործելով] մեղապարտ կը լինի»։ Երկրորդ՝ կան, իսկապես, նաեւ անցանկալի երեւույթներ՝ ածանցյալ մրցակցությունից՝ նախանձ, ընչամոլություն, բռնություն, բազում թշվառություններ «կÕապականեն ընկերական կեանք»։ Բայց սոցիալական անհավասարության այդ «յոռի ծնունդները» հաղթահարելի են՝ օրինականության հաստատմամբ։ Այստեղ էական է Խրիմյանի տարբերումը՝ «ճշմարիտ» եւ «սուտ» քաղաքակրթությունների։ «Քաղաքակրթութեան ազատ օրէնք թոյլ կուտան, որ իւրաքանչիւր մարդ ինքնաշխատութեան արդիւնքն՝ ինքն ազատապէս վայելէ, բաւական է որ արդար լինի մարդ իւր աշխատութեան մէջ։ Բաւական է եւ երջանիկ կը լինի ժողովուրդ, եթէ երկրին օրէնք եւ իշխանութիւն հսկէ, որ աշխատող ժողովուրդին վաստակն ապահովի եւ նա կարենայ ազատութեամբ միայն իւր վաստակն վայելել եւ չէ թէ հարուստի վաստակէն բաժին ընդունել։ Ո՞րչափ շնորհակալ կը լինի բաւականասէր ժողովուրդն, եթէ հարուստն եւս իւր արդար վաստակովն բաւականանայ եւ չկռփէ ու չհարստահարէ զանաւագ ժողովուրդն»։
Այստեղ վերադարձ կա «իշխանություն ժողովուրդ» կարգավորմանը՝ մեկի պարտքը մյուսի իրավունքն է, եւ կարելի է պահանջել մյուսից միայն սեփական պարտքը կատարելով։ Ժողովուրդն աշխատանքային պարտքն է կատարում՝ ակնկալելով իշխանության աշխատանքը, այն է՝ արդար վաստակը վայելելու պայմանների ապահովում։
«Ինքնաշխատ յառաջադիմութեան» գաղափարը լայն ընդգրկում ունի։ Ո՛չ անձը, ո՛չ էլ ազգը չեն կարող առաջադիմել, արժանավայել ապրել, եթե հույսը դնում են սոսկ արտաքին օգնության վրա։ Այս պահանջ—պատվիրանը քանիցս շեշտադրվում է. «Պէտք է խելամտի ու ճանչնայ ժողովուրդ թէ՝ իւր կեանքն արդիւնաւորողն՝ միմիայն իւր ինքնաշխատութեան ձեռքն է... Մի ազգ եւ ժողովուրդ՝ եթէ իւր կեանք եւ բախտ ուրիշէ կ ակնկալէ, շատ բնական եւ յայտնի է թէ՝ իբրեւ երազայոյս պահ մի գիշերուան ծանր քունին մէջ կը խայտայ եւ առաւօտ ոչ ինչ կը գտնէ»։
Առանց «անյուսահատ ինքնաշխատության» մնում է ապավինել բախտին։ Իսկ կարո՞ղ է անգործունյան արգասավոր լինել. «Որչա՞փ զարմանալի է, երբ մարդիկ առանց գործելոյ, ժամանակէն գործ եւ յաջողութիւն սպասեն, որպէս թէ ժամանակն աշխարհի տնտեսն ու մատակարարն է, եւ կամ թէ մեր ագարակի մէջ վարձաւոր մշակ»։
Պետք է ոչ միայն անտրտունջ աշխատել, այլեւ արդյունավետ տնտեսավարել։ Այսպես կամրջվում է համակեցության երկու պայմանը՝ «մարդու ինքնաջան զօրութիւն» եւ «ընկերական միութեան զօրութիւն»։
Եվ դարձյալ արդիական է մի բանաձեւ. «Թէ բուն հարստութեան աղբիւր մարդոյն գործունեայ աշխատութիւնն է, այսպէս նաեւ հարստութեան գանձարանային հսկող պահապանն՝ արթուն տնտեսութիւնն է։ Մարդիկ աշխարհիս վերայ մէն մի իւր կարգին եւ վիճակին մէջ առանձին առանձին տնտեսապետ են, եւ ամէն մէկ հաշիւ ու համար, պարտիք եւ իրաւունք ունին։ Թագաւոր՝ իւր աշխարհին տնտեսապետն է, իշխան՝ ժողովուրդին, հարուստն՝ իւր կալուածոց, աղքատն՝ իւր տնակին, քաղաքացին՝ իւր արհեստին եւ շահավաճառութեան, գյուղացին՝ իւր հողագործութեան, եւ իւրաքանչիւր գերդաստան ու ընտանիք՝ առտնին տնտեսութեան»։
«Արթուն տնտեսավարումը»՝ որպես ինքնաշխատ առաջադիմությունն արդյունավորող պայման, խորթ է ինչպես ագահությանը, այնպես էլ զեխությանը. ուստի խուսափել է պետք ծայրահեղ «անչափավորությունից», գտնել միջին ճանապարհը, «մեծ իմաստութեան չափ ու կշիռ պէտք է ուղիղ տնտեսութեան մեջ», «իմաստուն խոհականութիւն պէտք է, գիր ու հաշիւ, ուղիղ ճշդութիւն պէտք է», «տնտեսական ճարտարամտութիւն»։ Վերջին հանգամանքը, այսինքն՝ ճշգրիտ գործավարությունը, բացարձակ անհրաժեշտություն է արդյունավետ տնտեսավարման համար, ահա թե ինչու Խրիմյանը քանիցս հիշեցնում է դրա կարեւորությունը. «Մեր կեանքի տնտեսութիւն՝ պէտք է գրով ու հաշուով լինի, որովհետեւ մարդոյս միտք մոռացկոտ է, այս աւուր բան վաղը կը մոռնայ. գիրն ու հաշիւ հնարուած է, որ մեր մտքի բան անմոռաց պահէ։ Ով որ գիր ու հաշիւ չունի, նորա տնտեսութիւն խանգարուած է, եւ ինքն իւր բոլոր առեւտուրի մէջ միշտ կը վնասի»։
Արդյունավետ տնտեսավարելու կարեւորությունը հեղինակը քանիցս կրկնում է թե՛ առանձին աշխատողի, թե՛ ընտանիքի եւ թե՛ ամբողջ ժողովրդի համար, «անձանձրույթ կրկնում» այդ պահանջը «Հայոց անտնտես ժողովուրդի» համար։ Ընդհակառակը, «ուղիղ տնտեսությունից» խոտորվելը, «ուղիղ տնտեսության օրենքը» չկատարելը հանգեցնում են աղքատության եւ թշվառության։
Ինքնաշխատ առաջադիմությամբ, ինքնաջան զորությամբ, շիտակ տնտեսավարությամբ բարգավաճելը, որպես «միակ պայման ու ճանապարհ», Խրիմյանն ավանդել է մեզ իբրեւ անձնային ու հանրային կյանքի «ամենակարեւոր դաս»։
Որպես ամփոփում՝ նկատենք, որ Խրիմյան Հայրիկի սոցիալ—փիլիսոփայական այս դիտարկումները ներքնապես կապված են՝ որպես ամբողջական հայեցակարգի առանցքային տարրեր։ Իրոք, «ինքնաշխատ յառաջադիմութեան» պահանջ—կարգախոսը անձի (ազգի, այլ հանրույթի) եւ հասարակության փոխհարաբերությունների կարգավորման լավագույն եղանակն է. անձն այնքանով իրավունք ունի ակնկալելու եւ պահանջելու շրջապատից, որքանով իր հիմնական պարտականությունն է կատարում, ինչն էլ նրա աշխատանքային վաստակն է, անձնական ներդրումը ընդհանուր համակեցության մեջ։
«Իշխանություն–ժողովուրդ» փոխհարաբերությունները կարգավորվում են «մեկի պարտականությունները մյուսի իրավունքն են» սկզբունքով, եւ միայն պարտականությունների պարտադիր կատարմամբ է մի կողմը իրավունք ստանում մյուսից ակնկալելու պարտականությունների կատարում։ Իսկ վերջինիս հիմնական եղանակը դարձյալ «ինքնաշխատությունն» է։ Եվ որքան ավելի լավ է մի կողմը կատարում իր պարտականությունները, այնքան ավելի հիմք ունի մյուսից ակնկալելու համարժեք վարքագիծ։ Ուրեմն, երկուստեք պարտականության կատարմամբ է, որ ապահովվում է «ինքնաշխատ յառաջադիմութիւն» թե՛ պետության, թե՛ հասարակության համար։
Նույնը՝ ներընտանեկան կյանքում. այստեղ նույնպես գերադասության—ստորադասության կապերի կարգավորումը պահանջում է պարտականության եւ իրավունքի ներդաշնակ համամասնություն, իսկ վերջինս ապահովելու գլխավոր միջոցը ինքնաշխատությունն է՝ այրը՝ իր տեղում, կինը՝ իր, ավագը՝ իր չափով, կրտսերը՝ իր։ Սեփական աշխատանք—պարտականությունները պատշաճ կատարելով է միայն, որ մի կողմը կարող է ակնկալել ու պահանջել մյուսի պարտականությունների կատարում։
Այսկերպ՝ հանրային կյանքում կարող են լավագույնս իրականանալ կարգավորման եւ ինքնակարգավորման գործընթացները, լինի «պետություն–հասարակություն» ընդգրկուն փոխհարաբերությունը, «անհատ–հասարակական միջավայր» կապը, թե ներընտանեկան բարդ աշխարհը։
Խրիմյան Հայրիկի այս մտքերը քաղված են հիմնականում նրա «Սիրաք եւ Սամվել» գրքից. սա երեւակայական հոր փիլիսոփայական մտքերն են եւ բարոյական խրատները՝ ուղղված իր երեւակայական որդուն։ Ո՞րն է առավել կենսական խորհուրդը, որ այսօր էլ հայոց երկուհարյուրամյա Հայրիկը կտար իր հեռավոր հոգեզավակներին։ Ճանաչել աշխարհը եւ սեփական կոչումն այդ աշխարհում։ «Մարդիկ կան, որ կը շրջին աշխարհիս վերայ, կը տենան որ չեն տեսնար. այս մարդիկ մտաւորական լոյսէն զուրկ են, միայն աշխարհի արտաքին երեսն իբրեւ ստուեր կը տեսնան, եւ չը գիտեն աշխարհի ներքին կյանք, բնական եւ բարոյական օրենքներ, վարիչներ եւ շարժման զօրութիւններ եւ այլն»։ Ահա եւ հրամայելու պես խորհուրդ է հնչում. «Ջանադիր եղիր, որդեակ իմ, որ մտաւորական լոյսդ պայծառ լինի, եւ որչափ պայծառանայ մտքիդ լոյս՝ այնչափ պայծառ ու պարզ կը տեսնաս աշխարհ եւ աշխարհի բաները, դու ստուերի նման չես անցեր աշխարհէս եւ աշխարհս ստուերի նման չես տեսնար»։
Հիրավի, Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսի, հասարակական—քաղաքական եռանդուն գործչի, խորունկ տեսաբանի, հայ ժողովրդի շահերին անմնացորդ նվիրված մտավորականի ներքին հզոր լույսը օգնում է մեզ՝ նրա երախտապարտ զավակներին, պարզ ու պայծառ տեսնելու այսօրվա աշխարհը եւ կարգավորելու մեր հանրային կյանքը իր խորհուրդների եւ պատգամների ոգով։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO