Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բանականության սահմանից այն կողմ

Կամ՝ երբ մշակույթն անգամ իր բարձրությամբ ու անաղարտությամբ ի զորու չէր զսպելու բարբարոսական կիրքը

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ (Դանիել Չպուգքյարյան). բանաստեղծ (ծնվել է 20 ապրիլի 1884 թ. Սեբաստիայի վիլայեթում, սպանվել է 26 օգոստոսի 1915 թ.՝ Չանղըրից Այաշ տանող աքսորի ճանապարհին)։

Չափազանց թախծալի նոտաներ են հնչում Վահրամ Փափազյանի հիշողության ստեղնաշարում Դանիել Վարուժանի մասին, նախ, որ նրա դասակից ու մտերիմ ընկերն էր, եւ հետո՝ պաշտպանը, որ թեեւ փոքր էր նրանից տարիքով, սակայն առավել համարձակ՝ դեռահասների չար կատակները զսպելու եւ թեւի տակ առնելու այնպիսի պարկեշտ ու հեզ արարածի, ինչպիսին բանաստեղծական ռոմանտիզով աշխարհին նայող Վարուժանն էր։ Իրենից մեծ ընկերոջ հանդեպ պատասխանատվության զգացումը եղբայրական գորովանքով էր լցրել սիրտը, որ, տարիների հեռվից նրան հիշելիս, արցունքախառն քողով էր տեսնում անցյալի տխուր ու անմխիթար օրերը, որոնց համար ժամանակն այնպես էլ ի զորու չեղավ դառնալ ամոքիչ սպեղանի, այլ հիշողությամբ անընդհատ քանդեց առանց այն էլ չփակվող անարդար ու դաժան կորստյան վերքը՝ անզորությամբ լցնելով սիրառատ հոգին։ «Եվ այսօր Վարուժանին հիշելիս,— գրում է Փափազյանը դառնորեն,–չնայած տարաժամ եղանակին, որ հեռուներից փչող հողմածեծ ողբով ծեծում է պատուհանիս փեղկերը, չնայած ուղեղիս անհնար խոնջանքին, տեսնում եմ վաղեմի բարեկամիս Պերա Սաքըզ—Աղաջի նախակրթարանում, ինձ հետ ուս ընդ ուս, նեղ նստարանի ու գրասեղանի արանքում ճմլված, ցրտից կապտած աղազուն մատների վրա շնչելով, Գարեգին վարժապետի դասը լսելիս։
Օ՜, ի՜նչ խեղճ մի տղեկ էր։ Ինչպիսի՜ համակերպող ժպիտով ենթարկվում էր նա չար աշակերտների խուժանավայել կատակներին։ Ինչպիսի՜ անսպառ ծաղրանքի նյութ էր դեռեւս իր բոժոժի մեջ եւ դեռ անթեւ, վաղվա ոսկեթրթուր այդ ոգին մեծ ու փոքր անողորմ սինլքորների հեգնանքին, եւ ինչպես պաշտպանություն էր փնտրում եւ գտնում այդ՝ իմ թիկունքում, որ թեեւ տարիքով փոքր իրենից, պատիվը ունեի, սակայն, վատթարագույնը լինել այդ ստահակներից»։ Պատկանելով սոցիալական տարբեր խավերի եւ, ինչպես Փափազյանն է իր մասին ասում՝ փոքրուց երես առած լինելով, կարողանում է դիմադրել այդ անհոգի ամբոխին եւ իր պաշտպանության տակ առնել, գուցե եւ աղքատությունից խեղճացած, մեծ մտածողին, միաժամանակ իրեն դասելով այդ ստահակների շարքին, քանզի այլ կերպ անհնար էր դրանց դիմադրել, անհնար էր լինել վարուժանական բնույթի եւ հաղթահարել տմարդի գազանաբնույթը, որ մինչեւ վերջ էլ անհաղթելի մնաց բանաստեղծի համար, «միշտ զրկված իր շուրջն ապրված կյանքի սեղանին կոչնական լինելու հնարավորությունից»։
Չափազանց նուրբ ու պատկերավոր է Փափազյանը ներկայացնում ընկերոջ կարեկցանքի արժանի վիճակը, մարդ, ով ծաղրուծանակի, մաքառումի դիմաց սոսկ հոգու հրդեհներն է նվիրաբերում ամենքին, քանզի այլ բան չունի պատասխանի համար, քան ներաշխարհի հավերժ բոցկլտացող կենսալի կայծերը. «Օ՜, աչքերիս դիմացն է իմ դասակից ընկերը, երբ նա փորձում էր մաքառել՝ պահպանելու համար գոնե խաբկանքը մի դիրքի, այդ ինքնաբավ ու շողշողուն միջավայրում՝ Պերայում, երբ իր պատրաստի, էժան ու նեղ զգեստի մեջ ճմլված,—ինչպես Սաքըզ—Աղաջի դպրոցում ճմլվում էր նստարանի ու գրասեղանի արանքում, հին կոշիկի կապիչների նման իր սեւ ու նվազ բեղերը ոլորելիս, ողբերգականորեն ծիծաղելի հարատեւությամբ, փորձեց այդ հեղհեղուկ ու գեղեցկամերժ համայնքին հաղորդել կայծեր իր ներքին հրդեհից»։
Կյանքում ճնշված ու ամեն բարիքներից կարոտ բանաստեղծը, սակայն, չափազանց, նույնիսկ անպատկերացնելի համարձակ էր իր ստեղծագործություններում։ Բավական է հիշել 1895—96 թթ. Օսմանյան կայսրության վայրագ ջարդերի մասին նրա գրած «Ջարդը» պոեմը, ուր լեզուն, ասես, պոկվում է տեղից ու սրի շեղբից էլ սուր կտրում անողոք դաստակը իրականության.
Հրամա՜նը, օ՜ն։ Քարոզին մէջ Պիլալի
Կը ցըցէ Ոխն ահա ցուլի եղջիւրներ.
Մըզկիթներու բակերուն մէջ ժիրաժիր,
Մահակներն ա'լ կը յըղկըւին, կը հիւսուին
Խարազանները թունաւոր օձերով.
Եաթաղաններն հատու են.
Եւ Ալիսի ու Ճորոխի, Եփրատի
Ափունքներուն վրայ դահիճները կըկզած
Կը յեսանեն կայծքարերով կացիններն.
Հրամա՜նը, օ՜ն։ Ա'լ բաւական է մեծցաւ
Արծիւներու համբոյրով
Թորգոմ վիշապն օրոցքին մէջ Մասիսի,
Եւ բաւական է՝ որ իր վեհ գոռումով՝
Սան—Ստեֆանի եւ Պեռլինի հողին վրայ՝
Թըմրած սըրտերն համակրութեան խըթանեց,
Եւ վէրքերն իր կորիւններուն շըղթայուած
Թըւեց թըւովն աստղերուն։
Արդ կը տեսնէ՞ք ճիրաններն իր լուսաբուխ
Որոնց խըրած տեղերն հերձ
Կը ճեղքըւին արշալոյսներ, արեւներ.
Նոճիներուն մէջ Վոսփորի կը լըսէ՞ք
Սեւ մրըրկումները վիթխարի իր պոչին…
Հրամա՜նը, օ՜ն։
Օր մը սեւ.
(Այն օրն աստղերը ամբողջ թոյն կաթեցին.
Եւ բուրեցին ոսկրի հոտ
Վարդերն ամէն հովիտներու) — օր մը սեւ,
Եըլտըզ—Քեօշկի անկիւններուն մէջ սընած՝
Սուլթանական գանկէ դուրս,
Որջին բերանը լըրտեսող գայլի պէս
Այդ սեւ հրամանը պոռթկա՜ց…

Եթե Վարուժանը համարձակվում էր գրել այդ մասին ու բողոքել գրչի ուժով, ապա քսանամյա Փափազյանն էլ համարձակվում է Շիշլիի գերեզմանատանը՝ 1908 թ., արտասանել բանաստեղծ ընկերոջ երկինք հառնող ցասումնալի բողոքը՝ «Ջարդը» պոեմը, ինչը կարելի է համարել սկիզբը նրա դերասանական ուղու։
Ո՛չ կյանքի ու սիրո, գեղեցկության ու աշխատանքի, ո՛չ էլ ցասումնալի բողոքի ձայները չէին հասնում օսմանյան իշխանությունների արյունից արբեցած քիմքին, այն իշխանությունների, ում տիրապետության տակ տարբեր ազգությունների ու ժողովուրդների մշակույթն էր ծաղկում, մշակույթ, որ իր բարձրությամբ ու անաղարտությամբ անգամ ի զորու չէր զսպել բարբարոսական կիրքը, որ դրսեւորում էր թուրքական կառավարությունը՝ առանց որեւէ հիմքի ու պատճառաբանության, պարբերաբար ջարդերի, տանջանքների ու կտտանքների ենթարկելով անմեղ մարդկանց, մարդիկ, ում միակ մեղքը, թերեւս, թուրք չլինելն էր։
Այդ «մեղավորների» մեջ էր եւ Սիամանթոն՝ հեղինակը «Կարմիր լուրեր բարեկամես» շարքի, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

08-04-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO