Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բանականության սահմանից այն կողմ

ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ (ծնվել է 15 օգոստոսի 1878 թ. Արեւմտյան Հայաստանի Ակն քաղաքում, սպանվել է 1915 թ. Թուրքիայում՝ Անկարայի վիլայեթ)

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՛ւրս,
Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան,
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով…


Մահվան տեսի՞լք, թե՞ դանթեական իրականություն. մի՞թե դժոխքը կարող էր մրցել այն իրականության հետ, այն սահմռկեցուցիչ պատկերների, որ ո՛չ հնարովի էին, ո՛չ էլ մտացածին, ո՛չ սարսափելի հեքիաթ, որ կարող էր պատմել տատը՝ անհնազանդ թոռանը խաղաղեցնելու համար, եւ հետո գլուխը շոյեր, ժպտար ու, գոգնոցի փեշից մի քաղցր խնձոր հանելով՝ տար թոռանը՝ դաժան դաստիարակության դիմաց, ու սիրտն առներ...
Ո՜չ, այդ իրական դժոխքը պեծին էր տալիս բազմաթիվ, անհաշվելի, ողորկ ոսկորների ճենճերափայլից, որ թրքական իշխանությունների ոչ թե երեւակայության, այլ իրական հոգեգարության, մտախանգարմունքի հետեւանք էր, եւ Սիամանթոյին, որ ականատեսն էր այդ իրական դժոխքի, Փափազյանը համեմատում է Եզեկիելի հետ. «Թե հնարավոր լիներ մեր այս ներկա ժամանակներում ոգեկոչել մեր թվարկությունից շատ առաջ ապրած Եզեկիելին, նրան, որ մի ամբողջ դաշտ լիքը ոսկորներ տեսավ իր շլմորած աչքերի առաջ, նրան, որ սարսափից խլացած իր ականջներում հանկարծ լսեց անհայտությունից խոսող ձայնը, որ հրամայում էր ուտել այդ ոսկորները, նրան, վերջապես, այդ ահավոր տեսանողին, որ աղիողորմ թախանձանքով կանչում էր աշխարհի չորս հողմերին՝ պաղատելով շնչել այդ ոսկորների վրա ու կենդանացնել մեռյալներին... կրկնում եմ, եթե հնարավոր լիներ այսօր լսելի դարձնել անլուր ոճիրների դեմ ծառացող այդ ահարկու փոթորիկը՝ Եզեկիելը, այսօր մենք կտեսնեինք մեր աչքերի առաջ Սիամանթոյին, չնայած իր անդարձ մեկնումին անհնարին խոշտանգումների ճանապարհով, մի խոսքով, Սիամանթոյին, որի ձայնը խոսում է ու կխոսի այսօրվա հայի ականջին, ինչպես եւ իր ստեղծած ահարկու պատկերների քերականական քաղաքավարի օրենքների դեմ ըմբոստ ահռելիորեն գեղեցիկ լեզվով վաղվա հայի ականջին։ Այն լեզվով, որ ինքը ստեղծեց, որ իրենը եղավ, որով խոսեց ինքը... եւ որով ո՛չ ոք չխոսեց իրենից հետո»։
Այն կարծիքին, թե Սիամանթոն փորձեր է անում մոտենալ կամ կրկնել մեծ Նարեկացուն, Փափազյանը վերապահորեն է վերաբերվում. «Մոտենալ՝ գուցե... Ստեղծագործության անսկիզբ ու անվախճան անջրպետի մեջ ստեղծագործող հոգիներ կարող են մոտենալ իրենց սահմանող եւ իրենց անջատող ընթացքի ծիրին, բայց կրկնել իրար չեն կարող, որովհետեւ հանճարը չի կրկնում իրեն, ոչ էլ հանճարին։ Եվ Նարեկացին, դարերի միջից, ներշնչող ոգին կարող էր լինել եւ եղավ Սիամանթոյի համար, ինչպես Սիամանթոն, իր կարգին, կարող էր լինել եւ եղավ արձագանքը դարերի միջից՝ այլաբանորեն գաղտնապաշտ մեծ Վանականին»։
Սիամանթոյի պոռթկուն ներաշխարհը, կարծես, նույնպես հակասական էր իր առօրյային, ինչպես Վարուժանի դեպքում, եւ Փափազյանն այդ հարցում դժվարանում է ասել, թե «տարտամության դափնին երկուսից որի՞ բնորոշ զարդն էր», երկուսին էլ համարելով ամենաանճարակ մարդը կյանքում. «Սիամանթոն, որի անգնահատելիորեն բեղմնավոր կյանքը դաժան աքսորի եւ հոշոտված արյունաշաղախ անդամների մի կույտի վերածվելու համառոտ անցումը եղավ, եկավ ու գնաց աշխարհից եւ չհասկացավ, թե ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ գնաց»։
Չնչին դեպքից անբուժելիորեն հուսահատվող բանաստեղծը չնչին դեպքից էլ կարող էր երջանկանալ, քանզի այդպիսին է զգայուն հոգին, որ բազմապատկում է հուզումն ու ապրումը, քանզի երեւակայությունը երբեք հանդարտ չէ ու ստիպում է հաշվի նստել իր հետ, եւ բառերի բազմապատիկ համախմբումն է քրքրում միտքը մտածողի։ «Վենետիկում, ուր հանդիպեցի նրան ահռելի սպանդի նախօրյակին,–գրում է Փափազյանը,–որին զոհ գնաց, երջանիկ էր ու հպարտ, նոր կարված մի զգեստ ուներ եւ գլխին վերջին նորաձեւության համապատասխան մի ծղոտե գլխարկ։ Ամերիկյան հոտավետ սիգարեթների մի կապուկ էր գտել, չգիտեմ որտեղ, եւ աջ ու ձախ հրամցնում էր՝ ստիպելով բոլորին ծխել, ինչպես հազալով ու փռշտալով ինքն էր ծխում, եւ բուրումնավետ ծուխի քուլաներով փաթաթված, իր նոր զգեստի մեջ ու գլխարկի տակ, քաղաքում վխտացող տուրիստների մեջ փորձում էր իրեն մի տուրիստ կարծել եւ հրճվում էր երեխայի պես, թեեւ գրպանում մի գրոշ անգամ չուներ»։
Կանանց հարցում եւս անճարակ է համարում Փափազյանը Սիամանթոյին, թեեւ ես հակված եմ կարծելու, որ կինը առավել աղոթքի տաճար է եղել նրա համար՝ «ահեղ Աստված» ծնելու ունակ, ում առջեւ հարկ է միայն ծնրադրել ու խոնարհվել, եւ Փափազյանի պատմությունն էլ, կարծես, չի հակասում սույն մոտեցմանը. «Սուրբ Մարկոսի հրապարակը, ուր հանդիպել էր ծաղկավաճառ մի վենետիկուհու, մինչեւ քաղաքի ծայրամասերը սիրաբաղձ հեւքով հետեւել էր անծանոթուհու երեւակայական հրապույրներին, որ բանաստեղծը ինքն էր ստեղծել եւ դրանցով առատաձեռնորեն այդ համեստ աղջկա անձը զարդարել։ Բայց եւ խելագարի պես վախեցած ետ էր փախել՝ ամբողջ երկու ժամ քայլելուց հետո նրա ետեւից, երբ անծանոթ գեղեցկուհին, իր տան շեմքին հասնելով՝ նրան ներս հրավիրելու, չարաբաստիկ միտքն էր հղացել...»։ Եվ այնուհետեւ շարունակում է Փափազյանը, թե այդ մի դեպքը մի պոեմ դարձավ, ինչի մասին անընդհատ ու ամենուր պատմում էր Սիամանթոն Փափազյանին, «շողշողուն պատկերների այնպիսի մի տեղատարափով, որ Դանթեն միայն կարող էր հյուսել իր Բեատրիչեին կամ Պետրարկան՝ իր Լաուրային... թեեւ մեր բանաստեղծին բնորոշելու համար տեղին կլիներ ասել... Լա—Մանշեցի ասպետը՝ իր Դուլչինեային»։
Որքան էլ համեստ թվա Սիամանթոյի անձը եւ համեստ՝ նրա պահանջը կյանքից, իր ստեղծագործությունների ահռելի բառապաշարը եւ քաղաքական ու հասարակական ակտիվությունը վկայում են իրերին սթափ նայելու ու գնահատելու նրա կարողության մասին, այն, որ երբեք հանգիստ չնստեց տեղը ու չսպասեց հարցերի ինքնահոս լուծմանը, այլ, անդադրում՝ տեղից տեղ մեկնելով, ուսումնասիրում ու զգուշացնում էր, պայքարի կոչում արյան դժոխային նախճիրներում թաթախված թրքական սադիզմի ու վանդալիզմի դեմ, որի անպաշտպան զոհն էլ ի վերջո ինքը դարձավ...
Կա՞, արդյոք, մի քավարան, որ պիտի սրբի մեղքը դաժան ու անպատմելի եղեռնագործության, որ գլխատեց սերը դեռեւս իր սաղմի մեջ ու արգելեց ծլարձակել, ինչպես որ բնությունն էր կամեցել, կամ կա՞ այնպիսի գետ, որ ի զորու լինի լվանալ այն արյունը, որ մինչ օրս՝ լերդացած, պատմության դժնդակ էջերի վրա, հրաժարվում է փակել այդ մութ էջերի թափանցիկ վարագույրը, քանզի այնտեղից նայում են անմեղ ու կյանքի սիրով լեցուն այնպիսի աչքեր, ինչպես Ռուբեն Սեւակինն են...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

09-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO