Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.05.2020
ԼՂՀ


Բացվեց Արցախի նորընտիր խորհրդարանի 7-րդ գումարման առաջին նստաշրջանը

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Թովմասյանը

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, երեկ կայացավ համապետական ընտրությունների արդյունքում ընտրված 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Այն վարելու պատիվը վերապահվեց խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Մարսել Պետրոսյանին։
Բացելով նստաշրջանը եւ ողջունելով մասնակիցներին, նա մասնավորապես նշեց. «Մեզնից յուրաքանչյուրն օժտված է ժողովրդի ընտրյալի բարձր ու պատասխանատու կոչմամբ, ինչը մեծապես պարտավորեցնում է մեզ օրենսդիրի մեր ամենօրյա աշխատանքում, մեր բոլոր կողմնորոշումներում ու նախաձեռնություններում առաջնորդվել բացարձակապես ժողովրդի ու պետության գերակա շահերով։ Մարտի 31—ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են ԱՀ Սահմանադրությանը եւ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան՝ արձանագրելով եւս մեկ կարեւոր քայլ մեր երկրում ժողովրդավարության արմատավորման ու ամրապնդման ճանապարհին։ Համոզված եմ, որ ԱՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ինչպես նախորդ գումարումների պարագայում էր, հավատարիմ կմնա ժողովրդին ու պետությանն անմնացորդ ծառայելու իր բարձր կոչմանը եւ արժանի ավանդ կունենա անկախ պետականաշինության անցած տասնամյակներում մեր ձեռքբերումների պահպանման եւ բազմապատկման գործում»։
Հնչում է երկրի պետական օրհներգը։ 7—րդ գումարման Ազգային ժողովին ուղղված օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա ուրախությամբ նշեց, որ նոր նստաշրջանի բացումը զուգադիպել է Քրիստոսի սուրբ Համբարձման տոնին, ինչի առիթով կրկնակի շնորհավորեց նորընտիր պատգամավորներին. «Ես վստահ եմ, որ դուք արժանապատվորեն շարունակելու եք խորհրդարանի լավագույն ավանդույթները, կատարելագործելու եք երկրի օրենսդրական դաշտը ու ազնվորեն ծառայելու եք ժողովրդին, Արցախ աշխարհին։ Կոչ եմ անում լինել համերաշխ, անվտանգ ու խաղաղ պահել երկիրը, նպաստել նրա զորացմանն ու շենացմանը»։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, տեղի է ունենում պատգամավորների երդման արարողությունը, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում լիարժեք անցնելու իրենց լիազորությունների իրականացմանը։
Նիստը նախագահողը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր. «Ազատ հայրենիք—ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը եւ «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը»։ Իսկ դա նշանակում է, որ 7—րդ գումարման Ազգային ժողովում գործելու է 5 խմբակցություն։
Նստաշրջանը վարողը ներկայացնում է ԱԺ նիստի օրակարգը։ Ստեղծվում է հաշվիչ հանձնախումբ՝ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախագահությամբ, որը կպահպանի իր լիազորությունները մինչեւ 7—րդ գումարման Ազգային ժողովի ավարտը։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 122—րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, ով ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Խորհրդարանի նախագահի թեկնածուներ են առաջադրվում պատգամավոր Արթուր Թովմասյանը՝ «Ազատ հայրենիք—ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից եւ պատգամավոր Վահրամ Բալայանը՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից։ Վերջինս ինքնաբացարկ հայտարարեց եւ ասաց, որ ՀՅԴ—ն պաշտպանելու է Ա. Թովմասյանի թեկնածությունը։
Ելույթ ունենալով նիստում եւ ներկայացնելով իր ծրագիրը, Արթուր Թովմասյանը նշեց, որ շատ կցանկանար նոր խորհրդարանում տեսնել նաեւ քաղաքական մյուս ուժերին, բայց ընտրությունների արդյունքում մանդատ են ստացել 5—ը։ Նա իր ու բոլոր պատգամավորների անունից շնորհակալություն հայտնեց Աշոտ Ղուլյանին, ով 15 տարի ղեկավարել է ԱՀ խորհրդարանը ու մեծ ներդրում ունեցել օրենսդիր մարմնի կայացման գործում՝ գործընկերներին վստահեցնելով, թե ընտրվելու դեպքում իրենից կախված ամեն ինչ կանի օրենսդիրի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։
Տեղի է ունենում գաղտնի քվեարկություն։ Պատգամավորները հրավիրվում են դահլիճ եւ հաշվիչ հանձնախմբի նախագահը հրապարակում է Ազգային ժողովի նախագահի ընտրությունների արդյունքները։ Նա տեղեկացնում է, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել Արթուր Բաբկենի Թովմասյանը։ Հանդես գալով շնորհակալական խոսքով, նա երախտագիտություն հայտնեց վստահության համար եւ ձեռնամուխ եղավ իր լիազորությունների կատարմանը։
Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահ ընտրվեց «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։
Պատգամավորներն այնուհետեւ ձեռնամուխ եղան ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծմանը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 124—րդ հոդվածի համաձայն, մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները։ Ասել է թե՝ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Մշտական հանձնաժողովի նախագահը ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։ Քվեարկության արդյունքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահրամ Բալայանը, արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Կասյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արամ Հարությունյանը, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Սեյրան Հայրապետյանը։ Պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Սեւակ Աղաջանյանը, սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արամ Գրիգորյանը, իսկ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը՝ ԱՀ ֆինանսների նախկին նախարար Արթուր Հարությունյանը։
ԱԺ նախագահը իր եւ խորհրդարանի անունից շնորհավորեց մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին՝ ցանկանալով արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք։
Ազգային ժողովի 7-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարվում է փակված։ Հաջորդ նստաշրջանը կգումարվի այս տարվա սեպտեմբերին։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

22-05-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO