Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում

Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ...

Ռազմաճակատում թնդում էին հրանոթները։ Հյուրանոցի հինգերորդ հարկի սառն ու փոքր սենյակում Խաչատրյան ազգանունով երաժիշտը խորասուզված էր մտքերի մեջ։ Նա մերթ սեղանին կռացած ինչ—որ նոտաներ էր գրում, մերթ անհանգիստ աթոռակին նստում, իսկ մատները սահում էին դաշնամուրի վրայով՝ արձակելով «անհամբեր» նոտաներ։ Նրա սենյակում այդ մի դաշնամուրն էր, աթոռակը, սեղանն ու «նոտաները»։...Թատրոն, փորձեր։ «Գայանե» անունով պարտիտուրի վերջին գործողության մեջ հարկավոր էր պարային տեսարան ավելացնել։ Արամ Խաչատրյանը կրկին փակվում է իր սենյակում։ Ընդամենը մի գիշեր, եւ «Սուսերով պարը» պատրաստ էր։ 1942 թ. ռազմաճակատը կրկին թնդում էր հրետանիներով։ Լենինգրադը պաշարված էր։ Այս պատերազմական թվականին թատրոնի վարագույրները բացվել են «Գայանե» բալետի առաջ, որը տեղի ունեցավ Պերմում՝ Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների կատարմամբ։ Բեմում՝ մե՛րթ «պարզ» ու «հանգիստ», մե՛րթ «բաբախող», «գլխապտույտ» հնչյուններ։ «Հանգիստ», «մեղմ», ապա «տագնապալից», «Աստծու կրակ» նոտաներ։ Այդ գիշեր Խաչատրյանի երաժշտությունը հերոսականի, արդար պայքարի, հայրենասիրության մարմնավորումն էր՝ որպես աշխատավոր, ազնիվ մարդու, ազատության սիմֆոնիա, իսկ «խելագար» հնչյունները՝ պարային հրավառություն։
Սյունազարդ դահլիճը խաչատրյանական «լայնաշունչ» նոտաներից հետո ողողվել էր ծափահարություններով, իսկ թերթերի հիացական տողերում հայ կոմպոզիտորն էր։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ Արամ Խաչատրյանին սկսեցին անվանել «սուսերով մարդ». «Այժմ, երբ պատերազմ է, եւ ամենուր տեղի է ունենում մշակույթի հուշարձանների անօրինակ կործանում, նոր մշակութային արժեքների եւ արվեստի ստեղծագործությունների ծնունդը հատկապես կարեւոր նշանակություն է ստանում»։ Հայ կոմպոզիտորը համոզված էր, որ արվեստը եւս իր ժամանակի կրողը պետք է լինի. «Չէ՞ որ այս պատերազմը ոչ միայն մեքենաների, շարժիչների, տանկերի պատերազմ է, այլեւ երկու մշակույթների՝ առաջադեմ, առաջավոր, ամենահաղթ խորհրդային եւ, այսպես կոչված, ֆաշիստական խավարամոլության եւ անկումային «մշակույթի»։ Ահա թե ինչու համաշխարհային երաժիշտը ստեղծեց հանրաճանաչ «Գայանե», իսկ հետո՝ մյուս անվանի երաժշտական գործերը, որոնք մինչ այսօր զարդարում են Հայաստանի ու աշխարհի օպերային բեմերը։
Այսօր անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է հինավուրց ու երաժշտական Թիֆլիսում, ուր, նրա ասելով, «բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվեիր ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ...»։ Բնակիչները ժողովրդական երաժշտությամբ են անցկացրել ազգային ծեսերը, տոները, յուրաքանչյուր իրադարձություն, որոնց ականատեսն է եղել պատանի Արամը, եւ որը հետագայում անջնջելի հիշողություն էր դառնալու, ձեւավորելու էր երաժշտական մտածողություն։ Ծնողները եւս երաժշտության հայրենիքից էին՝ Գողթան գավառից, ովքեր հոգատարությամբ են պարուրել իրենց սիրելի որդիներին։ Փոքրիկ Արամի մանկությունն անցել է փողային նվագախմբում շեփոր նվագելով, երաժշտության դասերին անհամբերությամբ է սպասել, իսկ տանը ունեցել է մի հնամաշ դաշնամուր։
Տասնութամյա երիտասարդը, ով պարզապես չգիտեր նոտաները, սկսում է իր երաժշտական ճանապարհը։ Կրթություն է ստանում Մոսկվայի հանրահայտ երաժշտական բարձրագույն հաստատություններում։ Խոշորագույն վարպետների սանը շուտով բացահայտվում է որպես նշանակալից երաժիշտ։ Նրա երաժշտությունը հմայում էր իր անհատական շեշտադրումներով, ճշմարտացիությամբ, հոգեբանությամբ։ Գեղարվեստական այդ տարբեր ժանրերի գործերը բացահայտում էին Խաչատրյանի երաժշտական բազմակողմանի մտածողությունը։ Ստեղծագործելով հեղափոխական ժամանակշրջանում՝ նրա երաժշտությունը դարձավ հերոսական մարդու հավերժական պայքարը հանուն ազատության։ Շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի խաչատրյանական երաժշտությունը լսելի լիներ ամբողջ աշխարհին։ Բավական է նշել նրա «Սպարտակ» բալետը, որը ցնցեց աշխարհն իր մոնումենտալ արվեստով։
Արամ Խաչատրյանի երաժշտական հաջողությունը բարդ, երկարատեւ աշխատանքի արդյունք է։ Նա խստապահանջ կոմպոզիտոր է եղել, ճշտապահ ու լայնախոհ։ Հարկ է միայն նշել, որ Սպարտակի ապստամբության հին պատմությունն ուսումնասիրելու մտադրությամբ նա Իտալիա է մեկնել՝ տեսնելու հին հռոմեական քանդակները, նկարները, շքեղ կառույցները։ «Եթե պետք է մեկ բառով արտահայտել… «Սպարտակի» նշանակությունը, ապա ես ընտրում եմ «այժմեական» բառը»,–գրել է անվանի պարուհի Գալինա Ուլանովան։ Խաչատրյան կոմպոզիտորին թե ինչպես է հաջողվել հին աշխարհը միաձուլել ժամանակակից երաժշտության հետ, որ պարուհու խոսքից մեկ դար անց էլ այն լինի այժմեական՝ դժվար է ասել։ Թերեւս, այս հարցի պատասխանը տալիս է հանրահայտ երգահան Շոստակովիչը. «...Դրա արմատները արվեստագետի տաղանդի, նրա ազգային հիմքի, նրա նորարարական ձգտման եւ դրա հետ մեկտեղ՝ դասական ավանդույթներին նրա հավատարմության երջանիկ զուգակցման մեջ են»։
Չի սխալվել երգահանը «ազգային հիմքի» հարցում։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները միահյուսված են հայ ժողովրդական երաժշտության երանգներով։ Նա բարձր է գնահատել հատկապես Կոմիտասի երաժշտությունը, ուսումնասիրել է հայկական երաժշտության ակունքները։ «Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ, ես մնում եմ հայ...։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցո՛ւյց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,–ասել է անվանի հայը։ Ապրելով ու ստեղծագործելով հայրենի սահմաններից այն կողմ՝ երբեք չմոռացավ ոչ իր արմատները եւ ոչ էլ մայրենի լեզուն, այլ հպարտացավ եւ ամբողջ աշխարհին ասաց՝ ես հայ եմ։ «Ես աթեիստ եմ, բայց ես հայ ժողովրդի զավակն եմ, ովքեր առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնեություն, այսպիսով՝ Վատիկան այցելելը իմ պարտքն էր»,–անկեղծացել է անվանի կոմպոզիտորը։
Նա իր պարտքը համարեց երաժշտություն գրել հայկական կինոնկարների ու թատերական ներկայացումների համար, որոնք դարձան արվեստի գործեր, ինչպես՝ «Պեպոն», «Զանգեզուրը»։ «Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ...»,–հպարտացել է Համո Սահյանը եւ մեծ գրողի հետ՝ հայ ժողովուրդը, իսկ աշխարհի ամենատարբեր անկյուններից շարունակում է լսվել Խաչատրյանի «Դիմակահանդեսը»…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

06-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO