Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բժիշկ զինվորը

Այս մարդիկ են երկրի աղը…

Հատկապես մեր այս օրերում է առանձնակի բարձրությամբ երեւում բժիշկն իր կերպարով։ Առանձնակի այս օրերին է երեւում այդ մասնագիտության հումանիզմն իր լայնությամբ ու խորությամբ։
Բայց այսօր ես հետ եմ գնալու ժամանակների միջով եւ խոսելու եմ բժշկի մասին, ով ապրեց ու գործեց այլ պայմաններում, այլ իրավիճակում։ Նա գործեց պատերազմի տարիներին ու պատերազմական դաշտում։ Բայց պատերազմի ավարտից հետո էլ որպես զինվոր մնաց իր ազատագրված հայրենիքի տարածքներում ու մինչեւ կյանքի վերջն արեց զինվոր—բժշկի իր գործը։
Նա Արցախ Բունիաթյանն է, ով այլեւս մեզ հետ չէ։ Բայց նրա անունն է կրում Քաշաթաղի շրջանի՝ իր կողմից հիմնված հիվանդանոցը։ Բակում դրված կիսանդրին ամեն այցելուի հուշում է հայրենիքի մեծ նվիրյալի մասին, որի կյանքը համարյա անհասկանալի է սովորական չափանիշներով ապրող մահկանացուներիս համար։
Երբ ավարտվեց պատերազմը, ավարտվեց փայլուն հաղթանակով, կռիվ գնացած մարդիկ փառքով վերադարձան տուն։ Բայց Արցախ Բունիաթյանն այդպես չարեց։ Նրա համար հայրենիքն իր զավակների հոգատարության ու պաշտպանության կարիքն էր զգում նաեւ խաղաղ ժամանակներում։ Ու նա մնաց ազատագրված Արցախում։ Ու շարունակեց բժշկի իր գործը։
Նա ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրվանից էր մեկնել Ղարաբաղ ու որպես բժիշկ—վիրաբույժ աշխատել դաշտային հոսպիտալներում։ Աշխատեց մինչեւ պատերազմի վերջին օրը։ Քանի—քանի մարդկային կյանք է փրկել, քանի վիրահատություն է արել։ Քանի զինվորի ցավն ու վիշտն է իրենը արել, քանի զինվորի կորստի ցավ է ապրել։ Անհայտ է, ոչ ոք չգիտի։ Հաստատ ինքն էլ մտապահողը չէր լինի։
Բայց նա միայն բժիշկ չէր, նաեւ իր ժողովրդի հերոսամարտի վկայագիր—տարեգիրն էր։ Թշնամու կրակոցների, ռմբահարումների, արկերի անձեւների տակ գտնում էր մի անկյուն, քաշվում էր այնտեղ ու գրում էր։ Ներկայացնում էր իրադարձությունները, վկայում իրողություններն ու եղելությունները։ Հսկայական նյութ հավաքվեց նրա ձեռքով, որոնք մեր կռվի ու մեր մասին էին։ Հետո խաղաղ տարիներին մեկը մյուսի հետեւից հրապարակեց պատերազմական վավերագրությունները։
…Հիշում եմ՝ տարիներ առաջ էր. վերադառնում էինք ղարաբաղյան գործուղումից։ Մոտեցել էինք Քաշաթաղի շրջանին։
—Ի՞նչ եք ասում, չմտնե՞նք քաղաք՝ Արցախին տեսնենք,–հարցրեց ընկերս՝ ամենայն հավանականությամբ վստահ, որ որեւէ մեկս չի առարկի։
Մեքենան ղեկը թեքեց Քաշաթաղ (նախկին՝ Լաչին), բռնեց վերելքի ճանապարհը։ Քաղաքը փռված էր սարի գոգավորությունների վրա։ Անմշակ բուսականության արանքից երեւում էին շենքերի պատերը, տանիքները։ Փողոցներներն էլ էին անմշակ, ազատագրված տարածքներին բնորոշ անտեր որբությունը դեռեւս զգացվում էր։ Բնակավայրը կարծես դեռ չէր ընտելացել նոր տերերին, նոր տերերն էլ այնքան հոգատար չէին եղել նրա հանդեպ։
Սարի դոշին ձգվող օձագալար ճանապարհը մեզ հասցնում է Քաշաթաղի շրջանային հիվանդանոց։ Հիվանդանոցի սառը, անհյուրընկալ միջանցքով առաջ ենք գնում ու հասնում ենք գլխավոր բժշկի առանձնասենյակին։ Ներսում նա է՝ բժիշկ Արցախ Բունիաթյանը, նաեւ՝ «Արցախը՝ կրակների մեջ» բազմահատոր օրագրության հեղինակը։
Հիվանդանոցի՝ սառն ու անհրապույր իր աշխատասենյակից դուրս եկանք, ու զրույցը շարունակվեց բժշկի հյուրընկալ տան սեղանի շուրջ։
–Ունենք ընդամենը 6—7 բժիշկ։ Ընդ որում՝ երկու մասնագիտությունների գծով. մանկաբույժներ եւ թերապեւտ։ Պատերազմի ժամանակ պատասխանատվությունն ավելի մեծ էր, հիմա անփույթ են դարձել։ Ահա՝ տեսեք, ուղարկել ենք պատվաստումների։ Ճանապարհից զանգ տվեցին, թե մեքենան շարքից դուրս է եկել։ Բժիշկը եւ երկու բուժքույր մնացել են 50—60 կիլոմետր հեռավորությամբ ամայի տարածության մեջ։ Պահեստամասեր ճարեցինք, տվեցինք տարան, որ հասնեն մեքենային։ Այստեղ համարյա էլի պատերազմական վիճակ է։
–Դե, Արցախ, հո բոլորը քեզ նման չե՞ն լինի, որ գան, նվիրվեն ու մնան։ Մարդիկ են՝ իրենց թուլություններով ու թերություններով,–ասում եմ։
—Ամեն մարդ մի պարտականություն ունենում է ծնվելիս, Աստծո կողմից տրված մի դերակատարություն։ Հիմա այս դերն իմն է, ես պետք է սա կատարեմ։ Դե՛, բարով տեսանք իրար։
Բաժակները խփում ենք ու խմում։
–Թունդ օղի է,–նկատում ենք երեւանցիներս։
—Սա արեւահեղուկ է։ Թթի օղի է։ Խմենք, քանի աշխարհը գլխի չի ընկել, թե ինչ հրաշք դեղ Է։ Հենց գլխի ընկավ, ձեռքներիցս կտանի։
–Հե՞շտ է այստեղ ապրելը։ Ո՞նց եք ապրում։
–Կենցաղային հարմարություններ չկան, այլ հետաքրքրություններ չկան. գործ՝ տուն։
Խոսում ենք պատերազմից։ Ցույց տալով արդեն հրապարակած վավերագորությունները, ասում է.
—Այս գրքերում, ինչ որ գրել եմ, ոչ ավելացված է, ոչ պակասեցված. զուտ ճշմարտություն է։ Պատերազմը հենց այդպիսի դեմք ունի։ Ընդհանրապես, այն շատ է փոխում մարդկանց։ Նա, ով խաղաղ ժամանակներում կարող էր ուժեղ, անմատչելի թվալ շրջապատին, պատերազմական իրավիճակում հաճախ դառնում է վախկոտ, անկամ մեկը, անգամ կարող է դառնալ ճիվաղ։ Հետո քեզուքեզ ասում ես՝ այն մարդն ամբողջը սա՞ էր… Բայց ահա խաղաղ, բնականոն կյանքում ոչնչով աչքի չընկնող մարդու մեջ տեսնում ես, որ հերոսն էր նստած եղել։ Գիտե՞ք, թե ինչ էր պատերազմը, ինչ պայմաններում ենք աշխատել։ Երբեմն միանգամից 20 հիվանդ էին բերում։ Պետք է բոլորին էլ հասնեինք. ո՞նց, ինչպե՞ս։ Բայց ճարը գտնում էինք։ Իսկ ձմռա՞նը…։ Դաշտային հոսպիտալներ. ցուրտ, սառնամանիք։ Հաճախ ստիպված էինք լինում ձեռքներս մտցնել վիրավորի փորի մեջ՝ տաքանային, որ կարողանայինք գործիք բռնել։ Չորս տարի՝ այդպես, այդ պայմաններում։ Իմ ամենաերկար բացակայությունը մեկ շաբաթով է եղել, որ գնացել եմ տուն երեխաներին տեսնելու։ Մի անգամ կինս՝ Սոնան, թե՝ թողել ես երեխաներին, գնացել ես, ախր դու նրանց էլ ես պետք։ Ասացի՝ համարիր, որ զոհվել եմ։ Երեխաներին լաց լինելով հետեւիցս թողեցի ու տանից դուրս եկա։
…Հիմա մտածում եմ՝ ո՞վ էր Արցախ Բունիաթյանը։ Նա մեր մեջ էր, բայց նա մեզանից չէր։ Փիլիսոփայական մտորումների մեջ չընկնենք. դրա կարիքը չկա։ Պարզապես, ֆիքսենք այն, ինչ է։ Նման մարդիկ են երկրի աղը, նման մարդկանցով է կյանքը գեղեցիկ ու սիրելի մահկանցուներիս համար։ Նման մարդիկ դասատուներ են, մեծ դաս տվողներ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

20-06-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO