Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հավերժ փնտրվող բարաթն ու զիմզիմովների չմարող անմահությունը

«Գնա՛, Պեպո, գեդինը լզե, խալխի վոտներուն պա՛չ արա, նրանց վուտի ցի՛խը լկե...»

«Մեկն էլ է չի՞մաց անե աշխրքին սրա արարմունքը, մեկն էլ է հարայի չկամենա տա՞, վուր էս մարթը, վուրին դիփունքը գլուխ են տալի, դիփունքը հարգում ին ու պատվում ին, դիփունքը մինձացնում, փառավուրում ու երգինք բարձրացնում… սա է՛ն մարթն է, վուրի համա վունչիչ բան սուրփ չկա աշխրքումը»։
Իսկ ո՞վ է նա, ում մասին այսպես վրդովմունքով արտահայտվում է Սունդուկյանի հերոսը՝ Պեպոն... Նա Արութին Զիմզիմովն է, ում արտաքինը մանրամասն նկարագրում է դրամատուրգը. «60 տարեկան, միջին հասակով եւ կազմվածքով, երեսը կարմիր, լիքը եւ ածելած։ Սեւ, ներկած կարճ մազեր, հաստ հոնքեր եւ խուզած բեխեր։ Եվրոպական հագուստ։ Սպիտակ շապիկ, գունավոր փողկապ, նույնպիսի ժիլետ եւ պանտալոն։ Սեւ սերթուկ, գլխարկ—ցիլինդր։ Ոսկե ժամացույց՝ ոսկե շղթայով։ Գործ է ածում գունավոր մետաքսե թաշկինակ, փոքրիկ դեղին սաթե համրիչ եւ ծոցի մեջ պորտմոնե։ Շարժվածքը, ման գալն ու խոսվածքը՝ ծանր։ Ըստ երեւույթին՝ պատվավոր անձն»։ Ուշագրավ է եզրակացության՝ «ըստ երեւույթին», կարծես, իմիջիայլոց արված արտահայտությունը։ Նկարագրված անձը, ամենայն հավանականությամբ, արտաքնապես համապատասխանում է հասարակության կողմից՝ ժամանակի պատկերացումներով պատվավոր անձ ընկալվելուն, սակայն հեղինակի թերահավատությունը հուշում է, որ այն ապացուցման կարիք ունի, ինչը պետք է բացվի պիեսի գործողություններում։ Արութինի կերպարը՝ որպես պատվավոր անձ, ով հարուստ վաճառական է, լրացնում է նրա կնոջ նկարագրությունը, ով երկրորդ կինն է, ինչը վկայում է վաճառականի ազատ՝ եվրոպական ապրելակերպի ու նաեւ ճաշակի մասին. «30 տարեկան, գեղեցիկ եւ վայելչակազմ կին, շեկ մազերով։ Եվրոպական մոդայի ամենաշքեղ բաց կապույտ հագուստ, վրացնակ գլխով (չիքիլա, ոսկեկար ճակտի աղլուխ եւ այլն)։ Զարդարված է ոսկե ժամացույցով, երկար շղթայով եւ զանազան ակնեղեններով։ Պարանոցին կարմիր բանտ։ Խոսակցությունը, շարժվածքը եւ ման գալը՝ արագ ու կրակոտ։ Շատ է քրքրվում»։ Այսպիսի տվյալներով կնոջ ընտրությունը բարձրաշխարհիկ խավի՝ ապրանք ընտրելու վայելչություն է, որից զուրկ չէ մեր հերոսը, այսինքն՝ նա ունի համապատասխան այցեքարտ հասարակության մեջ ազդեցիկ ու պատշաճ երեւալու, իսկ դրա համար պատրաստ է ամեն գնով պահպանելու հասարակական դիրքը՝ ընդառաջելով տիկնոջ ցանկացած քմահաճույքի, որն ամենեւին էլ էժան չի կարող նստել՝ թեկուզ հարուստ վաճառականի վրա։ «Շատ է քրքրվում» արտահայտությունը «ջրում» է տիկնոջ արտաքին բարեմասնությունները եւ հուշում, որ նրա դերակատարությունը պակաս չէ զարգացող գործողություններում։
Վաճառականները կարեւոր դերակատարություն ունեին հասարակական կյանքում, իսկ պատմական առավել վաղ շրջանում նրանց դերն անփոխարինելի էր կենցաղի ու մշակույթի զարգացման հարցում, երբ սուղ էին հաղորդակցության միջոցները եւ բարդ՝ աշխարհագրական կապերը։ Շատ դեպքերում նրանց ծառայությունը հասնում էր դիվանագիտական նուրբ աստիճանի, եւ այդ պատճառով նրանք առանձնահատուկ հարգանք էին վայելում, սակայն ժամանակի հետ, երբ տարածությունները դարձան հեշտ հաղթահարելի, առեւտրով սկսեցին զբաղվել շատերը, ովքեր ոչ միայն համապատասխան, այլեւ առհասարակ կրթություն չունեին, այսինքն՝ այդ գործով սկսեցին զբաղվել նրանք, ովքեր սոսկ հաշվել գիտեին, եւ վաճառականական մշակույթը դարձավ արհամարհելի. անգամ՝ ծաղրելի. վաճառականը դարձավ սոսկ առեւտրական։
Պիեսի հերոսին՝ Պեպոյին, հասարակ մի ձկնորսի, վիճակված էր դիմակազերծել իր ժամանակի վաճառականի էությունը, բացահայտելու նրա՝ պատվավոր անձ լինելու «ըստ երեւույթինը», որ ակնարկում է հեղինակը գործող անձանց ներկայացնելիս։ Իսկ ինչպիսի՞ն էր Պեպոն, որ իր միամտությամբ ու ազնվությամբ ու նաեւ ճշմարտությունը բացահայտելու համառությամբ պիտի բախվեր հասարակության մեջ հարգանք ու պատկառանք վայելող մեծահարուստի հետ ու արհամարհեր նրա «լավությունը»՝ փրկելու համար «պատվավոր» մարդու ձեռքն ընկած իր նման միամիտներին՝ հասարակության դեմքին շպրտելով շողշողացող «բարեպաշտությունը», որ խաղում էր շատերի պատվի ու բախտի հետ՝ տներ քանդելով։ Նա՝ Պեպոն, «35 տարեկան, թուխ եւ գեղեցիկ դեմքով, բարձր հասակով, ամուր կազմվածքով եւ լայն կրծքով։ Սեւ, կարճ մազեր, ճակատի վրա բերած, բարակ հոնքեր եւ բեխեր, երեսն ածելած։ Ունի երկու ձեռք Թիֆլիզի բուն լոթու հագուստ՝ մինը հասարակ, մյուսը զարդի։ Առաջինն Է՝ չթե կամ սպիտակ շապիկ, մուգ—կապույտ դոշլուղ, սեւ ղայթանով բոլորած. սեւ նաշուրի արխալուխ, լեզգու սեւ շալից չոխա, առանց զարդարանքի. միեւնույն շալից լայն շալվար, ծայրերի ներսի կողմը զանգյալի մեջ չարչուբաղով ամրացրած. սեւ ղափաղավոր լափչիններ արծաթե նեղ քամար. կարմիր մորթե երկար գըդակ, ծայրը փոքր ինչ ներս ծալած կարմիր բամբակե թաշկինակ։ Զարդի հագուստն է՝ մետաքսե կարմիր դոշլուղ եւ սեւ արխալուխ, երկուսն էլ բարակ ոսկեթելով բոլորած. դավայունի դեղին չոխա, սեւ լայն չափարիշով զարդարած. նույն կտորից լայն շալվար, ծայրերը վերոհիշյալ ձեւով ամրացրած. սպիտակ ղափաղավոր լափչիններ կանաչ ղայթաններով. Բուխարու սեւ գդակ, ծայրր կոտրած. Իմերեթու մետաքսե գոտիկ. կապույտ բամբակե թաշկինակ։ Քայլը հաստատ, ձայնը քաղցր եւ ազդու. շարժվածքն ու խոսակցության ձեւերը բուն ժողովրդական։ Միշտ գլխարկով, բացի նշանակած տեղերից»։ Եվ ահա վերջին, մի կարճ, լակոնիկ արտահայտությամբ Սունդուկյանը բնութագրում է Պեպոյի՝ ինչ լինելը։ Գլխարկը տղամարդու պատիվն է, որ միշտ հերոսի գլխին է, իսկ գլխարկ հանելը՝ հարգանքի նշան, որ ցույց է տալիս տղամարդը անհրաժեշտ տեղում՝ անհրաժեշտաբար։ Սա հուշում է Պեպոյի դաստիարակվածության ու պատվախնդրության մասին, իսկ հագուկապը՝ վկայում, որ վերջին աղքատը չէ. հարկ եղած դեպքում հասարակության մեջ կարող է երեւալ պատշաճ կերպով, սակայն՝ որպես աշխատավոր, սեփական քրտինքով ընտանիք պահող, իրպեսների նման՝ անհրաժեշտության դեպքում, ի վիճակի չէ գոնե մեկանգամյա «ճոխություն» թույլ տալ, քանզի կան զիմզիմովներ, ովքեր ճարպկությամբ ձեռք են բերում ուրիշի քրտինքով վաստակածն ու անամոթաբար հերքում պարզ ճշմարտությունը, քանի այն ապացուցված չէ հրապարակավ, իսկ ապացուցված լինելու դեպքում՝ փորձում թելադրել առեւտրի կանոններ՝ սեփական դիրքն ու պատիվը պահելու համար։
Պեպոն ձկնորս է եւ ձկնավաճառությամբ է ընտանիք պահում. նա սովոր է ապրանք վաճառել, բայց ոչ մի դեպքում՝ խիղճն ու պատիվը, հոգին, մինչդեռ վաճառական Զիմզիմովը պատրաստ է վաճառել ամեն ինչ՝ հանուն այդրոպեական շահի՝ կարեւորություն չտալով բարոյականության որեւէ չափանիշի, քանզի սրտի դավթարը, որտեղից որեւէ բան չպիտի կորեր, անհետանար, դատարկ է աղքատի քսակի պես՝ այն հակադրությամբ՝ որպես աղքատի սիրտն է լիքը առավել, քան հարուստի քսակը։
Ըստ էության, մի բարաթի՝ պարտամուրհակի, դառն ու սարկաստիկ պատմությամբ Սունդուկյանը կանգնեցրեց Պեպոյի՝ հասարակ մի ձկնորսի վեհ ու հավերժական արձանը՝ ի հեճուկս զիմզիմովների չարաբաստիկ հարատեւության՝ հավատարիմ կյանքում հակադրությունների մշտական գոյության ու պայքարի ռեալիստական պատկերմանն ու ընկալմանը։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

27-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO