Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ծիծաղ... արցունքների միջից

Հունիսի 30-ը հայ ականավոր դերասան Համբարձում Խաչանյանի հիշատակի օրն է

Թատրոնն այդ օրը լեփ-լեցուն էր։ Թատերասեր հասարակությունն անհամբեր էր դիտելու Վահրամ Փափազյանի դերակատարմամբ «Դոն Ժուանը»։ Այդ ժամանակ Փափազյանի դերասանական վերելքի շրջանն էր։ Բայց հանկարծ բեմում Փափազյանի կողքին հայտնվում է մի դերասան, ով իր ինքնատիպ խաղով հանդիսատեսի ուշադրությունն իր կողմն է սեւեռում։ Այդ դերասանը մարմնավորում էր Դոն Ժուանի ծառայի՝ Սգանարելիի կերպարը։ Նա մեկ թվում էր այնքան հավատարիմ ծառա, որ արժեր տերը միայն նրան վստահեր, բայց բավական էր տիրոջը սպառնացող մի վտանգ՝ վախից թաքնվեր այնպես, որ եթե անգամ ամբողջ բեմը տակնուվրա անեին, այդ «հավատարիմ» ծառային չէին գտնի։ Ինչպե՜ս էր խաղում մեղավորության զգացումը։ Անմեղության հայացքը գետնին, մի կերպ քայլերը տիրոջ կողմն էին տանում։ Այս «ողբերգությունն» արտաքին այնպիսի խաղային լուծումներով էր, որ հանդիսասրահը թնդում էր ծիծաղից, իսկ Վահրամ Փափազյանը խնամքով թաքցնում էր հայացքը, որ հանկարծ չդառնար «ծիծաղի զոհ»։ Ներկայացման եւ իր խաղընկերոջ մասին հիշում է Փափազյանը. «Սեզոնի մեխը «Դոն Ժուանը» եղավ, իսկ «Դոն Ժուանի» մեխը ինքը՝ Խաչանյանը»...
Հունիսի 30—ը հայ ականավոր դերասան Համբարձում Խաչանյանի հիշատակի օրն է։ Նա հայ թատրոնի եւ կինեմատոգրաֆիայի «հենասյուներից» է։ Մտերիմները շրջապատում էին Խաչանյանին, իսկ նա սիրում էր բարեկամական զրույցները, մշտապես կատակում էր, իսկ այդ ծիծաղի մեջ անհասկանալի թախիծ կար։ Պատահական չէ, որ Համբարձում Խաչանյանի այս բնավորությունը բյուրեղացավ թատրոնում, եւ նա դարձավ հայ թատրոնի ամենանշանավոր տրագիկոմիկ դերասաններից մեկը։
Նրա հայրենի քաղաքը Տրապիզոնն է։ Հայրը կեղծամներ էր կարում դերասանների համար եւ որդուն հաճախ իր հետ տանում էր թատրոն՝ ներկայացումներ դիտելու։ Ապագա դերասանը հմայվել է թատրոնով։ Սակայն հոր մահվանից հետո դժվարացել է կյանքը։ Ընտանիքի հոգսը ծանրացել է պատանի Խաչանյանի ուսերին։ Հաղթահարելով խոչընդոտները՝ նա սկսել է խաղալ աշակերտական ներկայացումներում, իսկ որոշ ժամանակ անց որպես դերասան աշխատել է ռուսական դրամատիկական խմբում։ Ավարտել է Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան։ Ռեժիսոր Նիկիտինին գրավել են Խաչանյանի համր խաղի գեղագիտությունը, բեմում ճիշտ կողմնորոշվելու հմտությունը, ճկունությունը։ Այս շնորհներն ամեն դերասանի տրված չեն, ահա թե ինչու ռեժիսորը ցանկանում էր, որ հայ դերասանը դառնար ռուս մշակույթի կրողը, ինչը Խաչանյանը չցանկացավ։ Դերասանի ճակատագիրը կանխորոշված էր հայ բեմում…
Հյուրախաղերից մեկի ժամանակ Խաչանյանը ծանոթանում է Վահրամ Փափազյանի եւ նշանավոր այլ հայ դերասանների հետ։ Սա բախտորոշ էր լինելու դերասանի համար… 1922 թ. Համբարձում Խաչանյանն ականավոր հայ դերասանների հետ ժամանում է Երեւան՝ դառնալով նորաբաց Մայր թատրոնի նվիրյալ դերասաններից։
Կատակերգակ դերասանը կարճ ժամանակահատվածում դարձել է հանդիսատեսի սիրելին։ Նրա կատակ—խաղը հոգեբանական էր՝ «ծիծաղ... արցունքների միջից» սկզբունքով։ Դերասանն իր կերպարը կերտում էր այնպես, որ տեսանելի էին հերոսի «սիրտն ու հոգին»։ Նրա կերպարներից շատերը դյուրահավատ էին, տխրալի, որոնք չէին համակերպվում այս կյանքի անարդարությունների հետ։ Կնոջից դավաճանված Պաղտասար աղբար—Խաչանյանը լրջորեն պահանջում էր արդարություն այն դատավորներից, ովքեր համառորեն քննարկում էին՝ «դեղձով ճերմակ գինին» քիմքին հարմա՞ր է, թե՞ ոչ։ Խաչանյանի արտահայտիչ դիմախաղից ու բարկացած քայլվածքից հանդիսատեսն անզուսպ ծիծաղում էր, բայց ի՞նչ էր կատարվում այդ դերասան—հերոսի ներսում։ Նա վշտացած էր, լինում էին պահեր, երբ հանդիսատեսը լրջորեն հետեւում էր Խաչանյանի մտածմունքներին։ Չէիր հասկանում՝ որտե՞ղ էր ավարտվում ծիծաղը, եւ որտեղի՞ց էր սկսում թախիծը։ Թատրոնում կատակի ու վշտի միախառնումը հավասարապես էր նաեւ կինոյում։
«Պեպո» կինոնկարում Դարչո—Խաչանյանը ցուցադրում էր մարդկային մանր զգացմունքները, ուր երբեմն «ծիծաղը» վերածվում էր «քմծիծաղի»։ Դարչո—Խաչանյանը երջանիկ էր, կարծես թե մոռացել էր սիրելի Կեկելից ինչպես էր «հրաժարվել» օժիտի պատճառով, եւ հիմա, երբ ամեն բան կարգին էր, օժիտը տեղում էր, կարելի էր պարել այնպես, կարծես, ոչինչ էլ չի եղել։ «Դարչոն պարում էր իր անհեթեթ, աշխարհիս երեսին գոյություն չունեցող պարը...։ Նրա ամեն շարժման մեջ լսում ես... Կեկելն իմն է, փողերն իմն են... Կեկել... փողեր...։ Բայց հանկարծ խոշոր պլանով երեւում է Դարչոյի դեմքը՝ աչքերը տխուր են... զոհել է իր խիղճը…»,–գրում է Էրիկ Պայազատյանը։
Հայ նորաստեղծ կինեմատոգրաֆիայում Համբարձում Խաչանյանը եղավ առաջին կինոդերասաններից մեկը։ Դերեր, որոնք մեկնաբանեց յուրովի, թափանցեց իր կերպարների ներսը, խաղաց անկեղծ ու հավաստի։ Բադալ («Նամուս»), Շոր («Շոր եւ Շորշոր»), Կիկոս («Կիկոս»), Քաջ Նազար («Քաջ Նազար»). այս եւ մի շարք այլ դերեր կինոնկարներում, որոնք սիրվեցին ու արժանացան բարձր գնահատանքի։ ...Թատրոնը լեփ—լեցուն էր։ Հանդիսատեսն անհամբեր էր դիտելու Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենին»։ Ետնաբեմում Համբարձում Խաչանյանը պատրաստվում էր բեմ բարձրանալուն, խաղալու էր Հոնենցի կերպարը, երբ հանկարծ... կաթված։ Չսկսված ներկայացումն ավարտվեց...։ Վահրամ Փափազյանն ասաց. «Բարեկամս գնաց մեզանից անսովոր կերպով... մի այլ «թատրոնում» շարունակելու համար այն «ներկայացումը», որի վարագույրը ոչ ոք չբարձրացրեց մինչեւ այսօր եւ ոչ ոք չիջեցրեց...»։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

30-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO