Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ղեւոնդ Ալիշան 200

Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե Հայք չե՛ն անցեր»։


Հայոց հանճարների կաճառից է Ղեւոնդ Ալիշանը՝ ինքնատիպ մի մտածող, գիտական հետաքրքրությունների անհորիզոն ասպարեզով՝ աստվածաբան, բանահավաք, աշխարհագրագետ, բանասեր, պատմաբան, բանաստեղծ, հրապարակախոս, մանկավարժ, փիլիսոփա։ Միաժամանակ Ալիշանը զարմանալի ամբողջական երեւույթ է, իր դատողություններում խիստ հետեւողական ու նպատակասլաց։ Ճշմարիտ ազգասիրության սերմանում՝ ահա՛ նրա կյանքի եւ գործի հիմնական նպատակը։
Մեզ՝ երախտապարտ հետնորդներիս համար Ալիշանի բեղուն գործունեությունը ինքնին շիտակ ազգասիրության, ազգանպաստ մտածումների, անմնացորդ ազգանվիրումի օրինակ է, սակայն նույնքան ուսանելի ու ոգեւորող են հայոց Նահապետի մտքերն ազգասիրության էության եւ դրսեւորումների մասին։ Մանավանդ, կարծեք արձագանքելով մեր օրերին, նա նկատում է, թե «ազգասիրությունը», բերնեբերան անցնելով, չարաշահվում է, շփոթություն ծնում, դառնում «մոգական կամ ալքիմիական բառ»։
Ազգը մարդկանց հանրույթ է, որոնք ունեն մեկ հայրենի լեզու, մեկ նահապետից են սերած, նման են բնավորությամբ, հոգեկերտվածքով, նիստուկացով, վարքուբարքով։ Ահա եւ «ազգասիրություն» բառը ոչ միայն տարբերակում է մի հանրույթը մյուսից, այլեւ բնորոշում է հանրույթի անդամների բնական պարտքը միմյանց հանդեպ. «Մարդկային բնություննիս մեզի կսորվեցնե մարդասեր ըլլալ, սիրել մեր ազգայինները, քան զուրիշ ազգեր»։
Ալիշանն անվերապահորեն մերժում է աշխարհաքաղաքացու հոգեբանությունը, հանգամանորեն հերքում բոլոր այն (նախկինում եւ ներկայում տարածված) ուսմունքները, որոնց հեղինակներն արհեստականորեն հակադրում են մարդասիրությունը եւ ազգասիրությունը, այդկերպ մոգոնում կեղծ երկընտրանք՝ կա՛մ լայնախոհ մարդասիրություն, կա՛մ նեղմիտ ազգասիրություն։ Ահավասիկ ալիշանական սպառիչ լուծումը. «Մարդասիրությունը ընդհանուր պատվեր է, ազգասիրությունը մասնավոր պատվեր է։ Մարդասիրությունը կսորվեցնե զամեն մարդիկ սիրել, վասնզի մեզի նման են, ազգասիրությունը զազգայինները ավելի սիրել կսորվեցնե, վասնզի ավելի նման են մեզի։ Ուրեմն մարդասիրությունը ավելի կհաստատե զազգասիրությունը, քան թե կվերցնե»։
Ազգասիրությունն ամենքիս բնական ու բարոյական գլխավոր պարտքն է, բայց Ալիշանը կողմ է ոչ թե կույր եւ անքննադատ վերաբերմունքին, այլ ազգաճանաչությանը խարսխված ազգասիրությանը։ Այդ առաքինության հիմքում ընկած է զգոն, սթափ ինքնաճանաչումը, համակողմանի ինքնագնահատականը. «Ազգասիրությունն շատ լավ բան է, բայց ճշմարտութենե դուրս չելլելն ամենեն լավն է եւ ազգասիրութենե ալ դուրս չէ»։ Ահա թե ինչու նա կտրականապես դեմ է արտահայտվում ծայրահեղություններին՝ ազգային սնապարծությանը եւ ազգային ինքնանվաստացմանը։ Իրոքս, երբ մեզ համարում ենք ամենակատարյալ ազգը, դա նշանակում է ոչ միայն այն, որ մենք մեզ վերագրում ենք չեղած բարեմասնություններ, այլեւ փաստորեն հպարտանում ենք նաեւ մեր (մեզ իսկ քաջ հայտնի) անընդունելի, մերժելի հատկություններով։ Իսկ երբ փորփրում ենք մեր վերքերը, ինքներս մեզ վատաբանում, ընկնում հիասթափության եւ ինքնախարազանման գիրկը, դա էլ նշանակում է, որ փաստորեն մեզ դարձյալ վերագրում ենք մերժելի, արատավոր հատկություններ, որոնցից, բարեբախտաբար, իրականում զերծ ենք։
Մերժելի է հատկապես «կարծեցյալ ազգասիրաց» արածը, որոնք փորձում են փառաբանել հայերիս մյուս ազգերին վատաբանելու հաշվին։ Ի հակադրություն՝ Ալիշանը ձեւակերպում է պարզ ու հասարակ մի կանոն. «Թե որ հայու ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգեր ալ ունին, թե որ անոնք պակսություններ ունին, հայն ալ ունի»։ Անընդունելի է նաեւ նախնյաց համբավով անգործունյա պարծենալը. «Նախնիք այն ատեն պարծանք են մեզի, երբ մենք ալ իրենց նման կըլլանք, ինչպես որ մեզի նախատինք ալ չեն ըլլար անոնք, թե որ մենք անոնցմե լավ ըլլանք»։ Իհարկե, նախնիների փառքն անմար ջահի պես լուսավորում է մեր ճանապարհը, բայց մենք պիտի ինքներս անցնենք այդ ճանապարհը։ Նմանապես՝ չի կարելի սոսկ պարծենալ ազգի բնատուր ձիրքերով. հայ մարդն իսկապես օժտված է այնպիսի հզոր ներուժով, բնածին տաղանդով, ընդունակություններով, որ շատ ու շատ այլազգիների նախանձը կարող է շարժել, բայց խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք բանեցնում այդ բնատուր օժտվածությունը։
Ազգի պակասությունները նույնպես չպետք է վհատեցնեն շիտակ ազգասերին. Ալիշանը հիշեցնում է «անաչառ եւ արդար ազգասեր Խորենացուն», որն այդքան դառը խոսքեր է ասել մեր պակասությունների մասին, բայց եւ միաժամանակ այդպես արժանապատվորեն եւ հպարտությամբ է դրվատել հայոց առաքինությունները։ Որպես «ոսկի միջին»՝ Ալիշանն առաջարկում է նրբագեղ մի ձեւակերպում. «Չըլլանք պարծենկոտ, բայց չմոռանանք մեր պարծանքները»։
Ազգն արթնացնելու նպատակով, արդարացիորեն նկատում է Նահապետը, պետք է ապավինել հպարտության եւ արժանապատվության զգացումին, այլ ոչ թե զուր փորփրել հայոց վերքերը։ Եվ ինքն էլ ստեղծել է մի սքանչելի, անզուգական պատկեր, հայոց արժանապատվության, հպարտության եւ ազգասիրության զորավոր մի խթան, որ ազգային ամեն մի զգացում իր մեջ մեռցրած հային իսկ կարող է արթնացնել. «Ուրեմն թոթափենք բախտին հրապույրքը եւ կտեսնենք, որ հայոց ազգին վրա անոնք վերցնելեն վերջն ալ՝ կմնան անանկ պանծալի նշաններ, որոնք ամեն բախտե վեր են եւ հավիտյան ամեն ազգաց ալ նախանձելի կրնան ըլլալ։ Ան ատեն կտեսնենք, որ հայոց ազգը մարդկության բազմաճյուղ ծառին վրա միջին ճյուղն է, որուն ծայրը վար քաշած կապվեր է եւ չորս դիեն ուրիշ ճղեր բարձրացեր են. բայց մեկ մը կապը քակելուդ պես՝ իր ծայրը ամեն ճղերու ծայրեն ալ բարձր կելլե»։
Ալիշանը հանգամանորեն քննարկում է հայերիս մեջ ազգասիրության ցավալի պակասի պատճառները, մասնավորապես՝ ազգասիրության կարեւորությունը չըմբռնելը եւ հայրենի լեզվի կորուստը։ Սառը, անտարբեր հայացքի պարագայում ոմանց հնարավոր է թվա, թե նա տուրք է տալիս բարոյական իդեալիզմին, երբ ազգասիրությունը դիտարկում է որպես մարդու բարոյական կերպարի առանցքային հատկություն, գերագույն բարոյական արժեք, «աննման առաքինություն»։ Հին ու նոր օտարամոլներին գուցե դա միամիտ է հնչում, սակայն Ալիշանը խորապես համոզված է եւ լիովին համոզում է ըմբռնելու ունակ ընթերցողին, որ անբարո մարդը չի կարող շիտակ ազգասեր լինել, մինչդեռ «ճշմարիտ ազգասերը անկարելի է, որ լավ մարդ չըլլա, վասնզի ազգասիրությունը կպահանջե ամեն մարդկային պարտքեր»։
Հայ ազգի արժանիքները դասդասելիս, հայոց անցած ուղին ուրվագծելիս եւ ապագայի մասին մտորելիս՝ Ղեւոնդ Ալիշանը (ինչպես նրանից առաջ եւ հետո ապրած հայ ազգայնական տեսաբանները) շարունակ վերադառնում է միեւնույն հարցին. այդքան փառավոր անցյալ ունեցող, մտավոր վիթխարի ներուժով եւ ստեղծարար կարողությամբ օժտված, օտարների կողմից այդքան բարձր գնահատված մեր ազգը ինչու է պարբերաբար հայտնվում իրեն ոչ սազական վիճակում։ Կան, անշուշտ, աշխարհաքաղաքական բնույթի առարկայական պատճառներ, բայց նվազ կարեւոր չէ հասկանալ ընդոծին պատճառները։ Եվ ահավասիկ ինչն է առավել մտահոգում Ալիշանին. «Թողլով ուրիշ թանձրագույն հոգերը, ինձի կերեւնա թե մեր ազգին գլխավոր հոգ եղածն է մեկ չափազանց շահասիրություն մը, հանդերձ կծծիությամբ եւ դյուրակեցության սեր. իր ուժը ծախած է շահու համար, շահը՝ դյուրակեցության համար»։
Իհարկե, նույն այս հատկությունների շնորհիվ է, որ հայերս նաեւ աշխարհահռչակ վաճառականներ ենք դարձել. այլազգի շատ երեւելիներ հենց վաճառականների վարքուբարքի միջոցով են ճանաչել ու դրվատել մեզ. ըստ Իմանուիլ Կանտի՝ «առանձնահատուկ բնույթի առեւտրային ոգու տիրապետությունը» հայերի՝ «այդ աշխատասեր ու բանիմաց ժողովրդի», առավելություններից մեկն է։ Դա Ալիշանն էլ է արձանագրում, թե «ոսկեգլուխ եւ արծաթաբազուկ վաճառականությունը որչափ առաջ քալցուցեր է հայությունը մարդկության ճամբուն մեջ»։
Լավ, բայց մի՞թե ողջ ազգը կարող է զբաղվել առեւտրով, եւ մի՞թե դա է հայոց առաքելությունը, ի վերուստ տրված դերը։ Դժվար է համաձայնել համաշխարհային առեւտրականի հեռանկարի հետ՝ գեթ թռուցիկ հայացք նետելով մեր կուտակած մշակույթին։ Ահա Ալիշանն էլ չի հաշտվում եւ հարց է տալիս. «Վաճառականությունը՝ օրենք, փիլիսոփայություն, բարոյական, դպրություն կսորվեցնե՞։ Քսակ քսակին քով սնտուկին մեջ դնելը կսորվեցնե՞ մարդուս առ ինքն, առ հայրենիս, առ մարդիկ ունեցած պարտքերը»։ Դեռ ավելին. երբ վաճառականությունն ինքն է պղտորվում շահասիրությամբ, ապա գիտությունն ու մշակույթն են տուժում՝ դիտարկվելով լոկ շահաստացության դիրքերից։ Որպես հաստատում մի միտք է ասվում, որ կարծեք նաեւ այսօրվա համար է, թե շահամոլը «մեծասիրտ եւ հայրենասեր ընող ազգային դպրու—թյունը թողլով՝ կերթա օտար լեզուներե հետեւե կըլլա եւ անանկ լեզուներու, որոնց բնական արժեքը շատ չնչին է, բայց առուտուրի բանուկ է»։
Ազգահատուկ կրթությամբ եւ կրթվածությամբ է Ալիշան—փիլիսոփան, Ալիշան—մանկավարժը կոչ անում սրբագրել հայոց թերությունները, ուժեղացնել առավելությունները, բազմապատկել առաքինությունները։ Այս կոչն անանցողիկ նշանակություն ունի. այժմ էլ պիտի կրկնենք նրա պատգամը՝ անդուլ ուշադրություն դարձնել ամենից առաջ ազգի կրթությանը, կրթության ասպարեզում անել ներդրումներ («ստակ ծախսել»)՝ ամենքս իր ուժերին ներածի չափ. «Ազգասեր է հարուստը, որ ամբողջ դպրատուն մը կկանգնե, բայց ես ավելի ազգասեր կըսեմ այն խեղճ կնկանը, այն այրի մորը, որ Աստված գիտե ի՜նչ զրկմունքներ ընելով, կճարե իր տղուն վարձքը եւ այն դպրատունը կդնե»։
Հարկավ, հնարավոր է եւ անհրաժեշտ է օգտվել օտար կրթահամակարգերում կուտակված դրական փորձից, սակայն միայն ազգահատուկ կրթությունը՝ «հայակրթությունն» է ապահովում շիտակ ազգասիրության ձեւավորում։ Հատկապես օտարալեզու կրթությունը, որքան էլ գայթակղիչ հեռանկարներ խոստանա, իրականում, ըստ Ալիշանի, «կրթվողն իր ազգային ոգին կկորսնցնե»։ Օտարալեզու կրթությամբ աստիճանաբար կորչում է լեզուն, եւ ազգն անխուսափելիորեն ձուլվում է։ Այս առումով Ալիշանի առաջարկած կրթության ռազմավարության որոշ դրույթներ շատ արդիական են ներկայիս մշակութային գլոբալացման պայմաններում։ Նախ՝ «օգտակար կրթությունն պետք է առնուլ պատվաստի պես մեր բնության վրա, չէ թե մեր բնությունն անոր վրա պատրաստել», ապա՝ «առնունք օտարներեն գեղեցիկ սովորություններ, բայց առանց պատճառի մերինները չթողունք», վերջապես՝ «ազգերնուս հատուկ կրթություն տվողն ըլլա ազգային, օտարներն մեզի կերպեր ցուցընեն, անոնք մեզի լույս տան, բայց հայու ձեռքն ըլլա ջահակիրն, դժվարին այլաց մեջ մեզի ծովացույց ըլլան, բայց նավապետն մեզմե ըլլա»։
Ազգահատուկ կրթության առաջնային դերի, կրթության գործը տնօրինողների պատասխանատվության, կրթասիրության եւ ազգասիրության առնչության մասին իր խոհերը Ղեւոնդ Ալիշանն ավարտում է լավատեսական վստահությամբ, թե «կրնանք մեծ հույս ունենալ, որ ազգերնիս կրթվի անշուշտ, կրթվի լավ եւ կրթվի շուտ»։
Բոլորս էլ դա ենք ցանկանում։ Մանավանդ, եթե գիտակցենք, թե աշխարհաքաղաքական ի՛նչ բարդ պայմաններում ենք ապրում, եւ ազգամշակութային ներխուժման որքա՛ն վտանգներ կան։ Ղեւոնդ Ալիշանը, փաստորեն, վերծանել է հայոց զարմանահրաշ հարատեւության յուրատեսակ «կոդը», ուստի ամեն ինչ պիտի անենք անխոցելի եւ անպարտելի լինելու համար՝ ստեղծելով հայակրթության կառույցների հզոր պատվար եւ հայոց նորահաս սերունդների մեջ սերմանելով ու անխոնջ ամրապնդելով «աննման առաքինությունը»՝ ազգասիրության զգացումը։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO