Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ավիկ Իսահակյան «Անաչառ դրվագներ» շարքից

«Դու հայ ժողովրդից...»

Անտոն Երվանդի Քոչինյանը, ժողովրդի ծոցից ելած, բնիկ լոռեցի, Թումանյանի բնաշխարհից, երկար ժամանակ ղեկավարել է Հայաստանի կառավարությունը, իսկ 1966-1974 թթ. Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Նա անգիր գիտեր հանրապետության բոլոր սովխոզ—կոլխոզների նախագահների, ֆերմաների վարիչների, հայտնի չոբանների անունները։ Քառորդ դար անձամբ մասնակցություն է ունեցել երկրի նոր գործարանների, ֆաբրիկաների ծրագրմանն ու կառուցմանը։ Անուրանալի էր նրա վաստակը Արփա-Սեւան ստորերկրյա ջրատարի կառուցման, Սեւանի փրկման, ինչպես եւ Մեծամորի ատոմակայանի կառուցման գործում։
Մեր պատմելիքը վերաբերում է հեռավոր 1952 թվականին, երբ Քոչինյանը աշխատում էր Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնում։ Ինչ—որ մի հարցի կապակցությամբ Ավետիք Իսահակյանը զանգ է տալիս Քոչինյանին եւ խնդրում ընդունել իրեն։ Հաջորդ օրը պայմանավորված ժամին Անտոն Երվանդովիչը սպասում էր Վարպետին հենց կառավարության շենքի բակում՝ մուտքի մոտ։
Ջերմ ողջագուրվում են։
–Վարպետ ջան, մի քիչ զբոսնենք այս պուրակում, սրտներս բացենք, հետո կբարձրանանք իմ մոտ թեյ կխմենք։
–Իհարկե, իհարկե, ինչպես կասես։
–Դե գիտես, անընդհատ պիտի զանգեր տան, չեն թողնի, որ անկեղծ զրուցենք։
–Անտոն, որդիս, տեսնում եմ մի տեսակ տխուր ես երեւում, տրամադրությունդ այն չէ։ Ի՞նչ է եղել։
–Դե, ինչպես ասեմ, Վարպետ ջան, տրամադրություն կմնա՞, պատերազմի վերքերը դեռ չենք բուժել, աղքատ է ապրում մեր ժողովուրդը, շատերը պարզապես սոված են, հոգսերը շա՜տ—շատ են։ Աղքատությունը շատ է, մանավանդ գյուղերում։
Վարպետը մեղմ քայլերով եւս մի երկու քայլ է անում, կանգնում եւ ուղղվում Քոչինյանին.
–Որ դու մտահոգվում ես, դա շատ լավ է։ Բայց ասեմ քեզ, մեր ժողովուրդը շատ ավելի ծանր օրեր է տեսել ու հաղթահարել։ Պատերազմ է անցկացրել։ Էս էլ կանցնի... Հետո, ասեմ քեզ, Անտոն, որդիս, դարդ մի արա, դու հայ ժողովրդից վախեցիր այն ժամանակ, երբ նա կկշտանա...
Այս խոսքերի վրա էլ խփեցին հրապարակի կենտրոնական շենքի զանգերը։
Ուղիղ 12 զարկ...

«Մոսկվա» հյուրանոցի հոլլում

1974 թվականի նոյեմբերի 28-ի իրիկնադեմին թռնում էի Մոսկվա, կարեւոր հանդիպում ունեի Ռուսաստանի գրողների միությունում Վարպետի ծննդյան հարյուրամյակի հետ կապված հարցերով։
Ինքնաթիռում պատահեցի Սերո Խանզադյանին, շատ ուրախացա եւ խնդրեցի ուղեկցորդուհուն, որ ինձ նստեցնի Սերո Նիկոլաեւիչի կողքին։ Եվ հենց նոր էի տեղավորվել բազկաթոռին, երբ Սերո Նիկոլաեւիչը մի քիչ կամաց ու խորհրդավոր ձայնով ասաց.
–Բա իմացե՞լ ես, որ երեկ հատուկ պլենում է եղել Կենտկոմում ու Անտոն Երվանդովիչին ազատել են իր պաշտոնից։ Եվ գիշերն արդեն Քոչինյանը թռել է Մոսկվա, նրա հետ միասին կանչել են հաստատման համար մեր նոր առաջին դեմքին՝ Կարեն Դեմիրճյանին։
–Չէ, Սերո Նիկոլաեւիչ, չեմ իմացել, երեկ իմ համար նշանակալից օր էր, դարձա 30 տարեկան։
–Դե, ուրեմն պիտի նշենք, Ժենիկը հոգ տարել է։
Ու ցույց տալով գլխավերեւում տեղադրված մի ճերմակ տոպրականման ծանրոց, ասաց.
–Հենա, երեկ Համոն էլ մեր մոտ էր, մի խոսքով, Ժենիկը համ քարահունջ է դրել, համ էլ երեկվա խաշլամի կրճոնները։ Թող օդ բարձրանանք, կճաշակենք։
–Սերո Նիկոլաեւիչ, իսկ ինչպե՞ս եղավ, Անտոն Երվանդովիչը լավ էլ ղեկավարում էր մեր երկիրը, քսան տարուց էլ ավել։
–Էհ, չգիտես, Մոսկվան մի երգ գիտի, մեղադրել նացիոնալիզմի մեջ... Բայց լավ է, փառք Աստծո, որ լավ մարդու վրա են ընտրություն կայացրել, Դեմիրճյանին լավ գիտեմ, բանիմաց եւ որ կարեւորն է՝ հայրենասեր մարդ է։
Ես այդ անունը, ճիշտն ասած, առաջին անգամ էի լսում եւ շատ զարմացած էի Սերո Նիկոլաեւիչի ասած նոր լուրերից։ Հետագայում ես խորապես համոզվեցի Սերո Նիկոլաեւիչի ասածի ճշմարտության մեջ։
Դե, բնականաբար, մենք օդանավում վայելեցինք տիկին Ժենյայի ուղարկած բարիքները։ «Քյարահունջն» էլ շատ տեղին եկավ։ Հետո Սերո Նիկոլաեւիչը քնեց, զարթնեց, երբ ինքնաթիռը Մոսկվայում վայրէջք կատարեց։
Մենք մեր հետ ճամպրուկ չունեինք եւ անմիջապես ուղղվեցինք դեպի տաքսի մեքենաները։
Խանզադյանը գնում էր «Մոսկվա» հյուրանոց։ Ես ասացի, որ կօգնեմ նրան տեղավորվել, հետո կգնամ իմ կայանը՝ հորս քեռու տուն։
Խանզադյանի տրամադրությունը բարձր էր, Մոսկվա էր եկել իր «Մխիթար Սպարապետ» վեպի ռուսերեն հրատարակչության գործով պայմանագիր կնքելու համար։
–Թարգմանչուհին «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությանն առաջարկում էր թարգմանությունն անվանել «Պոլկովոդեց Մխիտար», այսպես բոլորին հայտնի կլինի ինչի մասին է վեպը։ Սակայն ես ոչ մի կերպ չհամաձայնեցի, պնդեցի, որ Սպարապետ բառը պետք է պահպանվի։ Հայերիս համար այն առանձնահատուկ իմաստ ունի, դե վերջը, եղավ իմ ուզածով։
Շուտով հասանք հյուրանոց, ժամը ութի կողմերն էր, մեղմ եղանակ էր, ցուրտ չէր։
Սերո Նիկոլաեւիչն ասաց.
–Իջնենք, հոլլում ուզում եմ «Զոլոտոե րունո» թյություն առնեմ, պապիրոսի բարակ թուղթ, ու ինքս գլանակ փաթաթեմ, շատ ընտիր թյություն է։
Իջանք հենց հյուրանոցի առաջին հարկի հոլլում գտնվող կիոսկների կողմը։ Մոտենում ենք «Տաբակ» անունով կիոսկին, ուր, որքան հիշում եմ այս հյուրանոցը, անփոփոխ աշխատում էր մի շատ հմայիչ միջին տարիքի տիկին։ Մոտենում ենք եւ ինչ անակնկալ. վաճառողուհու հետ շատ ջերմ խոսում էր Անտոն Երվանդովիչը։ Տեսնելով Խանզադյանին՝ ջերմ գրկախառնվեց, ինձ էլ ջերմ բարեւեց։ Ապա ուղղվեց կիոսկի աշխատակցուհուն.
–Ծանոթացի՛ր, մեր կենդանի դասականն է՝ Սերո Խանզադյան։
–Բարեւ, բարեւ Ձեզ, ես լավ հիշում եմ Ձեզ, Դուք իմ մշտական հաճախորդներից եք։
–Ողջույն, ինչպես չեմ հիշում։
Ապա Սերո Նիկոլաեւիչը կատարեց իր գնումներն ու մոտեցավ մեզ.
–Անտոն Երվանդովիչ, բա ինչպե՞ս այս ամենը պատահեց։
–ԷԷ՜, Սերո ջան, ես վստահեցի մի մարդու, ով հանուն կարիերայի ոչ միայն ինձ, այլեւ հարազատ հորն ու մորը կծախի։ Հլա էլ ասում է Հայրենականի մասնակից է։ Միամտացա...
Հետո ժպտալով շարունակեց.
–Ես օր օրի վրա համոզվում եմ, որ Վարպետի «Աբու Լալա Մահարին» մեր բյուրոյի մարդկանց մասին է գրված։ Ի՜նչ իմաստուն էր Վարպետը։ Վաղը թռնելու եմ Երեւան, հենց հասնեմ տուն, գրադարակիցս վերցնելու եմ էդ գիրքն ու նորից կարդամ։ Էդպես եղել է, էդպես էլ կգնա...
P. S. Ուզում եմ այս փոքր հուշից հետո մի հավելում կատարել։

Որոշ հարցերում մեր ժողովրդի բախտը կատարյալ չի բերել, սկսենք էն վարչակարգից, որ ռուսները կապեցին մեր գլխին։ Բայց անկախ այդ վարչակարգի էությունից, այն մարդիկ, որոնք հանդիսացան Կոմունիստական կուսակցության առաջին դեմքերը Հայաստանում, ես գրում եմ այն մարդկանց մասին, որոնց տեսել եմ, անձամբ ճանաչել եմ, եղել են հայրենասեր, աշխատասեր, բանիմաց, համարձակ, ժողովրդի ծոցից ելած մարդիկ (կուզեի այստեղ առաջիններից հիշատակել երկու անուն՝ Ալեքսանդր Մյասնիկյան եւ Աղասի Խանջյան)։
Գրիգորի Արտեմի Հարությունյան–հիրավի Հայաստանի խորհրդային ղեկավարներից ամենաազդեցիկը եւ ազնիվը։
Մարդ, որը կառուցել է Հայաստանի արդյունաբերությունը, պատերազմի ծանրագույն տարիներին շարունակել զարգացենլ Հայաստանի տնտեսությունն ու ծանր արդյունաբերությունը։ Բնածին ճարտարապետի ճաշակով օժտված կառուցել Երեւանը, Լենինականը, Կիրովականը — պատահական չէ նրան Վարպետն անվանել «Գրիգոր Շինարար»։ Դեռեւս 1945 թվականին պատերազմի հաղթանակից հետո նա Մոսկվային է դիմել Թուրքիայից հայկական հողերի վերադարձի պահանջով։ Գրիգորի Արտեմիչը մի ավանդույթ էլ հիմք դրեց, 1953 թ. նա Անտոն Քոչինյանի հետ եկավ Վարպետի առանձնատուն՝ շնորհավորելու մեծ բանաստեղծի Նոր տարին։ Երկար զրույց ունեցավ Վարպետի հետ։ Հյուրերի գնալուց հետո ես պապիկին հարցրել էի.
–Պապիկ, այս մարդը կոմունիստների աստվա՞ծն էր։
–Ավիկ ջան, ի՞նչ նկատի ունես։
–Եթե բոլոր հավատացյալների աստված կաթողիկոսն է, այդպես էլ բոլոր կոմունիստների աստվածն էլ Հարությունյանն է։
Հնարավորինս քիչ մեղքեր ունենալով ստալինյան ռեպրեսիաների մեջ, ինչի համար նրան «անձի պաշտամունքի» դատապարտումից (խրուշչեւյան մերկացումներից) հետո անգամ կուսակցությունից չվտարեցին, մինչդեռ նույն շրջանում Ադրբեջանը ղեկավարած Բաղիրովը դատապարտվեց գնդակահարության, իսկ Վրաստանի առաջին քարտուղարը՝ 10 տարի ազատազրկման։
Սուրեն Հակոբի Թովմասյան–նա ղեկավարեց Հայաստանը անմիջապես Հարությունյանից հետո, Զանգեզուրի Շինուհայր գյուղից, Մեծ հայրենականի մասնակից, Հայկական դիվիզիայի մարտական կոմիսար։ Ի դեպ, ոչ մի կապ չունի նույն ազգանունը կրող ԿԳԲ ղեկավարներից Թովմասյանի հետ, որը ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ս. Ս. Թովմասյանի հայրն էր։
Սուրեն Հակոբովիչը սկզբունքային, ազնիվ մարդ էր, անարծաթ, ճիշտ է՝ մի քիչ բռի, մի քիչ կոպիտ, բայց երբ տեղը եկավ, նա Անտոն Երվանդովիչ Քոչինյանի հետ կարողացավ համոզել Նիկիտա Խրուշչովին Արփա—Սեւան աննախադեպ ստորերկրյա ջրատարի կառուցման եւ դրանով Սեւանի փրկության անհրաժեշտության մասին։ Ինչպես եւ Հարությունյանը, Սուրեն Թովմասյանն էլ 1955 թ. հունվարի 1—ին Անտոն Երվանդովիչի հետ եկան մեր տուն՝ շնորհավորելու Վարպետի 80—ամյակը։ Հարկ է ասել, որ այդ տարի հոկտեմբերի 30—ին լրանալու էր բանաստեղծի ծննդյան 80—ամյակը։ Այդ հանդիպումը ես ավելի ստույգ եմ հիշում, քանի որ նստել էի տոնական սեղանի շուրջ։ Սուրեն Հարությունյանը մասնավորապես ասաց.
—Վարպետ ջան, այս նոր տարվա օրը քեզ ուրախացնելու լուր ունենք, սկսել ենք մի խումբ գիտնականների օգնությամբ մի մեծ ծրագիր մշակել. Արփա գետի ջրերը մի նախադեպը չունեցող ստորգետնյա ջրատարի միջոցով ուղղել Սեւանա լիճ։ Բնական է, հսկայական դրամական միջոցներ են անհրաժեշտ լինելու, սակայն մենք կփրկենք քո սիրելի Սեւանը։
Վարպետն այս խոսքերի վրա ասես մեկեն փոխվեց, ոգեւորվեց.
–Ինչ եք ասում, Դուք թույլ տվեք ինձ, ես կդիմեմ աշխարհի ողջ հայությանը այդ ակնկալվող դրամը հավաքելու համար, ողջ ազգիս։
–Վարպետ ջան, ծրագիրը որ մշակենք, մենք ամբողջ գումարը կստանանք, մի մոռացիր, Վարպետ ջան, մենք խորհրդային հանրապետություն ենք։
Ես ընկերություն էի անում Սուրեն Հակոբիչի դուստր Վիոլետայի հետ, մի շատ համեստ ու պարկեշտ աղջիկ։ Տարիներ անց, երբ Սուրեն Հակոբիչը դեսպան էր Լիբիայում, ես նրա հետ հանդիպեցի «Մոսկվա» հյուրանոցում։ Նստեցինք, երկար զրուցեցինք մի շիշ «Վիսկիի» ուղեկցությամբ։ Սուրեն Հակոբիչը ինձ մի անմոռանալի խոսք ասաց. «Պապդ ասում էր՝ մենք՝ հայերս, կոխ տված խիար ենք, այսինքն պատմության մեջ շատ ենք տրորվել, իսկ կոխ տված խիարը շատ է դառը լինում»։
Այնուհետեւ աշխատեց ՍՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան պատերազմող Վիետնամում եւ Լիբիայում։
Յակով Նիկիտի Զարոբյան–նույնպես մաքուր, անարծաթ մարդ, բարձր որակի ինժեներ—էներգետիկ, որի մասին իր ծոցատետրերից մեկում դեռեւս 1956 թ. Վարպետը գրել է «Յակով Զարոբյանը հայրենասեր մարդ է»։ Ասածիս լավագույն հաստատումը նրա խիզախ դիրքորոշումն էր 1965 թ. ապրիլի 24—ին, երբ չթողեց, որ ՍՍՀՄ ներքին գործերի պատժիչ ջոկատները ճնշեն համաժողովրդական մասսայական ցույցը, երբ ամբոխը ողջ Երեւանով վանկարկում էր «Հողերը, հողերը»։ Սա չլսված երեւույթ էր այդ տարիների համար, եւ դրա հետ մեկտեղ հանդիսացավ ջատագովը եւ ամենաակտիվ գործիչը 1915 թ. Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի կոթողի կառուցմանը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ճիշտ է, մեկ տարի անց Պոլիտբյուրոն չներեց նրան իր հայրենասիրական դիրքորոշման համար եւ ազատեց նրան աշխատանքից, սակայն բնիկ արդվանցի այս հայորդին բարի հետք թողեց իր ժողովրդի սրտում։
Անտոն Երվանդի Քոչինյան–կրկնում եմ՝ ժողովրդի ծոցից ելած Լոռվա հին՝ Շահալի (այժմ Վահագն) գյուղից։ Մարդ, որը մանուկ հասակից իմացել է ինչ բան է գյուղաշխարհը, որին պետք չէր բարձրագույն կրթություն։ Բնությունն օժտել էր թե խելքով, թե հնարքով, թե դիվանագիտությամբ։
Հարազատ Շահալիի պես «գոց» գիտեր ողջ Հայաստանը՝ գյուղ, ավան, քաղաք։ Նա լավ գիտեր հայ գյուղացու հոգին եւ շնորհիվ իր ինտուիտիվ այս ունակության, շատ հեշտ լեզու էր գտնում իր ժողովրդի հետ։ Նա իհարկե կենտկոմական գործիչ չէր, նա հեռու էր կուսակցական գաղափարախոսությունից, նա առաջին հերթին խոշոր տնտեսվար էր։ Եվ շատ—շատ ճյուղերում մեր հաջողությունը կապվում էր Քոչինյանի անվան հետ։ Սիրում էր կյանքը, գնահատում էր գեղեցկությունը, լավ երգում էր, սիրում էր իր հայրենի Լոռին, Սեւանը, Ծաղկաձորը։ Լավ որսորդ էր եւ լավ լողորդ։ Նա գիտեր ինչ երկրում էր ապրում, գիտեր անկեղծ ընկերություն անել եւ հարեւան հանրապետությունների ղեկավարների հետ։ Ինչպես լավ գիտեր իր երկրի կառավարության անդամներին, այնպես էլ անձամբ ու մոտիկից գիտեր համամիութենական կառավարության անդամներին եւ մեկ անգամ չէ, որ անձնական ունակությունների շնորհիվ հանրապետությունը հանել է ծանր ճգնաժամային վիճակներից։ Թե ինչպես եղավ, որ Անտոն Երվանդովիչը անակնկալ պաշտոնազրկվեց, իր ասածի պես ավելի լավ գիտեն «Հայաստանի բյուրոյի անդամները»։
Կարեն Սերոբի Դեմիրճյան–Հայաստանի Կենտկոմի վերջին ուժեղ լիդերն էր։ Նա կարծես եւ ծնվել էր գործ, կառույց, քաղաք, երկիր զարգացնելու եւ ղեկավարելու համար։ Ուներ բոլոր ունակությունները լուծելու դժվարին պրոբլեմները, հաստատելու իր ճշմարտությունը, երբեք չէր գնա իր խղճին դեմ։ Բրեժնեւյան «լճացման» շրջանում անկախ քաղաքականություն էր տանում Հայաստանում, առաջ բերելով Մոսկվայի ցասումը։ Նա շատ բան հասցրեց անել, բայց ավելին կաներ նոր Հայաստանում, եթե չլիներ ներքին թշնամու ձեռքով ուղղված դավաճան գնդակը, որը կտրեց իր եւ հայ ժողովրդի հերոս զավակ, Ղարաբաղն ազատագրող Վազգեն սպարապետի կյանքի թելը։ Եվ մեր բնականոն զարգացումը շեղվեց իր հունից։ Ուրեմն անկախ մարքսյան գաղափարախոսության, անկախ խորհրդային երկրի բյուրոկրատական մեքենայի այլանդակությունների, մեր ժողովրդի բախտը ինչ—որ մի տեղ բերել էր երկրի առաջին դեմքերի իմաստով։
Այսօր հավատացած եմ, եւ ինչպես ցույց է տալիս ՀՀ մերօրյա պատմությունը, ներառյալ ներքին եւ արտաքին կորոնավիրուսը, երկար սպասումից հետո այսօր երկրի առաջին դեմքի խնդրով, հայերիս բախտը ինչ-որ մի տեղ կրկին բերել է։
2020թ., հունիս

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO