Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամենածիծաղելի ողբերգակը

«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)

Անհնար է նրան կրկնել, ինչպես անհնար է կրկնել ինչ-որ մեկի քիթը, աչքերի ձեւն ու շուրթերի բացվածքը, տեսակը, առավել եւս՝ անհնար է կրկնել նրան, ում հետ կատակել է Աստված՝ իրեն հայտնի մարդկային դիմագծերի հազվագյուտ քարտեզով՝ դեմքի աջ ու ահյակ կողմերը միմյանցից բաժանելով լեռնաչափ քթով, որի երկու կողմերում ծփացող արցունքի երկու լիճը տեղյակ չեն լեռան ստորոտում բացված շուրթերի լայն ժպիտից։ Ասես երկու կես արված մարդ լիներ. նա՝ Ֆրունզն ու Մհերը. Ֆրունզը՝ միշտ լայն ժպտացող շուրթերով ու ծիծաղելի քթով, Մհերը՝ արցունք թափող աչքերով ու հպարտ քթով։ Այս երկու անհատականությունները՝ որպես երկվորյակներ, Աստծու կամոք, թե բնության հրաշքով, տեղավորվել էին մի ընդհանուր տիրույթում ու մեկ լալիս էին, մեկ՝ ծիծաղում՝ աշխարհի քմահաճ զառերը խառնելով իրար, երբեմն՝ տնազ անելով, երբեմն էլ՝ դառնալով քավության նոխազ...
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ»,–պաշտպանվում է Աստծուց պատժված փոստատար Նիկոլը «Հին օրերի երգում»՝ Մհերի կերտած ամենաողբերգական կերպարը։ Թե որքան էր Աստծուց պաշտպանված ու սիրված հենց ինքը՝ Մհերը, թողնենք Աստծու խղճին, իսկ որ հանդիսատեսն անվերապահ սիրում ու պաշտում էր նրան, ապացույցի կարիք չկա։ Հանդիսատեսն առավել սիրում էր իր Ֆրունզին՝ իր ծիծաղն ու ուրախությունը, այն ուրախությունը, որ Արմենակն էր պատերազմից՝ Գերմանիայից իր հետ Երեւան բերում փղի տեսքով. իրական պատմություն, որ, խորհրդանշական լինելով հանդերձ, առավել հուզիչ է ներկայանում ֆիլմում. բոլորը գնում են պատերազմ՝ դեպի Գերմանիա, իսկ Արմենակը գալի՛ս է այնտեղից՝ ոչ պակաս դժվարին հանձնարարությամբ, որ, թվում է, ամենեւին էլ սրտով չէ. տղամարդիկ գնում են կռիվ, իսկ ի՞նքը... «Որտե՞ղ է գրված, որ մի անասունի համար մարդ էսքան տանջվի. բոլորը՝ էն կողմը, իսկ Արմենակը՝ էս կողմը».–բողոքում է նա ու «անկուշտ» փղի հետ կռիվ տալիս... Դրամատիկ մի կերպար, որ իրադրությունը դարձնում է զավեշտալի՝ փղի հասցեին զայրույթից նետված խոսքերով. շուն, անասուն, սողուն, անգամ համեմատում անկուշտ հարեւանի հետ. «Հիմա իմացա՞ր՝ ով ես դու. դու Գաբուշն ես, իմ հարեւանը. միայն նա կարող էր էդքան լափել»։ Դժվարությամբ՝ կյանքի գնով ձեռք բերած խոտը դնելով փղի առաջ, մի կողմից՝ նախատում է նրան՝ ա՛ռ, կեր, լափի, անկո՛ւշտ, մյուս կողմից՝ կիսվում հետը, ասես արդարանում իր «արդար» զայրույթի համար. «Է՛խ, Գաբուշ, Գաբուշ, դու չգիտես՝ Հիտլերը ինչ սրիկան է. ինչքան պիտի թունավորես մարդու հոգին, որ մի խուրձ խոտի համար ձեռ բարձրացնի ուրիշի կյանքի վրա, էն էլ՝ որսորդական հրացանով, մի խուրձ խոտի համար...» Բայց, ի վերջո, երբ փղին հասցնում է տեղ, պատերազմն ավարտվում է. փիղը դառնում է խաղաղության եւ ուրախության խորհրդանիշ, եւ զինվոր Արմենակն իրեն վարձատրված է զգում չարչարանքների համար ու ոգեւորված բացականչում. «Մեզ հիմա հեքիաթ է պետք, հեքիաթ է պետք...»։
Թե՛ «Հին օրերի երգում», թե՛ «Զինվորն ու փիղը» ֆիլմում պատերազմի ծանրության, դաժանության, անմարդկային ատելության լուծը ասես բարդվում է մի մարդու ուսերին, նրա, ով ամենեւին պատասխանատու չէ աշխարհի խառնակության համար, սակայն ցավի բեռի տակից ոչ մի ազնիվ հոգի չի կարող ազատվել եւ հանցակից ու մեղավոր չզգալ սեւ թուղթ բաժանելիս, սեւ թուղթ, որ մի ժամանակ թատրոնի ձրի տոմս էր, երբ զույգ ձիերով լծված թատերակառքից շաղ էին տալիս փողոցում՝ հրավիրելով ներկայացման՝ աչքի առջեւ ֆռֆռացնելով անմահ «Քաջ Նազարի» ազդագիրը եւ չարաբաստիկ պատերազմի սկսվելու օրը՝ 22 հունիսի։
Առանց որեւէ պատեհապաշտության, անպատկերացնելի է, թե «Հին օրերի երգում» փոստատար Նիկոլի դերում կարող էր հանդես գալ այլ դերասան. չեմ ասում՝ միջակ, այլ կինոյի մեկ այլ լավագույն դերասան, որ այնքան հոգեցունց լիներ՝ մատաղացու գառան հայացքով գլխատված մատաղի գառան չմեռնող հայացքին ակնապիշ՝ մատաղի բրդուջի հետ սեւ թուղթ ծամելով ու պահպանելով Հայաստան մայրիկի՝ վերջին որդու զոհվելուց անտեղյակ, նրա վերադարձի հույսը... Սա դեր չէ, որ խաղում է Մհեր Մկրտչյանը, սա անհնար է խաղալ, սա ինքնաբացահայտում է, սեփական ներաշխարհի մերկացում, մի տեսակ «վրեժ» այն բոլոր ծիծաղաշարժ դերերից, որ, փաթաթվելով իրեն, իրենից մի այլ «ես» են կերտել, մի Ֆրունզ, որի հետ այնքան էլ հաշտ չէ ինքը։
Չէի ասի, թե զինվոր Արմենակի դերում էլ չէր կարող այլ դերասան լինել. ամենեւին՝ ոչ. կարող էր. գուցե շատերը լինեին եւ ոչ պակաս հետաքրքիր, բայց որ զինվորն ու փիղը այդքան նման լինեին միմյանց, այդքան միմյանց լրացնող, հազիվ թե լիներ... «Վերջապես կա մի քիթ, որի կողքին ես չեմ ամաչում»,–կադրից դուրս ասել է Մհերը խաղընկերոջ՝ Մայա փղի մասին։ Եվ իսկապես՝ երկու բարի հոգի, եւ, թվում է, միմյանց նման, որ ուրախություն ու խաղաղություն են բերում իրենց հետ ու իրենցով, ու կարծես, ոչ թե փղին, այլ հենց իրեն է Արմենակը հանում պատերազմի բովից, փրկում խաղաղությունը։
Հանճարեղ է նույն՝ «Հին օրերի երգում» փոստատար Նիկոլի, որ ամենեւին էլ դերասան չէ, բայց խաղում է ժողովրդական թատրոնում, Նազարի բեմական դրվագը. նա մեզ ծանոթ հաղթական Նազարը չէ, այլ մոլորված, աշխարհից բեխաբար մեկը, որ ուզում է կարգուկանոն հաստատել աշխարհում, տվյալ դեպքում՝ դահլիճում, որի անկարգության պատճառով ընդհատում է ներկայացումը եւ ոչ մի կերպ շարունակել չի կարողանում. չորս կողմից հուշում են նրա անելիքը, բայց նրա չհասկացող ու մոլորված հայացքը չի ըմբռնում կատարվածը... Ի վերջո, դահլիճում ծիծաղը դառնում է այնքան պոռթկուն ու վարակիչ, որ հուշարարի՝ պատերազմի մասին գույժը ընկալվում է որպես ներկայացման խոսք, եւ Նազարը՝ արդեն «սթափորեն», բեմից առարկում է, թե դա վերջին գործողությունն է. ստիպված հուշարարը բարձրանում է բեմ, սակայն բեմում նրա հայտնվելը ավելի է գրգռում հանդիսատեսին, եւ ծիծաղը դառնում է անլռելի... Այսպես սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, որից հետո կյանքը շրջվում է գլխիվայր։ Ուրախությունն անհետանում է քաղաքից, հույսը՝ վերածվում բոթի ու անհարմարության, բարի գուշակության անհրաժեշտությունը՝ ամոթի, «Քաջ Նազարի» բեմադրությունը՝ հավերժական փորձի, դերասանությունը՝ ծամածռության, իսկ մարդիկ պատրաստ են սպանել Հիտլերի դիմակով փողոցում հայտնված Օբերոնին։ «Քաջ Նազարը» բեմում ոչ այլ ոք է, քան Հիտլերը, որին հասկանալն ու կերպավորելը չափազանց բարդ է փոստատարի համար, ով համաշխարհային մարդասպանի սեւ թղթերն է բաժանում որդեկորույս մայրերին։ Ցասումը խոր է, սակայն զսպված. ի վերջո, ամեն բան վերջանալու հատկություն ունի, եւ պատերազմն էլ վերջանում է այնտեղ, որտեղից սկսվել էր՝ թատրոնի նույն բեմում՝ որպես մի զավեշտալի թատերախաղ։ Այս անգամ պատերազմն ավարտվելու մասին ավետիսը բերում է փոստատար Նիկոլը, եւ կրկին մարդիկ չեն հավատում լսածին, ու եթե պատերազմի մասին լուրը լիաթոք ծիծաղ էր առաջացնում, այս անգամ լաց է բերում, քանզի երկու դեպքում էլ չեն հավատում Պատերազմին։ Սա հայկինոյի փայլուն հաղթանակն է, որի դրոշը բարձրացնում է հենց ինքը՝ Աստծու հետ կատակ անող Մհեր Մկրտչյանը, որ կարող էր իր մասին ասել Սիրանո դը Բերժերակի խոսքերով եւ սխալված չէր լինի.
Բարեգործ հրեշտակ... ...Ինչո՞ւ ես ծնվեցի այս աշխարհում՝
Թիապարտների այս նավի վրա,
Ինչո՞ւ ես սիրեցի իմ ցնորքները...
Ինչո՞ւ... ես դարձա պոետ....
Միայն նրբադիտակ հանդիսականը կարող է թափանցել շատերի համար ծիծաղելի արտաքինի տակ եւ նկատել նրա պոետական խառնվածքն ու հոգին, որպիսին Մհեր Մկրտչյանինն է, եւ, փառք Աստծու, որ նրան վիճակվեց բացահայտել այն հարուստ ներաշխարհը, որին տիրապետում էր ինքը...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

04-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO