Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ղեւոնդ Ալիշան–200

Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի փիլիսոփայական հայացքները շարադրված են հիմնականում «Յուշիկք հայրենեաց Հայոց», «Հրահանգ, զբոսանք եւ սփոփանք հասարակաց» եւ «Եղեւնու ներքո» հրապարակումներում։ Քանիցս անդրադարձել է Ալիշանը կենսափիլիսոփայական հարցադրումներին՝ դատողություներ է արել մարդու կյանքի իմաստի շուրջ։ Եվ հենց իր կյանքն էլ՝ բազմաբնույթ եւ բեղուն գործունեություն ծավալած, տեսական վիթխարի ժառանգություն թողած մտավորականի կյանքն ամենահամոզիչ առարկայացումն է իմաստալից եւ նպատակասլաց, չզլանանք ասել՝ երիցս ընդօրինակելի ապրելակերպի։
Աշխարհաճանաչողությունը եւ աշխարհի հանդեպ սեփական վերաբերմունք ձեւավորելու եւ դրսեւորելու ընդոծին մղումը, սեփական կեցության իմաստավորման ձգտումը մարդ արարածին մյուս կենդանիներից տարբերող էական հատկություններից են։ Այս հանգամանքի արձանագրությամբ էլ սկսում է Ղեւոնդ Ալիշանը. «Արարածոց մէջ՝ որոնց հետ կÕապրի՝ մարդուս ամենէն յատուկ միանգամայն եւ ազնիւ ծիրքն է միտք կան բանականութիւն, որ կÕուզէ ըմբռնել, ճանչնալ, դատել. իր ծանօթութեանց գլխաւոր առարկայն այլ է նախ ինքն եւ իր նմանիքը՝ մարդկութիւնը»։
Իրոք, առաջին փաստը, որից սովորաբար սկսվում են կենսաիմաստային բնույթի դատողությունները, երկրագնդի մյուս կենդանիներից մարդու էութենական առավելության առանձնացումն է։ Իհարկե, «Homo Sapiens» տեսակն օժտված է բանականությամբ, խոսելու կարողությամբ, «գործիքներ պատրաստող» կենդանի է, մշակութաստեղծ հատկություն ունի եւ այլն, բայց ամենից էականը կյանքի իմաստի որոնումն է։ Մարդուն կարելի է սահմանել որպես «իմաստ որոնող» կենդանի։ Այդ որոնումը դառնում է հատկապես կենսական հրամայական, երբ որոշակի տարիքում մարդը գիտակցում է մահկանացու լինելը։
Ի՞նչ է ասում այս մասին Ղեւոնդ Ալիշանը։ Կյանքի մեծ մասն անցկացնելով Վենետիկի Մխիթարյան միաբանության ներսում, լինելով գիտական պրպտումներին անմնացորդ նվիրված հոգեւորական, Ալիշանը երբեք չի կտրվել իրական կյանքից։ Խոսքը միայն արտաքին աշխարհից տեղեկություններ ստանալու մասին չէ, այլ բուն կյանքը զգալու, լիարժեք կյանքով ապրելու։ Իհարկե, տարօրինակ է թվում մեկուսի կղզում փակված փոքրիկ համայնքում գրեթե ճգնավորի պես ապրողի մասին «լիարժեք կյանք» բնութագրումը (թեպետ մեր այս եռամսյա ապրելակերպն արդեն հակառակն է վկայում), սակայն դա ասելով պետք է հասկանալ ոչ թե կենսական զվարճությունները, այլ կյանքի իմաստի շուրջ մտորումները, սեփական «եսի» մեջ խորամուխ լինելը, տիեզերքի առեղծվածներին առնչվելը, հակիրճ՝ հոգեւոր կյանքով ապրելը, մտքերի եւ արարքների ոգեղենությունը։
«Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն», հայտարարում է Ղեւոնդ Ալիշանը, «ահա մտատանջող առեղծվածի լուծումը։ Ահա մարդկության նպատակակետը եւ երկրից երկինք ձգված կամուրջը։ Այս է մտքի թռիչքը, սրտի ասպարեզը, հոգու աթոռը։ Բայց ավաՆղ, որքան բազմաքանակ են այն փնտրողներն ու փորձողները եւ որքան քիչ են հասնողներն ու գտնողները»։ Միանգամայն արդարացի, սեղմ ու տեղին ձեւակերպում։ Իսկապես, դարեր շարունակ մարդիկ մտածել են սեփական կյանքի իմաստի մասին, որոնել ճշմարիտ մի պատասխան, որոնել թե՛ երկնքում, թե՛ երկրում։ Եվ գուցե մոլորեցնող պատասխանները, իրոք, ավելի շատ են եղել, քան ճշմարտության իմացությունը։ Մինչդեռ հենց վերջինս է մարդուն հնարավորություն ընձեռում իմաստավորելու սեփական կյանքը, տոգորում հավատով, հույսով եւ վստահությամբ այսօրվա ու վաղվա հանդեպ։
Ամեն ինչից զատ՝ շիտակ փիլիսոփայելը մտածող մարդուն հանգեցնում է հոգեկան անդորրի, աշխարհի եւ սեփական «եսի» միջեւ ներդաշնակության ապահովման։
Նման պահեր, անտարակույս, ապրել է Ալիշանը իր երկնասլաց մտքերով. «Սքանչելի՜ է այս անդորրությունը, որն այժմ զգում եմ ես։ Ինչպե՜ս խաղաղվում են ցանկություններիս հուզումնալից խռովքները, որքա՜ն հեշտագին ցնծում է երբեմնի տագնապած սիրտս...
Ո՜վ հրաշալի ու համասփյուռ հանդարտություն, որ տարածված ես անսահմանության մեջ, որ լցնում ես իմ էությունը եւ տարածվում ես շուրջս։ Ժամանակի անսահմանությունից պոկված ինչպիսի՜ հիասքանչ վայրկյան»։
Հիրավի, երանելի պահ։ Ակամա հիշեցնում է հայոց մեծերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի նույնաբնույթ ձեւակերպումը. «Պա՛հ երանավետ եւ նվիրական, // Անհուն լռություն տիեզերական։ Ե՛ս տեսնում եմ ինձ, ե՛ս լսում եմ ինձ, // Ե՛ս զգում եմ ինձ, ճանաչում եմ ինձ»։
Անտարակույս, սա՛ է փիլիսոփայելու գերագույն պարգեւը՝ խորքային ինքնաճանաչման եւ աշխարհի հետ ներդաշնակման հնարավորությունը։ Մեր երկու մեծերը՝ Ղեւոնդ Ալիշանն ու Ավետիք Իսահակյանը, եթե արտահայտվեմ երրորդ մեծի՝ Դավիթ Անհաղթի լեզվով, ոչ թե «լոկ մատի ծայրով», այլ լիաբուռն «ճաշակել են փիլիսոփայության քաղցրությունը»։ Եվ դա, իսկապես, պարգեւ է անհատի արժեքային կողմնորոշման, աշխարհայացքի ուղղվածության, պրպտող մտքի եւ վեհ հոգու համար։
Պատահական չէ, որ Ղեւոնդ Ալիշանը հակադրում է «մարդավայել» կյանքի ըմբռնումը «դյուրությամբ ապրելու» կենսական լուծմանը. վերջինս հանուն շահաստացության կյանքն է, նյութականի գերադասումը հոգեւորին։ Մարդու կրթության, մասնագիտացման եւ առհասարակ կենսական ուղու ընտրության ուղղագիծ բխեցումը «հաց ուտելու» համար դրանց ընձեռած հնարավորությունից զայրացնում է Ալիշանին, եւ նա արձագանքում է գրեթե Հակոբ Պարոնյանի ոճով. «Հաց ուտելու համար աշխարհ եկանք, մարդկանց դպրոց ախոռներն պիտի ըլլան եւ դասատու խոզերն պիտի առնունք»։
Խիստ է, կոպիտ, թերեւս, բայց տեղին։ Ինչո՞ւ. որովհետեւ որքան էլ անկատար լինի մարդը, բայց նրա մեջ Արարչի տված կայծը կա, ուրեմն եւ մարդը հնարավորություն ունի սեփական կյանքը ինքնուրույն վեհացնելու, իրեն հատկացված ժամանակահատվածը մարդավայել անցկացնելու։ Փաստորեն այստեղ ծագում է կյանքի որակի եւ քանակի հարաբերակցությունը, որ Ղեւոնդ Ալիշանը տալիս է այլընտրանքի ձեւ. «Հաց ուտելով որչա՞փ պիտի ապրիս, շատ շատ ութսուն տարի, իսկ հացի տեղ իմաստություն շահելով՝ հավիտենականություն մը կապրիս»։
Իսկ իմաստնանալու հիմք եւ հնարավորություն կա ամենուր եւ ամեն պահի։ Ամենից առաջ, բնությունն ինքն է իր հրաշալիքներով մարդուն մղում աշխարհաճանաչողության, զարմանք պատճառող երեւույթները ինքնին հիմք են դառնում փիլիսոփայական խոհերի։ Բնության այդօրինակ կրթական դերի մասին Ղեւոնդ Ալիշանը գրում է իրեն բնորոշ սեղմ ոճով. «բնությունն ամենուն համար ալ դյուրին գիտություն մ է, բնությունը ամենեն առջի կրթող եւ հրահանգողն է, ամեն գիտությանց այբուբենն է, ամեն դժվարությանց դյուրացնողն է»։
«Մարդ–բնություն» փոխհարաբերության մասին ավարտուն փիլիսոփայական գործ է Ալիշանի «Հրահանգ, զբոսանք եւ սփոփանք հասարակաց» հոդվածը։ Վերնագրում իսկ արտահայտված է բնության եռակի դերը մարդկային կյանքում՝ ապրելակերպի «հրահանգ», «զբոսարան» եւ «սփոփարան»։ Բնության, ինչպես եւ մարդու արարիչն Աստվածն է, բայց մարդը, ինքն էլ լինելով բնության մասնիկ, օժտված է կամքի ազատությամբ, ուստի եւ ի զորու է ինքնուրույն կառուցելու իր փոխհարաբերությունները բնության հետ։ Իհարկե, գերագույն օրենքն Աստծո կամքն է, եւ որքա՜ն իմաստուն է այդ կամքի ձեւակերպումը. «Բնության տեր է մարդս, բայց ոչ բռնավոր. մեկ մասին իշխանաբար կհրամայե՝ իրեն պիտոյիցը ծառայեցնելու, մեկալ մասին մտոք կիշխե, անոնց օրենքները քննելով կամ վրանին զվարճանալով»։
Արդ, Արարչի կամոք մարդու մեջ դրված է կարողություն՝ բնությունն ուսումնասիրելու եւ բնության օրենքներից սովորելու. դժվար է պատկերացնել որեւէ մեկն անտարբեր մնա, ասենք, ծիածանի կախարդական երանգների, ծովի ամեհի ալեբախության, բարձրաբերձ լեռների կատարների, սոխակների դրախտային գեղգեղանքի հանդեպ։ Զարմանահրաշ եւ խորախորհուրդ գեղեցկության ընկալումը հիմք է դառնում փիլիսոփայական խորհրդածությունների եւ ստեղծագործական ներշնչանքի. «Չէ երեւցած բարձր միտք մը, խոր սիրտ մը, որ այս բնության անզգա ըլլա, եւ շատ երեւելի մարդիկ, թե որ ընդհանուր բնության վրա չէ՝ գոնե անոր առարկայից ոմանց վրա մասնավոր զմայլմունք մը, սեր մը, մտածմունք մը ձգեր են, եւ ոմանք ինչվան մոլության տարրեր են այն զգացմունքը։ Գրեթե ամեն փիլիսոփայից դրությանց սկիզբը բնության վարկածներն են, ամեն բանաստեղծից առած եւ տված ոգին բնութենեն է, ամենեն ախորժելի գրքեր՝ բնության նկարագիրներն են»։
Եվ բնության հետ շփումն է վերստին, որ ունակ է մարդուն սփոփելու, զայրույթն ու վիշտը մեղմելու։ Այո, ամեն ոք զգացել է Ալիշանի ասվածը, թե «բնությունն է, որ մարդուս կենաց դեպքերն ալ կսփոփե, կբարեխառնի, եւ իրմե վեր ուժե մը եկած փորձանքներն ալ՝ իր անուշ տխրության զարդերովը պատած, մեզի սրտառուչ կընե»։ Նույն մտքի ավելի նրբագեղ մի ձեւակերպում՝ երբեմն մենք խռովում ենք, կարծեք, ինքներս մեզնից, կորցնում աշխարհի, անգամ մտերիմների հետ ներդաշնակությունը, մի տեսակ «լարից ընկնում», եւ ահա հիշեցնում է Ալիշանը, թե «դարձյալ մեր ավրված, շփոթված քնարը դաշնակելու համար՝ պետք է բնության լարերուն ձայնովը շտկել»։
Ղեւոնդ Ալիշանը կոչումով եւ գործունեությամբ հոգեւորական է եղել, աստվածաբան, բայց միեւնույն ժամանակ նա պրպտող գիտնական է՝ աշխարհագրագետ, պատմաբան, բանահավաք, մանկավարժ, բանասեր, թարգմանիչ։ Այս համատեղումը չէր կարող չանդրադառնալ Ալիշանի աշխարհայացքի վրա։
Եվ իրոք, թեպետ բնությունը Ալիշանի համար Աստծո ստեղծածն է, այսինքն՝ արարած, սակայն Ալիշանն այնքան ներուժ է վերագրում բնությանը, որ ակամա դարձնում է արարիչ, այսինքն՝ մոտենում է պանթեիզմի դիրքերին (համենայն դեպս, զուտ կրոնավորը սփոփանքի համար հավատացյալին կուղղորդեր դեպի եկեղեցի եւ աղոթք)։ Այս երկատումը տեսնում ենք նաեւ Աստծո դերի ըմբռնման մեջ. նկատի ունեմ այն, որ հետեւողական քրիստոնյայի համար Աստված ե՛ւ աշխարհի արարիչն է, ե՛ւ արդարադատ դատավորը (տերեւն անգամ առանց Աստծո կամքի չի շարժվի)։ Եվ Ալիշանն էլ է դա հաստատագրում՝ փառաբանելով Բարձրյալին։
Բայց միեւնույն ժամանակ դժվար չէ տեսնել, որ մի շարք հարցերում, օրինակ՝ ազգային խնդիրների, ազգահատուկ կրթության եւ դաստիարակության մասին դատողություններում Ալիշան փիլիսոփան բնավ կարիք չի զգում քրիստոնեական դրույթներով ասելիքը հիմնավորելու, այլ կերպ ասած՝ նա մոտենում է դեիզմի դիրքորոշմանը։ Ամենակարեւորը՝ այդ հարցերում նա ոչ թե կաթոլիկ աստվածաբան է եղել, այլ հայկական մշակույթի անխոնջ մշակ, առաքինի ազգասիրության սերմնացան։ Ինքն է իսկ խոստովանում իր կյանքի եւ գործունեության խորքային դրդապատճառը, թե «զմեզ շարժողն ազգերնուս սերն է»։
Առանց Ղեւոնդ Ալիշանի այս խոստովանության էլ հայ ազգի, հայոց պատմության եւ մշակույթի սերն ակնհայտ է նրա կոթողային աշխատությունների ամեն մի էջում՝ լինի Հայաստանի բնակավայրերի եւ բնության մանրամասն նկարագրումը, որտեղ նրան այդպես էլ բախտ չվիճակվեց անձամբ լինելու, պատմական անցքերի հանգամանալի բնութագրումը, թե բանագիտական եւ ազգաբանական հետազոտությունները, հայոց ներկայի եւ ապագայի մասին ընդգրկուն դատողությունները։ Այդ նույն սերն էր նրան մղում կազմակերպելու հայակրթության առաքինի գործը եւ իր մանկավարժական տաղանդը ի նպաստ դնելու հայ երեւելի մտավորականների մի փայլուն փաղանգի կրթությանը։ Դեռ տասնյակ տարիներ են հարկավոր լինելու «Ալիշան» երեւույթը լիովին ըմբռնելու եւ լիարժեք հասկանալու, գիտակցելու եւ գնահատելու համար նրա եզակի տեղն ու դերը հայ մշակույթի մեջ։ Նաեւ՝ ամեն մի առիթով սերունդներիս երախտագիտությունը հայտնելու, ակնածանքն ու սերը խոստովանելու եռամեծ Ալիշանին։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO