Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»

«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի դերակատարման մեջ ձեւացման տարր չկա»

Հիշում եմ, թե Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ինչպես էին ընթանում Գալյա Նովենցի ամուսնու՝ անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի ներկայացման փորձերը։ Միայն տեսնել էր պետք ռեժիսորի անհանգիստ շարժումներն ու պոռթկուն խոսքը, երբ բեմում անբնականություն էր տեսնում։ Նա դերասանուհիներից պահանջում էր էներգիա, շարժում, բնական հույզեր՝ կարծես մտքում ունենալով իր սիրելի տիկնոջ՝ դերասանուհի Գալյա Նովենցի խաղը, ով մի ժամանակ այդ նույն բեմից իր կենսական, խոսուն խաղով արժանացել է հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։ Ցավոք, Երվանդ Ղազանչյանը եւս կնքեց իր մահկանացուն, սակայն թատրոնի առեղծվածն էլ հենց հանդիսատեսի հիշողություն էր, որում երբեք չի մոռացվում վայրագույրից այն կողմ վերապրածը...։ Մեծությունները երբեք չեն մոռացվում...
Հայ կինոյի եւ թատրոնի անվանի դերասանուհի Գալյա Նովենցի մասին ժամանակակիցներն ասել են՝ հազվագյուտ դերասանուհի էր եւ հրաշալի մարդ։ Նրա խաղի տեխնիկան անսպառ էներգիան էր՝ հոգեւոր եւ ֆիզիկական հավասար չափումով…
«Ես ծնվել եմ Երեւանում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին,–գրում է դերասանուհին։— Մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր»։ Հետագայում դերասանուհու՝ ավանդականի հետ սերտ կապն ի հայտ էր գալու մարմնավորած հայ կնոջ կերպարներում։ Դեռ մանկության տարիներից Գալյա Նովենցը եղել է բակի, դպրոցի, տան սիրելի դերասանուհին։ Նա երգում էր, պարում, բեմադրություններ անում։ Սերը թատրոնի նկատմամբ ձեւավորվել է մորաքրոջ շնորհիվ, ով դերասանուհի էր եւ տան անդամը, ինչի շնորհիվ փոքրիկ Նովենցը մշտապես այցելել է թատրոն, հիացել ժամանակի լավագույն դերասանների խաղով։
Ժամանակի ընթացքում թատրոնի հանդեպ սերը եւ դերասանական բնատուր ընդունակությունները հանգեցրին այն բանին, որ Գալյա Նովենցն ընդունվեց թատերական ինստիտուտ՝ ուսանելով Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Խստապահանջ, տաղանդավոր ռեժիսորը ապագա դերասաններից պահանջում էր խաղային բազմակողմանի տեխնիկա, կերպարի երկկողմանի վերլուծություն։ Վարպետի պահանջներին ի պատասխան, Գալյա Նովենցի խաղը ոչ միայն գոհացնում, այլեւ զարմացնում էր Արմեն Գուլակյանին։ Դերասանուհու համակուրսեցիների զգալի մասը հետագայում եղան թատրոնի խոշորագույն մեծություններ, ովքեր հետագայում ակնածանքով էին խոսելու Նովենցի մասին. «Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի դերակատարման մեջ չկա ձեւացման տարր։ Նա լինում է դերում, այսքանը»,–ասել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը։
Այն, որ դերասանուհին բեմում չի ստել, մտաբերել է նաեւ Արմեն Գուլակյանը. «Գալյա Նովենցն ունի մի մեծ առավելություն. նա երբեք չի կեղծում»։ Սրա հիմքում, թերեւս, Նովենցի ներքին, հոգեւոր խաղն էր, որի շնորհիվ արտաքին արտահայտչամիջոցները եղել են հավաստի, համոզիչ։ «Նայում ենք իրար ու չենք տեսնում, խոսում ենք իրար հետ ու չենք լսում։ Մեր մեջ կա անհասկանալի կարոտախտ, մենք կարոտում ենք մեզ»,–ասում էր դերասանուհին եւ, մարդկային անտարբերությանը հակառակ, փորձում հասկանալ իր հերոսուհիներին, նրանց ապրումներն ու հույզերը…
Թատրոնից թատրոն, մեկը մյուսի հետեւից գլխավոր դերեր, որոնք բացահայտեցին Գալյա Նովենցի խաղի բնույթը՝ հոգեւոր ռեալիզմը։ Նրա հերոսուհիները մերթ ուժեղ էին, պայքարող ու կամային, մերթ տառապող ու անպաշտպան, սակայն խաղի հիմքում միշտ խիղճն էր, հոգին։ Նրա շարժումներն ու դիմախաղը բխում էին կերպարի հոգեվիճակից՝ արտահայտելով այն բոլոր հույզերն ու ապրումները, որոնք զգում էր իր հերոսուհին։ Թատրոնում Գալյա Նովենցի խաղային այս մոտեցումը իրավահավասար էր նաեւ կինոյում։
«Թատրոնն ուրիշ աշխարհ է, առեղծվածային, կախարդական, շատ եմ սիրում լինել թատրոնում, կանգնել բեմում, տեսնել վարագույրի բացվել—փակվելը։ …Չգիտեմ՝ թատրոնն եմ շատ սիրում, թե կինոն, բայց կինոյում ինձ զգում եմ ինչպես իմ տանը»,–խոստովանել է դերասանուհին։ Սակայն անհերքելի է, որ Գալյա Նովենցն անզուգական էր միշտ եւ ամենուր։ Բավական է մտաբերել նրա վշտոտ, հուզական, մարդկային ու ուժեղ Սիրանույշին «Մեր մանկության տանգոն» կինոնկարում, որպեսզի պատկերացում կազմվի դերասանուհու՝ կերպարի զգացողության շնորհի մասին։ Միատոն ապրումներն ու զգացումները խորթ էին Գալյա Նովենցի կերպարներին, եւ նրա հերոսուհիների հմայքը հենց բյուր զգացմունքների նրբերանգների մեջ էր։ «Տարիների ընթացքում ֆիլմը դարձավ իմ աշխարհը»,–ասաց Գալյա Նովենցը, սակայն երբեք չմոռանալով բեմը՝ խոստովանեց. «Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է»։ Երկար տարիներ իր ամուսնու՝ Երվանդ Ղազանչյանի հետ անցավ թատերական անմոռանալի ճանապարհ…
Զարմանալի է, թե դերասանուհին ինչպես կարող էր թատրոնում եւ կինոյում ստեղծել բազմաթիվ հերոսուհիների, եւ ոչ մի կերպար մյուսին նման չլիներ, սակայն մի բան հստակ է՝ դա նրան հաջողվեց։ «Մոռանալ դերակատարին եւ խորամուխ լինել կերպարի էության մեջ. սա չէ՞, արդյոք, դերասանական արվեստի բարձրակետը։ Իմ կարծիքով՝ սա է»,–Գալյա Նովենցի մասին ասել է հայ թատերագետ Լեւոն Հախվերդյանը, ում համար նա «դերասանուհի է, որը դերասանություն չի անում...»։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO