Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով

1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) եւ Ադրբեջանի պետական ղեկավարությունների կողմից կանխամտածված եւ կազմակերպված տխրահռչակ «Օղակ» պետական-ահաբեկչական, բնույթով ցեղասպան գործողությունը։ Մի քանի ամիս տեւած ռազմական գործողության հետեւանքով էթնիկական զտումներ կատարվեցին Հյուսիսային Արցախի հայաբնակ տարածքներում։ Ռազմական գործողությունն սկսվեց Գետաշենի ենթաշրջանից՝ Գետաշեն եւ Մարտունաշեն հայկական գյուղերի վրա ծավալուն հարձակմամբ, որի հետեւանքով խաղաղ բնակիչներով բնակեցված երկու գյուղից երեք տասնյակ հայեր զոհվեցին, այդ թվում՝ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ եւ ընդհանուր հրամանատար Թաթուլ Կրպեյանը (հետագայում՝ ՀՀ Ազգային հերոս), նրա մարտական ընկերները՝ Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Հրաչ (Զարզանդ) Դանիելյանը, Վալերի Նազարյանը, 100—ից ավելի մարդ տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ ստացան, մի քանի տասնյակը անհետ կորավ։ Հայ բնակչությունը ենթարկվեց ոչ միայն ֆիզիկական բռնությունների, այլեւ կրեց ահռելի նյութական եւ ֆինանսատնտեսական վնաս՝ զրկվելով տասնամյակների ընթացքում մի քանի սերնդի տքնաջան աշխատանքով ձեռք բերած ունեցվածքից, հողային ու գույքային ժառանգությունից։
Թաթուլի զոհվելու լուրն ինձ հասավ մայիսի 2—ին։ Մինչ աճյունը տուն կբերեին, մարտական ընկերներն ինձ հանձնեցին սկզբնապես սպիտակ, սակայն Գետաշեն—Արեգ (Թաթուլի ծննդավայրը) ճանապարհին մգացած կտորից մի կապոց...
Ես այն անմիջապես տարա մեր սենյակ ու բացեցի, որ տեսնեմ՝ կգտնե՞մ ինձ ուղղված որեւէ գրություն կամ պատգամ...    Խենթի պես թերթում էի օրագրի էջերը, կարդում ծալված թղթերն ու ձեռագիր նամակները, փնտրում գրքերի ու տետրերի արանքներում... Կգտնե՞մ այնտեղ ինձ ուղղված որեւէ երկտող, մի նամակ կամ քառյակ, գե՛թ մեկ նախադասություն, մե՛կ բառ... թե՞ ոչ...
Ու գտա... հոր եւ դստեր՝ միասին միակ լուսանկարը՝ արյան չորացած, երեք օրվա թարմ հետքերով… Ասպրամիս ուղղված՝ Թաթուլի վերջին խոսքերը՝ գրված նկարի հետեւում, որտեղ նաեւ ինձ ու ծնողներին ուղղված ակնարկներ կան… Լուսանկարի գրությունը տեսել էի, երբ վերջին անգամ մի քանի օրով տուն եկավ Գետաշենից… Հենց այդ ժամանակ ցույց տալով՝ ասաց, որ այդ տողերը գրել է 1990 թ. նոյեմբերի 29—ին, հաջորդ օրը՝ նոյեմբերի 30—ին սպասվող ադրբեջանական ծավալուն հարձակումից առաջ՝ կարծելով, որ ողջ չի մնա… եւ, ընդհանրապես, մարտական ընկերներից որեւէ մեկը հույս չուներ, թե ողջ կմնար այդ օրը...
Թերթեցի օրագիրը, տարբեր գրություններ կային, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրեի, բայց այդ պահին միտքս անջատված էր մարմնիցս. սպասում էի, թե ուր որ է՝ կբերեն աճյունը... Անասելի ցավ էի զգում, ես չէ… չէի պատկերացնում, թե իրեն ինչպե՞ս, ի՞նչ վիճակում եմ տեսնելու… հզոր, անընկճելի, անհաղթ Թաթուլ Կրպեյանին…
Այդ պահից եւեթ ամեն օր կարդում ու ուսումնասիրում էի կապոցում եղած գրությունները։ Ի վերջո, հանգեցի այն մտքին, որ դրանք դեռ հրապարակելու ժամանակը չէ։ Կապոցն անորոշ ժամանակով փակվեց հանրության, բայց ոչ ինձ համար... Սկսվեց տասնամյակների փնտրտուքս, որը 2013 թվականին որոշակի շոշափելի ձեւ եւ բովանդակություն ստացավ, բայց չավարտվեց։ Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո՝ շուրջ 22 տարի, ես կատարեցի հավաքչական հսկայական աշխատանք՝ ի մի բերելով Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպման, ապա՝ անկման հանգամանքների, մարտական ջոկատների կազմավորման եւ գործունեության վերաբերյալ մեծաքանակ նյութեր՝ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի՝ տվյալ ժամանակահատվածին առնչվող գրավոր, բանավոր եւ տպագիր տեղեկություններ, տեսանյութեր, ձայնագրություններ, ականատեսների վկայություններ, անձնական եւ պետական արխիվների փաստաթղթեր եւ այլն։
2013 թ. հավաքածս տեղեկությունները պատմահամեմատական եւ քննական վերլուծությամբ համադրելով՝ պատրաստեցի թեկնածուական ատենախոսություն, որը ներկայացվեց պատմագիտական հանրության դատին՝ «Ինքնապաշտպանական մարտերը Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում (1988—1991 թթ. մայիս)» վերտառությամբ։ Գիտական թեզը հաջողությամբ պաշտպանեցի ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում։ Պաշտպանությանը ներկա պատմաբանները եւ ընդդիմախոսներն իրենց ելույթներում նշեցին, որ առաջին անգամ պաշտպանության է դրվել արցախյան պատերազմի հերոսի վերաբերյալ առանձին գիտական ուսումնասիրություն։
Ի ուրախություն ինձ՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը, որի հայցորդն էի եղել, եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում ընդունեցին՝ իմ կողմից լրամշակման ենթարկելուց հետո ատենախոսությունս տպագրել առանձին գրքով։
Նույն թվականի մարտ—ապրիլին, երբ գիրքն արդեն տպարանում էր, ես առիթ ունեցա այցելելու Շվեյցարիա, որտեղ դուստրս՝ Ասպրամ Կրպեյանը, սովորում էր Միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների Ժնեւի ակադեմիայում։ «Արձագանք» երկամսյա, երկլեզու թերթի խմբագիր Մարալ Սիմսար Թոմպազեանը (Maral Simsar Tombazian), տեղեկանալով, որ Ժնեւում եմ, ինձ հրավիրեց հարցազրույցի։ Թերթի ֆրանսերեն հավելվածում առանձին հոդվածով հրապարակվեց մեր զրույցը՝ «Թաթուլ Կրպեյանը եւ Գետաշենը… 25 տարի է անցել» (Tatul Krpeyan et Getashen… 25 ans sons passes) վերնագրով, որտեղ առաջին անգամ հիշատակություն կա գրքի հրատարակության մասին։
2016 թ. աշնանը «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» խորագրով գիրքը տպագրվեց «Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով՝ 150 օրինակով, եւ մեծ հաջողությամբ հոկտեմբերի 25—ին ներկայացվեց Երեւանում։ Շնորհանդեսը, որին մասնակցում էին ռազմական, քաղաքական, հասարակական գործիչներ, տարբեր պետական գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերներ եւ գաղափարակիցներ, գիտնականներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, կայացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում։
Մի քանի օր անց կայացավ իմ երկրորդ այցելությունը Ժնեւ, այնուհետեւ առաջին անգամ՝ Փարիզ։ Նոյեմբերի 25—27–ը Փարիզի արվարձան Ալֆորվիլում ավանդաբար տեղի ունեցող հայ գրքի ամենամյա ցուցահանդես—տոնավաճառում, որը կազմակերպել էր Ալֆորվիլի Հայ մշակույթի տունը, նորընծա գիրքս առաջին անգամ ներկայացվեց Եվրոպայում։
Պետպատվերով տպագրված ընդամենը 150 օրինակը՝ որպես նվիրատվություն, բաժանվեց ընթերցողին։ Նույն թվականին, շնորհիվ մեր ընտանիքի ջերմ բարեկամների՝ ֆրանսահայեր Կարապետ Մաֆաքեանի, Ժիրայր Մոմջեանի, Գեւորգ Մելիտոնեանի եւ Տիգրան Շահմիրեանի, որոնք սիրով ստանձնեցին տպագրության ամբողջ ծախսը,ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը վերահրատարակեց հետազոտությունն ավելի մեծ տպաքանակով (500 օրինակ)։
2017 թվականը նույնպես հաջող էր գիրքն արտերկրում ներկայացնելու, ինչպես նաեւ Թաթուլ Կրպեյանի գործունեության, Գետաշենի ինքնապաշտպանության մասին անհայտ պատմական փաստերը հանրայնացնելու առումով։ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կանադայի «Գլաձոր» մասնաճյուղի եւ ՀՅԴ «Ս. Թեհլիրեան» կոմիտեի («Ս. Թեհլիրեան» կոմիտեի հերթապահ Յակոբ Ճանպազեանի եւ նրա տիկնոջ՝ Ջուլիետ Ճանպազեանի առանձնահատուկ ջանքերով) համատեղ ծրագրով հրավեր ստացա հունիսին մենագրությունը ներկայացնելու Կանադայի Օնտարիոյի շրջանում։ Հունիսի 4—ին Տորոնտոյի հայ համայնքային կենտրոնի լայնարձակ, լեփ—լեցուն սրահում կայացավ գրքի շնորհանդես—գինեձոնը՝ ձեռամբ եւ օրհնությամբ տեր Կոմիտաս Ավագ քահանա Փանոսեանի, մասնակցությամբ Համազգայինի վարչության եւ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ու «Ս. Թէհլիրեան» կոմիտեի ներկայացուցիչների։
Հաջորդ կանգառը Քեմբրիջն էր, որտեղ նույնպես մեծ քանակությամբ հայություն է բնակվում։ Կրկին դահլիճը լիքն էր ընթերցասերներով, Արցախով եւ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքով ու գործունեությամբ հետաքրքրված հայրենասեր անձանցով։
Անմոռանալի են հանդիպումները Կանադայում։ Հատկապես տպավորիչ էին այն պահերը, երբ Քեմբրիջում ընդամենը մի քանի հոգի կարողացան գիրք ձեռք բերել, քանի որ Տորոնտոյում շնորհանդեսի ընթացքում գրքերն արագ սպառվեցին, եւ հայտարարվեց, որ խիստ սահմանափակ քանակ է բերվել, միեւնույն է, երկար շարք կանգնած՝ մարդիկ համբերատար սպասում էին, մինչեւ որ իրենց հերթը հասնի, եւ կարողանան գոնե ձեռքս սեղմել, ջերմ խոսքեր ասել, գրկախառնվել, լուսանկարվել։ Ներկաների հուզումնալից աչքերը տեսնելն արդեն իսկ տպավորիչ էր։ Տարբեր տարիքի կանադահայեր էին հավաքվել։ Թե երիտասարդները եւ թե ավագներն առանձնահատուկ ջերմությամբ էին արտահայտվում։
Կանադական հեռուսատատեսությամբ առավոտյան հեռարձակվող հայկական ծրագրին մասնակցելու հրավեր ստացա։ «Հորիզոն ԹիՎի Տորորնտո»—ի (HorizonTV Toronto) մոտ 40 րոպեանոց «Նոր Հայ Հորիզոն» (Nor Hai Horizon) հեռուստաժամի ընթացքում՝ հուլիսի 8—ին, շուրջ 15 րոպե, դոկտոր Խաժակ Գուլաճեանի հետ զրուցեցինք Կանադա այցելությանս նպատակի, մենագրությանս շնորհանդեսի եւ Թաթուլ Կրպեյանի գործունեության մասին։
«Իրինա Բարսեղեան Կրպէեան՝ Թորոնթոյի մէջ» վերնագրով հոդված տպագրեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Գլաձոր» մասնաճյուղի ատենապետ Թամար Տօնապետեան Գուզուեանը՝ լայնորեն լուսաբանելով իմ հանդիպումները Կանադայում։
2018 թվականի սեպտեմբերին հրավեր ստացա գիրքը ներկայացնել Նիդերլանդներում՝ հոլանդահայ համայնքում։ Նիդերլանդներ այցելությունս կազմակերպել էին ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեության «Թաթուլ Կրպեյան» խումբը եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը։ Կազմակերպչական ամբողջ աշխատանքը ղեկավարում էր Նիդերլանդներում ՀՅԴ ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանը։
Նիդերլանդներում գիրքը ներկայացվեց Ալմելո, Դորդրեխտ եւ Ալկմար (այստեղ է ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» խմբի կենտրոնը) քաղաքներում։ Ալմելո հայաշատ քաղաքում նոյեմբերի 11—ին տեղի ունեցավ գրքիս առաջին շնորհանդեսը հոլանդական հողի վրա։ Հատկանշական օր էր ինձ՝ որպես պատմաբանի համար։ Նոյեմբերի 11—ը Համաշխարհային առաջին պատերազմի ավարտի օրն է. 100 տարի առաջ՝ 1918 թ. նոյեմբերի 11—ին Ֆրանսիայում՝ Կոմպիենի անտառում, կնքվեց զինադադար, որով ազդարարվեց պատերազմի ավարտը։ Նույն օրը Փարիզում բարձր մակարդակով նշում էին Համաշխարհային առաջին պատերազմում կնքված զինադադարի 100—րդ հոբելյանը։ Ճիշտ նույն օրը Եվրոպայում ներկայացվեց իմ գիրքը, որը հայ ժողովրդի դեմ գործված դավադրություններից 100 տարի անց վերաբերում էր հայ ժողովրդի նկատմամբ 1991 թվականին սանձազերծված ռուս—ադրբեջանական նորօրյա ահաբեկչությանը, որը բնույթով եւ համագործակիցներով չէր տարբերվում նախորդից։
Ալմելոյում շնորհանդեսին ներկա էին Ալմելոյի եկեղեցու շուրջ համագործակցող կազմակերպությունների անդամներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, որը եղել էր իմ թեկնածուական ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսը, Ալմելոյի եկեղեցական վարչության նախագահ Օնիկ Գելիջին որդու՝ Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Ռոբին Հայկ Գելիջիի հետ, Ալմելոյի հոգեւոր հովիվ տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանը եւ այլք։
Նոյեմբերի 17—ին Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ շնորհանդես տեղի ունեցավ Դորդրեխտ քաղաքում, որին մասնակցում էին նաեւ Թաթուլ Կրպեյանի ուսանողական ընկերները՝ Ռոտերդամում բնակվող Տիգրան Թովմասյանը եւ Արմեն Արամյանը, որոնց հետ 1986 թվականին նա երգել էր «Մարաթուկ» ազգագրական երգի—պարի համույթում։
Նոյեմբերի15—ին «Նիդերլանդական օրագիր» (The Netherlands Diary) համացանցային պարբերականը հրապարակեց «Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին գրքի շնորհանդես Նիդերլանդներում» վերնագրով տեղեկատվական հոդվածը։
Երբ Փարիզում բնակվող մեր ընտանիքի վաղեմի բարեկամները տեղեկացան, որ Ամստերդամում եմ, ցանկացան ծանոթանալ գրքի լրամշակված եւ ավելի բարձրորակ տպագրությանը, ու, այդպիսով, ՀՅԴ «Արմէն—Գարօ» կոմիտեության եւ «Նոր Սերունդ» երիտասարդական միության «Աւետիս Ահարոնեան» խմբի հրավերով մի քանի օրից մեկնեցի Փարիզ։ Ֆրանսիայում շնորհանդեսի կազմակերպումը եւ իմ հանդիպումները համակարգում էր հետագայում գրքիս անգլերեն թարգմանության սրբագրիչ, ֆրանսահայ թարգմանիչ, ազգային—հասարակական գործիչ Ժիրայր Մոմջեանը։
Շարունակելի
Հեղինակ՝ Իրինա ԲԱՐՍԵՂՅԱՆ (ԿՐՊԵՅԱՆ)
Պատմական գիտությունների թեկնածու


11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO