Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները

Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս բերել ապօրինի բոլոր զինված ուժերը

Հուլիսի 8-ին Դամասկոսում կնքվել է Իրան-Սիրիա ռազմական եւ անվտանգության համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին եւ Սիրիայի պաշտպանության նախարար, զինված ուժերի փոխհրամանատար Ալի Աբդուլահ Այուբը։ Համաձայնության նպատակը նշված ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնումն է։ Ըստ դրա՝ Սիրիան զինվելու է իրանական հակաօդային պաշտպանության «Բավար-373» եւ «Սեւոմ-ե խորդադ» համակարգերով, ինչը հնարավորություն կտա պաշտպանվել վերջին շաբաթներին հաճախակի դարձած Իսրայելի օդային հարվածներից, որոնց գլխավոր թիրախն իրանական եւ իրանամետ ուժերն են։ Սա՝ այն դեպքում, երբ դեռեւս հունիսի 30—ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղարությունում Իրանի հարցերով հանձնակատար Բրայան Հուքի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախազգուշացրել էր Թեհրանին, որ շարունակելու են Սիրիայում ընդդեմ Իրանի իրենց գործողությունները։ Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նախազգուշացնելով՝ նշել է. «Բաշար Ասադին ասում եմ, որ եթե Իրանի ռեժիմին թույլ տա Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, ապա իր ռեժիմի ու երկրի ապագան վտանգելու է»։ Իսրայելը մշտապես հայտարարել է, որ Իրանի զինվորական ներկայությունը Սիրիայում իր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է, շեշտել է, թե դա երբեք թույլ չի տա։
Նշենք, որ համաձայնագրի ստորագրման առիթով կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով Սիրիայից դուրս բերել ապօրինի բոլոր զինված ուժերը։ Դա վերաբերում է նաեւ ամերիկյան ուժերին, սակայն առաջին հերթին, թերեւս, այդ կոչն ուղղված է Թուրքիային, որն օր օրի մեծացնում է իր ռազմական ներկայությունն ու ամրապնդում դիրքերը։ Թուրքիան 2018 թ. ի վեր Սիրիայում քրդերին չեզոքացնելու եւ իր նեոօսմանական նպատակներն իրականացնելու առնչությամբ առ այսօր 3 ռազմական գործողություն է իրականացրել եւ, փաստորեն, վերահսկում է այդ երկրի հյուսիսի մի զգալի հատվածը, որտեղ, ըստ Անկարայի, ունի 40 զինվորական դիտակետ, իսկ փաստացի՝ ռազմական ներկայություն։ Անկարան վերջին շրջանում ակնհայտորեն մեծացնում է իր ներկայությունը՝ այնտեղ առաքելով հսկայական ռազմական զինտեխնիկա ու ռազմամթերք։ Ավելին՝ վերջին ամիսներին Թուրքիան իր ազդեցության գոտիներում տեղակայել է հակահրթիռային «MIM—23 Hawk» տիպի կայանքներ, հատկապես Իդլիբ նահանգում, որտեղ ընթացիկ տարվա փետրվարի 27—ին զոհվել է 34 թուրք զինվորական։ Թեեւ Թեհրանն ու Անկարան մշտապես բարձրաձայնում են բարեկամական սերտ փոխհարաբերությունների, խոսում Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցության մասին, սակայն, ըստ երեւույթին, Իրան—Սիրիա հիշյալ համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ լարվածություն կառաջանա նաեւ Թեհրան—Անկարա փոխհարաբերություններում, քանի որ դրանց հակասությունները սիրիական հիմնահարցի առնչությամբ առավել ցայտուն կդառնան։ Այլ կերպ ասած՝ ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, բացառված չէ, որ Սիրիայում կփոխվեն խաղի կանոները, հարվածի տակ կարող է հայտնվել նաեւ Աստանայի գործընթացը։
2011 թ. մարտից ի վեր Սիրիա ներմուծվեց «Արաբական գարուն» շարժումը, ինչը հանգեցրեց մինչ օրս շարունակվող ներքին բախումների։ Հանգամանք, ինչի պատճառով այդ երկիրը վերածվեց միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների շահերի բախման կետերից մեկի։ Բախումները կրեցին հիբրիդային պատերազմի բնույթ՝ Սիրիայի համար գերծանր հետեւանքներով։ Երկրի երբեմնի ծաղկուն քաղաքները վերածվել են ավերակների, առկա է շուրջ 400 հազար զոհ, բնակչության շուրջ 50 տոկոսը դարձել է փախստական երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս՝ գլխավորապես սահմանակից երկրներում, այդ թվում՝ Հորդանանում, Լիբանանում եւ առավելապես Թուրքիայում, ինչը վերջինս դարձրել է հաղթաքարտ՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Անկարան թեեւ Դամասկոսի հետ հաստատել էր աննախադեպ «ջերմ» փոխհարաբերություններ՝«զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության շրջանակներում, սակայն ի սկզբանե նպատակամղված էր նախագահ Ասադի՝ իշխանությունից հեռացմանը՝ ձգտելով իշխանության բերել թուրքամետ «Մուսուլման եղբայրներին», ինչպես եւ իր նեոօսմանական նկրտումներին հագուրդ տալով՝ կյանքի կոչել Սիրիայի հանդեպ տարածքային հավակնությունները։ Անկարան այս առնչությամբ մեծ հույսեր էր կապում Արեւմուտքից, նաեւ արաբական որոշ երկրներից աջակցություն ստանալու հետ, որոնք չարդարացան։ Ավելին՝ 2015—ից Սիրիայում ու Իրաքում «Իսլամական խալիֆայության» դեմ պայքարում Արեւմուտքը դաշնակցեց քրդական կազմավորումների հետ, որոնք Սիրիայում եւս ինքնավարություն էին ձեւավորել, ուստի Թուրքիայի պայքարի թերախ դարձան քրդերը։ 2016 թ. Ռուսաստանը Դամասկոսի պահանջով սկսեց ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ կանգնելով նախագահ Ասադի կողքին, ինչը թուրք—ռուսական փոխհարաբերություններում լարվածություն առաջացրեց եւ կվերածվեր առճակատման, եթե Անկարան ՆԱՏՕ—ից ու Արեւմուտքից ակնկալվող հովանավորությունն ստանար։ Արդյունքում Անկարան, լուրջ նահանջի քայլեր կատարելով, Մոսկվայից ներողություն հայցեց վերջինիս ինքնաթիռները խոցելու համար, որից հետո էլ ավելի սերտացան Մոսկվա—Անկարա կապերը։ 2017 թ. Սիրիայի հիմնահարցի քաղաքական լուծման հարցում հակառակ ճամբարներում գտնվող այդ երկրներն Աստանային գործընթացի շրջանակներում սկսեցին համագործակցել։ Հանգամանք, ինչի պատճառով Ռուսաստանը երբեմն, թեեւ ոչ մեծ, բայց եւ այնպես Սիրիայում զիջումների է գնացել եւ կգնա՝ բավարարելով Անկարայի որոշ պահանջներ։ Սա՝ այն դեպքում, երբ Աստանայի գործընթացի 3—րդ կողմը՝ Իրանը, ի սկզբանե անզիջում կանգնել է Ասադի կողքին։ Թերեւս, դրա վառ ապացույցն է 2018 թ. սեպտեմբերի 7—ի թեհրանյան եռյակի գագաթնաժողովի ձախողումը, որին (սեպտեմբեի 17) հաջորդեց Սոչիում նախագահ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը, որտեղ նրանք համաձայնության եկան Իդլիբի հարցում, ինչը գագաթնաժողովի գլխավոր հարցն էր։ Նշենք, որ Թուրքիան, կարելի ասել, առ այսօր չի իրականացրել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը, ավելին՝ լիովին կյանքի չի կոչել նաեւ 2020 թ. Պուտին—Էրդողան պայմանավորվածությունները։ Ներկա դրությամբ Իդլիբի շուրջ 40 տոկոսը, այն է՝ երկրի տարածքի 5 տոկոսը, վերահսկում են ահաբեկչական խմբավորումները, որոնք համագործակցում են Թուրքիայի ու թուրքամետ ուժերի հետ։ Իսկ ստեղծված նոր պայմաններում այն պահպանելը կդժվարանա Անկարայի համար։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO