Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԼՂՀ


«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»

Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով դասականության չափանիշներին

Ընդամենը օրեր առաջ լրացավ Արցախի գրական ընտանիքի ամենաուշագրավ ներկայացուցիչներից մեկի՝ երջանկահիշատակ Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան տարեդարձը։
Անվանի մանկագիր ու երգահան, հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության Ստ. Զորյանի եւ Եղիշեի անվան մրցանակների դափնեկիր Գուրգեն Գաբրիելյանը 1950 թ. լույս տեսած առաջին բանաստեղծություններից, «Ճուտիկներ» անդրանիկ գրքույկից մինչեւ վերջին ժողովածուն գրական—ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ է անցել։ Հետագա տարիներին հրատարակված չորս տասնյակի հասնող նրա գրքերը հավաստում են այն մասին, որ թափանցելով մանկական պարզ ու անաղարտ հոգիները, նրանց հուզառատ ներաշխարհը՝ բանաստեղծը ստեղծել է ինքնատիպ, մնայուն գործեր։ Ու պատահական չէ, որ հայ մանկական պոեզիայի ավանդույթների զարգացման, մանկապատանեական գրականության ստեղծման բնագավառում Գ. Գաբրիելյանն իր արժանի տեղն ունի։
Ականավոր մանկագրի տաղանդը հատկապես յուրովի դրսեւորվեց «Այբուբենը երգերի մեջ» գրքում, որը լայն արձագանք գտավ ինչպես մանուկ ընթերցողների, այնպես էլ մանկավարժների շրջանում։ Այն, հիրավի, դարձավ հայ մանուկների ամենացանկալի, սիրված գիրքը։ Ահա թե ինչու ժողովածուն անմիջապես արժանացավ գրականագետների, նշանավոր գրողների, գրական լայն հասարակության ուշադրությանը։ Երեք տարի անց այն վերահրատարակվեց 40 հազար տպաքանակով ու հասցվեց նաեւ սփյուռքահայ երեխաներին՝ նրանց համար դառնալով յուրօրինակ դասագիրք (հատկանշական է, որ Գ. Գաբրիելյանի հրատարակած գրքերի տպաքանակն անցնում է մեկ միլիոնից, ինչը վկայում է տաղանդավոր մանկագրի ժողովրդայնության մասին)։
Այնուհետեւ իրար հաջորդեցին «Անմեղ ժպիտներ», «Գույների երգը», «Եկեք հաշվել սովորենք», «Տարին բոլոր՝ երգերով նոր», «Աքլորականչ» ժողովածուները, որոնցից շատերը թարգմանվել են ռուսերեն, մոլդովերեն, ուկրաիներեն, ուզբեկերեն եւ այլ լեզուներով։ Իսկ ծննդյան 60—ամյակի առթիվ լույս ընծայված «Ընտիր երկերը» պարզապես Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործական բեղմնավոր ճանապարհի արգասիքն է։ «Երգող ծառը» ժողովածուի համար 1983 թ. ճանաչված մանկագիրն արժանացավ Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակին։
Գրականագետներից ու ավագ գրչընկերներից շատերն են իրենց հիացմունքն արտահայտել Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունների վերաբերյալ։ Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը մի առիթով նկատել է, որ «Գուրգեն Գաբրիելյանը բացառիկ երեւույթ է, բազմաշնորհ տաղանդ, որպես մանկագիր՝ գրեթե անմրցելի»։ Գրականագետի համոզմամբ՝ մանկագրության ժանրը նա բարձրացնում է դասականության չափանիշներին։ Իսկ Սերո Խանզադյանը համարում է, որ Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի։
Ընթերցողները քաջատեղյակ են նաեւ մեծերի համար գրած նրա հայրենաշունչ ստեղծագործություններին, որոնք մեկ անգամ եւս ապացուցում են, որ Գ. Գաբրիելյանն Արցախ աշխարհի հերոսական պատմության, նրա անզուգական բնության, հարազատ եզերքի, ստեղծագործ մարդկանց հոգեբանության, նրանց կենցաղի եւ ավանդույթների, ժողովրդական բանահյուսության հիանալի գիտակ է։ Հավանաբար, այդ ամենի իմացությունը նրան օգնեց՝ մշակելու հինգ տասնյակից ավելի արցախյան համով—հոտով երգերն ու խաղիկները, որոնք հաստատուն տեղ են գտել բազմաթիվ համույթների երգացանկերում։ Իսկ «Ղարաբաղի հորովելը», «Կալին երգը», «Խնեցուն երգը», «Ամարասը», «Դադիվանքը», «Գանձասարը» սիրված ստեղծագործություններ են դարձել հայկական յուրաքանչյուր օջախում։ Անշուշտ, արժանին պիտի մատուցել նաեւ նրա՝ հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող ակնարկների շարքին։
Երկար տարիներ զբաղեցնելով Արցախի՝ մշակույթի վարչության պետի, ռադիոհաղորդումների կոմիտեի խմբագրի, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի, «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գրականության եւ արվեստի բաժնի վարիչի, «Արցախ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնները՝ նա պատասխանատվության բարձր զգացումով է կատարել իր պարտականությունները, նվիրումով ծառայել իր երկրամասին, հարազատ ժողովրդին։ Պատահական չէ, որ Գ. Գաբրիելյան մանուկ հսկայի վաստակն աննկատ չի մնացել։ Նա արժանացել է մշակույթի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչման։ Չնայած տկար առողջությանը, կյանքի վերջին տարիներին գլխավորում էր Հովհաննես Թումանյանի անունը կրող մանկական հանրապետական գրադարանը, որտեղ ժրաջան մեղվի պես իր շուրջն էր համախմբել մանուկ ու պատանի ընթերցողներին՝ պատվաբեր գործունեություն ծավալելով թումանյանական զուլալ ու զարմանահրաշ գրական աշխարհում։
Գուրգեն Գաբրիելյանն այն անհատականություններից է, որն իր ջանքն ու եռանդը, ստեղծագործական կարողություններն անվերապահորեն նվիրել է Արցախ աշխարհին, մեր ժողովրդին՝ միշտ մնալով արցախյան ազգային—ազատագրական պայքարի առաջին գծում։
Կես դարից ավելի Գուրգեն Գաբրիելյանն իր շռայլ տաղանդը ծառայեցրել է հայ մանկագրության ավանդույթների զարգացմանն ու հարստացմանը։ Վերջին տարիներին նրա հեղինակած «Ուրախ հայերեն», «Աշնան հանդես», «Մեղուների հրաշք աշխարհ», «Արեւը լճակում» ժողովածուները վերստին վկայում են անվանի մանկագրի բեղմնավոր գրչի, ստեղծագործական առատ հունձքի մասին։ Համարվելով նորագույն շրջանի հայ մանկագրության երեւելի դեմքերից մեկը՝ Գ. Գաբրիելյանը վաղուց իր հաստատուն տեղն է զբաղեցրել մանկագիրների շարքում։ Ասես պատկառելի տարիքի ու վաստակի «թելադրանքով» նա ավելի էր մանկացել, բյուրեղացել եւ բարեբեր աշնան պես մեզ շռայլում էր իր քաղցրահամ հասուն պտուղները, գայթակղիչ մրգահասի երփներանգ գույներն ու բույրերը...
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO