Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Էռնեստ Հեմինգուեյ

Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ԱՄՆ Այդահո նահանգի Կետչում քաղաքում բնակվող Էռնեստ Հեմինգուեյն առավոտ շուտ բարձրացավ իր տան ձեղնահարկ եւ երկփողանի հրացանով ինքնասպան եղավ։
Ավելի քան հարյուր տարի առաջ Ջեկ Լոնդոնը հրապարակեց «Գրողի կենսափիլիսոփայություն» հոդվածը։ Ըստ նրա՝ իսկական գրողը պետք է սեփական հայացք ունենա կյանքի վերաբերյալ եւ «ինչ-որ չափ կամ չափերի մի փունջ, որոնցով նա չափում է ամեն ինչ, ինչ հայտնվում է նրա տեսադաշտում։ Առաջնորդվելով այդ փիլիսոփայությամբ՝ նա ստեղծում է բնավորություններ եւ անում է այս կամ այն ընդհանրացումը։ Դրա շնորհիվ նրա ստեղծագործությունը էլ ավելի ողջախոհ է դառնում, ավելի ճշմարիտ, թարմ եւ հայտնաբերում այն նորը, ինչ սպասում է նրանից լսել աշխարհը»։ Ջեկ Լոնդոնը, իհարկե, չէր կարող ենթադրել, որ հենց այդ ժամանակ Չիկագոյի մոտերքում ծնվում է մի գրող, որի սեփական հայացքը կյանքի վերաբերյալ եւ դարաշրջանի զգացողությունը հասկանալի, հարազատ կլինեն աշխարհին։ Այդ գրողը Էռնեստ Հեմինգուեյն է։
Էռնեստ Հեմինգուեյը ծնվել է բժշկի ընտանիքում, ամերիկյան Իլինոյս նահանգի գավառական քաղաք Օուկ—Պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1917 թ. նա մեկնում է Կանզաս—Սիթի եւ դառնում տեղական փոքրիկ թերթի թղթակից։ 19 տարեկանում նա հայտնվում է Առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհում, իտալական ճակատում, որտեղ ծանր վիրավորվում է եւ հազիվ փրկվում մահից՝ փորձելով մարտադաշտից դուրս բերել վիրավոր նշանառուին։ Բժիշկները նրա մարմնում հայտնաբերում են 26 բեկոր եւ ավելի քան 200 վերք։ 12 անգամ վիրահատվում է։ Պատերազմը նրա առաջին մկրտությունն էր։ Հետագայում «Աֆրիկայի կանաչ բլուրները» գրքում նա գրում է. «Պատերազմը ամենակարեւոր թեմաներից է, ընդ որում, այնպիսին, երբ ամենից դժվարը ճշմարտացի գրելն է»։
Երկար ժամանակ անցկացնելով հոսպիտալներում՝ Հեմինգուեյը կարճ ժամանակով վերադառնում է Նահանգներ, սակայն, լինելով կանադական թերթերից մեկի թղթակից, կրկին մեկնում է Եվրոպա եւ նորից հայտնվում պատերազմի մեջ (1919—1922 թթ. հույն—թուրքական պատերազմը)։ Այդ պատերազմի տպավորությունները պակաս տպավորիչ չէին, քան իտալականը։ Հույն—թուրքական պատերազմի դրվագները, որոնք ընթանում էին ցնցող դաժանությամբ, նկարագրված են Հեմինգուեյի առաջին գեղարվեստական երկում՝ «Մեր ժամանակներում», որը ժամանակին ընկալվեց որպես «կորած սերնդի» մանիֆեստ։
Հեմինգուեյն իր գործունեությունն սկսում է որպես ոստիկանական «Սթար» թերթի թղթակից Կանզաս—Սիթիում։ Զբաղմունք, որ կարծես չէր կարող լուսավոր մտքեր արթնացնել մարդու մեջ, քանի որ ամեն օր նա ստիպված էր լինել հանցանքի վայրում, բանտերում, խաղատներում, հիվանդանոցներում շփվել ոստիկանների, գողերի եւ բռնաբարիչների հետ։ Հիշելով թերթում աշխատած տարիները՝ Հիմինգուեյը հետագայում գրում է, որ այդ յոթ ամիսների ընթացքում ինքը սովորում է պարզ գրել եւ պարզ բաների մասին։ Ավելին՝ դա դառնում է նրա գրողական սկզբունքը։ Դառնալով Փարիզում «Տորոնտո Սթար Ուիկլի» շաբաթաթերթի թղթակից՝ Հեմինգուեյը գրում է հետպատերազմյան Եվրոպայի, հայրենակիցների մասին, որոնք պատերազմից հետո բնակվում էին Փարիզի վատահամբավ արվարձաններում։ Հետո նա թափառում է ամայացած եւ ավերված եվրոպական երկրներում՝ դառնալով կայսրությունների անկման, հեղափոխությունների, մարդկային բազմաթիվ ողբերգությունների վկա։ Նա առաջիններից մեկն է, որ գրում է ֆաշիզմի մասին։ Հետագայում նրանց դեմ պայքարը դառնում է նրա ողջ կյանքի խնդիրը։ Իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիին նա նկարագրում է «Տորոնտո Դեյլի Սթար» թերթի 1923 թ. հունվարի 27—ի համարում։ Հոդվածն սկսվում է հետեւյալ կերպ. «Մուսոլինին Եվրոպայի մեծագույն շառլատանն է»։ Ավելի ուշ նա գրում է. «Կա միայն մեկ քաղաքական համակարգ, որը լավ գրողներ չի տա, եւ այդ համակարգը ֆաշիզմն է։ Որովհետեւ ֆաշիզմը սուտ է, որ ասում են հանցագործները։ Գրողը, որ չի ցանկանում ստել, չի կարող ապրել եւ աշխատել ֆաշիզմի պայմաններում»։
Հեմինգուեյի մասին դեռ կենդանության օրոք լեգենդներ էին հյուսվում։ Իր գրքերում առաջատար թեմա դարձնելով մարդու արիությունը, տոկունությունն ու համառությունը հանգամանքների դեմ պայքարում, նախապես նրան դատապարտելով գրեթե պարտության, Հեմինգուեյը կյանքում եւս ձգտում էր լինել ինչպես իր հերոսները։ Որսորդ, ճանապարհորդ, զինվորական թղթակից, իսկ երբ անհրաժեշտություն էր առաջանում՝ նաեւ զինվոր, ամեն ինչում նա ընտրում էր խոչընդոտներով լի ուղի, երբեմն սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոչ թե հանուն սուր զգացողությունների, այլ որովհետեւ իմաստավորված համարձակությունը, ինչպես կարծում էր գրողը, իսկական տղամարդու գործ է։ Մեծ գրականություն Հեմինգուեյը մտնում է 20—ականների երկրորդ կեսին, երբ «Մեր ժամանակներում» պատմվածքների ժողովածուին (1924) հետեւում են նրա առաջին վեպերը՝ «Եվ ծագում է արեւը», որ ավելի շատ հայտնի է «Ֆիեստա» անունով (1926) եւ «Հրաժեշտ զենքին» (1929)։ Այդ վեպերը առիթ տվեցին, որ նրան սկսեցին համարել «կորած սերնդի» ամենանշանավոր ներկայացուցիչ։
Էռնեստ Հեմինգուեյը սիրում էր կրկնել. կյանքում ամեն ինչ անցողիկ է։ Անցնում են մարդիկ, փոխվում են քաղաքների տեսքը եւ բնության լանդշաֆտը։ Շատ բաներ դաժան ժամանակը վերածում է փոշու։ Միակ բանը, որ նրան չի ենթարկվում, մեծ արվեստն է։ Նոբելյան ելույթում նա ասում էր. «Գրողի տաղանդից է կախված, թե նրա անունը կմնա դարերում կամ կմոռացվի… Նրա գործը ամեն օր առջեւում հավերժությունը տեսնելն է կամ դրա բացակայությունը»։ Հիմա Հեմինգուեյն ավելին է, քան հռչակավոր գրող լինելը։ Նրա անունը գրական հաջողության խորհրդանիշ է։
Նա դարձավ ոչ միայն գրական խոշոր երեւույթ, այլեւ իր սերնդի հոգեւոր կուռքերից մեկը. մարդ—առասպել։ Նրան ընդօրինակում էին եւ շարունակում են ընդօրինակել։ Նա կաբինետային ճգնավոր չէր, սիրում էր կյանքը իր բոլոր արտահայտություններով եւ շատերի համար սեփական մտահղացումների մարմնավորումն էր։ Նրան երբեմն համարում են 20—րդ դարի Բայրոն։ Նա մասնակցել է հինգ պատերազմի։ Նա վարքի հատուկ ոճ ուներ։ Քննադատությունը նրան համարում է «կոդեքսի հերոս»։ Այդ հերոսը մարդկանց տանում է սխրանքի։ Նրա հերոսը ակնհայտորեն ինքնակենսագրական է։ Նրա կենսական սկզբունքները համահունչ են իր հերոսների բարոյախոսությանն ու փիլիսոփայությանը, ինչը եւ նրանց առանձնահատուկ կենսականություն եւ հրապուրանք է հաղորդում։ Գրքից գիրք հեղինակն ու հերոսը քայլում են կողք կողքի՝ սկսած պատանի Նիք Ադամսից, վերջացրած ծերունի Սանտյագոյով։ Հավանաբար, ստեղծելով նրանց, Հեմինգուեյն ապրում է ներքին ինքնադաստիարակության ընթացքը եւ իր վրա զգում նրանց ազդեցությունը։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO