Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հուշապատում

Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից մեկն էր Հայաստանում։ Բնությունն էլ ունի իր ազգային պատկանելությունը։ Հենց այդպիսին էր Սեւանա կղզին, այստեղ կարծես ամեն ինչ հայկական էր, ժայռերը՝ դարերով կանգնած որպես կղզու հողերի պահապաններ Սեւանա բուռն ալիքներից։
Ժայռերն իրենց տեսքով կարծես ճերմակ մորուք ունեին՝ ընկղմված լճի ջրերի մեջ, ողջ լճակը ծածկված էր զարմանալի գեղեցիկ քարերով, դրանք հիմնականում հրաբխային ծագում ունեին, երեւի նույնպիսի քարերով պատված էր Սեւանի ողջ ընդերքը, ողորկ, մուգ—մոխրագույն, տեղ—տեղ ճերմակին տվող, երկարավուն կամ կլորիկ, անգամ սրտաձեւ։ Ինչ ձեւի, ինչ ժայռատեսակի քար ասես, որ չէիր գտնի Սեւանի ափերին ողջ կղզու պարագծով։ Իսկ ինչպիսի բուսականությամբ էր պատված ողջ կղզին, այդպիսի բույսեր այդպիսի բույրով չէիր գտնի աշխարհում։ Սեւանն էլ ամենագեղեցիկը երեւում էր հենց կղզու բարձունքից, ուր ամենաբարձր կետում խոյանում էր հնադարյան վանքը։ Վանքից ձախ՝ դեմ դիմաց Գեղամա լեռներին, մի իրական անտառ էր փռված՝ ուղիղ մինչեւ ջրերի երիզը։ Եթե վանքի տրամագծով ուղիղ ցած իջնեիր, կիջնեիր ներկայիս կառավարական ամառանոցի վրա, որը սկսեց գործել 1960—ական թվականների սկզբից։ Եվ ինչքան կոմունիստական իշխանությունը սկսեց, թեեւ արդեն ազգայինի անվան տակ, իր թալանչի գործունեությունը զարգացնել, այնքան անկուշտ ձեւով սկսեցին լայնացնել կառավարական տան սահմանները։ Ոչինչ, թեեւ կղզու մի քառորդ մասը «բռնագրավված» է եւ առանձնացված ժողովրդի երբեմնի հարազատ իշխանությունների կողմից, բայց փոխարենն այն պահվում է որպես մի անձեռնմխելի արգելոց։ Այստեղ ոչ մի խայտառակ շինություն չես տեսնի՝ «դոմիկ» անվամբ, «բեսեդկա»—ների տակ չես տեսնի մորթվող գառ կամ իշխանի փորոտիք, չես լսի թուրքական մուղամ կամ անճաշակ տեղական ռաբիս։ Այստեղ ամեն ինչ մնացել է կուսական վիճակում։ Գոնե թող մի պատառ էլ Սեւանա կղզուց մնար այդ վիճակում, ինչը Տերն է ստեղծել...
Ահա այդ արքայանիստ տարածքը անդի աշխարհից բաժանվում էր մի սովորական «շլագբաումով» ու պահակների տնակով։ Այդտեղից սկսվում էր Հայաստանի գրողների միության ստեղծագործական տան տարածքը։ Այստեղ երկու ճարտարապետական հրաշալիք են խոյացած, մեկը՝ 1935—1936 թթ. կառուցված վանքի համար բերված քարից, հանգստյան տան քառահարկ շենքը, որը նման է ծովով սուրացող սպիտակ նավի, եւ ավելի ուշ՝ 1960—1962 թթ. կառուցված ճաշարանի շենքը՝ ասես իշխան ձկան գլուխ, բարձունքից նայող ծովի ջրերին։ Երկուսն էլ 20—րդ դարի ճարտարապետական «խորհրդային մոդեռն ոճի» հազվագյուտ նմուշներ են մեծ հեղինակություն վայելող 20—րդ դարի ճարտարապետության պատմության մեջ։
Իմ պատմելիք «անաչառ դրվագը» վերաբերում է հեռավոր 1951 թվականին։ Գործողության վայրը, ինչպես կռահեցիք, Սեւանա կղզին է։ Օգոստոս ամիսն է, այդ հեռավոր օրերին հայաստանյան ղեկավարությունն անհամեմատ ավելի համեստ էր եւ դեռ իր ձեռքը չէր գցել հին աստվածների երբեմնի նստավայրի մեկ երրորդը՝ գրողների ծովափը կամ գրական զբոսուղին, որը դեպի ձախ ձգվում էր մինչեւ Ճգնավորի խուցը՝ ժայռերի մեջ եւ դեռ ավելի, ընդհուպ մինչեւ ՀԱՄԽ—ի «Սեւան» հանգստյան տունը (մի ուրիշ խոսակցության նյութ)։ Իսկ աջ կողմից, մինչեւ կղզու նշանավոր նավամատույցը, որը ներկայումս ավտոկայանատեղին է եւ դեպի վանքը տանող նշանավոր աստիճանները։
Սեւանի նավամատույցում էր իր խարիսխը գցել ողջ լճի միակ մարդատար նավը՝ «Միկոյանը», ի դեպ, այդ նավի մուտքը Հայաստան եւ ապա Սեւանա լիճ, պատկերել է Կոստան Զարյանը իր «Նավը լեռան վրա» վեպում։ Վարպետն էլ, իր հերթին, դեռ ամեն ամառ մի երկու ամսով գալիս էր տեսության իր Սեւան մորը, իր Սեւան դստերը, իր Սեւան յարին, իր Սեւան աստվածամորը... Մի Հայաստան, մի Սեւան...
Արդյոք հենց Հայաստանը սպանելու, չորացնելու, ցամաքեցնելու համար չէ՞ր կրեմլյան դահիճը կյանքի կոչել Սեւանի հոշոտման հանցագործ ծրագիրը։ Մենք՝ հայերս, Ավետիք Իսահակյանից, Մարտիրոս Սարյանից, Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ—ից, Վիկտոր Համբարձումյանից մինչեւ Սեւանա նավագնացության պետ կապիտան Կարապետյանը եւ գրողների հանգստյան տան պահակ, 7 զավակի հայր Տիկոն, դեմ էինք Սեւանհէկի կառուցմանը։ Բայց ինչ կարող էինք անել մենք՝ հայերս, որ հազիվ դուրս էինք պրծել «ժողովուրդների հոր» մի այլ, ավելի դժոխային ծրագրից՝ հայ ժողովրդին արտաքսել Ալթայան երկրամաս (1949 թվին նման մի փորձ արվեց)։ Ալթայից խուսափածն, անշուշտ, Սեւանի մասին հոգու խորքում կունենար մխիթարիչ հանգամանքներ (լիճը դեռ 50 տարի կգոյատեւի, իսկ Հայաստանը կդառնա մի մեծ բերքառատ այգի)։
Ահա, վերջերս միայն թերակղզի դարձած հրաշքի ափով քայլում էին մի խումբ գրողներ Ավետիք Իսահակյանի գլխավորությամբ՝ Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը, Հմայակ Սիրասը, Խորեն Սարգսյանը, կին գրողներ Աղավնին եւ Արշալույս Բաբայանը։ Մի խոսքով, արեւն արդեն թեքվել էր, եւ իրիկնադեմի մեղմ քամին էր փչում։ Ու հենց այդ քամին, հենց ասես ծովի մեջտեղից բերեց գրողներին լավ ծանոթ խոսքերը.
Երբ բաց եղան գարնան
Անուշ դռները,
Յարս էլ գնաց
Յայլաները Բինգյոլի...
Բայց այս խոսքերը գալիս էին երգի ձեւով, ափին էր մոտենում «Միկոյան» նավը, որից եւ հստակ լսվում էին շատերին դեռ անծանոթ նոր երգի խոսքերը։ Վարպետը զարմացած կանգնում է.
–Առաջին անգամ չէ, որ լսել եմ այս երգը։ Բայց այսպես կենդանի կատարմամբ, եւ խմբով են երգում։
–Հա, Ավետիք ջան, քո «Բինգյոլ» բանաստեղծությունն է, տեսնո՞ւմ ես, արդեն երգի են վերածել,–Նաիրի Զարյանն էր։
–Եկեք, ինչ կլինի, հեռու չենք, մոտենանք նավին՝ մի իմանամ, ո՞վ է երգողը, եւ ամենակարեւորը՝ ո՞վ է գրել երաժշտությունը։
Եվ խումբը, ես էլ հետները, շտապ մոտեցանք նավամատույցին, որ պարզենք, թե ով էր երգողը։ Գրողների մի պատկառելի խումբ մոտենում է «Միկոյան» նավին։
Մի քանի րոպեից «Միկոյան» նավը խարիսխ է գցում, եւ ուղեւորները, հիմնականում երիտասարդություն, սկսում են ափ իջնել։ Տեսնելով Վարպետին՝ ջահելները, մանավանդ աղջիկները, շրջապատում են նրան.
Երեխեք, երեխեք, մի տեսեք, Վարպետն է դիմավորում մեզ։
Չորս կողմից ժպիտ, ծիծաղ։
–Մի խնդրանք ունեմ, ցույց տվեք այն աղջկան, որը երգում էր վերջերս գրած բանաստեղծությունս՝ «Բինգյոլը»։
Շատ շուտով Վարպետի առջեւ հայտնվում է մի գեղեցկադեմ՝ 20—25 տարեկան աղջիկ։
–Դո՞ւ էիր, աղջիկս, երգում «Բինգյոլը»։
—Հա՛, ես, Վարպետ ջան, ընկերուհիներիս հետ միասին։
–Ապրես, շատ լավ էիր երգում, լսվում էր անգամ ափից։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվում։
–Աշխատում եմ Երեւանի կարի ֆաբրիկայում։ Մենք կիրակի օրով Սեւան ենք եկել մեր կոլեկտիվով։ Վարպետ ջան, «Բինգյոլը» Դո՞ւք եք գրել։
–Այո՛, աղջիկս։
–Ես չգիտեի, Վարպետ, արդեն մի ամիս կլինի մեր ֆաբրիկայում ընկերուհիներով երգում ենք «Բինգյոլը»։ Շատ ենք սիրում, մեր սրտից է։
–Ինձ շատ հետաքրքրում է, զավակս, ո՞վ է երգի երաժշտությունը գրել։ Ինձ էլ մի քանի անգամ այստեղ,–այնտեղ այդ երգը ականջիս կպել է, ասացի գնանք տաք հետքերով, վերջապես իմանանք՝ ո՞վ է գրել այդ մեղեդին։
–Իհարկե, գիտեմ, Վարպետ ջան, ինչպես Դուք լսել եք ձեր ժողովրդի հոգին ու գրել Ձեր բանաստեղծությունը, այնպես էլ ժողովուրդը կարդացել է Ձեր գրածը եւ այն երգի վերածել։
–Ախր «Բինգյոլը» ես գրել եմ ընդամենը մեկ տարի առաջ, ե՞րբ հասցրին։
–Դուք, Վարպետ ջան, գրել եք մեկ տարի առաջ, իսկ մենք սպասել ենք այդ երգին 40 տարի, երբ «Բինգյոլը» խլեցին մեր ձեռքից։ Ու հիմա Դուք այն վերադարձրիք։
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
20 հուլիսի, 2020 թ.
Ուշի

01-08-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO