Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի էթնիկ քարտեզը

Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ուժը

Թաթեր
Ադրբեջանի Հանրապետությունում այսօր ապրում են ժողովուրդներ, որոնք դարեր շարունակ բնակեցրել են այդ երկրամասը։ Դրանք հիմնականում իրանական ծագում ունեն, ինչպես՝ թալիշները, թաթերը, մեծաթիվ են նաեւ կովկասյան ծագման ժողովուրդները՝ լեզգիները, ավարները, ցախուրները, բուդուխները եւ այլք։ Մի շարք էթնիկ խմբեր էլ ուծացման արդյունքում ժամանակի ընթացքում հեռացել են պատմության թատերաբեմից։
Այսօրվա թյուրքալեզու տիտղոսակիր ժողովուրդը նույնպես միատարր չէ, այլ բաղկացած է տարբեր կլաններից եւ ցեղերից, որոնց մի մասը թուրքացած կամ թյուրքալեզու դարձած այլ ժողովուրդներ են, ինչպես օրինակ՝ թաթերը։ Որոշ աղբյուրների համաձայն՝ հենց թաթերն են այն հիմնական ենթաշերտը, որի հիման վրա ձեւավորվել է այսպես կոչված «ադրբեջանական հանրույթ»—ի մարդաբանական հիմնական միջուկը։
Թաթ եզրույթը թյուրքալեզու միջավայրում ապրող՝ հիմնականում իրանալեզու, ժողովուրդների ընդհանրացված անվանումն է։ Այն ի սկզբանե եղել է էկզոէթնոնիմ, որը հետագայում դարձել է ինքնանուն։ Թաթերն իրենց լեզուն անվանում են «պարսի», այսինքն՝ «պարսկերեն»։ Մեր տարածաշրջանում գոյություն ունեն երկու տեսակ թաթեր՝ կովկասյան թաթեր, որոնք են Ադրբեջանում եւ Դաղստանում ապրող իրանալեզու հանրույթները, եւ հարավային թաթեր, որոնք ապրում են Ատրպատականում։ Առաջինները, ըստ էության, պարսիկներից լծորդված մի խումբ են, երկրորդները՝ ունեն այսպես կոչված «մարական» ծագում եւ ցեղակից են այսօրվա թալիշներին։
Մինչեւ 19—րդ դարի վերջը եւ 20—րդ դարի կեսերը թաթերն ամփոփ բնակեցնում էին ամբողջ Ապշերոնի թերակղզին եւ Բաքվի նահանգը, Շամախիի եւ Ղուբայի երկրամասերը։ Ներկայումս Ադրբեջանի թաթերով բնակեցված ամենախիտ ավանը Լեռնային Շիրվանում (Իսմայլիի շրջան) գտնվող Լահիջն է, որի բնակչությունը, խոսելով թաթերեն եւ պահպանելով թաթական ինքնագիտակցությունը, կարող է որոշակի նախադրյալների դեպքում դառնալ համաթաթական զարթոնքի օջախ։
Թաթերը բաժանվում են 3 խմբի՝ մուսուլման թաթեր, քրիստոնյա թաթեր կամ հայադավան թաթեր եւ հրեա թաթեր, որոնք կոչվում են նաեւ լեռնային հրեաներ կամ ջուհուրներ։ Ադրբեջանի Հանրապետությունում եւ Հարավային Դաղստանում բնակվող մահմեդական թաթներն ու հրեա թաթերը, ինչպես նաեւ հայ թաթերը, որոնք այսօր վտարված են իրենց հարազատ վայրերից, խոսում են մեկ ընդհանուր լեզվի բարբառներով, որը հայտնի է որպես թաթերեն, սակայն այս երեք խմբերի էթնիկ արմատները տարբեր են։

Ուդիներ
Ադրբեջանի բնիկներից են ուդիները, որոնք ժամանակին եղել են Աղվանքի առանցքային ժողովուրդներից մեկը։ Ամենայն հավանականությամբ Աղվանք պետությունը կազմված է եղել ցեղամիավորումների կոնֆեդերացիայից, որոնք խոսել են մոտ բարբառներով։ Ուդիների անունը մնացել է Հայաստանի Ուտիք նահանգի վրա։
Այսօր Ադրբեջանում մնացել է ընդամենը մեկ գյուղ, որտեղ ուդիներ են ապրում, Նիժ գյուղն է։ Ինչպես նաեւ Վրաստանում Զինոբյանի գյուղը, որը հիմնվել է 1920 թվականի ջարդերից փախած ուդիների կողմից։ 1990—ական թվականների վերջին նրանց մեծ մասը փախավ Ադրբեջանից, մի մասը տեղափոխվեց Ռուսաստան, մյուս մասն էլ՝ եկավ Հայաստան։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում նշվում է 200 ուդի, սակայն որոշ մասնագետների կարծիքով, նրանց թիվը կարող է հասնել շուրջ 500—ի։ Հայաստանում ուդիները բնակվում են հիմնականում Երեւան քաղաքում, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներում ու շրջակա տարածքների գյուղերում։
Ուդիները հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, կրում են հայկական անուններ։ Թեեւ ուդիները ծագումով կովկասցի են, սակայն ինքնագիտակցությամբ եւ էթնոմշակութային չափանիշներով մշտապես կազմել են հայ ժողովրդի կարեւոր մասերից մեկը։ Հատկանշական է, օրինակ, որ ազգությամբ ուդի էին գեներալ Մովսես Սիլիկյանը, հայ ազգային—ազատագրական պայքարի խոշորագույն դեմքերից Սարգիս Կուկունյանը (ծնվել է Նիժ գյուղում) եւ նրա զինակիցներից շատերը։
Հայ—ռուսական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն, հայտնի արեւելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի խոսքով, ուդիերենը ուղղակիորեն Աղվանքի լեզվի շարունակությունն է։ Վերջերս հայտնաբերվել է Ավետարան Աղվանքի լեզվով, որը հնարավոր է եղել վերծանել ուդիերենի հիման վրա. «Ադրբեջանի իշխանություններն իրենց «հանդուրժողականությունը» ցույց տալու համար ներկայումս փորձում են օգտագործել ուդիներին, քանի որ վստահ են՝ մեկ գյուղում ապրող ժողովուրդը որեւէ կերպ չի կարող սպառնալ իրենց արհեստածին երկրի տխրահռչակ «տարածքային ամբողջականությանը»։

Թալիշներ
Տիտղոսակիր ժողովրդից՝ ադրբեջանցիներից հետո Ադրբեջանի Հանրապետության թվով երկրորդ ժողովուրդը թալիշներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կասպիական տարածքի ամենահին բնակիչների՝ կադուսների հետնորդներն են։ «Սեփական ազգային արմատները հստակեցնելու եւ կադուսների հետ կապը հաստատելու ձգտումը հանգեցրել է ներկայումս թալիշների ազգային ինքնագիտակցության եւ թալիշական ինքնության բյուրեղացման որոշակի գաղափարական տարրի առաջացմանը»,–ասաց գիտնականը։
Թալիշների երկիրը՝ Թալիշստանը, գտնվում է Կասպից ծովի հարավարեւմտյան մասում եւ բաժանվում է երկու մասի՝ հյուսիսային, որն այսօր Ադրբեջանի Հանրապետության կազմում է, եւ հարավային, որն ընդգրկում է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի հյուսիսային շրջանները։
Թալիշների ներկայիս թիվն Ադրբեջանում դժվար է որոշել ճշգրիտ տվյալների բացակայության պատճառով։ Պաշտոնական տվյալներով՝ նրանք 80 հազար են, իսկ իրականում՝ 1.5—2 մլն, որի մոտ մեկ միլիոնը խոսում է թալիշերեն, իսկ 500—700 հազարը երկլեզու են, մի մասն էլ թուրքալեզու է դարձել, բայց պահպանում է իր ինքնությունը։ Թալիշներն ապրում են նաեւ խոշոր քաղաքներում. Բաքվում՝ մոտ 200 հազար, Սումգայիթում՝ 100 հազարից ավելի։ Բաքվի արվարձաններից մեկը՝ Բինա ավանը, ամբողջությամբ թալիշաբնակ է։
Թալիշները հիմնականում շիաներ են, բացառությամբ շուրջ 25 լեռնային գյուղերի Աստարայի շրջանում, որոնք դավանում են սուննիզմ։ Չնայած կրոնական գիտակցության մեջ գերակշռում է մահմեդականությունը, սակայն թալիշների ժողովրդական հավատալիքներն ու սովորույթները պահպանում են բազմաթիվ տարրեր, որոնք գալիս են հին նախաիսլամական շերտերից։ Ադրբեջանում ապրող թալիշներն ունեն իրանամետ եւ ռուսամետ հայացքներ, որն ավելի է ուժեղանում Ադրբեջանի իշխանությունների կողմից բնիկ ժողովուրդների մշակութային եւ լեզվական ինքնավարության իրավունքների ոտնահարման համատեքստում։ Թալիշիների լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզուների հյուսիս—արեւմտյան կամ «մարական» խմբին է պատկանում եւ հանդիսանում է կասպյան շրջանի իրանական բարբառներից մեկը։
Թալիշների ինքնության զարթոնքը սկսվեց Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, երբ 1993 թվականին ստեղծվեց Թալիշ—մուղանյան երկրորդ հանրապետությունը։ Առաջինը ստեղծվել էր դեռեւս 1918 թվականին։ «Թեեւ ընդամենը երկու ամիս գոյատեւեց հանրապետությունը, սակայն մեծ հետք թողեց մարդկանց գիտակցության մեջ։ Հիմնադիրների մի մասին սպանեցին, մի մասը բանտարկվեց, նրանցից որոշները 10 տարի բանտում նստելուց հետո դուրս եկան, բայց շուտով մահացան բանտային ծանր պայմաններից հետո»,–ասաց Ասատրյանը։ Թալիշ—մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումբատովը (Հումմաթզոդա) դատապարտվեց մահվան, սակայն 12 տարի բանտում նստելուց հետո Հոլանդիայի միջնորդությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական պաշտպանի օգնությամբ արտաքսվեց Ադրբեջանից ու այժմ ապրում է Հաագայում։ Թալիշ—մուղանյան Հանրապետության մյուս լեգիտիմ ղեկավարը՝ Ֆախրեդին Աբոսզադեն, որը խորհրդարանի նախագահն էր՝ հայտնի գիտնական, գրող, բազմաթիվ գրքերի, բառարանների, քաղաքագիտական ուսումնասիրությունների հեղինակ, մինչեւ վերջին տարիներն ապրում էր Մոսկվայում։ Սակայն Ադրբեջանից նրա ձերբակալման հրաման է ուղարկվել եւ Մոսկվան կես տարի անց Աբոսզադեին հանձնում է Բաքվին։ «Աբոսզադեն թալիշական շարժման տեսաբանն էր։ Խիստ հայամետ անձնավորություն։ Նա անգամ փորձ արդեց Հայաստանից քաղաքական ապաստան ստանալ, բայց հնարավոր չեղավ օգնել նրան։ Այսօր թալիշական շարժման առաջնորդը գտնվում է բանտում։ Նրա ձերբակալումից հետո թալիշական շարժումը ծանր հարված ստացավ եւ հայտնվեց անաբիոզի պայմաններում»,–ընդգծեց նա։ Ներկայումս մի խումբ մարդիկ, որոնք ըստ էության, ստեղծեցին բոլոր հնարավոր պայմանները Աբոսզադեին ձերբակալման եւ արտահանձնման համար Մոսկվայում ծավալում են իմիտացիոն աշխատանքներ, իբր թե Թալիշական շարժումը առանց Ֆախրադինի էլ գոյատեւում է։ Իրականում տարաբախտաբար այդ բոլոր անձինք այս կամ այն կերպ աշխատում են Ադրբեջանի գաղտնի ծառայությունների հսկողության եւ ուղղորդման ներքո։

Լեզգիներ
Լեզգիները նույնպես տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից են։ Լեզգիերենը պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի նախ—դաղստանյան խմբին։ Լեզգիները սուննի մուսուլմաններ են։
Լեզգիների տարածքը Ռուսաստանին է միացվել 19—րդ դարի սկզբին։ 1918 թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնահռչակման եւ Հարավային Լեզգիստանի անեքսիայի արդյունքում լեզգիները բաժանվեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դաղստանում ներկայումս ապրում են մոտ 400 հազար լեզգիներ։
Ըստ լեզգի մտավորականության՝ Ադրբեջանում ապրում են մոտ 3 մլն լեզգիներ, սակայն, Ասատրյանի կարծիքով, դա բավական չափազանցված է. նրանց թիվը առավելագույնը կարող է լինել 1—2 մլն, որոնցից ինքնությունը պահպանում է մոտ 1 մլն—ը, նույնիսկ ավելի քիչ՝ 700 հազար մարդ։ Լեզգիները ավանդաբար հավաք կերպով բնակվում են Գուսարում, Ղուբայում, Խաչմազում, Իսմայիլի, Գաբալիի, Շաքիի, Բաքվի ու Սումգայիթի շրջաններում։
Լեզգիական շարժումն աշխուժորեն ընթանում է. ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրանց առավելությունը թալիշների հանդեպ այն է, որ Ռուսաստանում՝ Դաղստանում, ապրող լեզգիները շատ ակտիվ են եւ ունեն ինստիտուցիոնալ հնարավորություններ լեզգիական խնդիրը մշտապես բարձրաձայնելու եւ արծարծելու համար։ «Թեեւ լեզգիներն ունեն ազգային կազմակերպություններ, բայց, ի տարբերություն թալիշների, առավել շատ են ենթարկվել Ադրբեջանի ձուլման քաղաքականությանը ու դեռեւս չունեն գաղափարական ու քաղաքական պայքարի այն հասունությունը, որը բնորոշ է թալիշներին»,–ասաց գիտնականը։

Էթնոդեմոգրաֆիականից մինչեւ քաղաքական գործոն
Ի վերջո, ո՞ր ժողովուրդներն են կարող էթնիկ գործոն դառնալ Ադրբեջանի Հանրապետությունում։ Ընդհանուր առմամբ, եթե համարենք, որ Ադրբեջանում ապրում է 8—9 մլն բնակչություն, ապա առնվազն 35—40 տոկոսը բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ են՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ, նաեւ լեզգիական ծագում ունեցող այնպիսի փոքրաքանակ ժողովուրդներ, ինչպես ցախուրները, բուդուխները, նաեւ խինալուգները եւ այլք։ «Թաթերի ինքնության հարցը մի փոքր անթեղված վիճակում է։ Նրանք կարող են գործոն դառնալ, եթե Ադրբեջանում լայնածավալ պայքար սկսվի։ Միայն այս դեպքում թաթերի ինքնությունը դուրս կգա մոխրի տակից»,–կարծիք հայտնեց զրուցակիցս։
Ավարների մասով Ասատրյանը նշեց, որ նրանք նույնպես որոշակի գործընթացիների արդյունքում կարող են գործոն դառնալ, պարզապես նրանց մեծ մասը թուրքալեզու են։ Ավարների հաշվարկով իրենք 200 հազար են, բայց ըստ արեւելագետի՝ այդ թիվը 100—150 հազարի սահմաններում է։

Ինչ անելիք ունենք մենք

Սկսած 5-րդ դարից, միգուցե դրանից էլ առաջ, հայերը մշտապես ձգտել են լուսավորել կովկասյան ժողովուրդներին։ Այդ գործին իրենց մասնակցությունն են ունեցել թե՛ հայ մտավորականությունը, թե՛ զինվորականությունը եւ թե՛ կղերականությունը։ «Հայ միսիոներներն առաջիններից են եղել, որ նպաստել են Կովկասում քրիստոնեության տարածմանը։ Անցել են ժամանակներ ու, ընդհուպ մինչեւ 19—րդ դարի վերջը, մեր ժողովուրդը մշտապես հետեւել է այդ մարդասիրական ավանդույթին»,— մանրամասնեց Ասատրյանը։
Գիտնականն ընդգծում է, որ հայկական տարրը առհասարակ տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ուժը։ «Այդ ավանդույթը մեր օրերում նույնպես պետք է շարունակվի մեր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հանդեպ։ Մենք ի զորու ենք որոշակի ներդրում ունենալ նրանց լուսավորման՝ ինքնության եւ լեզվի պահպանման գործում։ Եթե Ադրբեջանը չի կատարում միջազգայնորեն ընդունված իր պարտականությունները, ապա դա պետք է դառնա մեր արտաքին քաղաքականության գլխավոր առանցքներից մեկը։ Ոչ ոք չի կարող մեզ այպանել դրա համար, ընդհակառակը՝ մենք ձեռք կբերենք ե՛ւ այդ ժողովուրդների համակրանքն ու սերը, ե՛ւ կվաստակենք համաշխարհային հանրության հարգանքը որպես տարածաշրջանային լուրջ խաղացող։ Այս ուղղությամբ ոչինչ չպետք է խնայել, ցանկացած ներդրում՝ լինի դա նյութական, թե բարոյական, հարյուրապատիկ հատուցվելու է։ Միայն այս ոլորտից պետք է հեռու պահել դիլետանտներին եւ պատեհապաշտներին, որպեսզի, ինչպես մեր ժողովուրդն է ասում, ունքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք»,— իր խոսքն ամփոփեց պրոֆեսոր Ասատրյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

01-08-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO