Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նիկոլո Մաքիավելին՝ կառավարաբան

Ինչպես բոլոր մեծ մտածողների, այնպես էլ իտալացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական եւ պետական գործիչ, կառավարաբանության, պետականագիտության եւ ռազմագիտության խորունկ տեսաբան Նիկոլո Մաքիավելիի (NiccolՑ di Bernardo dei Machiavelli, 1469–1527) գաղափարները հետագա սերունդները հարմարեցրել են ի-րենց ըմբռնմանը: Զարմանալի չէր «Մաքիավելիի կառավարման 500 տարին» գիտա-ժողովի առթիվ նրա ժառանգներից Բեատրիս Մաքիավելիի հայտարարությունը, թե Մաքիավելին կասեր, որ ինքը «երբեք չի եղել մաքիավելական»: Միանգամայն տեղին է, քանի որ «մաքիավելականության» այն ըմբռնումը, թե դա անսկզբունքային, ծայրահեղորեն եսական, բարոյական նորմեր չճանաչող մարդու վարվելակերպն է, հիմնված չարաբաստիկ «նպատակը արդարացնում է միջոցները» կարգախոսի վրա, իրականում հեռու է պետության բնույթի, իշխանության էության եւ պետության ղեկավարի կառավարչական գործելակերպի մասին Մաքիավելիի շիտակ դատողու-թյուններից:
Եվ խոստովանենք այն դառը ճշմարտությունը, որ Նիկոլո Մաքիավելիի մասին աղավաղված պատկերացումն այլեւս չի էլ փոխվելու. «մաքիավելականություն» հասկացությունն ամրագրված է հոգեբանության, քաղաքագիտության եւ բարոյագիտության մեջ, նույնիսկ մշակված են անհատի մեջ «մաքիավելական» գծերը պարզելու թեստեր: Նման քարացած պատկերացման ամենացայտուն օրինակը «դարվինիզմի» էության ըմբռնումն է. հարցրեք նույնիսկ բարձրագույն կրթության տեր մարդկանց եւ կլսեք, թե իբր Չարլզ Դարվինի ասածն այն է, որ... մարդը կապիկից է առաջացել: Եվ եթե նրանցից մեկը հանկարծ որոշի կարդալ Դարվինի «Տեսակների ծագումը» հիմնարար գիրքը եւ դրանում նման միտք չգտնի, ապա միեւնույնն է... պնդելու է կապիկի վարկածը: Նույնը վերաբերում է Մաքիավելիի «Իշխանավորը» գրքին. գրված է պարզ լեզվով, բայց բնավ էլ հեշտ չէ հասկանալը, մանավանդ եթե արդեն ունենք կանխակալ կարծիք: Հեգելի բնութագրած «անկենդան գիտելիքը» ամենուր է, եւ ինչքան էլ տարօրինակ հնչի ասածս, գիտության առաջադիմությանը, կրթական ընդհանուր մակարդակի բարձրացմանը զուգահեռ «զարգանում է» նաեւ կիսագրագիտությունը, ավելանում է թերուս մարդկանց քանակը: Սա «իմանալու» («տեղյակ լինելու») եւ «հասկանալու» միջեւ այն վիհն է, որ մեր օրերի համացանցն ավելի է խորացնում, հանգեցնում իմացական պարադոքսի՝ «ավելի ու ավելի շատ գիտենք, բայց ավելի ու ավելի քիչ ենք հասկանում»:
Նիկոլո Մաքիավելիի գործն ու փիլիսոփայությունը հասկանալու համար սկսենք նրա առաջին եւ ամենահայտնի գրքի անվան ճշտումից: «Di principatibus» («Պրին-ցիպատներ», այսինքն՝ պետություններ) աշխատությունը գրվել է 1513 թ.. նամակնե-րից մեկում Մաքիավելին այդպես էլ մեկնաբանում է իր աշխատանքը՝ հետազոտու-թյուն «պետություն» երեւույթի, դրա տեսակների, ծագման, հզորացման եւ կործան-ման պատճառների մասին: Գիրքը հրատարակվել է հեղինակի մահվանից հետո, 1532-ին՝ «Il Principe» անվանումով: Ռուսերեն թարգմանվել է «Князь», «Государь», «Властелин», «Принц», հայերեն՝ «Տիրակալը», «Իշխանը»: Ավելի ստույգ է, ըստ իս, «Իշխանավորը»: Բանն այն է, որ Մաքիավելին ակնարկում է Հին Հռոմեական կայս-րության սկզբնական շրջանին (մ.թ.ա. 27–մ.թ. 193) բնորոշ պետության եւ համապա-տասխան կառավարման ձեւը, այսպես կոչված՝ «պրինցիպատը»: Հանրապետական ավանդույթներն այստեղ պահպանված են (թեպետ՝ առավելապես ձեւականորեն), եւ «պրինցեպսը» (princeps) ծերակուտականներից առաջինն է միայն: Ուստի իրավաբա-նորեն նրա գործառույթը ոչ թե սոսկ տիրելն է, անկաշկանդ կամքով իշխելը (ինչպես հաջորդ ժամանակաշրջանի՝ «դոմինատի» օրոք), այլ կառավարելը՝ իշխանության գործադրումը՝ ըստ որոշակի, այդ թվում նաեւ վերանձնական պահանջների ու պա-տասխանատվության:
Մաքիավելիի համար պետությունը գերագույն արժեք է, իր հարազատ Իտալիայի մասնատվածությունը հաղթահարող, ազգը միասնականացնող քաղաքական եւ կազ-մակերպական կառույց: Ուստի նրա համար պետության ղեկավարի գործելակերպի քննարկումն ածանցյալ թեմա է, ենթակա պետության հզորության ապահովման գեր-խնդրի լուծմանը: Հասկանալի է, որ ղեկավարի ցանկալի տիպարը ոչ թե թագավորն է, կայսրը կամ իմպերատորը, այլ հատկապես «պրինցեպսը»: Արդ, եթե չենք պահպա-նում այդ բառը (ինչպես հինհռոմեական պաշտոնատարների անունները՝ «կոնսուլ», «պրետոր», «քվեստոր», «էդիլ»), ապա ճիշտը «իշխանավոր» բառն է. համենայն դեպս իրերի տրամաբանությունն ավելի հարազատ է արտահայտում, քան ազնվա-կան կոչում հիշեցնող (նաեւ իշխելու ժառանգական իրավունք ակնարկող) «Իշխա-նը», առավել եւս բռնապետի յուրատեսակ տարազ «Տիրակալը»:
Մեկ փաստարկ եւս. Մաքիավելին ծագումով ազնվական էր, սակայն՝ հանրապե-տական կառավարման ջատագով, 14 տարուց ավելի եղել է Ֆլորենցիայի Հանրապե-տության, այսպես կոչված՝ «երկրորդ գրասենյակի քարտուղար», ընտրովի մի պաշ-տոն, անվանվել է նաեւ «երկրորդ վարչապետ» (secondo cancelliere): 1512 թ. բռնապե-տություն հաստատած Մեդիչիների օրոք հալածվել է, բանտարկվել, աքսորվել, այն-պես որ «Տիրակալի» կամ «Իշխանի» մասին դատողությունների նա բնավ հակված չէր: Իհարկե, նա ուժեղ պետության կողմնակից է եղել, բայց դա անարխիզմի գաղա-փարախոս Միխայիլ Բակունինին հիմք չպիտի տար Մաքիավելիին միապետական հռչակելու: Մաքիավելիի համար միապետության հաստատումն ընդամենը հարկա-դրյալ, հանգրվանային պահ է հանրապետությանն անցնելու ճանապարհին:
Մինչ բովանդակային քննարկումը՝ մեկ անգամ էլ «մաքիավելականության» մա-սին: Ահա թե ինչ ենք կարդում Նապոլեոն Բոնապարտի մտորումների գրքում. «Քա-ղաքականության մեջ ամենից կարեւորը սեփական նպատակին հետամուտ լինելն է. միջոցները ոչինչ չեն նշանակում»: Իսկ Նապոլեոնը իրեն «մաքիավելական» չի հռչա-կել, դեռ ավելին՝ քանիցս բացասաբար է արտահայտվել Մաքիավելիի մասին՝ որպես քաղաքագետի եւ ռազմագետի: Միտքս այն է, որ «նպատակն արդարացնում է միջոց-ները» հավատամքը բնորոշ է եղել եւ այսօր էլ բնորոշ է ռազմական, քաղաքական, պետական շատ գործիչների, եւ դրանում Մաքիավելիի մեղքը չկա:
Արդ, Նիկոլո Մաքիավելիի կառավարաբանական հայեցակարգի հիմնական գա-ղափարը իշխանության եւ կառավարման տարբերակումն է: «Պրինցեպսը» կառավա-րում է, եւ նա իշխանություն ունի այնքանով, որքանով իրականացնում է կառավա-րողի դերը: Որքան հաջող, հմտորեն, խելամիտ է կառավարում, այնքան ավելի է ամրապնդվում նրա իշխանությունը: Իսկ թե ինչպես՝ իմանում ենք «Իշխանավորը» գրքից:
Որեւէ իշխանավորի մասին դատելիս, ըստ Մաքիավելիի, հարկավոր է տեսնել, թե ովքեր են նրա վստահելիները՝ մերձավորները, օգնականները, խորհրդատուները. «Եթե դրանք գործունյա են եւ հավատարիմ, ապա իշխողին կարելի է անվերապա-հորեն իմաստուն համարել, քանի որ նա կարողացել է զանազանել պիտանի մարդ-կանց ու իրեն նվիրված պահել»: Իսկ եթե այդպիսին չեն, ապա տեղին է իշխանավորի մասին անբարենպաստ եզրակացությունը. «նա իր առաջին սխալը կատարել է հատ-կապես այդ ընտրության մեջ»: «Իշխանավոր–խորհրդատու» փոխհարաբերություն-ների կարգավորման մաքիավելական (ոչ թե «մաքիավելական») խորհուրդներին առանձին կանդրադառնանք, այստեղ միայն գնահատենք թիմային աշխատանք կատարելու պահանջը, «վստահության գործոնի» կարեւորության շեշտադրումը:
Մաքիավելի հասկանալու համար, նախ՝ համոզվենք, որ նրա ձեւակերպումները կառուցված են՝ «եթե... ուրեմն» եւ «քանի որ... ուստի» պատճառակցական սկզբուն-քով, այսինքն՝ եթե իշխանության գործադրման պայմաններն այսպիսին են, ուրեմն կառավարողը պետք է գործի հատկապես դրանցից ելնելով: Իշխանավորը պետք է ունակ լինի ճկուն կերպով փոփոխելու ոչ միայն իր գործողությունները, այլեւ վար-վելակերպի սկզբունքները, «որպեսզի ըստ անհրաժեշտության դառնա իր իսկ հակա-պատկերը», մասնավորապես՝ «հանուն պետության պահպանման դեմ գնա հավա-տարմությանը, մերձավորների հանդեպ սիրուն, մարդկայնությանը, կրոնին»:
Իշխանավորը «չպետք է խուսափի բարիք գործելուց, եթե դա հնարավոր է, բայց եւ պետք է կարողանա բռնել չարիքի ճանապարհը, եթե դա անհրաժեշտություն է»: Այստեղից էլ բխում է կայուն իշխանության պայմանը. «Իշխանավորը, եթե ցանկա-նում է պահպանել իր իշխանությունը, պիտի ձեռք բերի բարյացակամ չլինելու ունա-կություն եւ օգտվի կամ չօգտվի դրանից ըստ անհրաժեշտության»:
Մաքիավելիի բոլոր դատողություններն ու խորհուրդները լիովին տեղավորվում են ժամանակակից «իրավիճակային առաջնորդման» հայեցակարգի շրջանակներում: Այսպես, «Իշխանավորը» գրքում մեկ ամբողջ գլուխ վերնագրելով «Թե ինչ կերպ է պարտավոր իշխանավորը կատարելու իր խոսքը», նախապես ընդգծում է, թե, իհարկե, առհասարակ ինքնին լավ է լինել խոսքի տերը, եւ թե բոլորն էլ կհամաձայնեն, որ իշխանավորին պատշաճ է միշտ լինել խոսքի տերը: Բայց ահա պատմությունը ցույց է տվել, որ ավելի երկար են իշխանությունը պահում հատկապես նրանք, ովքեր սովոր չեն իրենց խոսքի տերը լինել: Առավել եւս պետք չէ սեփական խոսքի գերին լինել, եթե դրանից տուժում է քո իշխանությունը. դարձյալ բազում օրինակներ կան, թե ինչպես են տված խոստումին տեր կանգնած թագա-վորները զրկվել իշխանությունից (նաեւ կյանքից), իսկ խոստումնազանցները՝ բարգավաճել: Դարձյալ իրավիճակն է թելադրում իշխանավորի համարժեք վարքագիծը. «Խելամիտ իշխանավորը պարտավոր չէ կատարել իր տված խոստումը, եթե դա շրջվում է իր իսկ դեմ, մանավանդ՝ եթե խոստումը կատարելու այլ հիմքեր էլ չկան»:
Ուշադրություն դարձնենք Մաքիավելիի այն վերապահությանը, որ դարձյալ մեզ ուղղորդում է դեպի իրավիճակի ստույգ հաշվառում. «Եթե բոլոր մարդիկ լավը լինեին, ապա նման խորհուրդը կլիներ անբարո, բայց քանի որ մարդիկ չարն են եւ իրենք էլ չեն կատարում քեզ տված խոստումը, բնավ էլ պարտադիր չէ, որ ինքդ կատարես նրանց տրված խոստումը: Եվ միշտ էլ իշխանավորը կգտնի օրինական հիմքեր խոստման դրժումը գունազարդելու համար»: Իհարկե, հրաշալի կլինի, որ հպատակները սիրեն իշխանավորին, այլ ոչ թե վախից ենթարկվեն: Բայց դարձյալ կյանքը ցույց է տալիս, որ ենթակաների սերը փոփոխական է, անցողիկ, իսկ վախը կարող է լինել մշտական: Ուստի գերադասելի է կառավարչական այն լծակը գործա-դրել, որը քեզ է հասու՝ վախ ներշնչելը, բայց դարձյալ վերապահումով՝ «վախենան, բայց չատեն»:
Այս հիմքով էլ կառուցվում է կառավարման փիլիսոփայությունը. քանի որ մարդիկ չար են, խոստումնազանց, ուստի արդարացված է ամեն տեսակի դաժանություն հա-նուն պետության, ասել է, թե՝ նույն այդ մարդկանց կյանքի եւ ունեցվածքի պահպան-ման:
Մարդկանց մեծ մասը ղեկավարի գործողությունների մասին դատում է ըստ ար-տաքին տպավորության, դա հարկավոր է հաշվի առնել, եթե լուծում ենք «լինե՞լ, թե՞ երեւալ» երկընտրանքը: Իշխանավորը կարող է իրականում լինել առաքինության տիպար, բայց «առավել կարեւոր է երեւալ այդպիսին», քանի որ մարդկանց մեծա-մասնությունը դատում է ըստ տեսածի, ոչ թե ըմբռնածի. քչերն են տարբերում երեւու-թականը եւ իրականը, իսկ առհասարակ «ամբոխը հրապուրված է արտաքինով»:
Եվ դարձյալ այս հանգամանքը իշխանավորին թելադրում է որոշակի վարքագիծ, այն է՝ «լինել ձեւացնելու եւ կեղծիքի մեծ վարպետ. չէ՞ որ մարդիկ այնքան պարզա-միտ են եւ հոգսաշատ, որ կեղծողը միշտ էլ կգտնի հավատացողների»: Ուստի հա-ջորդ խորհուրդն այն է, թե իշխանավորը բնավ էլ կարիք չունի լինելու ողորմած, բար-յացակամ, մարդասեր, աստվածավախ եւ այլն. դրանք նույնիսկ կարող են վնասել նրան, ահա թե ինչու ավելի կարեւոր է կեղծել այդ հատկությունները, քան իրակա-նում ունենալ:
Նիկոլո Մաքիավելիի «Իշխանավորը» կարելի է անվանել «Լավագույն կառավար-ման ձեռնարկ վատթարագույն պայմաններում»: Գրվել է, ինչպես ասվեց, 1513 թ., Մե-դիչիների միահեծան իշխանության պայմաններում, եւ մռայլ իրողությունն է արտա-հայտված գրքի էջերում: Եվ մեր «իշխանավորը», որպես պետության ղեկավար, ոչ թե հաշվենկատ «մաքիավելական» է, այլ ողբերգական կերպար, որը կարող է բարիք գործել, բայց անողոք իրականության պարտադրանքով չարիք է գործում:
Այդուհանդերձ, իտալացի մեծ հումանիստը մեզ լավատեսություն է հուշում, գրքի վերջում քննարկելով ճակատագրի եւ մարդու ազատ կամքի հարաբերակցությունը: Շատերն են, գրում է նա, հուսահատ, ասելով, թե ամեն ինչ կատարվում է մեզանից վեր ուժերով, եւ մենք անզոր ենք որեւէ բան փոխելու: Երբեմն ես էլ եմ հուսահատ-վում, շարունակում է Մաքիավելին, ապա հիշեցնում իր հավատամքը, այն է՝ «ճակա-տագիրն է տնօրինում մեր արարքների կեսը, բայց մնացած կեսը կամ մոտավորապես այդքանը նա թողել է մեր կամքին»: Ահավասիկ ա՛յս լույսով է հարկավոր կարդալ եւ հասկանալ իտալացի մեծ մտածողի մտքերը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

15-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO