Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որ փայտը թողնենք անտառին, գոմաղբն էլ տանք հողին

Էկոգյուղատնտեսության խնդիրներին անդրադառնալիս՝ համապատկերում հաճախ ենք խոսել անտառները չհատելու եւ հողերին բնական պարարտանյութ՝ գոմաղբ տալու անհրաժեշտության մասին։ Բայցեւ դիտարկել ենք՝ այո՛, հասել ենք մի վիճակի, երբ անտառները հատելն անթույլատրելի է, այո՛, անտառը չհատելով մարդը դարձյալ կարող է եկամուտներ ստանալ՝ հենց նույն անտառի բարիքներից օգտվելով, բայց ինչ առաջարկել անտառի մոտ ապրող մարդուն՝ իբրեւ վառելափայտ եւ ինչ առաջարկել անտառից հեռու ապրող մարդուն, որ իբրեւ վառելափայտ գոմաղբ է նաեւ գործածում։
Առիթով ներկայացրել ենք պելետների ու բրիկետների մասին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին հարցրել ենք, թե բնակչությանը կարո՞ղ ենք իբրեւ այլընտրանք առաջարկել թերթաքարային պաշարների գործածումը՝ հաշվի առնելով այն, որ խորհրդային տարիներին դրանցից բրիկետներ սարքելու մասին խոսք եղել է։ Կարո՞ղ ենք արագ բիզնես անել։ Ի պատասխան փոխնախարարը նկատել էր, թե այդ պահի դրությամբ այդ ոլորտը չի ուսումնասիրել եւ չի ուզում ոչ պրոֆեսիոնալ քայլ անել ու խոսել այդ մասին։ «ՀՀ»-ն նույնիսկ տվյալներ էր մեջբերել, ըստ որի՝ նշվում էին այրվող թերթաքարերի պաշարները Իջեւանի, Շամուտի եւ Ջերմանիսի տարածքներում՝ 17-18 մլն տոննա քանակով։ 6 մլն տոննայի պաշար էլ կա Դիլիջանի տարածքում։ Այսքանը հետազոտվածի մասին է։ Թերթաքարի հեռանկարային քանակը 128 մլն տոննա էր (դեռ 2015 թ. տվյալներով)։
Ինչեւէ, այս թեման առկախ մնաց՝ տարբեր պատճառներով. ավելի երկարատեւ, ժամանակատար ու ծախսատար լինելու, բավականաչափ ուսումնասիրված չլինելու, շրջակա միջավայրի պահպանությանը հարիր չլինելու եւ այլն։ Բացի այդ՝ երեւան եկավ ավելի արագ ծրագիրը՝ էկոբրիկետների արտադրությունը: Նախորդ տարեսկզբին տեղեկություն եղավ, որ Կոտայքի մարզում ծղոտից էկոբրիկետների արտադրություն է հիմնվել։ Եվ այդ պահի տվյալներով՝ 1 տոննա բրիկետն արժեր 80 հազար դրամ։ Մակուլատուրայից էլ բրիկետների արտադրության փորձ կա։ Այս տարի նկատեցինք, որ արդեն «list.am»-ում բրիկետների (այս դեպքում՝ ծղոտ եւ ցորենի թեփ) վաճառքի հայտարարություններ կան՝ բայց 1 տոննան արդեն 90 հազ. դրամ։
Փաստորեն, 1 տ բրիկետը փայտից 2-2.5 անգամ թանկ է դուրս գալիս։ Այո, համաձայնում են բրիկետ արտադրողները, բայցեւ՝ այդ 1 տ բրիկետը փոխարինում է 3-4 տ փայտին, շրջակա միջավայրին չի վնասում եւ կօգնի փրկել մեր անտառները։
Անտառ-գոմաղբ-բրիկետ շրջանակը մեր տեսադաշտից բաց չթողեցինք: Արդեն կարող ենք այլ հավելումներ անել: Հայաստանի գյուղական բնակավայրերում վառելափայտի/գոմաղբի օգտագործման նվազեցման մոտեցումներ. իրագործելիության ուսումնասիրություն էր արվում (ՏԿԵ, էկոնոմիկայի, ՇՄ նախարարություններ, գերմանական համագործակցություն) եւ արդեն կա ծախս-օգուտ վերլուծությունը (հաշվետվություն՝ Գ. Արաբյան)։
Ըստ այդմ, իրագործելիության ուսումնասիրության շրջանակում հանդիպումներ են եղել տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների, հկ-ների եւ համապատասխան գործողություններ իրականացնող այլ կազմակերպությունների հետ: Բացի այդ, փաստահավաք այցեր են արվել տարբեր մարզեր (Շիրակ, Լոռի, Կոտայք եւն)` հաշվի առնելով ինչպես անտառից հեռավոր, այնպես էլ անտառներին հարակից տարածքները, տարբեր կլիմայական պայմանները (ձմռան տեւողությունը եւ սառնությունը): Դաշտային այցերի ընթացքում քննարկումներ են եղել համայնքների, բրիկետ արտադրողների, ջեռուցման սարքեր արտադրողների, հնարավոր գործընկերների հետ: Ըստ հանդիպման արդյունքների, վառելափայտը եւ գոմաղբը շարունակում են մնալ ջեռուցման համար հիմնական վառելիք գյուղական բնակավայրերի մեծ մասում:
Բայց քանի որ վերջին տարում վառելափայտը թանկացել է, հսկողությունն էլ խստացվել, գյուղերում նաեւ անցել են այլ վառելիքի՝ ներառյալ բնական գազի: «Կան նաեւ դեպքեր, երբ տնային տնտեսությունները (ՏՏ) օգտագործում են ռետինե, պլաստիկ եւ այլ նյութեր որպես վառելիք, ինչը վնասակար է առողջության համար… Առատ ծղոտե ռեսուրսային բազա ունեցող որոշ համայնքներում մեծ հետաքրքրություն կա ծղոտե բրիկետների՝ որպես ջեռուցման վառելիքի արտադրության եւ օգտագործման նկատմամբ: Գյուղական շատ ՏՏ-ներ դեռ օգտագործում են տեղական արտադրության տան մեկ կետում տեղադրված անարդյունավետ վառարաններ»,- ասվում է ուսումնասիրությունում:
Նշվում է նաեւ, որ ներկայումս Հայաստանում չկա հաստատված մեթոդաբանություն, սարքավորումներ կամ լաբորատորիա` պինդ կենսավառելիքով (վառելափայտ, բրիկետ) աշխատող ջեռուցման սարքերի (վառարաններ, կաթսաներ) արդյունավետությունը գնահատելու համար:
Հասկանալի է, որ արդյունավետ վառարանները կամ կաթսաները, որոնք համակցված են ծղոտե այլընտրանքային կենսազանգվածային վառելիքի հետ, կնվազեցնեն վառելափայտի եւ գոմաղբի օգտագործումը. փայտը կթողնենք անտառին, գոմաղբն էլ կտանք հողին: Ուսումնասիրվե՞լ է, թե ինչու այդ վառարանների ու կաթսաների գործածումը չի տարածվում: Պարզվում է՝ այո, ուսումնասիրվել է, եւ նաեւ նշվել այս տեխնոլոգիաների տեղակայման ու տարածման հիմնական
խոչընդոտները: Դրանք վերաբերում են. 1. արդյունավետ վառարանների/կաթսաների
առկայությանն ու մատչելիությանը, 2. մեծ քանակությամբ ծղոտի պաշարներ ունեցող համայնքներում ծղոտե բրիկետներ օգտագործելու համար հարմարեցված տեխնոլոգիաների անհրաժեշտությանը կամ ծղոտե բրիկետների հասանելիությանը, 3. այլընտրանքային կենսազանգվածային (ծղոտ) վառելիքի առկայությանն ու մատչելիությանը, 4. կենսավառելիքով աշխատող ջեռուցման կենտրոնացված համակարգին անցնելու դեպքում նախնական մեծ ներդրումներին, 5. ՏՏ եւ համայնքներում արդյունավետ սարքերի (վառարան, կաթսա) առավելությունների մասին ոչ բավարար տեղեկացվածությանը, 6. անարդյունավետ սարքերի փոխարինման եւ այլընտրանքային կենսավառելիքի օգտագործման համապարփակ պետական ռազմավարության անհրաժեշտությանը։
Այսինքն՝ կրկին հանգում ենք մատչելիության ու ներդրումների խնդրին: Նաեւ՝ բրիկետների շուկայական գնից զատ հաշվարկվե՞լ են արդյոք տեղափոխման ծախսերը կամ ի՞նչ արժեն դրանք գործածելու համար նախատեսված վառարանները: Կամ՝ բրիկետավորման կետերը կարո՞ղ են բավարարել պահանջարկը, այդչափ հումք որտեղի՞ց են վերցնելու: Այս եւ այլ հարցեր առանձին կքննարկենք:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-09-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO