Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մարդը բնությանը բարեկա՞մ, ենթակա՞, թե՞ տիրակալ…

Սեպտեմբերի 16-ը Օզոնի շերտի պահպանման միջազգային օրն է

Ինչի մասին ինչպես էլ դատենք, համենայնդեպս, փաստը հետեւյալն է. ներկա ժամանակներում մթնոլորտում աճել է ջերմոցային գազերի քանակությունը: Իսկ այդ գազերը պարզապես Արեւից եկող էներգիան պահում են Երկրի մակերեսին մոտիկ, արգելում են, որ ցրվեն ու հեռանան: Անշուշտ, այս գազերը մթնոլորտում միշտ են եղել: Ուղղակի, վերջին 1-1,5 հարյուրամյակում աճել է դրանց քանակությունը: Եվ ասում են` հիմնականում մարդու գործունեության հետեւանքով: Գիտատեխնիկական առաջընթացն է ծնել այս իրավիճակը: Հատկապես` 19-դ դարի երկրորդ կեսից, երբ աննախադեպ զարգացում ապրեց մարդկությունը: Զուգահեռաբար ավելի շատ ջերմոցային գազեր սկսեցին արտանետվել մթնոլորտ:

Որո՞նք են այդ գազերը եւ ի՞նչ ճանապարհով են շատանում: Ամենատարածվածը ածխաթթու գազն է` CO2-ը: Ապա մեթանն է, որի պարունակությունը չնայած փոքր է մթնոլորտում, բայց իր ջերմոցային էֆեկտով ածխաթթու գազից ուժեղ է 21 անգամ: Մյուսը ազոտի ենթօքսիդն է, այս գազը ջերմոցային էֆեկտով CO2-ից ուժեղ է 310 անգամ: Անշուշտ, կան նաեւ հազարավոր, տասնյակ հազարավոր անգամ ուժեղ ջերմային էֆեկտով գազեր, բայց դրանց քանակությունը համեմատաբար փոքր է:

Եվ այսպես` ածխաթթու գազի ամենամեծ աղբյուրն այն էներգետիկ ձեռնարկություններն են, որտեղ որպես վառելիք օգտագործվում է նավթը: Ածխաթթու գազ են արտանետում նաեւ ավտոմեքենաները: Մեթանի աղբյուր են Երկրագունդը գոտեւորող բնական գազի խողովակները, որոնցից հաճախ մթնոլորտ կարող է արտանետվել այդ գազը: Արտանետման աղբյուր են նաեւ մի շարք, հատկապես սպեցիֆիկ արտադրություններ:

Մարդկության վերջը գալու է... տավարից

Չզարմանաք. մեր, ասել է` թե մարդու խոնարհ բարեկամները մեկ էլ տեսար դարձան նրա գերեզմանափորները: Եվ գիտե՞ք, թե ինչպես. հատկապես խոշոր եղջերավոր անասունները վայելած կերը մարսելու ընթացքում ավելացնում են մեթանի պարունակությունը: Որոճում են, ստամոքսներում տեղի են ունենում աղիքային խմորումներ, ապա բխկում են ու մեթան արտանետում մթնոլորտ: Հիմա կասեք՝ Երկիր մոլորակի վրա կովը միշտ է ապրել ու անխռով որոճացել, ինչո՞ւ վտանգավոր դարձավ այսօր: Բանն այն է, որ ներկայումս չափազանց շատացրել ենք մեր եղջերավոր բարեկամներին: Որովհետեւ շատացել ենք եւ մենք. մարդկությունը 19-րդ դարից այս կողմ 1 միլիարդից հասել է 7-8 միլիարդի:

Իհարկե, աղիքային խմորումների հետեւանքով մեթան են արտանետում նաեւ մյուս կենդանիները` ձիերը, ոչխարները, խոզերը, թռչունները, բայց քանակական առումով չես համեմատի խոշոր եղջերավորների արտանետումների հետ:

Միայն մարսողությամբ չէ, որ կենդանիները պատուհասում են մեզ. նաեւ նրանց գոմաղբն է վտանգավոր գազերի աղբյուր: Իսկ ներկայումս, չմոռանանք, շատացնելով անասունները՝ մարդկությունը հընթացս խոշորացնում է դրանց բուծելու տնտեսությունները: Գոմաղբը (թռչնաղբը` նույնպես), միանգամից ի վիճակի չլինելով ոչնչացնել, հավաքում-կուտակում է ավազաններում, որտեղից էլ տեղի է ունենում անցանկալի գազերի հաջորդ արտանետումը: Անօդ տարածության մեջ արտադրվում է մեթան ու, եթե այն չօգտագործես որպես կենսագազ, կլցվի մթնոլորտ:

Ջերմոցային գազերի աղբյուր են նաեւ կենցաղային աղբը, կեղտաջրերը, ճահճացող հողերը եւ այլն, եւ այլն: Բավարարվենք այսքանի թվարկումով:


Ճիշտն ու սխալը

ՄԱԿ-ի հովանու ներքո է գործում Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը: Այս կազմակերպությունն իր հստակ դիրքորոշումն է որդեգրել. մարդն է միջամտում բնության գործերին, եւ նրա գործունեության հետեւանքով է այս ամենը տեղի ունենում: Ուստի եւ ամբողջ ուժով, գիտական ողջ պոտենցիալով փորձում է պայքարել այս երեւույթների դեմ, իսկ ավելի ճիշտ` չեզոքացնել կամ գոնե նվազեցնել դրանք: Ոչինչ չի խնայվում. ահռելի գումարներ են մեջտեղ նետվում տարբեր հետազոտությունների եւ տարաբնույթ աշխատանքների համար:

Բայց ո՞րն է էականը. պարզվում է, այնուամենայնիվ, մարդկության «ուղեղների» մի մասն այլ կարծիք ունի Երկրագնդի վրա կլիմայի փոփոխության պատճառների վերաբերյալ եւ, ըստ էության, մարդկության այս հերոսական ու անձնուրաց պայքարը դիտում է որպես կռիվ հողմաղացների դեմ: Գիտնականների այս խումբը պարզապես կարծում է, որ մարդը շատ փոքր է բնության մեջ ինչ-ինչ հավասարակշռություն խախտելու համար, որ կլիմայի փոփոխության պատճառը տիեզերածին է. վերեւում են գործընթացներ տեղի ունենում, որոնց հետեւանքով փոփոխության է ենթարկվում Երկիր մոլորակի կլիման: Մասնավորապես, փոփոխությունները կատարվում են Արեւի վրա:

Ո՞րն է ճիշտ, ո՞րը սխալ՝ ոչ ոք չգիտի: Կարծում եմ` չի էլ կարող իմանալ: Այնուամենայնիվ, գիտնականների այս երկու խումբը վիճում են, կռվում են, փորձում են համոզել մեկը մյուսին սեփական փաստարկների ճշմարտացիության, նաեւ մեղադրել դիմացինին հարցերը խեղաթյուրելու մեջ: Եվ մեկ միասնական դիրքորոշման չեն գալիս: Հեռու չգնանք. երբ ՄԱԿ-ի` կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող փորձագետների խումբը պարգեւատրվեց Նոբելյան մրցանակով, մրցանակակիրների թվում էր եւ Ռուսաստանի Գլոբալ կլիմայի եւ էկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Յուրի Իսրայելը: Նա մրցանակը ստանալուց հետո հրապարակավ հայտարարեց, որ կլիմայի փոխոխության մարդածին գործոնն էական չէ. պատճառները պետք է փնտրել տիեզերական երեւույթների մեջ:


Կգտնի՞, թե՞ կկորցնի…

Որքան էլ տարբեր, նաեւ հակադիր լինեն կածիքները, այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները շարունակվում են: Չշարունակվելու տարբերակ լինել չի կարող հատկապես այնպիսի երկրների համար, որոնք վաղն անմիջականորեն կարող են կրել եւ անգամ այսօր են կրում փոփոխության ազդեցությունը: Նման երկրները պարզապես չեն կարող ձեռքները ծալած նստել: Մասնավորապես, Սկանդինավյան երկրներն են, Հոլանդիան է, Բելգիան է, Եվրամիության երկրներն են: Խնդրեմ` Հոլանդիայի պարագան. այն ծովի մակերեւույթից ցածր է, ուստի ջերմաստիճանի տաքացման հետեւանքով եթե ծովի ջրերը բարձրանան, տարածքների մի մասը կմնա ջրի տակ: Նման վտանգ կարող է սպառնալ եւ Բելգիային: Իսկ գոլֆստրիմ օդային տաք հոսանքի վարքագծի փոփոխությունն արդեն աղետաբեր կլինի ոչ միայն այս երկրների համար: Գոլֆստրիմն առաջանում է Ամազոնիայի մոտ, շարժվում է Ատլանտյան օվկիանոսով, անցնում է Սկանդինավիայի մոտով եւ իրենով պայմանավորում Եվրոպայի կլիման: Աստված մի արասցե, եթե գոլֆստրիմը փոխի ուղղությունը. եվրոպացիները պարզապես «կարթնանան» Սիբիրում:

Այս ամենը` «եթե»-ով: Բայց ներկան էլ մխիթարական չէ: Ընդ որում, երկրագնդի վրա փոփոխությունները հիմնականում բաշխվում են անհավասարաչափ: Առավելապես երեւան են գալիս հյուսիսային կիսագնդում: Դա էլ հասկանալի է. այս տարածքներն առավել խիտ են բնակեցված, հիմնականում զարգացած տնտեսությամբ երկրներ են, հետեւաբար, նաեւ շատ են արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտի քանակությունն է մեծ, մի խոսքով, առավել լուրջ ներկայություն ունեն մարդկային մտքի զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացը: Եվ այս հատվածներում կլիմայի փոփոխության հետեւանքներն իրենց զգացնել են տալիս առավել ջրհեղեղների տեսքով, նաեւ` փոթորիկների: Ընդհանրապես, ջերմաստիճանների անգամ փոքր տարբերությունն արդեն առաջացնում է օդի հսկայական հոսանքների տեղաշարժեր, ինչն էլ հենց դառնում է փոթորիկների առաջացման պառճառ:

Էլ չենք խոսում այն մասին, որ բեւեռում արդեն հալչում են այսբերգները, բարձրանում է օվկիանոսի մակարդակը, իրենց «լավ չեն զգում» նաեւ սպիտակ արջերը, անգամ ոչնչացման եզրին են...

Ու որքան էլ ոմանց կարծիքով` ընդամենը կռիվ հողմաղացների դեմ, այնուամենայնիվ, կատարվում են ամենատարբեր աշխատանքներ աշխարհի տարբեր ծայրերում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ: Ավելին, մարդկային մտքի խիզախությունը կարող է անասելի սահմաններ չափել. պատկերացնո՞ւմ եք` մտածում են անգամ տասնյակ հազարավոր կիլոմետրերով բարձրանալ, խորանալ տիեզերքի մեջ ու այստեղ ցրել հատուկ նյութեր, որոնք կկլանեն արեւի ջերմությունը: Իսկ թե, եթե սառը գլխով դատենք, նման ձեռնարկներն ինչպիսի՞ անակնկալներ կարող են մատուցել Երկրի բնակչին, ոչ ոք չի կարող ասել: Գուցե Փոքր մարդու այս կռիվը Մեծ բնության դեմ չների հենց ինքը` բնությո՞ւնը. ո՛վ գիտի: Բայց մարդը, այնուամենայնիվ, խիզախում է կամ փորձում է խիզախել: Չնայած, հիրավի, անհայտ է, թե որտե՞ղ կգտնի նա եւ որտե՞ղ կարող է կորցնել:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO