Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Տիեզերանվաճ աստղաֆիզիկոսը

Մարդը չպետք է մեծ նշանակություն տա իր անձին, գլխավորը գործն է

1996 թ. գարնանը մամուլում գրվեց. «Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, գրեթե բոլոր երկրների ակադեմիաների անդամը ամսական 50 դոլար է ստանում, նստում է վառարանի մոտ, լույսը ստանում է ժամերով… Նա կապված է երկնքի հետ եւ երկրից չի բողոքում: Իր իմաստուն դարը ապրում է արժանապատվորեն՝ փորձելով հասկանալ այս տարօրինակ աշխարհը»:
Իսկ ինչ է մտածում այս տարօրինակ աշխարհի՝ մեր մեծերի, մասնավորապես, տիեզերանվաճ աստղաֆիզիկոսի՝ Վիկտոր Համբարձումյանի մասին մեր ազգային փառքերից մեկը՝ Հրանտ Մաթեւոսյանը. «Նրանք մեր հիշողությունն են: Նա մեր ընդհանրական հիշողությունն էր: Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, եւ ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, եւ ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, եւ մեր հայացքները երկնքին են դառնում, եւ մահկանացուի մեր խեղճ ու կրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություն ենք բացում: Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բաց ու շիտակ մեր կերպարներով: Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց եւ աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը: Նա մեզ հարաբերեց 20-րդ դարի հետ, եւ 21-րդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն, ներկայությամբ: Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե շքեղ ծիրը: Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն»:
«Աշխարհի բոլոր աստղագետների հետ միասին աննկարագրելի կերպով հիանում եմ այն առաջնակարգ ներդրումներով, յուրահատկությամբ եւ փայլով, որոնք պրոֆեսոր Համբարձումյանը մտցրեց վերջին հիսուն տարիների ընթացքում աստղագիտության մեջ»,- իր հիացումի ու գնահատանքի խոսքը Վիկտոր Համբարձումյանի հանդեպ այսպես է արտահայտել Ամերիկայի մեծագույն աստղագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սուբրախմանյան Չանդրասեկարը: Եվ սա վերաբերում է մի մարդու, ով «ինքն իրեն այդքան էլ մեծ մարդ չի համարում»:
Գիտության համեստագույն հսկան ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, սովորել է ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարանի ասպիրանտուրայում: 1935-ին ատենախսության պաշտպանությամբ նրան շնորհվել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան: Աշխատել է Լենինգրադի համալսարանում՝ որպես դոցենտ-պրոֆեսոր, այնուհետեւ իր իսկ հիմնադրած, ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնում՝ վարիչ, այնուհետեւ՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
1943 թ. Հ. Օրբելու եւ Վ. Համբարձումյանի ջանքերով Երեւանում հիմնադրվում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան: Վ. Համբարձումյանը դառնում է ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը եւ փոխնախագահը: Իսկ 1947-ին ընտրվում է ակադեմիայի նախագահ եւ շուրջ կես դար ղեկավարում գիտության այդ տաճարը:
Պատերազմից անմիջապես հետո՝ 1946-ին, հիմնադրում է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը: Նույն տարում կյանքի է կոչում նաեւ Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կատարված հետազոտությունները կանխորոշեցին 20-րդ դարի 2-րդ կեսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Նա մեծապես նպաստել է Հայաստանում ռադիո-էլեկտրոնիկայի, քիմիական, մեքենաշինական, լեռնային արդյունաբերության զարգացմանը:
Համաշխարհային գիտության պատմության մեջ նոր էջ են բացել Համբարձումյանի ներդրումները տեսական աստղաֆիզիկայի, աստղային միգամածությունների, աստղային դինամիկայի, ատագալակտիկական աստղագիտության, աստղերի եւ գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտության բնագավառում: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկական հիմունքները, հայտնագործել աստղակույտեր, աստղակույտերի աստիճանական քայքայման երեւույթը եւ առաջադրել աստղակույտերի տարիքի որոշման սկզբունքը: Նրա մշակած շատ գաղափարներ դուրս են եկել աստղաֆիզիկայի շրջանակներից՝ ստանալով ընդհանուր մեթոդաբանական նշանակություն եւ խթանել գիտության այլ բնագավառների զարգացումը:
Մեծ աստղաֆիզիկոսի անկշռելի վաստակը համաշխարհային գիտության մեջ գնահատվել է արժանվույնս՝ կրկնակի արժանացել է պետական մրցանակների, 1995-ին՝ ՌԴ պետական մրցանակին: Նա Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է, պարգեւատրվել է ամենաբարձր ու ամենատարբեր շքանշաններով, Ոսկե մեդալով: Իսկ ամենաբարձրը, թերեւս, նրա՝ ՀՀ Ազգային հերոսի կոչումն է:

Վ. Համբարձումյանն ասել է.
-Առանց երեւակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը՝ առանց հեռադիտակի:
-Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս՝ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
-Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ՝ գաղափարներ, եւ այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդ սերունդներին հայոց լեզուն:
-Եթե գիտության եւ տեխնիկայի բնագավառում մեր ժողովուրդը կարողանա առաջանալ մինչեւ մարդկության առաջին շարքերը, ապա հենց դրանով նա իր համար կստեղծի անսասանելի եւ անանց ազգային անկախություն:
-Ամեն ոք նախ եւ առաջ պետք է լինի համեստ. համեստությունն է մարդուն երջանիկ դարձնում:
-Մարդու բանականության ուժը անսահման է:
-Առայժմ մարդը չի կարող ապրել տիեզերքում, եւ դա շատ լավ է:
-Կարծում եմ՝ աստիճանաբար մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարեւոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք անպայման գոյություն ունեն տիեզերքում:
-Ինձ համար ամենամեծ բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է:
-Եթե մահկանացուն հասկանում է բնական երեւույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից եւեթ պետք է հաշտվի ու չվախենա մահից: Դա է հավերժի օրենքը:
-Ես ինձ այդքան էլ մեծ մարդ չեմ համարում, ուստի այդ մասին չեմ էլ մտածում:
-Մարդը չպետք է մեծ նշանակություն տա իր անձին, գլխավորը գործն է:


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

18-09-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO