Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը

Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: Ինձ թվում էր՝ այդ տարիների ընդհանուր ոգեւորությանը չի միաձուլվում. մտազբաղ էր միշտ: Տարիքիս համապատասխան պարզունակ հարց տվեցի մի օր. «Ուրախ չե՞ս, չե՞ս ուզում անկախանալ»: «Անկախությունը սարի օդի պես բան է, ո՞նց չեմ ուզի»,-ասաց: Հետո պիտի Սահյանի մոտ գտնեի՝ «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը»...
«Բա ինչի՞ ես տխուր»,-շարունակեցի: «Տխուր չեմ,-ժպտաց,-մտահոգ եմ, դժվար է լինելու, երկար է լինելու, կդիմանա՞նք, կհամբերե՞նք, կսպասե՞նք: Հոգու պահանջը հենց լուծեցինք, պիտի անցնենք կարիքների պահանջին: Այ էստեղ էլ կսկսվի մեր փորձությունը»…
«Կարիքների պահանջ» պապս տնտեսությանը վերաբերող ամեն հարցի էր ասում՝ տան, կոլխոզի, հողի, գյուղի, շրջանի, երկրի: «Կարիքների պահանջը» բավարարվե՞ց՝ կդիմանանք, ոտքի վրա կկանգնենք, կհաղթենք:
Դիմացանք, կանգնեցինք, հաղթեցինք: Ու հիմա մտովի խոսում եմ պապիս հետ՝ հոգու հարցերը մի կողմ դնելով ու «պահանջին» գալով:
Ի՞նչ տվեցին անկախության այս տարիները: Կամ եթե ավելի ճիշտ ձեւակերպենք՝ ի՞նչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը՝ այն պնդացնելու ու հզորացնելու համար: Տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող զրուցակիցներս լավատես են՝ այո, բացթողումներ եղել են ու կան, բայց ձեռքբերումներն ու հաջողություններն էլ անպակաս չեն: Ապացույց՝ մեր այսօրն ու մեր երկիրը…


Գնահատական տալը հեշտ է, արվա՛ծը պիտի գնահատենք

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների՝ էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանը հակիրճ է ամփոփում մեր նոր անկախության ընթացքը:
90-ականներին հայտնի պատճառներով համակարգը կոլապսի մեջ էր: Էներգետիկ ճգնաժամից հետո համակարգը քայլ առ քայլ զարգացել է՝ էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը տարեցտարի ավելի ու ավելի բարձրացնելով: Այսօր ոլորտի օրենսդրական դաշտը այնքան զարգացած է, որ առաջատար պետությունների համանման օրենսդրությունների հետ համեմատել կարող ենք: Տարածաշրջանի շատ երկրներ մեզնից հետ են մնում, հետխորհրդային շատ երկրներ՝ նույնպես: Մեր օրենսդրական դաշտը շատ ավելի կատարելագործված ու վերջնական տեսքի բերված է, բոլոր իրավահարաբերությունները կարգավորված են, հստակեցված: Մեր էներգահամակարգը բավականին զարգացած է: Վերջին 20-25 տարիներին շատ գործ է արվել:
Իսկ ի՞նչ կարող էինք անել այս տարիներին, որ չենք արել, ի՞նչ բացթողումներ ու թերացումներ ենք ունեցել: «Գիտեք, չէի ուզի բացթողումներից ու թերացումներից խոսել,-ասաց Հակոբ Վարդանյանը,-որովհետեւ ժամանակի հեռվից միշտ հեշտ է գնահատական տալը, թե ինչ կարող էինք անել, բայց չենք արել: Ես ձեզ հավատացնում եմ՝ ցանկացած ժամանակահատվածում արվել է այն, ինչ հնարավոր է, ինչն էլ չի արվել՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի արվել: Ունենք այն, ինչ ունենք: Գնահատենք եղածը, ձեռքբերածը հիմքում ունենալով՝ առաջ շարժվենք: Հիմա էներգահամակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2040 թ. զարգացման ռազմավարական ծրագիրն արդեն վերջնական լրամշակման փուլում է՝ լուրջ վերլուծություններով ու
զարգացման հստակ ու հաշվարկված ուղղություններով: Համակարգը լրիվ նոր աստիճանի կգա՝ է՛լ ավելի բարձրացնելով ոլորտի անկախության ու անվտանգության, հուսալիության մակարդակը՝ ի շահ մեր տնտեսության ու երկրի զարգացման»:

Ատոմային դպրոցը ոչ միայն պահեցինք, այլեւ զարգացրեցինք

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը կանգից հետո կայանի վերաշահագործման փաստն ընդգծելով՝ առանձնահատուկ տեղ տվեց մեր երկրին, ոլորտին ու մեր մասնագետներին: Անկախությունն իրենց համար այդ գործն է ու իրենց գործն օրը 24 ժամ՝ ամեն վայրկյան ու առանց դադարի լավ անելն է: «Վերաթողարկման ժամանակ մեզ շատ օգնեցին ռուսական ընկերությունները, բայց հիմնական աշխատանքները Հայաստանի մասնագետների միջոցով է արվել»… Այ, այստեղից էլ սկսվե՜ց մեր հպարտությունը…
ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ԱԷԿ-ում աշխատող ռուս, ուկրաինացի մասնագետները հեռացան: Մնացինք մենակ: Մեզ համար սա բոլորովին նոր իրավիճակ էր, սովոր էինք ամեն ոլորտում ամեն ինչ միասին անել. սովետական կառուցվածքն էր այդպիսին: Բայց չխառնվեցինք, շատ կարճ ժամկետում պատրաստեցինք մեր մասնագետներին: «Եվ այսօր արձանագրում ենք. ՀԱԷԿ-ի անձնակազմը լիովին կարողանում է միջուկային էներգետիկայի ոլորտում շահագործման աշխատանքներ անել: Մենք կարողացանք ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել մեր դպրոցը: Հիմա մեր մասնագետներն աշխատում են այլ երկրների ատոմակայաններում եւ ոչ միայն չեն զիջում այդ երկրների մասնագետներին, այլեւ բարձր համարում ունեն: Մենք հիմա մասնագետների պատրաստման որեւէ խնդիր չունենք»,-ասաց Մովսես Վարդանյանը: Սա՛ է անկախությունը:
Այս տարիների տքնաջան ու պրոֆեսիոնալ աշխատանքը բերել է նրան, որ այսօր միջազգային փոխգործակցության բավարար մակարդակ ունենք թե՛ երկրների, թե՛ մատակարարների հետ: Գործընկերային լավ հարաբերություններ ունենք ատոմային ոլորտի տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Մատակարարումների շղթան չի ընդհատվել, ու հարաբերությունները չեն «սառել» նույնիսկ այս համավարակի պայմաններում:
«Անկախությունը մեզ սովորեցրեց նորովի ապրել,-շեշտեց ատոմակայանի տնօրենը,-սովորեցրեց սեփական ուժերին ապավինած ապրել: Անկախությունը մեզ տվեց, մենք՝ անկախությանը»:

Տնտեսություն եւ բնապահպանություն. պիտի կարողանանք միասին քայլեցնել

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսօր բացթողումներից ու թերացումներից չի խոսի: «Ամեն օր խոսում եմ սխալներից, մտահոգություններից, հիմա լավն էլ ի ցույց կդնեմ»,-ծիծաղում է:
Եվ սկսում է այս տարիների ամենամեծ նվաճումից՝ «Սեւանի մասին» օրենքի ընդունումից. «Սովետմիության տարիներին այդպիսի բան չկար: Վերջապես ընդունեցինք ու արձանագրեցինք՝ Սեւանի մակարդակը պետք է բարձրանա: Եվ սկսվեց բարձրացումը, մի քանի տարի պարբերաբար արվեց դա: Ու կարողացանք փրկել Սեւանը՝ մեր տնտեսական, սոցիալական ու ռազմավարական նշանակության ջրային պաշարը: Նաեւ՝ վերջապես սկսեցինք խոսել բնապահպանական փորձաքննությունից: Այո, սովետական տարիներին էլ ստանդարտներ կային, բայց սա բոլորովին այլ բան էր: Լավ ենք անում, թե վատ՝ այլ հարց է, բայց հասկացությունը մտավ՝ իրավական դրսեւորումներով»: Ու սա նշանակում է՝ տնտեսությունն ու բնապահպանությունը պիտի կարողանանք միասին քայլեցնել: Հաջողելու պարագայում կշահեն տնտեսությունն էլ, բնությունն էլ:
Անկախության այս տարիներին շատ հարցերում չենք հաջողել. Սեւանին վերաբերել ենք բացառապես իբրեւ սպառողի, այնպես ու այնքան ենք սպառել, որ ձկնաշխարհի խզում ենք առաջացրել: Վերցրել ենք ու վերցրել, տալու ժամանակն է: «Սեւանի հանդեպ պարտք ունենք: Վերադարձնելու ժամանակն է,-ասաց Բարդուխ Գաբրիելյանը,-«Սեւանի մասին» օրենքի պահանջները կատարելու ժամանակն է: Մենք մեկ անգամ կասեցրել ենք Սեւանի անկումը: Կարողացել ենք, հաջողել ենք: Հիմա էլ պետք է անենք: Խնդրի լուծումը կա: Բավարար կամք պետք է ցուցաբերվի: Սեւանի էկոհամակարգը բարվոք վիճակի բերելը բոլորիս շահն է: Դա մեզ թույլ կտա բարձրորակ ջրային մեծ պաշար ունենալ: Ի՞նչ է, չենք տեսնում ջրային ոլորտում միջազգային ինչ զարգացումներ են տեղի ունենում: Մենք ռազմավարական առավելություն ունենք: Պարտավոր ենք եւ պետք է գնահատենք: Սա՛ է նաեւ անկախության արժեքը հասկանալու ձեւը»:

Տոնը մեղրով քաղցրացնենք

Այս օրով ոչ մի քննարկում, ոչ մի հետադարձ հայացք, ոչ մի թերացում ու բացթողում, միայն լավն ու ձեռքբերումը: Որովհետեւ տոնն էլ է քաղցրանալ ուզում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշում է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բանակցություններ են տարվել մեղրի արտահանման ուղղությամբ: Համաձայնացվել են մեղրի արտահանման սերտիֆիկատները, եւ արդեն երկու հայկական կազմակերպություն ստացել են գրանցում ու կարող են իրենց արտադրանքը արտահանել չինական շուկա:
Զրուցակիցս նշանակալի ձեռքբերում է համարում վերջին մեկ տարում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացում ՍԱՏՄ ներդրումն ու աշխատանքը. «Նույնիսկ համավարակի պայմաններում ոչ մի օր չենք դադարեցրել այս ուղղությամբ մեր աշխատանքները՝ խորհրդատվությունը, ցուցումները, այցելությունները կառուցվող սպանդանոցներ, տեղում ուղղորդումները… Հիշու՞մ եք տարվա սկզբին մսագործների դժգոհությունը, բողոքի ակցիաները… Այսօր արդեն խնդիրների մեծ՝ հիմնական մասը լուծված է: Հանրապետության պահանջարկը 70-80 սպանդանոց է, այս պահին գործում են արդեն 67-ը»:
Այս համատեքստում Գեորգի Ավետիսյանը կարեւորեց հանրապետության տարածքում միս-մսեղիքի վաճառքի շուկայում պարբերաբար իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքը. այն է՝ անհամեմատ բարելավվել են մսի տեղափոխման ու վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:
Համավարակով պայմանավորված՝ ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ սննդի շղթայի տնտեսավարողների շրջանակում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի: Վերջին երկու-երեք շաբաթում խախտումներ գրեթե չէին հայտնաբերվում:

Համընթաց շարժում՝ սպասելիքներով հանդերձ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը շեշտում է՝ անկախությունը ազատ տնտեսահարաբերություններ բերեց: Ինչը, բնականաբար, դրական արձագանք ունեցավ թե՛ տնտեսավարողների եւ թե՛ սպառողների համար: Տնտեսավարողների համար, որովհետեւ կյանքն ապացուցում է, որ մրցակցային հարաբերությունները բերում են որակյալ արժեքների ստեղծմանը եւ սպառողների համար, որովհետեւ սպառողը որակյալ ապրանքի ու ծառայությունների իրավունքն ունի: Շուկայական տնտեսությունը տնտեսավարողներին ստիպում է գեներացնել միտք, գեներացնել առաջարկներ, որոնք վերջնարդյունքում բերում են բարեկեցիկ կյանքի ու բարեկեցիկ հասարակության:
«Իհարկե, բացթողումներ եղել են ու կան,-նշեց Գեղամ Գեւորգյանը,-որովհետեւ սա մեզ համար տնտեսական նոր իրավիճակ էր, նոր հարաբերություններ, նոր կառույց ու մասնագետներ: Նոր իրավիճակում, բնականաբար, երբեմն ունեցանք ոչ արդար մրցակցություն, որի հետեւանքով երբեմն որոշակի վնասներ էլ ունեցանք: Բայց դրանից պետք չէ վախենալ, որովհետեւ ամբողջ աշխարհում շուկայական հարաբերությունների հենց սկզբում եղել են նմանատիպ երեւույթներ: Բայց այսօր արդեն ուրախությամբ կարող ենք նշել, որ ունենք բոլորովին նոր վիճակ ու նոր հարաբերություններ: Վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտն էր հրապարակել, որ Հայաստանում մրցակցությունը գրանցում է էական բարելավում: Դա կարելի է համարել մեծ ձեռքբերում: Ես լիահույս եմ՝ մենք մոտ ապագայում ունենալու ենք շատ ավելի նոր որակի շուկայական հարաբերություններ»:
ՏՄՊՊՀ նախագահը առաջիկա 5 տարիների տեսլականից խոսելիս ասաց. «Կցանկանայի տեսնել բիզնես հարաբերությունների նոր մշակույթ, փոփոխություն: Որպեսզի լինենք ոչ թե տուգանող-պատժող կառույց, այլ ավելի շատ՝ ուղղություն տվող: Հավատացած եմ՝ դա տեղի կունենա: Նախադրյալները կան. փոփոխություններ կան եւ՛ բիզնեսի ոլորտում, եւ՛ հանրության շրջանում, եւ՛ պետական կառավարման համակարգում: Սկսել են բավականին խորը հասկանալ մրցակցության իմաստն ու դրա անհրաժեշտությունը»:
ՏՄՊՊՀ-ն անկախության տարիքից փոքր է՝ ստեղծման 20-ամյակն է նշելու այս տարի: Բայց, ըստ էության, անկախությանը համընթաց քայլում է՝ տնտեսությանը բնորոշ բոլոր բացասական ու դրական դրսեւորումներով, սպասելիքներով ու հեռանկարներով հանդերձ:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO