Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սեպտեմբերի 21՝ Անկախության օր

1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է առանձնանում 1991-ի սեպտեմբերի 21-ը։ Ի՞նչ հարց լուծվեց այդ օրը մեզ համար։
2. Սեպտեմբերի 21-ի արժեքը, խորհուրդը կարողացա՞նք պահել-պահպանել ու դարձնել մեր հետագա զարգացումների հիմնաքար, թե՞ անխնա վերաբերվեցինք դրանց եւ վրիպումներ թույլ տվեցինք։

«ՀՀ»-ն այս երկու հարցն ուղղեց մեր մի քանի գործիչների։ Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները։

Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան
Հայկական ազգայինն ու ժողովրդավարականը նույնն են

1. Առաջին հարցի վերաբերյալ ասեմ, որ Սեպտեմբերի 21-ի տեղը մեր պատմության կողմից շատ պարզ է, բայց դա չի նշանակում, թե մինչեւ վերջ հասկացված է։ 1991-ին վերականգնվեց Հայաստանի Հանրապետության լիարժեք անկախ կարգավիճակը: Հայաստանի Հանրապետությունը 1991-ին չի ստեղծվել, այլ 1918-ի մայիսին, եւ այդ պահից ցայսօր գոյություն ունի մեկ Հայաստանի Հանրապետություն:
Սովետական շրջանում՝ 1920/21-1991 թթ., Հայաստանը ֆորմալ իմաստով պահպանեց իր ինքնիշխանությունը (ըստ սովետական սահմանադրության՝ Սովետական Հայաստանն ինքնիշխան պետություն էր, որն իր ինքնիշխանության մի մասը՝ արտաքին հարաբերություններն ու անվտանգության ապահովումը, զիջում էր ԽՍՀՄ կենտրոնական կառավարությանը), սակայն փաստացի վերածվեց վարչական եւ մշակութային ինքնավարության: Այդուհանդերձ, որպես սահմանափակ ինքնիշխանությամբ պետական միավոր, Հայաստանի Հանրապետությունը գոյատեւեց, ինչը կարեւոր է, քանզի նրա պետական ապարատը, վարչական փորձը փոխանցվեցին նորանկախ Հայաստանին:
Հայաստանի անկախանալու փաստերը եւ՛ 1918-ին, եւ՛ 1991-ին մի կողմից արդյունք էին նպաստավոր հանգամանքների՝ Ռուսական կայսրության եւ Սովետական Միության փլուզումների, բայց մյուս կողմից՝ ներքին ջանքի ու պայքարի: Հայերի մեջ քաղաքական անկախության գաղափարը վերածնունդ է ապրել 19-րդ դարի վերջին: Սկզբնապես դրա կրողները երիտասարդ մտավորականներն ու ուսանողներն էին, բայց՝ ո՛չ բոլորը, այլ հատկապես գյուղացի դասակարգից դուրս եկածները: Հենց գյուղացի դասակարգն էլ հետագա տասնամյակներում կրեց ազատագրական պայքարի բոլոր զոհողություններն ու ջանքերը:
Հայկական պայքարն ի սկզբանե եղել է ոչ միայն ազգային, այլեւ սոցիալական։ Դա հայ ժողովրդի մեծամասնությունը կազմող գյուղացիության, նաեւ մասամբ քաղաքների ներքին խավերի՝ արհեստավորների եւ մյուսների պայքարն էր հանուն ազգային եւ սոցիալական ազատության, որն առաջնորդվում էր նույն գյուղացիությունից դուրս եկած երիտասարդ մտավորականների կողմից, եւ որն իր ժամանակին կոչվում էր հայկական հեղափոխություն: Հայկական բարձր դասակարգերը՝ հատկապես հայ բուրժուազիան, նաեւ նրա շահերն արտահայտող լիբերալ մտավորականությունը, նաեւ, որոշ կարեւոր բացառություններով, հայ կղերի վերնախավը (բայց ոչ շարքային հոգեւորականությունը) գրեթե անմասն էին այդ պայքարին։ Հաճախ անգամ թշնամանք էին քարոզում հեղափոխության դեմ:
Կարեւոր է նաեւ այն, որ 1991-ին անկախության լիարժեք վերականգնումը կրկին միայն արտաքին հանգամանքների արդյունք չէր, այլ գագաթնակետն էր 1988-ի փետրվարից մեկնարկած եռամյա համառ եւ կազմակերպված պայքարի, որը սկսվեց որպես Ղարաբաղյան, բայց պատմական տրամաբանությամբ բացահայտեց իրեն որպես հանուն անկախության շարժում:
Սա շատ կարեւոր փորձ էր, քանի որ ի սկզբանե Ղարաբաղյան շարժումն անկախության հարց չէր դնում, այլ դիրքավորվում էր որպես հավատարիմ Սովետական Միությանը: Սակայն պայքարի փորձը հասունացրեց այն գաղափարը, որ առանց անկախության հնարավոր չէ որեւէ ազգային հարցի լուծում:
Այդ պայքարի մեջ կայացան անկախ Հայաստանի հիմնարար գաղափարները՝ «երրորդ ուժի բացառման օրենքը» (Ռաֆայել Իշխանյան), «մշտական թշնամիներ ու մշտական բարեկամներ չունենալու» դրույթը եւ այլն, որոնք հետագայում, ցավոք, չդարձան մեր գիտակցության մշտական, կայուն մաս: Հայկական պետությունը ոչ թե պարզապես հռչակվեց, այլ ինքնակազմակերպվեց որպես Շարժում, եւ Շարժումը դարձավ պետություն. շարժումից ծնվեցին նոր քաղաքական դաշտը, հայկական նոր բանակը, պետական նոր վերնախավը եւ այլն:
Այս ամենը, ինչպես նաեւ հետագայում հաղթանակը ղարաբաղյան պատերազմում լրիվ այլ որակ տվեցին հայկական անկախությանը, քան եթե այն պարզապես ձեւավորվեր որպես ԽՍՀՄ փլուզման արդյունք: Իսկ սոցիալական իմաստով Ղարաբաղյան շարժումը վերածնեց հայկական քաղաքական գաղափարը որպես ազգային եւ դեմոկրատական միաժամանակ:
2. Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա փաստ է, որ հանուն անկախության պայքարի ներուժի զգալի, եթե ոչ մեծ մասը չենք կարողացել բացահայտել, նաեւ որոշ առումներով լուրջ հետընթաց ենք ունեցել: Եվ մենք դեռ պետք է բացահայտենք այդ ներուժը, ինչի հնարավորությանը հավատում եմ:
Մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ՝ չի կարելի թերագնահատել Երրորդ Հանրապետության պատմությունն այս առումով: Մեր ակնհայտ ձեռքբերումներից են ռազմական հաղթանակը, Հայկական բանակը: Գուցե պակաս ակնհայտ է, բայց կարեւոր է նաեւ քաղաքական ավանդույթը. չնայած բոլոր թերություններին, Հայաստանում միշտ եղել է քաղաքական բազմազանություն, ճկունություն: Բայց ավելի կարեւոր է այն, որ Ղարաբաղյան շարժմամբ ձեւավորված ժողովրդավարական, զանգվածային, հրապարակային պայքարի ավանդույթը երբեք չդադարեց Հայաստանում գոյություն ունենալ: Եվ դա այն ռեսուրսն է, որի վրա հենված շարժվում ենք առաջ, եւ այն ռեսուրսն է, որի օգնությամբ դեռ պետք է բացահայտենք մեր անկախության ներուժը:
Քաղաքական հայը նա է, ով հավատում է ժողովրդականությանը: Հայկական ազգայինն ու ժողովրդավարականը նույնն են. սա մեր ամբողջ քաղաքական փորձն է ասում՝ ի հեճուկս դրսից եկող տարբեր տեսությունների, որոնք հակադրում են իրար ազգայինն ու ժողովրդավարականը: Իհարկե, խոսքը ոչ թե ինչ-որ վերացական ժողովրդավարականի, այլ կոնկրետ, նյութական՝ անմիջական ժողովրդավարության մասին է:
Այսօր էլ մեր գաղափարը պետք է լինի մի կողմից քաղաքական անկախությունը, մյուս կողմից՝ սոցիալական արդարությունը: Սա ես կկոչեի ազգային-հեղափոխական գաղափար, որը, ինչպես տեսանք, մեր ազատագրական պայքարի բնական գաղափարն է եղել դեռեւս 19-րդ դարից, այն է՝ ազգային եւ սոցիալական ազատագրում:
Մենք միայն պետք է հիշենք, որ անկախությունը միայն իրավական-ձեւական կողմը չէ՝ միայն անկախության հռչակումը չէ: Անկախությունն անընդհատ գործընթաց է, որը ներառում է երկրի կառուցումն ու վերակառուցումը, բովանդակություն ստեղծելը, քաղաքական ստեղծագործությունը, ինքնուրույնության ձգտումն ամեն ինչում. նախ մտքերում, ապա՝ խոսքում եւ գործում, սեփական ուժերի վրա հենվելը: Նման ժողովուրդներն անպարտելի են՝ նույնիսկ եթե փոքրաթիվ են:

Բագրատ Ասատրյան, Գերագույն խորհրդի պատգամավոր
Մեր ժողովուրդը անկախությունը նվեր չստացավ

1. Առաջին հարցի առնչությամբ ասեմ՝ Սեպտեմբերի 21-ը պատմական մի օր է՝ առանձնահատուկ հաղթանակի խորհրդով, երբ բազմաթիվ սերունդների ձգտումը իրականություն դարձավ:
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ մեր ժողովուրդը անկախությունը նվեր չստացավ։ Այն բազմաթիվ զոհաբերությունների եւ երկարամյա պայքարի արդյունք էր։ Եվ կանխորոշվեց պատմական այդ ժամանակահատվածում մեր ժողովրդի կողմից վստահության քվե ստացած քաղաքական ուժի կողմից դեռեւս 1990 թ. ներկայացված ու օրենսդիր մարմնում հաստատված ծրագրով՝ Անկախության հռչակագրով: Հիշեցնեմ միայն, որ անկախության հանրաքվեի անցկացման մասին վճիռը ՀՀ-ում ընդունվեց ճիշտ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում անցկացվեց հանրաքվե Խորհրդային Միությունը պահպանելու վերաբերյալ, եւ որի անցկացումից Հայաստանը հրաժարվեց ու նախաձեռնեց իր անկախության հանրաքվեն՝ այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն: Իսկ արդյունքը շատ պարզ եւ հստակ էր՝ մեր ժողովուրդը հայտարարեց, որ մե՛նք ենք տերը մեր երկրի:
2. Երկրորդ հարցի առթիվ նկատենք, որ Սեպտեմբերի 21-ի արժեքն ու խորհուրդը, այո՛, միանշանակ պահպանեցինք։ Ընդ որում՝ համախմբված պայքարելով, մարտնչելով այն ժամանակվա հզորագույն կայսրությանՙ Սովետական Միության դեմ: Այս փաստը ժամանակը կգնահատի, ու կարժեւորվի եկող սերունդների կողմից:
Իհարկե, շատ խնդիրներ բավարար լուծում դեռեւս չեն ստացել՝ տնտեսական վիճակ, աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, որոնք մշտական դժգոհության առիթ են: Սակայն մենք պետք է գիտակցենք, որ այս խնդիրները մերն են, մե՛նք պետք է լուծենք դրանք։ Պետք է սովորենք, աշխատենք, ստեղծենք մեր սերունդների համար ավելի լավ ապագա ու ավելի լավ Հայաստան:

Արծրուն Պեպանյան, գրող, քաղաքական վերլուծաբան
Բավարար չափով չենք գնահատում մեր ունեցածը

1. Առաջին հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է՝ ցանկացած ժողովուրդ երազում է ունենալ իր սեփական պետությունը, որպեսզի ինքը որոշի, թե ինչպես է առնչվում աշխարհի հետ, ինքը որոշի, թե ինչպես է կրթում իր սերունդներին եւ այլեւայլ նման խնդիրներ ինքը լուծի։
Բարեբախտաբար, այդ հնարավորությունն ընձեռվեց մեզ, եւ մենք էլ կարողացանք վերականգնել բավականին երկար ժամանակ արդեն կորցրած մեր պետականությունը։ Միջազգային ասպարեզում, մարդկության մեջ մենք էլ մեր ինքնուրույն հայտը ներկայացրեցինք։ Բայց, ըստ իս, մենք այդքան էլ պատրաստ չէինք ու պատշաճորեն չկարողացանք գնահատել փաստի կարեւորությունը։ Եվ այսօր էլ բավարար չափով չենք գնահատում մեր ունեցածը։
2. Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա, այո՛, մենք պրոբլեմներ ունենք։ Ես վերջերս ձեռք եմ զարկել մի գործի. վերլուծում եմ հայկական իրականությունը՝ սկսած 1750-ական թվականներից, վեր եմ հանում այն ժամանակների մեր գրողների ու հասարակական գործիչների նկատառումները, թե մեր ժողովուրդը տվյալ ժամանակաշրջանում ի՞նչ շերտերից էր բաղկացած, եւ այդ շերտերը ո՞ր չափով պետականության զգացողություն ունեին։ Արդյունքում տեսնում ենք շատ տխուր պատկեր։
Այս ամենի մասին տեղեկանալուց հետո հասկանում ես, թե ինչու Առաջին Հանրապետությունն ինքներս մեր ձեռքերով պետք է բզկտեինք։ Եվ ինչու է դեռեւս 1921-ին Հովհաննես Թումանյանը տխրությամբ փաստել, որ մե՛նք քանդեցինք մեր երկիրը եւ՛ ներսից, եւ՛ դրսից։
Ցավոք, վերոնշյալ մտածողության շտկումն այդպես էլ տեղի չունեցավ հետագա տարիներին՝ կոմունիստական իշխանության ժամանակաշրջանում։ Եվ ներկա անկախության տարիներին էլի այդ ցեցը կա։ Այդ իսկ պատճառով պետական զգացողությունը կրող շերտը պետք է զգոն լինի, զգույշ լինի եւ փորձի անել անհրաժեշտ քայլերը, որպեսզի ներկա հանրապետությունը չարժանանա առաջինի ճակատագրին։ Իսկ ես այդ վտանգը տեսնում եմ, քանի որ ժողովրդի մեջ կա մի շերտ, որը չի կարեւորում պետականությունն ու ազգային անկախությունը։ Եվ պետությունը պահելու ողջ ծանրությունը մնում է հասարակության այն մասի վրա, որը եթե պատերազմ լինի, ինքն է կռիվ գնալու, ինքն է պատրաստ զոհվելու երկիրը պահելու համար։ իսկ մենք պետք է պահենք-պահպանենք այս շերտը, ամրացնենք նրան ու շատացնենք այն։

Հայկ Կոնջորյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ
Պետականաշինությունն ամենօրյա աշխատանք է

1. Առաջին հարցի առնչությամբ. 1991 թ. սեպտեմբերի 21-ը հայոց անկախ պետականության վերածնունդի վճռական անկյունաքարն էր։ Այն հայ ժողովրդի համար սեփական հայրենիքում խաղաղ եւ բարեկեցիկ կյանքի ապահովման երաշխիքն էր։ Մեկնակետ, որից սկսվում է մեր ժողովրդի պատմական զարգացման որակական մի նոր շրջափուլ՝ իրականացված երազանքների, փայփայված հույսերի եւ սահմանված նպատակների հրամայականով։
2. Երկրորդ հարցի վերաբերյալ ասեմ, որ պետականաշինությունն ամենօրյա աշխատանք է՝ փորձի եւ սխալի, կասկածների եւ խիզախումի, անկումների եւ վերելքների հարատեւ շրջապտույտ։ Կարեւորագույնն այս շրջապտույտի մեջ սեփական ուղենիշները չկորցնելն է, սեփական արժեքներին եւ երազանքներին աներկբա նվիրվածությունը։ Չնայած մեծ փորձություններին, մեր ժողովուրդը հաստատակամ է իր հիմնարար արժեքների եւ ապագայի շուրջ ունեցած պատկերացումների մեջ. անկախությունը անշրջելի իրողություն է, որը բերելու է մեր համազգային երազանքների իրագործմանը։

Լեւոն Ջավախյան, արձակագիր
Մենք կախված ենք ինքներս մեզնից

1. Ի պատասխան առաջին հարցի, ասեմ, որ մեր բազմադարյա պատմության մեջ անկախություն փուլ առ փուլ ունեցել ենք։ Ես կասեի՝ մենք այն բացառիկ երկիրն ենք, որը անկախություն է ունեցել դեռեւս մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ։ Աշխարհում հիմա քանի՞ ժողովուրդ կա այդպիսին։ Մենք բացառիկներից ենք։ Եվ այն ժամանակ, ըստ Խորենացու, հայ ժողովուրդը եղել է վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ։
Հետո անկախություն ունեցանք Բագրատունիների ժամանակաշրջանում։ Որոշ չափով ազգային վերածնունդ ապրեցինք նաեւ Կիլիկիայի հայոց թագավորության ժամանակներում։ Հետագայում փոքր-ինչ անկում-վերելքներով, բայց, այնուամենայնիվ, անկախության առումով հետընթաց ենք ապրել։ Եվ հիմա պետք է ասենք՝ երջանիկ պատահականություն էր, որ Սովետմիության փլուզումից հետո ծնվեց անկախ Հայաստանը։ Ինչքան էլ մեր անկախականներն իրենց «ճղեն», էս անկախությունը մեզ Աստծու նվեր էր։ Եվ, ըստ այդմ, մենք լավագույնս պետք է օգտագործենք այս հնարավորությունը։
2. Երկրորդ հարցի առումով էլ պետք է նշեմ, որ չկարողացանք լավագույնս զարգացնել մեզ ընձեռված հնարավորությունը։ 30 տարին բավական ժամանակաշրջան էր, որպեսզի կարողանայինք ցույց տալ, թե անկախությունն ինչ թեւ է տալիս հայ ժողովրդին։ Այն դեպքում, երբ 30 տարիների մեջ, օրինակ, Աֆրիկայում շենքեր բարձրացան, որ «քերեցին» երկինքը։ Իսկ մեր անկախությունը ինչ-որ տեղ անձեռ-անոտ անկախություն էր, անգամ կասեի՝ սողացող անկախություն էր։
Հիմա կասեն՝ պատերազմ էր, բլոկադա էր։ Բայց ես էլ կասեմ, որ շատ երկրներ զարգացել-առաջ են գնացել նաեւ այդպիսի պայմաններում։ Իսկ մենք գոյատեւել ենք։ Այո, մենք մսխեցինք մեր հնարավորությունը, մսխեցինք մեր ուժերը. կոռուպցիան, թալանը մեզ համար դարձան գոյակերպ։
Հետո մի բան էլ կա. այդ ո՞նց է լինում, որ ուրիշ երկրների լծի տակ, լինեն, ասենք, Աքեմենյան Պարսկաստանի, թե Սովետական Միության ժամանակները, մենք բավականին զարգացում ենք ապրել։ Սովետի ժամանակ միայն 600 հազար զինվոր ենք տվել պատերազմի համար։ Իսկ ներկայումս մեզ համար 100 հազարը երազանքի թիվ է։ Ինչո՞ւ է այդպես. ինչո՞ւ այլոց լծի տակ կարող ենք ստեղծել հզոր երկիր, իսկ ինքնուրույն ապրելիս չենք կարող։ Որովհետեւ մենք կախված ենք ինքներս մեզնից։ Դե յուրե մենք ազատ, անկախ ժողովուրդ ենք, բայց փաստացի ինքներս մեզանից կախման մեջ ենք։ Անձամբ ես նման անկախություն չեմ երազել։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

19-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO