Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»

«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել քայքայման գործընթացի մեջ»

Շիրակի թեմը 100 տարեկան է: Անցած հարյուր տարվա ընթացքում կրել է շատ հալածանքներ, ինչպես հայ ժողովուրդը: Ստեղծվելով առաջին հանրապետության փլուզման շրջանում՝ ենթարկվել է ժամանակաշրջանի բոլոր սարսափներին, սակայն «հայկյան նետի սլացքի» հետ, ինչպես հայերենը, եկել ու հասել է երրորդ հանրապետություն, եւ այդ տոնը նշում ենք մի ժամանակահատվածում, երբ արդեն մոտ 30 տարի ինքնուրույն կառուցում ենք մեր տունը՝ մեր Հայաստան հայրենիքը՝ հիմնված քրիստոնեական արժեքների վրա: Արժեքներ, որոնք դարերի ընթացքում «անաղարտ են պահել մեր երթը»:
Հարյուրամյա այս ժամանակը նաեւ հնարավորություն է՝ ամփոփելու անցյալը: Մեր թղթակցի զրուցակիցն է 2001 թվականից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը:
-Սրբազան, նախ շնորհավորում եմ թեմի 100-ամյա տարեդարձի առթիվ: Կխնդրեի փոքրիկ պատմական ակնարկ կատարել, թե ինչպես է ձեւավորվել թեմը:
-Շնորհակալություն: Պետք է շեշտել, որ Շիրակում հայ եկեղեցին միշտ ներկա է եղել, այլ ոչ թե ստեղծվել է 100 տարի առաջ: Շիրակը Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, երբ Կամսարականներն էին այստեղ իշխում, քրիստոնեության հաստատման առաջին օջախներից մեկն է եղել: Հետեւաբար, երբ խոսում ենք թեմի հարյուրամյակի մասին, նկատի ունենք ոչ թե Շիրակում հայ եկեղեցու, այլ Ալեքսանդրապոլում՝ այժմյան Գյումրիում եպիսկոպոսական աթոռի հաստատումը: Շիրակում եկեղեցին ներկա է եղել նաեւ կաթողիկոսական մակարդակով: Պիտի հիշեք, որ Անին, Արգինան կաթողիկոսանիստ են եղել: Թեպետ այսօր մնացել են գետից այն կողմ, բայց փաստում են, որ Շիրակը լուրջ դերակատարություն է ունեցել հայ եկեղեցու մեջ:
Բայց գիտենք, որ միջին դարերում՝ 13-րդից հետո, հատկապես՝ 14-15-րդ դարերում Շիրակը զգալիորեն հայաթափվել է: Այստեղ հայ տարրը կրկին ակտիվացել է 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ ներգաղթ կազմակերպվեց: Մենք հաճախ խոսում ենք հայերի ներգաղթի մասին՝ մոռանալով, որ եղել է նաեւ մուսուլման բնակչության արտագաղթ: Կարելի է ասել՝ սա ավելի շատ բնակչության փոխանակում էր, այլ ոչ թե ներգաղթ: Ժամանողների հետ նաեւ հոգեւորականներ եկան, ովքեր սկզբնական շրջանում հովվություն արեցին առանց օրինական կանոնական տարածքային վարչական բաժանման: Այնուհետեւ, երբ 1836 թ. հաստատվեց քաղաք Ալեքսանդրապոլը, Շիրակի այս շրջանը կապվեց Երեւանի թեմին եւ դարձավ Երեւանի փոխթեմակալություն՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով: Եվ վարդապետ առաջնորդական փոխանորդներն էին վարում այստեղ առաջնորդական փոխանորդությունը՝ Երեւանի թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Ընդ որում՝ այստեղ առաջնորդական փոխանորդ է եղել մեծանուն Գեւորգ Սուրենյանց կաթողիկոսը: Եվ նրա օրոք է կառուցվել այսօրվա առաջնորդանիստ Սուրբ «Յոթվերք» եկեղեցին…
-Իսկ որքա՞ն տեւեց այդ վիճակը:
-Այն շարունակվել է մինչեւ 1920 թ.: Այդ թվականին Գեւորգ Սուրենյանցն արդեն կաթողիկոս էր: Երկու տարվա՝ 1918-1920 թթ. առաջին հանրապետությունը ծանր կյանք ունեցավ՝ թուրքական հարձակումներ, պատերազմ, սով, համաճարակներ եւ այլն: Զարմանալի է, որ այդ պայմաններում Գեւորգ Սուրենյանցն այնքան լավատեսություն է ունեցել, որ 1920 թ. սեպտեմբերի 4-ին հատուկ կոնդակով հռչակել է երկու թեմ՝ Շիրակի՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով (այն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Թալինի ու Արագածի շրջանները): Այսինքն՝ մի հսկայական տարածք, մի մասը՝ Երեւանի, մի մասը՝ Վրաստանի կամ Իմերեթիայի թեմից եւ դառնում էր անկախ Հայաստանի տարածքում առանձին վարչական միավոր՝ Ալեքսանդրապոլ եպիկոպոսանիստ-առաջնորդանիստ կենտրոնով, դառնում էր ինքնուրույն թեմ: Երկրորդը Վանանդի թեմն էր՝ Կարս կենտրոնով:
Երբ կաթողիկոսը հռչակում էր դա, նույնիսկ Ալեքսանդրապոլը թուրքական հարձակման վտանգի տակ էր: Բոլշեւիկյան վտանգն էլ հյուսիսից էր սպառնում, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանից, որտեղ այդ ժամանակ այն արդեն հաստատվել էր: Ինչ լավատեսություն է ունեցել, որ գնացել է հայ եկեղեցու վարչական կառույցը բարեփոխելու ուղղությամբ: Եվ հավատացել է Հայաստանի Հանրապետության ապագային, ցանկացել է Հայաստանի վարչական բաժանումներին համապատասխան եկեղեցական բաժանումներ կատարել, վարչական թեմեր ստեղծել:
-Պատմեք Վանանդի թեմի մասին, խնդրում եմ:
-Ցավոք, Վանանդի թեմն այդպես էլ գոյություն չունեցավ: Պատմությունից գիտենք, որ Կարսի անկման պատճառով առաջնորդական կենտրոնը չկարողացավ հաստատվել այնտեղ…
-Ծանր իրավիճակ էր նաեւ Ալեքսանդրապոլում…
-1920 թ. սեպտեմբերի 4-ին թեմի առաջին առաջնորդ նշանակվեց Արտակ վարդապետ Սմբատյանը, բայց նա այդ ժամանակ չկարողացավ հասնել Ալեքսանդրապոլ, որովհետեւ քաղաքը գտնվում էր թուրքերի վերահսկողության տակ: Արտակ վարդապետն Ալեքսանդրապոլ հասավ 1921 թ.: Իրավիճակը կրկին ծանր էր, որովհետեւ այդ ժամանակ քաղաքում ծածանվում էր կարմիր դրոշը: Շիրակի թեմը, այսպիսով, ծնվել է վայրագ պայմաններում: Ստեղծվել է, բայց առաջ գնալու փոխարեն շարունակական անկում է ապրել: 1920 թ. նոյեմբերի 29-ին, երբ կարմիր դրոշը մտավ Հայաստան, առաջին դեկրետներից մեկը, կարծեմ՝ 1920 թ. դեկտեմբերի 4-ին, եկեղեցու ունեցվածքի բռնագրավումն էր: Պատկերացնո՞ւմ եք, թեմ է ստեղծվում, որի առաջնորդը չի կարողանում հասնել իր առաջնորդանիստը թուրքական օկուպացիայի պատճառով՝ մի կողմից, մյուս կողմից՝ բոլշիկները գալիս են ու ամբողջ ունեցվածքը բռնագրավում: Այսինքն՝ եկեղեցին զրկվում էր իր գոյության միջոցներից:
1921 թ., երբ Արտակ վարդապետը, ի վերջո, հասավ Ալեքսանդրապոլ, քաղաքը քաոսի մեջ էր. ունեցվածքը բռնագրավված էր, քահանաներն ու եկեղեցու աշխատակիցները գոյության միջոց չունեին, դրանց գումարվել էր գաղթական քահանաների մի հոծ բազմություն, ովքեր ոչ ծուխ ունեին, որ գոնե որոշակի եկամուտ ունենային: Այդ պայմաններում նա հրաժարական է տալիս՝ հայտարարելով, որ չի կարող ղեկավարել քաոսը: Խորհրդային իշխանությունն էլ ճնշումներ էր գործադրում՝ քահանաներին արգելելով ծեսեր կատարել: Թեմի առաջնորդին արգելվում էր շրջել իր թեմում: Այն ժամանակ Ալեքսանդրապոլից Էջմիածին գնալու համար թեմի առաջնորդը պետք է ունենար շրջանային իշխանության թույլտվությունը: Այսինքն՝ սահմանափակված էր անգամ հոգեւորականների ազատ տեղաշարժի իրավունքը: Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել քայքայման գործընթացի մեջ: Եկեղեցիների շարունակական բռնագրավումներ, փակումներ, հոգեւորականների տեղաշարժի արգելքներ, եկեղեցական արարողությունների սահմանափակումներ, քահանաների ձերբակալություններ, հաճախ հոգեւորականներին ենթարկել են հարկադիր աշխատանքի՝ իբրեւ պորտաբույծների:
-Խորհրդային իշխանության ամրապնդմանը զուգընթաց, հավանաբար, իրավիճակը փոքրիշատե կարգավորվե՞ց…
-30-ականներին, ընդհակառակը, իրավիճակն ավելի բարդացավ. ուղղակի տանում էին գնդակահարելու: Այսօրվա Շիրակի մարզում գնդակահարվել է 25 քահանա: Եվ այս պայմաններում առաջնորդները հաջորդաբար փոխվում էին: Հազիվ երկու տարի Արտակ վարդապետն էր առաջնորդը, նրան փոխարինեց Աշոտ Շախյանը, ում օրոք Ալեքսանդրապոլում մոլեգնում էր ազատ եկեղեցական շարժումը: Աշոտ Շախյանին նույնպես ներքաշեցին այդ շարժման մեջ՝ երեւի պետանվտանգության կոմիտեի միջոցով նրա դեմ օգտագործելով ինչ-ինչ կոմպրոմատներ: Մայր Աթոռն ստիպված էր կարգալույծ անել Աշոտ եպիսկոպոս Շախյանին: Իսահակ վարդապետը, իր հերթին, նախ դառնում է եպիսկոպոս, իսկ այնուհետեւ աքսորվում ու մահանում է Արխանգելսկում: Եվ նույնիսկ այդ պայմաններում Մայր Աթոռն օգնություն է ուղարկել 1926 թ. երկրաշարժից տուժածներին: 1928-1930 թթ. Արտակ եպիսկոպոսը երկրորդ անգամ դարձավ առաջնորդ, սակայն 1930 թ. ընտրվեց Թիֆլիսի թեմի առաջնորդ եւ մեկնեց այնտեղ: 1930-1945 թթ.՝ 15 տարի Շիրակի թեմը մնում է թափուր: Այդ ընթացքում անխտիր փակվում են բոլոր եկեղեցիները, բացի «Յոթվերք» եկեղեցուց: Այսինքն՝ Շիրակի թեմն ընդամենը մեկ եկեղեցի էր:
1941 թ. ամբողջ Հայաստանում երկու եպիսկոպոս կար: Եվ 1941 թ. չեն կարողանում նույնիսկ կաթողիկոս ընտրել, որովհետեւ նվազագույնը երեք եպիսկոպոս է պետք՝ կաթողիկոս օծելու համար: Եթե 1920 թ. այստեղ եղել են եկեղեցական ենթակառույցներ, եկեղեցիներ, հարյուրավոր քահանաներ, 1945 թ. եղել է ընդամենը մեկ գործող եկեղեցի՝ մի քանի ծերունազարդ քահանաներով: Ուրեմն՝ թեմը ոչ թե աճել է, այլ, ընդհակառակը, խորտակվել է:
-Իսկ 1945-ից հետո՞, երբ արդեն ավարտվել էր Հայրենական մեծ պատերազմը:
-Չորեքչյանը հանդիպեց Ստալինի հետ, եւ շնչելու հնարավորություն առաջացավ: Վերահաստատվեց Շիրակի թեմը, նոր առաջնորդներ նշանակվեցին՝ Ռուբեն Դրամփյան, Գարեգին վարդապետ, Սուրեն Թորոսյան: Բայց նրանք էլ ստալինյան տարիներին երկար չկարողացան պաշտոնավարել՝ հալածանքներ, ճնշումներ, ֆինանսական սարսափելի հարկումներ: Չորեքչյանի օրոք հայրենադարձների ու նաեւ որոշ թույլտվությունների շնորհիվ վերաբացվեցին Կիրովականի ու Ստեփանավանի եկեղեցիները, եւ այդպես Շիրակի թեմը մնաց երեք գործող եկեղեցիով: Ստեղծված իրավիճակը շարունակվեց մինչեւ Խորհրդային Միության փլուզումը…

Հարցազրույցը վարեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Հ. Գ. Այս հարցազրույցում անդրադարձանք Շիրակի թեմի ստեղծման վերաբերյալ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանի խոսքին: Նրա հետ քննարկված շատ հարցերի կանդրադառնանք առաջիկայում, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ նոր հրապարակումներ կունենանք:

19-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO