Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը

Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա քայլվածքը առանձնահատուկ էր` թափո՛վ, շտա՛պ: Թվում էր` գնում է մեկին օգնելու, մի կարեւոր գործի հասնելու, եւ միշտ լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայց եւ այնպես, առաջին տպավորությունը, որ ստանում էինք Ռոմանոսից, այն էր, որ մարդն արտիստ է բառիս ամենալավ եւ ամենալայն մտքով»,- Ստեփան Զորյան։
Եվ նա` Ռոմանոս Մելիքյանը շտապելու բան ուներ. ստեղծագործողի անհանգիստ միտքը մի՞թե կարող էր հապաղել` արտահայտելու մարդկային հույզերի այն ողջ կուտակումները, որ համակել էր արտիստական ոգուն ու կերտվածքին, համառությանն ու նպատակասլացությանը, սեփական ներաշխարհի գանձերը ի դերեւ հանելուն ու դրանով հասարակությանը վարակելուն։ Հակասական, եփվող հուզաշխարհը` մի կողմից ներհուն, քնքշանքով լեցուն, մյուս կողմից` չափազանց գործնական ու աշխարհիկ, նա, որ կարող էր սպանել թռչունին սլացքի պահին, որովհետեւ այլ բացատրություն չուներ, քան թռչունի գեղեցիկ լինելը եւ, նրանից խրտվիլակ պատրաստելով ու աչքի առաջ ունենալով` մշտապես վայելել այդ գեղեցկությունը` վերացարկելով նրան սպանելու մեղքը, կամ` սուզվելով հոգեկան անդորրի մեջ, ժամերով զբաղվել ձկնորսությամբ` անվրդով սպասելով որսի հաջողությանը։ Ի՜նչ իմանաս, գուցե հենց բնության հետ այդ ակտիվ շփումն էլ նրբացնում էր նրա հոգին, քնքշացնում, երբ բնությունից խլում` իրենով էր անում նրա մասնիկն ու հետո ամբողջանում նրանով, ինչպես որ նրա մասին նկատում է Ավետիք Իսահակյանը` նրան համարելով հայ ամենալիրիկական երաժիշտը կամ դառնում ուրույն մի փիլիսոփա, որպես նրան ընկալում ու գնահատում է Մարիետա Շահինյանը։ Իսկ, գուցե, որսն ավելի՞ էր մերձեցնում նրան բնությանը, ինչպես Հեմինգուեյի ձկնորսին, որ եւ՛ որսում էր ձուկը` ցավ պատճառելով նրան, եւ՛ միեւնույն ժամանակ զգալով ու ապրելով նրա ցավը, որ մտորելու առիթ էր տալիս իրեն. «Դու ձուկը սպանեցիր ոչ միայն ուրիշներին ծախելու եւ քո կյանքը պահպանելու համար,- մտածում էր նա,- այլեւ հպարտությունից ու այն բանից, որ դու ձկնորս ես։ Դու սիրում էիր այդ ձուկը, երբ նա ապրում էր, եւ հիմա էլ ես սիրում։ Եթե որեւէ մեկին սիրում ես, ապա մեղք չէ նրան սպանելը։ Գուցե եւ ընդհակառա՞կը՝ շատ ավելի մեծ մեղք է»։
Գուցե հենց այս` սիրո ու մեղքի զգացումն էլ անբաժան էին հայ դասական ռոմանսի հիմնադրի ներաշխարհում, եւ պատահական չէ Գյոթեի «Վարդը» բանաստեղծության վրա գրած նրա չքնաղ ռոմանսը, որ այնքան սիրվեց ու այնքան բազում ու տարբեր կատարումներ ունեցավ, որ ծագումով ընկալվում է չափազանց հայկական` մշակույթով նուրբ ու բարձրաշխարհիկ… Սերը` այդ նուրբ ծաղիկը, քնքուշ վարդը դաշտի միջի, որ գրավում է այնպես անդիմադրելիորեն, որ, ասես, մեղք է այն չպոկելը, չունենալը ափի մեջ, բայց եւ, միաժամանակ, այն ունենալն է մեղք, քանզի մահն է նրա վախճանը, որ ցավ կարող է պատճառել երկուստեք` թե՛ այն պոկողին, թե՛ հենց վարդին։ Այս վեհ ու նուրբ, միաժամանակ հակասական զգացումներն է երաժշտական բարձրարվեստ ճաշակով ցանկանում մատուցել Ռոմանոսը ունկնդրին, քանզի, ինչպես հիշում է Ստեփան Զորյանը, հաճախ էր կոմպոզիտորը կրկնում ընկերական զրույցների միջոցին. «Մենք իրավունք չունենք ժողովրդին անորակ գործեր տալու: Մենք ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնենք եւ ոչ թե իջեցնենք»: Իսկ դրա համար հարկավոր էր ոչ միայն ստեղծագործել, այլեւ ստեղծագործական օջախներ հիմնել, նպաստել ոչ միայն երաժշտական կրթությանը, այլեւ այն մատուցելու բարձր արվեստին, եւ Ռոմանոսը որքան տարված էր ստեղծագործական բուռն աշխատանքով, նույնքան էլ տարված էր երաժշտական աշխարհի կայացման շինարարությամբ` ամենալայն առումով` մասնակցելով անգամ բանվորական աշխատանքների, ինչպես որ 1921 թ. Հայաստանի կառավարության կողմից հրավիրվելով Երեւան` երաժշտական ստուդիա հիմնելու, այնպիսի ջանասիրությամբ կպավ գործի, որ 1923 թ. երաժշտական ստուդիան արդեն վերածվեց կոնսերվատորիայի։ Նույն ջանասիրությամբ էլ մասնակցեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին եւ Երեւանի օպերային թատրոնի հիմնադրմանը։
Ռոմանոսը ոչ միայն ինքն էր վարակվում սեփական գաղափարներով ու ոգեշնչվում արվեստի բարձր գործերով, այլեւ վարակում էր ուրիշներին ու պահանջում ծառայել մշակութային արժեքներ ստեղծելու արարչությանը` կարեւորելով արվեստի դերը հասարակության կազմակերպման ու զարգացման հարցում։ Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ զբաղվում էր ուսուցչությամբ, սերունդներ կրթելով ու ուսուցիչներ պատրաստելով եւ, ըստ այդմ, Ազատ Մանուկյանի հետ հայկական դպրոցների համար ստեղծեց երաժշտագիտության տարրական ձեռնարկ` «Այբբենարան», որը հրատարակվեց 1913 թ.` Պետերբուրգում։ Իսկ մինչ այդ հիմնել էր «Երաժշտական լիգա», որ, համախմբելով սկսնակ երաժիշտների, հավաքույթների ու պարապմունքների միջոցով նպատակ ուներ բարձրացնելու նրանց երաժշտական մակարդակը, բացի այդ` այն պետք է ծառայեր հայ ժողովրդական երգերի մշակմանը, եվրոպական մշակույթի պատվաստմանն ու երաժշտական զանգվածային կրթությանը։ Գիտեր, որ հեշտ գործի չի լծվել, եւ կողքից նպատակներն ու ձգտումները, գործունեությունը այդ ուղղությամբ կարող են ուտոպիստական թվալ, բայց վստահ էր, որ, ինչպես Զորյանն է վկայում նրա դիրքորոշման մասին, «ստեղծագործությունը բարձունք նվաճելու պես բան է: Վա՛յ նրան, ով թույլ դիմադրության գծով է գնում: Այդպիսիների դատաստանը ժողովուրդը մի օր կտեսնի»։
Որքան էլ անհավանական ու անիրականանալի թվան հանդուգն ծրագրերն ու նպատակները, այնուամենայնիվ, լինում են գիշերային խարույկների, անտառային անքուն գիշերների ու նրբաթրթիռ սիրո ժամանակներ, երբ բոլորն են վարակված լինում վսեմ հուզականությամբ, եւ պոեզիան ու մեղեդին հարբեցնում են այնպես, որպես մաճառը` աշնանային առաջին բերքահավաքից հետո։ Այդպիսին էր տերյանական անուրջներով լցված անցյալ դարասկզբի ռոմանտիկ մթնոլորտը, որից անմասն չմնաց եւ Ռոմանոս Մելիքյանը` արարելով իր աշնանային ռոմանսների շարքը, ուր ոչ միայն էլեգիական, թախծոտ մոտիվներ են, միայնության ու հուսահատության տրամադրություններ, այլեւ խռովահույզ ու կրքոտ, ըմբոստ տոնայնություն։ «Աշնան տողեր» շարքը հարստացրեց հայ երգարվեստը նոր թեմաներով ու կերպարներով, երաժշտական արտահայտչության նոր միջոցներով` հող ստեղծելով քաղաքային երաժշտական ֆոլկլորի համար, ուր դրսեւորվում են հուզականորեն ու հոգեբանորեն հարուստ, ներքին կոնֆլիկտով ու դինամիզմով պարուրված լիրիկական ռոմանսի առանձնահատկությունները։
Մի կաղ հոդվածի շրջանակներում անհնար է ներկայացնել այն վիթխարի աշխատանքները երաժշտության ասպարեզում, այն հետաքրքիր անձնավորության էությունն ու կենսագրական էջերը, որ կոչվում է Ռոմանոս Մելիքյան կամ ռոմանոսյան ժամանակաշրջան, երբ հասարակությունը վայելում էր հոգեւոր ու հուզական ներդաշնակության ողջ ներկապնակի եղանակներն ու գույները, երբ վայելումը նույնքան արարչական էր, որքան արարչությունն ինքը…
Անրջային ժամանակնե՞րն են, արդյոք, անցել, թե՞ կենսական դիմադրությունն է այնքան թուլացել, որ ռոմանսների ու ռոմանոսների ժամանակն այսօր դարձել է ոչ թե երբեմնի առօրյա, այլ կարոտալի հուշ ու բաղձալի հուսո ապառնի, այնպես որ այդ ժամանակը վերադարձնելու ներկան սպասում է իր էնտուզիաստներին…
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

22-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO