Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նա՝ մեր անլռելի զանգակատունը

Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը դառնար հայրենիք
«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գրով՝ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը եւ դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այդպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ՝ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

Պարույր Սեւակ

Արդյոք ինչպե՞ս պետք է դասավորվեր, ինչպես Արամ Խաչատրյանն է դիպուկ բնութագրել, հայ երաժշտության ապագա «հոգեւոր հոր» ճակատագիրը, եթե նրան բախտ չվիճակվեր հեռավոր Քյոթահիայից ժամանած վարդապետ Դերձակյանի ձեռքը բռնած հասնել Մայր Աթոռ եւ Ամենայն հայոց Վեհափառի՝ Գեւորգ 5-րդ Կոստանդնապոլսեցու հորդորով, իր չիմացած հայերենով երգեր շարական: «Էֆենդի՛, ես հայերեն չեմ խոսում, եթե կուզեք՝ կերգեմ»,- ասել է որբության, թախծի կնիքը գունատ դեմքին տասնմեկամյա երեխան: Վայրկյաններ անց հնչում է որբուկի աստվածային ձայնը: Վեհափառը հասկանում է, որ այս հրաշամանուկը աստվածային պարգեւ է իր ժողովրդին: Ապագան հաստատելու էր Վեհափառի կանխազգացումը: Եվ աստվածապարգեւ Սողոմոնը դառնում է կաթողիկոսի հիմնադրած համբավավոր Գեւորգյան ճեմարանի սանը: Եվ նա, ի վերջո, հրաժեշտ է տալիս Քյոթահիայում անցկացրած թափառական երգչի ու որբության անցյալին:
Մեկ տարին դեռ չբոլորած ու մորը կորցրած ապագա հանճարը նախնական կրթությունը ստանում է ծննդավայրի չորսդասյա դպրոցում: Հետո հայրը ուղարկում է նրան Բուրսա, սակայն ամիսներ անց վերադառնում է տուն՝ մահացել էր նաեւ հայրը: Եվ ահա հայերեն ոչ մի բառ չիմացող մանուկն արժանանում է ճեմարանական դառնալու բախտին: Բացառիկ ընդունակություններով օժտված սանը կարճ ժամանակաընթացքում կարողանում է կատարելապես տիրապետել մայրենիին, խորապես ուսումնասիրել հայ հոգեւոր երաժշտությունն ու կատարելագործել ձայնային կարողությունները:
1890-ին ձեռնադրվում է սարկավագ, երեք տարի անց ավարտելով ճեմարանը՝ ստանում է աբեղայի աստիճան՝ ընդունելով 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Որպես ուսուցիչ աշխատանքի անցնելով ճեմարանում՝ ստեղծում է երգչախումբ, սկսում մշակել ժողովրդական երգեր ու այստեղ էլ գրում իր առաջին ուսումնասիրությունը հայ եկեղեցական երաժշտության մասին: Ճեմարանական կրթությունը, սակայն, բավարար չէր, եւ ուսումնատենչ ուսուցիչը 1895-ին վարդապետի աստիճան ստանալուց հետո մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Վրաց մայրաքաղաքում ճակատագիրը ժպտում է Կոմիտասին՝ հանդիպեցնելով համբավավոր Մակար Եկմալյանի հետ: Այստեղ ստացած ուսումնառությամբ ձեռք բերված գիտելիքները նախապայման եւ ամուր հիմք էին Եվրոպա մեկնելու, եվրոպական երաժշտական արվեստի տեխնիկային տիրապետելու, համաշխարհային երգարվեստին առնչվելու համար: Եվ կարծես կրկին բախտը ժպտում է նրան. որոշ ժամանակ անց Ամենայն հայոց կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով խոշոր նավթարդյունաբերող եւ բարերար Ալ. Մանթաշյանից՝ Կոմիտասն ուղեւորվում է Բեռլին: Այստեղ նա սովորում է անվանի երաժիշտ, պրոֆեսոր Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, զուգահեռ հաճախում Բեռլինի կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր եւ երաժշտության պատմության դասընթացներին: Սակայն որքան էլ միջավայրը հոգեհարազատ, այնուամենայնիվ, ապրում է սոցիալապես ծայրահեղ իրավիճակում. ստացած թոշակով միայն ուսման վարձն էր հոգում: Էջմիածին ուղարկած նամակները, որոնցով խնդրում էր թեկուզ չնչին չափով ավելացնել բարերարի տված թոշակը, այդպես էլ մնում էին անպատասխան: Սակայն, անկախ այս իրողությունից, Կոմիտասն արդեն սուզվել էր ուսման մեջ ու կատարելագործվել: Բեռլինյան տարիները կանխորոշեցին ստեղծագործական այն աննախադեպ թռիչքը, որով նա պետք է միանար անմահների փաղանգին:
Ուսումնառությունն ավարտված էր: Ծրագրերն ու անելիքները՝ հստակեցված: 1899-ի աշնանը վերադառնում է Էջմիածին ու անմիջապես ձեռնամուխ լինում իր բաղձալի անելիքներին: Կարճ ժամանակահատվածում փոխում է երաժշտական դրվածքը ճեմարանում, ստեղծում նոր՝ պրոֆեսիոնալ երգչախումբ, կազմում երաժշտական դասագրքեր, երաժիշտների նոր սերունդ կրթում: Որքան էլ ծանրաբեռնված ուսումնական խնդիրներով՝ սկսում է զբաղվել բանահավաքչությամբ: Անցնում է գավառից գավառ, շենից շեն, գրի առնում ֆոլկլորային երգը, պարեղանակները, զանազան խաղիկներ, ծիսական, էպիկական, աշխատանքային երգեր, օրորոցայիններ: Նա գերազանցապես հասկանում էր, որ իր այս գործունեությամբ փրկելու էր, պահպանելու եւ նոր շունչ էր տալու հայ երգին: Շնորհիվ իր բանահավաքչական աշխատանքի ու ժողովրդական երգարվեստի մշակումների՝ հնարավոր եղավ կորստից ու մոռացությունից փրկել այնպիսի գոհարներ, ինչպիսիք են «Քելեր-ցոլեր», «Լորիկ», «Հորովել», «Կռունկ» եւ բազմաթիվ այլ գոհարներ:
Կոմիտասը գրել է նաեւ հեղինակային երգեր իր բեռլինյան ուսումնառության տարիներին: Դրանք գերմանացի բանաստեղծների տեքստերով գրված ռոմանսներ են ու խմբերգեր: Հայ բանաստեղծներից այդ պատվին են արժանացել Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ռ. Պատկանյանի որոշ գործեր: Իսկ հանրահայտ «Անտունին» եւ «Կաքավիկը» զուտ կոմիտասյան երգեր են՝ եւ՛ տեքստերի, եւ՛ երաժշտության առումով: Այդ նույն «Անտունին», որով հանճարեղ վարդապետը, ըստ Կլոդ Դեբյուսիի, «կմնար համաշխարհային երգարվեստում, եթե ուրիշ ոչինչ էլ գրած չլիներ»:
Իսկ նա ունի ոչ միայն հեղինակային սքանչելի երգեր, այլեւ օպերային ժանրի գործեր էլ է գրել. քնարական՝ Հ. Թումանյանի «Անուշը», երգիծական-կենցաղային՝ Հ. Պարոնյանի «Քաղաքավարության վնասները», պատմահայրենասիրական՝ «Վարդանը» (Ռ. Պատկանյանի թեմաներով), դյուցազնահերոսական՝ «Սասունցի Դավիթ» էպոսը: Միայն ափսոս, որ սրանցից պահպանվել են մասունքներ, որոնք վկայում են, որ ավարտին հասցված լինելու եւ բեմադրվելու դեպքում դրանք խոշոր իրադարձություն էին դառնալու մեր երաժշտական արվեստի պատմության մեջ եւ խորապես ազդելու էին հայ օպերային արվեստի զարգացմանը գալիք ժամանակներում:
Կոմիտասն այն եզակի հանճարն էր, որ գտել էր հայ հոգեւոր երաժշտության խազերի վերծանության բանալին: Անթաքույց պայքար էր մղում աղավաղված հոգեւոր երգերի, երաժշտության օտար շերտերից մաքրման, դրանց զուլալ ակունքներին վերադառնալու համար: Հոգեւոր վերադասի հետ առճակատման պատճառով 1910-ին նրան վտարում են Էջմիածնից: Կոմիտասը մեկնում է Բեռլին, դժվարին պայմաններում ստեղծում է 300 հոգանոց «Գուսան» երգչախումբը, համերգներ տալիս: Հաճախ է մեկնում եվրոպական երկրներ, որտեղ միջազգային երաժշտական ընկերության պատվերով հանդես է գալիս հայկական հոգեւոր ու ժողովրդական երգարվեստին նվիրված դասախոսություններով: Նաեւ համերգներ է տալիս: 1906-ին Փարիզում նրա նվագարանային կատարումից հետո փշաքաղված դահլիճի լռությունը խախտում է համբավավոր երաժիշտ Կլոդ Դեբյուսին. «Հանճարեղ հայր Կոմիտաս, ես խոնարհվում եմ Ձեր երաժշտական հանճարի առաջ»:
1915-ի ապրիլի 17-ին եւ 18-ին Կոստանդնուպոլսի Գալաթիա թաղամասի հայկական եկեղեցում առաջին անգամ հնչում է վարդապետի գլուխգործոցը՝ «Պատարագը»: Դրա հաջորդ կատարումը կայանալու էր մայիսի 3-ին, սակայն յաթաղանի նախճիրը խաթարում է այն: 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալում են նաեւ Կոմիտասին եւ աքսորում Չանղրիի անապատ, «ուր մթնոլորտը թույն կտեղա… Ուր է խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն եւ ողբա մեր խակեր սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է»: Մահվան ավազուտներում այսպես է մղկտացել նրա Մեծ հոգին:
«Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին եւ մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն»,- այսպես է երդվել ու գործել Մեծ երախտավորը: «Հայ ժողովրդի զավակներ, դուք կարդացեք Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան եւ տեսեք, թե ով ենք մենք»,- մեզ ու գալիք սերունդներին պատգամել է մեր «անլռելի զանգակատունը»: Նա, որ, Չարենցի խոսքերով ասած, «սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ ու այդ հողը հայրենիք էր դառնալու»: Եվ դարձավ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

26-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO