Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը

Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ադրբեջանցիների արյունը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած հրետանային միջոցները եւ փորձելով ճեղք գտնել հայկական ուժերի պաշտպանությունում: Հրետակոծվեցին ոչ միայն հայկական ուժերի դիրքերը, այլ նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաեւ դպրոցներ:
Երեկ նույնպես պատերազմական գործողությունները շարունակվում էին: Հայկական ուժերը հաջողությամբ հետ են մղում հարձակումները եւ թշնամուն ահռելի նյութական ու մարդկային կորուստներ պատճառում: Բայց թվում է՝ այս պատերազմը դեռ երկար է շարունակվելու…
Արցախի զինված ուժերը, ինչպես նաեւ Հայաստանի ու ողջ աշխարհի հայ հանրությունը զայրացած են այն աստիճան, որ այս անգամ գերադասում են մեր պատերազմը մինչեւ վերջ տանել ու վերջնականապես պատժել թշնամուն: 1994 թ. աշխարհին ցույց տվեցինք, որ չենք չարաշահում թշնամու անօգնականությունը եւ պարզապես չենք ջարդում նրա ողնաշարը՝ ձգտելով հասնել խաղաղության: Մտածում էինք, որ թշնամին բավականաչափ պատժված է եւ իր կեղտոտ թաթն այլեւս չի մեկնի դեպի հայի ունեցածը, ուստի մարդկային մեր բնույթին հավատարիմ՝ չկործանեցինք այդ երկիրը: Ավելի ուշ Ադրբեջանը միայն ապացուցեց, որ Արցախի ու Հայաստանի հետ իր կնքած համաձայնագիրը սոսկ պատրվակ է՝ նավթադոլարների շնորհիվ հզորանալու եւ նորից մտնելու այն «նույն պղտոր ջուրը», որից հազիվ էր մազապուրծ փախել: Կրկին չօգտագործեցինք այդ համաձայնագիրը հաճախակի խախտած Ադրբեջանին պատժելու բազմաթիվ հնարավորությունները եւ իրենց սաղմի մեջ չխեղդեցինք հզորանալու նրա փորձերը: 2016-ին, երբ բեկել էինք ռազմական գործողությունների ընթացքը եւ պատրաստվում էինք հակահարձակման, լսեցինք Մոսկվա վազած ադրբեջանցիների ողբագին խնդրանքները՝ չանցնելու հակահարձակման: Եվ կրկին համբերեցինք: Համբերեցինք նաեւ այս տարվա հուլիսին, երբ լկտիացած ազերիները խախտեցին անդորրն արդեն Տավուշի սահմանագոտում: Կրկին հաղթեցինք ու կրկին չտրորեցինք համացանցում ու տանը «թուր ճոճող» ադրբեջանցուն: Որքան խնայեցինք, այնքան թուրք-ադրբեջանական շնագայլերը մեզ թույլ համարեցին ու վրա տվեցին: Որքան ներեցինք ու համբերեցինք, այնքան ամրապնդվեցին իրենց համոզմունքի մեջ, որ կարող են գրավել Արցախը, Հայաստան աշխարհը՝ ընդհանրապես:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, այսպիսով, ոչ միայն արտահայտում է Արցախի ու հայկական այլ տարածքների ազգային-ազատագրական շարժումները, այլեւ կարծես յուրատեսակ փորձ է, որպեսզի ինքներս հասկանանք, թե մեզ համար որտե՞ղ է ավարտվում թուրքին ներել-հանդուրժելու սահմանը:
Այն, ինչ հիմա կատարվում է հայ հանրության մեջ, վկայում է, որ մենք հիմա այդ սահմանին ենք: Եվ այստեղից հետո անչափ դժվար է լինելու ներել-հանդուրժելը, եթե չասենք՝ անհնար: Հայ ժողովրդի այդպիսի միասնությունից անհանգստացած է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան: Պարզ է, թե ինչու էին ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ փաստաթուղթ տարածում, որ, իբր, Արցախի ղեկավարությունը տարհանում է բնակչությանը Արցախից: Իսկ արդեն նախօրեին, երբ սկսվեց հարձակումն Արցախի նկատմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «անհանգստացած հայ բնակչության անվտանգության համար», թվիթերյան իր էջում Հայաստանի բնակիչներին կոչ արեց «պաշտպանել իր ապագան իշխանություններից»: Նա միեւնույն ժամանակ ողջ աշխարհին կոչ արեց պաշտպանել Ադրբեջանին:
Ապատեղեկատվություն տարածեցին, որ Հայաստանի հետ օդային կապ չկա, որպեսզի չկայանա միասնությունը սփյուռքի հետ: ՌԴ-ում մեր դեսպանատունը, օրինակ, խոսեց այդ հայտարարության կեղծ լինելու մասին եւ ներկայացրեց չվացուցակը, թե ինչ չվերթներ են նախատեսվում դեպի Երեւան:
Բայց թուրք-ադրբեջանական պլաններն ի սկզբանե ձախողված էին ու պղպջակի պես հօդս ցնդեցին: Եվ հիմա, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, հայ ժողովրդի արժանապատիվ զավակները շտապում են վերադառնալ հայրենիք եւ զենք վերցնել հարազատ եզերքի պաշտպանության համար: Արցախ ընկնելու թույլտվության նպատակով կամավորները շնորհավորում են միմյանց: Հայ ժողովրդի նկատմամբ թուրքի հրեշավոր պահվածքի դեմ կուտակված դարավոր վրեժն այսօր հասել է իր սահմանին ու քարացել է հզոր պատասխանի սպասման մեջ: Դա լինելու է, եւ այդ պատասխանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերով, «առավել կոշտ է լինելու, ինչպես երբեք»: Գենային վրեժը դուրս է հորդել այն սահմաններից, որոնց մեջ ինքներս էինք այն տեղավորել: Եվ սպառնում է ողողել ողջ Ադրբեջանը:
Իսկ այդ վրեժին նոր թափ է հաղորդում Թուրքիայի՝ Ադրբեջանի «կողքին լինելու» հանգամանքը: Այն Թուրքիայի, որը դարեր շարունակ կեղեքել է իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում ապրող հայ ժողովրդին, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պետական մակարդակով ցեղասպանություն իրականացրել նրա նկատմամբ՝ «հայկական հարցից ազատվելու նպատակով»: Չխոսելով այն ամենի մասին, ինչ թուրքերը հայերի դեմ կատարել են այս տարածաշրջանում իրենց հայտնվելուց հետո, շեշտենք, որ պատմությունը պարտքը վերադարձնելու հատկություն ունի եւ, հավանաբար, հենց այդ նպատակով էլ օգտագործում է Էրդողանի նմաններին, ովքեր իրենց գործողություններով սոսկ ճանապարհ են հարթում հայ ժողովրդի կուտակված զայրույթի ժայթքման համար:
Հայ հանրության միասնության մեջ սեպ խրելու թուրք-ադրբեջանցիների ջանքերը ոչ միայն չպսակվեցին հաջողությամբ, այլեւ մեր մեջ արթնացրեցին կուտակված վրեժը: Իսկ ռազմական ճակատում միակ նորությունը նրանց համար իրենց իսկ ահռելի նյութական ու մարդկային կորուստներն են:
Հայտարարելով այն մասին, որ լիովին աջակցում է Ադրբեջանին, ավելին՝ օգնելով նրան՝ ինչի՞ է ձգտում Թուրքիան:
Գաղտնիք չէ, որ վերջերս Նախիջեւանում կայացած զորավարժությունների պատրվակով Թուրքիան մեծաքանակ զորք եւ զենք-զինամթերք է բերել Ադրբեջան ու թողել այնտեղ: Այդ երկիրը կազմակերպել է նաեւ սիրիացի վարձկանների տեղափոխությունը Բաքու, ուսուցանել ադրբեջանական սպաներին, ինչպես նաեւ այս հարձակման համար որոշակի «պայմաններ» ապահովել՝ հնարելով, թե Հայաստանն ընդունում է սիրիացի ու իրաքցի քրդերին, որոնք այնտեղ են տեղափոխվում Իրանի միջոցով: Մի խոսքով՝ արել էր ամեն բան, որպեսզի սեպտեմբերի 27-ին «10 միլիոնանոց Ադրբեջանը» հանկարծ մենակ չմնա 150 հազարանոց Արցախի դեմ: Զարմանալին ոչ այնքան այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը նման հերյուրանքներ են տարածում (հասկանալի է, որ նրանք ձգտում էին պատրվակ հորինել՝ հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունը պատերազմի վերածելու համար), որքան «նորության» թմբկահարումը ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների կողմից՝ այն հիմքով, որ Հայաստանի մերձկառավարական շրջանակները խոսում են երկրի՝ «Մերձավոր Արեւելք վերադառնալու մասին», ապա հարցադրում արել, թե «Երեւանի ակտիվացումն ի՞նչ ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար»: Սեպտեմբերի 19-ին «Գազետան» «Հայաստանի ակտիվացումը Մերձավոր Արեւելքում» հոդվածում գրում է. «Դրսեւորելով նման ակտիվություն՝ Հայաստանն ակնհայտորեն սկսել է խաղալ «ոչ իր լիգայում», ապա ավելացրել, որ «բախվելով ռազմական գործողությունների վտանգին՝ Հայաստանն այժմ ակնհայտորեն ձգտում է նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստները Սիրիայի եւ Իրաքի ահաբեկչական խմբավորումներից զինյալների օգտագործման միջոցով»: Սա՝ իմիջիայլոց:
1920 թ. օգոստոսի 10-ին ֆրանսիական Սեւր քաղաքում Անտանտի երկրներն ու նրանց դաշնակիցները՝ մի կողմից, պայմանագիր ստորագրեցին Թուրքիայի հետ՝ մյուս կողմից: Կետերից մեկով Թուրքիան Հայաստանը ճանաչեց որպես ազատ ու անկախ երկիր, եւ Հայաստանն ու Թուրքիան համաձայնվեցին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին եւ ընդունել նրա պայմանները՝ կապված Բաթումիի միջոցով դեպի Սեւ ծով Հայաստանի ելքի հետ:
Բայց Թուրքիան օգտագործեց այլ մարտավարություն. սեպտեմբերի 23-ին Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեց Հայաստան: Թուրքերը գրավեցին Սարիղամիշն ու Արդահանը, այնուհետեւ լուրեր տարածեցին, որ թուրքերը հայ ժողովրդի դեմ չեն կռվում, այլ միայն «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների դեմ: Խոսակցություններ սկսվեցին նաեւ թուրք-խորհրդային միության մասին:
Շեշտենք, որ ՌԽՍՀՄ-ի՝ Թուրքիային ցուցաբերած ռազմական ու ֆինանսական օգնությունը միայն վերջինիս հնարավորություն տվեց հարձակվել Հայաստանի վրա: Մոսկվան թուրքերին դեռ գարնանը հատկացրել էր 6000 հրացան, ավելի քան 5 մլն փամփուշտ, ինչպես նաեւ արկեր ու ոսկի, ինչին ի պատասխան՝ Թուրքիայի ղեկավար Մուստաֆա Քեմալը խոստացել էր «միավորել մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական օպերացիաները ռուս բոլշեւիկների հետ»:
«Հայ ժողովրդի դեմ չկռվող» թուրքերը, որոնք հոկտեմբերի 30-ին գրավեցին Կարսն ու երեք օր կոտորած արեցին այնտեղ, որոնք 1915 թ. ավելի քան 1,5 մլն հայ էին կոտորել միայն նրանց ազգային պատկանելության համար, որոնք ռազմական գործողություններից երկու ամիս առաջ եւս 198000 հայ էին կոտորել, Կարսում պայթեցրեցին նաեւ ռուս զինվորների հուշարձանն ու թալանեցին Միխայիլ հրեշտակապետի հնագույն տաճարը: Իսկ Լենինը որոշեց չմիջամտել այդ իրադարձություններին՝ վախենալով, որ թուրքերը կցանկանան գրավել Բաքուն:
Պատերազմական գործողությունների արդյունքում թուրքական բանակը մոտեցավ Երեւանին, եւ նոյեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը որոշեց խաղաղության առաջարկ անել թուրքական կողմին: Նոյեմբերի 7-ին համաձայնությունը ձեռք բերվեց, եւ կրակը դադարեցվեց: Դրան հաջորդեցին Ալեքսանդրապոլի բանակցությունները, որոնցում թուրքերը հայերից պահանջեցին հրաժարվել Սեւրի դաշնագրից: Դեկտեմբերի 2-ին փաստաթուղթը ստորագրվեց, սակայն ստորագրվեց դեռ նոյեմբերի 29-ին իշխանությունը բոլշեւիկներին հանձնած դաշնակցական կառավարության հետ, որն արդեն իրավասու չէր որեւէ պայմանագիր ստորագրել ու հանդես գալ Հայաստանի անունից: Դրան հաջորդեցին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, իսկ վերջինիս արդյունքում ստեղծված նոր իրավիճակում ունենք այս սահմանները, որոնք ունենք:
Այսպիսով՝ Թուրքիայի նպատակը նոր իրավիճակում նոր պայմանների առաջադրումն էր: Այդ երկիրը հիմա էլ է ձգտում նոր իրավիճակի: Եվ ոչ միայն հանուն Ադրբեջանի: Ադրբեջանը փաստացի գոյություն էլ չունի նրա համար, այլ նրա տարածքի մի մասն է կազմում: Թուրքերը կիրառում են նույն ձեռագիրը ոչ միայն Արցախի հարցում առավելություն ունենալու եւ այդ դիրքերից հանդես գալու համար, այլեւ հակազդելու այն հայտարարություններին, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ կնքված վերջին պայմանագիրը Սեւրի պայմանագիրն է, եւ այն պետք է իրականություն դառնա:
Այլ կերպ ասած՝ նոր իրավիճակ ստեղծելու ու նոր պայմաններ պարտադրելու համար Թուրքիան օգտագործում է ադրբեջանցիների արյունը: Կրկին տարածվում են կեղծ լուրեր՝ հայության միասնականությունը խարխլելու համար: Բայց դա այլեւս երբեք տեղի չի ունենա: Այս պատերազմը, այո, ծնելու է նոր իրավիճակ, բայց այդ իրավիճակում առավել ուժեղ է հնչելու Հայաստանի ձայնը: Հաշված ժամերի ընթացքում զորքի վերածված ազգը երբեք չի կարող պարտվել:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

29-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO