Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է

Այդ հաղթանակն Ադրբեջանին կստիպի զինադադար խնդրել

Հարցազրույց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

-Պրն Էստուկյան, ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ պատերազմ է վարում Արցախի դեմ:
-Սա անսպասելի երեւույթ չէ, որովհետեւ տարիներ ի վեր Արցախի հարցն անլուծելի է մնացել: Հրադադարը չվերածվեց հաշտության եւ խաղաղության: Հետեւաբար, կատարվածն անխուսափելի էր, մանավանդ որ Թուրքիան գրգռիչ դերակատարություն ունեցավ այս բոլորի մեջ: Պատճառն էլ շատ պարզ է. Թուրքիայի նախագահը վերջին տարիներին դիմում է զանազան արկածախնդրությունների, որպեսզի իր ներքին իշխանությունն ամրապնդի ու ապահովված պահի՝ դժգոհների ուշադրությունն ուղղելով դեպի արտերկիր: Այդ արկածախնդրությունները, անշուշտ, նաեւ գաղափարախոսական բնույթ ունեն: Մի կողմից՝ Միջին Արեւելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի մեջ այդ բոլորը կատարվում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ ահաբեկչություններն իրականացվել են, իսկ Արեւմտյան Միջերկրականում կատարվածը, դեպի Կովկաս տարածումը, նույնիսկ հետզհետե Հյուսիսային Կիպրոսում կատարվող միջամտությունները վկայում են նախագահ Էրդողանի արկածախնդրությունների, ճառ ասելու երեւույթի մասին: Աjստեղ նույնպես գրգռիչ դեր ունեցավ եւ, անշուշտ, դիմեց աններելի մի քայլի՝ Արցախի դեմ նետելով սիրիացի ահաբեկիչների, իսլամական արմատական ահաբեկիչների: Այդ բոլորի գոյությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, լուրջ սպառնալիք է, լուրջ վտանգ: Այս պահին ահաբեկիչներից, իբր, օգտվող Ադրբեջանի իշխանությունները չեն գիտակցում, բայց շատ հավանական է, որ մոտ ապագայում լուրջ խնդիրներ ունենան:
-Խնդրում եմ Ձեր արձագանքը Էրդողանի քաղաքականությանը, ոչ մեկի հետ յոլա չի գնում՝ Սիրիա, Լիբանան, Լիբիա, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, քիթը խոթել է նաեւ Հարավային Կովկաս: Թուրքիայում որքա՞ն են հանդուրժելու Էրդողանի արկածախնդրությունները:
-Հասարակական կարծիքը ճշտելու համար այստեղ հարցումներ են անցկացվում, եւ պարզվում է, որ Էրդողանի վարկանիշն աստիճանաբար ընկնում է: Բայց որքան էլ այդ ցուցանիշը նվազի, նա 30 տոկոս անդրդվելի համակիրներ միշտ կունենա: Կողմնակիցների այդ անդրդվելիությունը պայմանավորված է երկու գործոնով: Խոսքը նպաստներ ստացողների ու կրոնական հակումներ ունեցողների, այլ կերպ ասած՝ իրեն հլու-հնազանդ հետեւողների մասին է: Սրանք միասնաբար կկազմեն նշածս 30 տոկոսը: Բուն խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը, համաշխարհային քաղաքական գործիչները ծայրաստիճան մեղմ են վերաբերվում Էրդողանի քաղաքականությանը եւ չեն կարողանում հակակշռել նրան: Թուրքիայի նախագահը ողջ Եվրոպային սպառնում է, որ իր երկրում ապաստանած սիրիացի փախստականներին կուղղորդի դեպի Եվրոպա: Համաշխարհային քաղաքականությունը կարծես թե անզոր է նրա դեմ, եւ դա է նրա սանձարձակ գործունեության պատճառը: Ամեն ինչ կարող է անել՝ կոպտությամբ, բռնությամբ, ագրեսիայով, պատերազմով, զենքով: Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպային գերեվարել է իր սպառնալիքներով: Մեր երկրի նախագահը շատ վտանգավոր գործիչ է դարձել:
-Էրդողանն անտանելի է դարձել բոլորի համար: Ինչպես նշեցի, խնդիրներ է ստեղծել Սիրիայում, Լիբիայում, Հունաստանում, Կիպրոսում, Արցախում ու Հայաստանում: Կգա՞ մի պահ, որ նրան արանքից հանելու խնդիր դրվի:
-Ձեր թվարկածներին պետք է ավելացնել նաեւ ողջ արաբական աշխարհը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Էրդողանը հետզհետե մեկուսանում է իր քաղաքականությամբ: Դաշնակից գրեթե չունի: Վերջապես, իր վերջին թիրախ է ընտրել Կիպրոսի հյուսիսում ստեղծված դե ֆակտո հանրապետությունը: Սպառնում է նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք Թուրքիայի ներսում ընդդիմադիր դիրքորոշումներ ունեն: Այսօր Էրդողանի քաղաքականության դեմ շատ հայտարարություններ են կատարվում, այդ թվում՝ ամերիկյան, ռուսական կամ եվրոպական քաղաքական գործիչների կողմից, սակայն դրանք շատ թույլ են, շատ մակերեսային եւ շատ ցածր մակարդակի հակազդեցություն են:
-Ո՞րն է ելքը: Այսօր մենք միայնակ կանգնել ենք Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան ահաբեկիչների, պակիստանցիների դեմ:
-Ըստ իս՝ լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է այս պատերազմում՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանն ունի 200 հազար զինվոր, իսկ Հայաստանը՝ 50 հազար: Նրանց ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեին: Այսքանով հանդերձ՝ հայ զինվորը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ, եւ այդ հաղթանակն Ադրբեջանին կստիպի զինադադար խնդրել: Ուժ եւ կորով հայ զինվորին, որ կարողանա դա անել:
-Իսրայելը պարտավոր էր դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ նրանց ստորագրած պայմանագրում խոսվում է պաշտպանական զենքի մասին, սակայն մենք Արցախում տեսանք, որ իսրայելական կողմը թշնամուն հարձակողական զենք է տրամադրում: Ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի մոտեցումը:
-Իսրայելի կառավարությունը սկզբունքային չէ, ավելի ճիշտ՝ ունի միայն մեկ սկզբունք՝ հրեաների շահերը, որոնց համար կարող է հակամարդկային լինել ցանկացած ընթացքի մեջ: Հիմնադրումից մինչ օրս դա է եղել իսրայելական քաղաքականության առանցքը պատմական բոլոր հանգրվաններում: Կարելի է այսօր ասել, որ Էրդողանի կառավարությունն իսրայելական ծրագիր է: Այս երկրի մեջ իսլամականները հակահրեական, հակասեմական բնույթ ունեն, բայց գործնականում ամենամեծ համագործակցողներն են: Իսրայելի որդեգրած այդ դիրքորոշումը զարմանալի չէ:
-Պրն Էստուկյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու գաղափարի մեկնարկը, բայց առայժմ ոչ մի երկիր չի արձագանքել, չնայած միջազգային ահաբեկչությունն արդեն չոքել է Իրանի դռանը, ահաբեկիչները հայտնվել են Ռուսաստանում…
- Ահաբեկչական խմբավորումներից յուրաքանչյուրը կատարում է այս կամ այն պետության առաջադրանքները: ԱՄՆ-ն, Եվրոպան, Թուրքիան սեփական ահաբեկիչներն ունեն: Այսինքն՝ այն խմբավորումները, որոնք ընդդիմադիր էին Սիրիայում, այսօր շահագործվում են տարբեր պետությունների կողմից: Սա արդեն համաշխարհային հանրության քննարկելիք հարցերից մեկն է: Անցյալում տեսել ենք, թե քրդական ազատագրական շարժման մարտիկները ինչպես են պարտության մատնում այդ ահաբեկիչներին, հատկապես՝ «Իսլամական պետություն» կոչված խմբավորման զինյալներին: Եվ ի՞նչ եղավ: Ամերիկան, Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվեցին Սիրիայում: Հետո ճանապարհ տվեցին Թուրքիային, որը միշտ նույն այդ ահաբեկիչների կողքին է եղել: Պատկերացնում եք, ահաբեկիչներին ոչնչացնելու գործը հանձնեցին Թուրքիային: Ծիծաղելի է:
-Հակաքրիստոնեական, հակահայկական, հակամարդկային վերջին փուլն սկսվեց այն ժամանակից, երբ Այա Սոֆիան մզկիթ հռչակվեց: Եզրափակումը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված կրկնակի հարվածն էր: Արդյոք փորձ չի՞ արվում կրոնական բնույթ տալ այս պատերազմին:
-Երբ Այա Սոֆիան մզկիթ դարձրեցին, առաջին աղոթքին մասնակցեց շուրջ 300 հազար մարդ: Սա ահռելի թիվ է: Եվ իրենք չեն թաքցնում, որ ձգտում են հետզհետե հանրապետությունը վերածել կրոնական պետության: Մեր եկեղեցիները միշտ թիրախ են եղել իսլամիստների հարձակումների համար, ուստի դժվար է միանշանակ պնդել, որ Շուշիի եկեղեցուն հասցված հարվածներն այդ քաղաքականության դրսեւորումներից են: Այս երկրում հազարավոր եկեղեցիներ են ոչնչացվել, հիմնահատակ կործանվել: Թուրքերը սիրում են եկեղեցի ռմբակոծել:
-Ի՞նչ կուզեիք ավելացնել:
-Ուզում եմ ուժ ու կորով մաղթել հայրենիք պաշտպանող զինվորին: Ուզում եմ, որ ամենանվազ կորուստներով ավարտվի այս պատերազմը: Սգում եմ 18-20 տարեկանների մահը, ազգությունը կապ չունի: Չեմ կարող ուրախանալ թշնամու զինվորների մահով, բայց, անշուշտ, կցանկանամ թշնամու ջախջախիչ պարտությունը: Գիտեմ, որ խոսքիս մեջ հակասություն կա, որ առանց թշնամու զինվորների մահվան այդ հաղթությունը չենք ունենա… Թշնամին պետք է պատժվի, տեսնի իր արժանի պատասխանը:

Զրույցը վարեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

17-10-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO