Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»

Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս իր ծառը տնկելու, իր ծառի ճյուղը կտրողի ձեռքը բռնելու, իրենով տիեզերական հավասարակշռությունը պահպանելու: Ամեն մարդ աշխարհ է գալիս իր հոգու կանչի հետեւից գնալու…»:
Հայ թատրոնի եւ կինոյի համար աստվածային պարգեւ էր 1929 թվականի այս օրը Ստեփանավան քաղաքում ծնված փոքրիկը, որին ճակատագիրը դեպի բարձունքներ էր ուղղորդելու, ժողովրդի հոգում ու շուրթերին հնչեցնելու էր նրա նվիրական անունը՝ Սոս Սարգսյան: Այո, նախախնամության մատը խառն էր, այլապես դժվար թե յոթ-ութ տարեկան հասակում երբեւէ թատրոն չտեսած երեխան փորձեր պիես գրել եւ իրենց տան նկուղում, հասակակիցների մասնակցությամբ, բեմականացներ այն: Հետագայում հանճարեղ դերասանը պիտի վերհիշեր այս իրողությունը եւ ինքն էլ զարմանար. «Ես մտածում եմ՝ որտեղի՞ց իմ մեջ այդ ցանկությունը…Գուցե նախախնամությո՞ւն էր, հա՞»: Գուցե. «Երբ դասերի ժամանակ անգիր էի արտասանում, բոլորը բերանները բաց նայում էին ինձ: Առաջին դասարանում, երբ դասարանով գնում էինք մի տեղ, ասում էին՝ Սոսիկ, մի բան արտասանի: Արտասանում էի, հետո զարմանքով հարցնում էին՝ էս ո՞ւմ տղեն ա…»:
Ի ծնե դերասանական տաղանդով օժտված պատանուն նախ նկատում են Ստեփանավանի շրջանային թատրոնում եւ դպրոցն ավարտելուց հետո հրավիրում այնտեղ աշխատելու: Որոշ ժամանակ անց երիտասարդ դերասանը վճռում է թողնել այդ թատրոնը՝ անկախ ղեկավարության՝ նման բան չանելու հորդորներից: Բայց…նորից զարմանք. ինչպես ինքն է պատմում՝ մի գիշեր երազում հայտնվում է արվեստագետին բնորոշ հագուկապով ինչ-որ անձնավորություն եւ ասում, որ դեռ չթողնի թատրոնը եւ մոտակա օրերին սպասի իր գալուն… Տարօրինակ այդ երազը հորը պատմելուց հետո, անսալով նրան, մնում է թատրոնում: Տասն օր անց Ստեփանավան է գալիս երազում հայտնված մարդը՝ ճիշտ իր երազում տեսածի կերպարի մեջ: Գալիս, հանդիպում է Սոսին, ասում, որ նայել է իր խաղացած բոլոր դերերը եւ հրավիրում աշխատելու Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այսպես է մայրաքաղաքային թատերական աշխարհ մուտք գործում ապագայի մեծ արտիստն ու, իր խոսքերով ասած, սովորական մարդը: Այս թատրոնում նրա դերասանական տաղանդն ու արտիստիկ հմայքն աննկատ չեն մնում ժամանակի մեծ ռեժիսորի՝ Վարդան Աճեմյանի ամենախույզ աչքից: Նրա նախաձեռնությամբ Սոս Սարգսյանն ընդունվում է գեղարվեստաթատերական ինստիտուտի երկրորդ կուրս: Կարճ ժամանակ անց դառնում է թատրոնի եւ կինոյի ամենապահանջված դերասաններից մեկը, որի հանդեպ հանդիսատեսի սերն ու համակրանքը մեծանում էին յուրաքանչյուր դերից հետո:
Զավեշտալի կարող է թվալ ու անհավանական այն իրողությունը, որ աստվածային շնորհով օժտված ու արդեն մեծ ճանաչում ունեցող դերասանին երկու անգամ հեռացրել են մայր թատրոնից: Առաջին հեռացման պատճառն այն էր, որ ինքը հրաժարվել է խաղալ մի դեր, որում երեխայի էր գլխատելու: «Ես չեմ կարող այդպիսի դեր կատարել»,- ասել էր գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանին: Եվ հեռացրել էին: Տարիներ անց, երբ կրկին Սունդուկյանում էր, նորից հեռացնում են՝ հանճարեղ Վարդապետին՝ Կոմիտասին «ձեռ առնող» դերից հրաժարվելու համար: «Նա մեր սրբությունն է, ես անկարող եմ …»,- ասել է ու … հեռացվել:
Անզուգական դերասանն առավելապես սիրվեց ու գնահատվեց ոչ միայն բեմական իր դերակատարումներով՝ Դոն Քիշոտ, Լիր արքա, Յագո, Ջոն, Սատինայի թաղապետը, Մացակ պապ, այլեւ կինոնկարներում հայտնի իր կերպավորումներով: Ո՞ր մեկը հիշենք՝ « Գիքորը», «Նահապետ», «Խաթաբալա», «Խնձորի այգին», «Ձորի Միրո», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նվագախմբի տղաները»՝ ֆիլմեր, առանց որոնց անհնար է պատկերացնել հայկական կինոարվեստը:
Շուրջ 40 ֆիլմում է խաղացել Սոս Սարգսյանը, որոնց հաջողությունները մեծապես պայմանավորված են նաեւ իրենով: Խաղացել է նաեւ ռուսական ֆիլմերում՝ «Սոլյարիս», «Առանց ընտանիքի», «Լոմոնոսով»:
ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում՝ 1991 թվականին, հիմնադրեց Համազգային թատրոնը: Դա այն շրջանն էր, երբ շատերը հեռանում էին թատրոնից: «Արվեստ անել ցրտի, պակասության, մթության մեջ՝ չափազանց է դժվար: Մենք բոլորս՝ մեր կոլեկտիվը, դերասանություն չենք անում, մենք զինվոր ենք ու մեր զինվորությունը պիտի անենք մինչեւ վերջ»,- ասում էր վաստակաբեռն ու հայրենապաշտ արվեստագետը: Եվ նա ասպետորեն արեց իր զինվորությունը անգամ խորը ծերունական տարիքում: Հիմնեց ու արարեց՝ ի հեճուկս անողորմ ժամանակի:
«Եթե մենք միասին կարողանանք երգել, միասին այս երկիրը կկառուցենք»,- գործում ու պատգամում էր արտիստը:
Հանրածանոթ խոսք է, երբ ասում են, որ տաղանդավոր մարդիկ ամեն ինչում են տաղանդավոր: Սոս Սարգսյան հանճարեղ դերասանը տաղանդավոր է նաեւ որպես գրող, որի գրչին, թերեւս, կնախանձեն անգամ գրչի շատ վարպետներ: Ասվածի վկայությունն են նրա հրատարակած գրքերը՝ «Չորուկ ճյուղեր», «Վարագույրից այս կողմ», «Պատառոտված ժամանակ», «Մենք ու մերոնք», «Ընդհատում», «Ոտնամաններս» եւ այլն: «Տարիներ առաջ ես մի հայտնագործություն արեցի՝ որ շատ նման եմ իմ ժողովրդին, - ասում էր Սոս Սարգսյանը,- նույնիսկ արտաքինով եմ նման: Ես իսկական հայի տիպար եմ…»:
Երիցս ճշմարիտ ինքնաբնութագրում. հիշենք թեկուզ «Ձորի Միրոյում» նրա կերտած կերպարը, որն այսօր առավել քան արդիական է՝ նույն թուրքն է, նույն բորենին, որի երախը ջարդում եւ ջարդելու են մեր լեռնական Միրոները:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

24-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO