Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար

Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ծագման ապրանքների ներմուծումը դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով արգելված է։ Երբ հարց հնչեց, թե ինչու է այդ արգելքը դեկտեմբերի 31-ից եւ ոչ հենց այսօր, պետական գերատեսչություններից պատասխանը հետեւյալը եղավ՝ որպեսզի տնտեսավարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար։ Այսինքն՝ նոր շուկաներ գտնելու, վերադասավորվելու համար, այլ ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու։
Իսկ որ այդպիսի դեպքեր կլինեն, հաստատ է, որովհետեւ երեկ մի առեւտրականի հետ պատահաբար զրույցի ենք բռնվել եւ իմացել, որ այդպիսիք էլի կան՝ պատճառաբանելով, թե 2 ամիս ժամանակ ունեն, եւ հարմար է, որովհետեւ «նիսյա» էլ են առետուր անում Թուրքիայի հետ։
Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, պետությունն աջակցում է, ժամանակ է տալիս, նույնիսկ կոչ է անում, որ արդեն ներկրված՝ թուրքական ծագման ապրանքը չբոյկոտի հանրությունը, որպեսզի այդ առետրականները չսնանկանան, կարողանան վարկային պարտավորությունները մարել, իսկ այդ նույն առեւտրականները ժամանակն օգտագործում են նոր ներկրումների համար։
Սա որպես ահազանգ ենք հնչեցնում, որովհետեւ պետության անվտանգային հարցն այս պահին կարեւոր է այս համապատկերում տնտեսական հարցից։ Եվ անկեղծ ասած՝ ապշած ենք նոր ներկրումներ անող այդ առեւտրականների պահվածքից. ինքնապահպանման տարրական բնազդը չի՞ գործում, նույնիսկ վերլուծության բացակայության պայմաններում գլխներում հարց չի՞ ծագում, որ թուրքին տված այդ գումարն իրենց էլ է վնասում, վստա՞հ են, որ հենց իրե՛նց հարազատը, որդին, եղբայրը, հայրը չեն ընկնի թուրքի ձեռքից։
Ի դեպ, տարիներ շարունակ թուրքի հետ առեւտրի ահազանգ «ՀՀ»-ն հնչեցրել է։ Եվ, ցավոք, նաեւ պետական այրերը պատասխանել են, թե՝ մեր տված գումարը ոչինչ է թուրքական գանձարանում։ Հիմա տեսա՞ն, որ այդ ոչինչը 200 մլն դոլարից ավելի է...
Ինչեւէ, հիմա պետությունը որոշել է եւ արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը։ Եվ այստեղ շատ կարեւոր մի փաստ կա, արգելվում է ոչ թե պարզապես Թուրքիայից ներկրվածը, այլ թուրքական ծագմանը։ Այսինքն՝ չեն կարող թուրքական ծագման ապրանքը տանել Ռուսաստան եւ այնտեղից բերել Հայաստան։ Սա շատ կարեւոր փաստ է։
Փորձենք հարցը նաեւ տնտեսական հարթությունում դիտարկել, որպեսզի մեզ չմեղադրեն միայն քաղաքական որոշմանն աջակցելու մեջ։
«Ինտերֆաքսի» լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էր, թե ինչքա՞ն բացասական ազդեցություն կունենա թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը հայկական տնտեսության վրա, վարչապետը պատասխանել է. «Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարեւոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը»:
Տնտեսությունը պետք է արձագանքի։ Արձագանքն էլ հետեւյալն է. ինչպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն է ասում, կառավարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունն ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսավարողներին վերադասավորվել եւ գտնել նոր շուկաներ: Այսինքն՝ տնտեսավարողին չի ասվում՝ գործդ փակի՝ տանդ նստի։ Նրան առաջարկում են այլ շուկաներում վերադասավորվել։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ հանդես է եկել կոչով՝ նշելով, թե արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով` մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլեւ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաեւ վարկային պարտավորություններ։ Այս պատճառով հայաստանցի սպառողներին կոչ է անում չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը։ Միաժամանակ՝ թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին կոչ է անում օր առաջ դրսեւորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ։
Այսքանից հետո ի՞նչ են անում մեր առեւտրականները (բացառություններին՝ հարգանքս). այս բոլոր կոչերին, հորդորներին ու պետության կողմից տրված ժամանակին ի պատասխան՝ նոր ներկրմամբ են զբաղվում (համենայնդեպս, ինձ հանդիպած առեւտրականը, ինչպես ասացի, պնդում է, որ իր պես շատերը կան)։
Փորձեցինք պետական եկամուտների կոմիտեի միջոցով հասկանալ իրավիճակը՝ թուրքական կողմից Հայաստան եկող բեռներ պատվիրվու՞մ են արգելքի որոշումից հետո։ Ի պատասխան` ՊԵԿ-ից պարզաբանեցին, որ «պատվիրված լինելու օրվա հետ կապված որեւէ կարգավորում չկա։ Հետեւաբար, սահմանափակում կիրառելու իրավունք էլ չկա մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Դեկտեմբերի 31-ից հետո որեւէ թուրքական ապրանք չի մտնելու։ Իսկ սրանից առաջ, ցավոք, կարող է մտնել»։
Հիմա՝ ինչպես վերեւում ասացինք՝ տնտեսական հարթությունու՛մ հարցի դիտարկման մասով։ Լավ, տնտեսավարողները, կարգավորում չլինելու հանգամանքով պայմանավորված, բերեցին ու մինչեւ դեկտեմբերի 31-ը լցրեցին ապրանքները։ Վստա՞հ են, որ վաճառվելու է։ Վստահ չեն։ Այդ ժամանա՞կ ինչ են անելու։ Գիտենք՝ հավաքվելու են, բողոքեն ու պետությունից աջակցություն կամ ժամանակ խնդրեն։ Ու՞մ հաշվին։ Բոլորի՛ս անվտանգության։ Երկրի՛ անվտանգության։
Ի դեպ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆ/բ իր էջում գրում է. «Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետեւ պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միեւնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան»։ Եվ միաժամանակ հավելում է. «Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ՝ չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել։ Որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Դա ռիսկ է։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք»։
Երբ Թուրքիայի հետ առեւտրի 2019 թ. տվյալը տեսա, հասկացա, որ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ, խղճիս առաջ հանգիստ եմ։ Որովհետեւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է 268 մլն դոլար, եւ ես թե՛ այս ու թե՛ նախորդ միլիոնավոր դոլարների մեջ որեւէ լումա չունեմ, որովհետեւ նույնիսկ այն տարիներին, երբ պայմանականորեն թյուրքի հետ չէինք պատերազմում, թուրքական ծագման որեւէ ապրանք չեմ գնել։ Բացարձակապե՛ս չեմ գնել: Սկզբունքորե՛ն չեմ գնել։ Ու իմ շրջապատում շատերին եմ բացատրել պատճառը ու հորդորել` հետեւելու իմ օրինակին։ Այն սպառողները, ովքեր հիմա չեն ուզում թուրքական ապրանք գնել, բայց չեն տարբերում եւ խանութների վաճառողների հույսին են մնում՝ հասկանալու՝ ապրանքը թուրքական է, թե ոչ, տեղեկացնենք, որ թուրքական ծագման ապրանքը 869 շտրիխ կոդով է։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-10-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO