Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Իսրայելի ագրեսիվ ուղերձը

Հարված է հասցվել Սիրիայում իրանական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է հարվածներն իրանական «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի ռազմական օբյեկտներին, որոնք տեղակայված են Սիրիայում: Դա այն հազվագյուտ դեպքերից է, երբ իսրայելական կողմն ընդունել է իր պատասխանատվությունը սիրիական տարածքներին հասցրած հարվածների մեջ՝ որակելով այն որպես Գոլանի բարձունքում տեղադրված պայթուցիկ սարքավորումների պատասխան գործողություն: Օպերացիան անցկացվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իսրայել այցելության նախօրեին: Հիշեցնենք, որ Պոմպեոն հակաիրանական դաշինքի ճարտարապետներից մեկն է:
«Իսրայելն ու Իրանն ընդհանուր սահման չունեն: Թեհրանը Երուսաղեմից 1000 մղոն հեռավորության վրա է գտնվում: Այդ դեպքում ինչո՞ւ է սիրիական ջոկատն Իրանի գլխավորությամբ այդ պայթուցիկները տեղադրել իսրայելա-սիրիական սահմանին»,-հռետորական այս հարցադրումն Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջում հրապարակվել է չորեքշաբթի առավոտյան: Եվ միանգամից նշվել է պատասխանը. «Որովհետեւ իրանական ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում: Բարեբախտաբար, մենք այստեղ ենք, որպեսզի նրանց կանգնեցնենք»:
Չորեքշաբթի առավոտյան իսրայելական բանակն իր վրա է վերցրել Սիրիայի տարածքին հասցված գիշերային հարվածների պատասխանատվությունը: Նման խոստովանությունները շատ հազվադեպ են. դրանք արվում են միայն այն դեպքերում, երբ իսրայելցիները հնարավորություն են ունենում ռազմական օպերացիան ներկայացնել որպես պատասխան գործողություն:
«Մենք հարվածներ հասցրինք 8 նպատակակետի՝ «Ալֆա» գծի սահմանային շրջանից (Իսրայելի ու Սիրիայի միջեւ բուֆերային գոտու հարավային սահմանը) մինչեւ Դամասկոսի արվարձան»,- արտասահմանցի լրագրողների համար կայացած բրիֆինգի ընթացքում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը: Նրա խոսքերով՝ Իսրայելը երեք հիմնական թիրախ է ունեցել՝ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի կողմից օգտագործվող սիրիական զինված ուժերը, որոնք պատասխանատու են Գոլանի բարձունքի համար, Դամասկոսի միջազգային օդանավակայանում գտնվող ռազմական բազան, որտեղ հաստատվել է իրանական ուժերի շտաբը, գաղտնի ռազմական օբյեկտը, որտեղ կայացել են Սիրիա այցելող իրանական պատվիրակությունների հանդիպումները: «Այդ երեք թիրախից բացի, մենք հարվածներ ենք հասցրել զենիթահրթիռային համակարգերի մարտկոցներին՝ ներառյալ առաջադեմ համակարգերը, այն բանից հետո, երբ նրանք կրակ բացեցին մեր ինքնաթիռների վրա»,- ավելացրել է Ջոնաթան Կոնրիկուսը:
Սիրիայի դեմ հարձակումներն Իսրայելի պատասխանն էին երեքշաբթի «Ալֆա» գծի մոտ մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերմանը:
«Օպերացիայի նպատակը հստակ ուղերձ հղելն է, որ մենք չենք հանդուրժի Իրանի ամրացումը Սիրիայում»,- շեշտել է բանակի պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ, ակնհայտ է, Սիրիան ու Իրանը հստակ չեն հասկացել «ուղերձը», որը նրանց հասցեագրվել է օգոստոսին: Այդ ժամանակ իսրայելական ավիացիան խոցել է սիրիական բանակի ռազմական թիրախները՝ որպես պատասխան այն փորձի, որն անհայտ զինյալները կատարել են՝ փորձելով պայթուցիկներ տեղադրել սահմանին: «Հույս ունենք, որ այս անգամ մեր ուղերձը հասկանալի կլինի»,- եզրափակել է Կոնրիկուսը:
Սիրիական SANA պաշտոնական գործակալության տվյալներով՝ իսրայելական գրոհի արդյունքում զոհվել է սիրիացի 3 զինվորական, եւս 1-ը վիրավորվել է: Իր կողմից՝ ընդդիմությանը մոտ կանգնած սիրիական Մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի կենտրոնը հաղորդել է 10 սպանվածի մասին, որոնցից 3-ը սիրիացիներ են, 5-ը՝ «Ալ-Քուդսի» իրանցի մարտիկներ, 2-ը՝ Լիբանանի ու Իրաքի քաղաքացիներ: «Reuters»-ի աղբյուրները հերքում են, որ սպանվածների թվում լիբանանցիներ կամ իրաքցիներ կան, սակայն միեւնույն ժամանակ նշում են, որ իսրայելական գրոհի թիրախների շարքում եղել են Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան շիիթական «Հըզբոլլահ» խմբավորման բազաները:
Կոնրիկուսը չի հիշատակել լիբանանյան շարժման օբյեկտների մասին, սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, ով նախօրեին այցելել է Գոլանի բարձունք, թվիթերյան իր էջում գրել է. «Սիրիան պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է իր տարածքում, այդ թվում՝ «Հըզբոլլահին» մաքսանենգ զենքի մատակարարման համատեքստում»:
«Ուղերձը միայն Ասադին չի ուղղված: Այն նախատեսված էր նաեւ նրա հովանավորի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Կարելի է ենթադրել, որ եթե վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեռ չի խոսել ռուսական ղեկավարի հետ, ապա շուտով նա դա կանի,- նշել է «Israyel ha-Yom»-ի սյունակագիր, պահեստի գնդապետ Ռոնեն Իցիկը: Նա հիշեցրել է, որ Իսրայելը մեկ անգամ չէ ՌԴ նախագահին խնդրել «կարգուկանոն հաստատել Իրանի ու Սիրիայի դաշինքի մեջ, որը թույլատրում է ռազմական օպերացիաներ իրականացնել Գոլանի բարձունքում»:
«Ռուսաստանը Սիրիային օգնեց ավարտել պատերազմը, եւ այսօր նա ցանկանում է վերականգնել այնտեղ տնտեսությունն ու նորմալ կյանքը եւ սկսել տնտեսական շահույթ ստանալ դրանից: Իրանը միանգամայն այլ բան է ուզում. ձգտում է Իսրայելի հետ պատերազմի, այսինքն՝ Գոլանի բարձունքը վերածելու Իրայելի հետ պատերազմի շրջանի: Դրանք հակադիր կուրսեր են»,-ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բացատրել է Գոլանի բարձունքում տեղակայված 210-րդ տարածքային դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Ռոման Հոֆմանը:
Ինչպես արդեն նշեցինք, Իսրայելի ռազմական օպերացիան կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երկիր այցելության նախօրեին: Նա Իսրայել է ժամանել չորեքշաբթի, օրվա երկրորդ կեսին: Դեռ անցած շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Պոմպեոն կարող է այցելել Գոլանի բարձունք՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին պետքարտուղարը, ով վճռել է նման քայլ կատարել:
Մինչեւ վերջին պահը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը չէր հաստատում, բայց նաեւ չէր հերքում, որ Պոմպեոն կայցելի Գոլանի բարձունք, ինչպես նաեւ հրեական Պսագոտ բնակավար՝ Հորդանան գետի արեւմտյան ափին, սակայն ակնհայտ է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների բացահայտումն ուղերձ էր նաեւ Վաշինգտոնին: Իր կողմից՝ Իսրայելը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները պատասխան են պատրաստել Իրանին, եւ ոչ միայն ռազմական: «Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է, եւ նա ավելի ու ավելի է մեկուսանում»,- հայտարարել է Պոմպեոն Երուսաղեմում Բենյամին Նեթանյահուի եւ Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լաթիֆ ազ-Զայանիի հետ հանդիպման ժամանակ: Հավանաբար, պատահական չէ, որ վերջինիս՝ Իսրայել կատարած առաջին այցը համընկել է ԱՄՆ-ի պետքարտուղարի ժամանման ժամկետի հետ:
Պոմպեոյի կարծիքով՝ Իրանի մեկուսացման աճը կապված է նաեւ այն փաստի հետ, որ Իսրայելը հարաբերությունների կարգավորման համաձայնագրեր է ստորագրել արաբական մի շարք երկրների հետ:
Պետքարտուղարը խոստացել է նաեւ նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ «առաջիկա շաբաթներին ու ամիսներին», այսինքն՝ մինչեւ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտը: Բայց այդ խոստումը շատ ավելի արագ կատարվեց. Պոմպեոն դեռ չէր հասցրել ավարտել իր խոսքը, երբ հայտնի դարձավ Թեհրանի նկատմամբ նոր սահմանափակումների մասին: Դրանք վերաբերում են Իրանի հետախուզության նախարար այաթոլլա Մահմուդ Ալկավիին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ «Մոստազաֆան» պետական հիմնադրամի երկու զորահրամանատարի: Պատժամիջոցներ, ընդհանուր առմամբ, կիրառվել են Իրանի 13 քաղաքացու եւ 51 ընկերության, ինչպես նաեւ 1 նավի նկատմամբ:
Թվում է՝ Իսրայելի խնդիրն այս պահին ոչ այնքան Սիրիայում Իրանի ամրացմանը խոչընդոտելն է, որքան վերջինիս ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներքաշելը: Դեռ վերջերս լուրեր տարածվեցին, որ Թրամփն Իրանին հարվածելու նպատակ ունի: Այն, որ Պոմպեոն այցելել է տարածաշրջան, այն, որ Իսրայելի նախագահը բոլորովին վերջերս հայտարարեց Պաղեստինի հետ հաշտվելու մտադրության մասին, այն, որ Իսրայելը, որն սպասարկում է ԱՄՆ-ի շահերը, վերջինիս խորհրդով հարաբերությունները կարգավորում է արաբական աշխարհի հետ, ցույց են տալիս, որ ինչ-որ լուրջ բան է նախապատրաստվում, եւ Իսրայելը ձգտում է այս պահին ոչ մի թշնամի չունենալ: Դրան է ձգտում նաեւ ԱՄՆ-ը:
Ավելին՝ հնարավոր է, որ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը, որը թելադրված էր Թուրքիայի կողմից եւ ընթացավ Ադրբեջանին Իսրայելի ակտիվ աջակցությամբ, գուցե նույն նպատակն ուներ՝ Իրանին ներքաշել պատերազմի մեջ, հանուն որի բավարար թվով սադրիչ քայլեր կատարվել են, մասնավորապես՝ այդ երկրի սահմանների մոտ տեղակայվել են սիրիական ու լիբիական ահաբեկիչներ, ռումբեր են պայթել իրանական տարածքում, հարձակում է ձեռնարկվել Խուդափերինի կամրջի ուղղությամբ: Հիմա Իրանը դեռ ոչինչ չի պատասխանել իսրայելական ու ադրբեջանական ագրեսիվությանը, որպեսզի սահմանափակումների պատճառով թուլացած տնտեսությունը նոր հարված չստանա, որպեսզի իրանական Ատրպատականում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անջատողական տրամադրություններ չհրահրվեն:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

21-11-2020





05-12-2020
Փոխհատուցում՝ մատուցվող ծառայությունների դիմաց
Պետությունն աջակցում է տեղահանված ընտանիքներին

Պատերազմից տուժած, մասնավորապես, ...


05-12-2020
Թուրքական զինուժի հատուկ ստորաբաժանումները կարող են սադրանքներ իրականացնել
Ադրբեջանում արդեն տեղակայված են Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները


05-12-2020
Եվրոպան սեղմում է օղակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շուրջ
Եվրոպացիները հոգնել են Անկարայի հետ «մուկ ու կատու» խաղալուց


05-12-2020
Պատմություն եւ ժամանակ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության ...


05-12-2020
«Կյանքն է ղեկավարում աշխարհը, ոչ անձնական ազատ կյանքը»
Վիլյամ Սարոյանի հարուստ գրական ժառանգությունից փորձենք առանձնացնել այն էսսեները, ...


05-12-2020
Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ...


05-12-2020
«Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան…»
«…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ...



05-12-2020
Մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական ...

05-12-2020
Ստեփանակերտում կշահագործվի շուրջ 300 բնակարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

05-12-2020
Ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ ...

05-12-2020
Դիվանագիտությունը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO