Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԼՂՀ


Ամրոցները՝ Որոտանի ափերին

Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Հայոց երկրի ջրառատ գետերից Որոտանը Սյունիքի մարզի Որոտան գյուղից մինչեւ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք անցնում է իր իսկ ստեղծած կիրճով, որի ափերին գտնվող ժայռակերտ բլուրները ժամանակին օգտագործել են մեր նախնիները եւ ամրոցներ հիմնել: Տարածքը 18-20-րդ դարերին հայաթափվել էր՝ սկզբում բնակեցվել քրդական ցեղերով, խորհրդային տարիներին բռնակցվել էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը՝ ձեւավորելով Կուբաթլուի շրջանը:
Գետի ափամերձ հարթ տարածքներում էլ բնակավայրեր են եղել դեռեւս 4-5 հազար տարի առաջ, հնարավոր է՝ ավելի շուտ: Այդ են վկայում պահպանված բնակատեղիներն ու դամբարանադաշտերը՝ ձգվելով գետի երկայնքով մեկ: Այժմ տարածքի հիմնական մասն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմում է: Վերջին տարիներին հնագետների հետ ուսումնասիրել ենք տարածքը եւ միայն Որոտանի մոտ գտել մի քանի ամրոց, որոնք գոյություն են ունեցել անտիկ շրջանում, վաղ միջնադարում եւ մինչեւ 17-18-րդ դարերը: Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լեւոն Մկրտչյանի («Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի վարիչ) եւ գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ դարձյալ տարածքում էինք: Ամրոցներից մեկը, որը գետի ձախափնյա բլրի վրա է՝ N. 39 22 17,2 եւ E. 46 34 01,8 Alt. 658 կոորդինատներում, հավանաբար, պատմական Անդոկաբերդն է: Հենց գետի ափից է սկսվում մոտ 50 մ բարձրություն ունեցող բլուրը, որի 3 կողմերը ժայռեր են՝ ուղղաձիգ ու անմատչելի, իսկ հյուսիսային թեք լանջը պատված է մացառներով ու թփերով:
Այս կողմում վաղ միջնադարում, դրանից առաջ մեծ բնակավայր է եղել, որից պահպանվել են շենքերի հիմքեր, պատեր: Մոտակայքում դամբարանադաշտ է՝ ձգվելով 1 կմ-ից ավելի դեպի հյուսիս՝ Խնձորեսկ գետակի ափերով: Այս մասում է Ալիղուլիուշաղի կոչված գյուղը, այժմ՝ Անդոկաբերդ, որտեղ մի մեծ ժայռ-բլուր կա: Հարավարեւելյան կողմում միջնադարում մեր պապերը ժայռափոր եկեղեցի են հիմնել, որի հարեւանությամբ մի քանի քարայրներ եւս կան, որոնք ժամանակին եղել են բնակելի. հնարավոր է՝ նաեւ ճգնարաններ են: Որոշ քարայրներ գտնվում են ուղղաձիգ ժայռերի մեջ՝ գետնից մի քանի մետր բարձր դիրքում: Ժամանակին ելումուտը կատարվել է պարանների օգնությամբ: Ժայռի մոտով միջնադարում ճանապարհ է անցել՝ ձգվելով Խնձորեսկ գյուղ, որն այն ժամանակ հիմնականում անձավակերտ էր եւ ամրոցի դեր ուներ: Նշված ճանապարհի հետքերը պահպանվել են: Անդոկաբերդի պարիսպները կառուցվել են հյուսիսային լանջին: Պահպանված պարսպապատերից երեւում է՝ ամրոցն ունեցել է 3 շերտ: Առաջին պարիսպն ամենաերկարն է եղել՝ գոտեւորելով բլրի երեք կողերը: Ունեցել է 1 մետրից ավելի լայնություն: Երկրորդ եւ երրորդ պարսպաշարքերն ավելի վերեւում են: Որոշ հատվածներում պատերի մեջ օգտագործել են բավականին մեծ քարեր: Բլրի վերին մասում 10-ից ավելի շինությունների հիմքեր կան: Զգացվում է՝ միջնաբերդն այստեղ է եղել:
Գետի կողմում ժայռերի միջով 2-3 գաղտնուղի է գործել: Դրանց հետքերը լավ երեւում են: Հյուսիսային լանջին՝ առաջին եւ երկրորդ շերտերում, նույնպես կառույցների հիմքեր ու պատեր կան: Մի շինություն քառակուսի հիմքով է. մոտ 8 մ երկարություն ունեն պատերը: Այստեղ գտնվեց կուռքի փոքր արձանիկ, որը տեղափոխեցինք Բերձոր՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարան: Սա խոսում է այն մասին, որ ամրոցը գոյություն է ունեցել դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներում, ունեցել է պաշտամունքային շինություն, հնարավոր է՝ տաճար: Դեռեւս խորհրդային տարիներին ամրոցի մոտով ադրբեջանցիները ճանապարհ են բացել դեպի գետափ, եւ բավականին վնասվել է հնավայրի տարածքը: Մոտակա բնակատեղին առավել է վնասվել. այն հարթեցրել եւ օգտագործել են որպես վարելահող: Ամրոցի վաղ-միջնադարյան շերտերի գոյությունը նկատի ունենալով եւ 4-րդ դարում հայտնի Անդոկ իշխանի մասին պատմական տեղեկություններից ելնելով՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի նորահայտ ամրոցներն ուսումնասիրող հետազոտական խմբի անդամներ Գագիկ Սարգսյանն ու Բակուր Կարապետյանը համարում են.
-Ամրոցը կապված է Սյունյաց նախարարության մեծ նահապետ Անդոկ իշխանի անվան հետ: Նա Հայոց Արշակ 2-րդ թագավորի կնոջ՝ Փառանձեմի հայրն էր: Անդոկը 4-րդ դարի խոշոր պետական-քաղաքական գործիչ էր, ռազմավար եւ դիվանագետ: 338 թ., մինչ Արտավազդ Մամիկոնյանի չափահաս դառնալը, իր քենակալ Արշավիր Կամսարականի հետ վարել է Հայոց սպարապետության գործերը: Նա իր գործունեության ընթացքում ամրացրել է Սյունիքի ամրոցները, կառուցել նոր բերդեր, որոնցից մեր խմբի կողմից հետազոտվել է Անդոկաբերդը:
Այն բազմաշերտ ամրոց-բնակատեղի է, որի վերգետնյա նյութը հստակ վկայում է՝ հուշարձանում կյանքը հարատեւել է՝ սկսած Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչեւ վաղ միջնադար ընկած ժամանակաշրջանները: Միջնաբերդի շինությունները կրում են բազմաթիվ վերակառուցումների հետքեր, վերջինը, ամենայն հավանականությամբ, եղել է Անդոկ իշխանի կողմից 4-րդ դարում կատարածը: Այստեղից մոտ 1 կմ վերեւում է Լալազարի կամուրջը, որը կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900-1902 թվականներին վերանորոգել է նրա որդին` Սիմեոնը. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը՝ Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա» («Մշակ» 1902 թ. թիվ 161, էջ՝ 2): Կամրջի հիմնադրման եւ նորոգման տարեթվերը հիշատակված էին ձախափնյա խելից վեր` գետի հոսքընթաց ճակատին արված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ: Խորհրդային տարիներին երախտամոռ թրքաքրդերը քերել են արձանագրությունը: Զույգ թռիչքներով քարե կամարակապ կամուրջը, կառուցման ու նորոգման ժամանակ, խորհրդային տարիներին առավել շատ ծառայում էր մահմեդականներին, որոնք բնակվում էին մոտակա մի քանի գյուղերում՝ Նովլու, Մազրա եւ այլն: Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 մ եւ 12,66 մ երկարություն: Ջրի մակարդակից ունի 9,10 մետր բարձրություն, լայնությունը 4,31 մետր է: Չնայած Լալազարի կամրջի մասին պատմական տեղեկություններին, տարածքում ավելի վաղ պետք է կամուրջ լիներ, որովհետեւ, արդեն նշեցինք, նախաքրիստոնեական ժամանակներից այստեղ խիտ բնակեցված է եղել. բնական է՝ բնակավայրերն իրար կապող կամուրջներ պետք է լինեին Որոտանի վրա: Միգուցե նախկին կամրջի տեղում է Լալազարը կառուցել նորն ու ավելի ամուրը: Գետի աջակողմյան բլուրներից մեկը Լալազարի կամրջից հեռու է մոտ 1 կմ: Ափից մինչեւ գագաթ բլուրն ունի 150 մետրից ավելի ուղղաձիգ բարձրություն: Կամրջի մոտից արահետ է ձգվում դեպի բլուր, որի հյուսիսարեւմտյան կողմը ժայռապատ է: Արահետի եզրերին տեղ-տեղ պատաշարեր են պահպանվել: Նախկինում երեւի այստեղով ճանապարհ է գործել՝ սկիզբ առնելով կամրջից: N. 39 26 15,5 եւ E. 46 26 47,5, Alt. 802 կոորդինատներում գրեթե ուղղաձիգ ժայռերը բնական ամրություն են, եւ դա են հաշվի առել դեռեւս վաղ միջնադարում Սյունյաց երկրի իշխանները, ամրացրել բլրի թույլ կողմերը եւ այստեղ հիմնել ամրոց: Արեւելյան կողմում են հիմնականում պարիսպներ շարել. իսկ ամրոցի մուտքը հյուսիսային կողմում է՝ գետափին մոտ: Ի տարբերություն Անդոկաբերդի՝ այս ամրոցն ավելի ուշ շրջանում է հիմնվել եւ գոյատեւել է մինչեւ 18-րդ դարի վերջ: Այս հատվածում Որոտանը կոչվում է Բարկուշատ, եւ պատմությունից հայտնի է Բարկուշատի բերդը, որի մասին առաջինը հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանը: «Նա Սյունիքի պատմություն» գրքում «Հայր Գյուտի ու Քրիստոսասերի համառոտ պատմությունը եւ Երասխի ափի վանքի կառուցումը» ԻԱ գլխում գրում է. «…Ապա օրեր անց մկրտեցին պարսից նույն թագավորի եղբորորդուն՝ Աբլ Աբաս անունով, նրան փեսա դարձրին Աղվանքի արքա Վաչագանին: Գետի ափին բերդ կառուցեցին, որ նա այնտեղ բնակվելով պաշտպանի կրոնավորներին: Ապա Աբլ Աբասն ու Վաչագանը, Սյունիքի իշխանին խնդրելով, վանքի համար սահման առանձնացրին: …Ապա Բարկուշատում մեռնում են Վաչագան եւ Աբլ Աբաս թագավորները…»:
-Բարկուշատի բերդը հիմնվել է 5-րդ դարում եւ կապված է Հայոց հյուսիս-արեւելից թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ: Բերդը գործում էր նաեւ Ս. Օրբելյանի ժամանակներում՝ միջնադարում: Այն չէր կորցրել իր նշանակությունը նաեւ 18-րդ դարի առաջին կեսին, երբ 1724 թ. այն արդեն թուրք Ֆաթ Ալի խանի նստավայրն էր: Բարկուշատի բերդի մոտ էր գտնվում Բարկուշատ քաղաքը, որն ավերվել ու ամայացվել է: Տարածքի ամրոց-բնակավայրերից մեկի մասին, հավանաբար հենց մեր ենթադրած Բարկուշատի բերդի մասին Ղ. Ալիշանը գրում է. «Մերձ ի խառնուրդսն նշանակի Տավութլու գիւղ եւ բերդատեղի, ոչ գիտեմ անուն Դավիթ Բեկի թե այլն»: Որոտանի եւ նրա վտակ Վարարակնի միախառնման մասում է ադրբեջանցիների կողմից Դավթլու կոչված գյուղը, որից ընդամենը մեկուկես կմ հեռու է այս բերդը: Դավթլուն մինչ 19-րդ դարավերջը եղել է հայկական բնակավայր. այդ վկայում են գյուղի մոտակայքում պահպանված Հայոց հանգստարանի տապանաքարերը: Սերո Խանզադյանն «Ինչ են պատմում քարերը» հոդվածում («Սովետական Հայաստան» ամսագիր. 1984 թ. թիվ 6, էջ՝ 3) գրում է, որ Դավուդլուն պատմական Մարգաձորն է: Իսկ գյուղի մոտակա հանգստարանի տապանաքարերից մեկի վրա կարդացել է. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԴԱՎԻԹ ՔԱՋ ԶՈՐԱՎԱՐԻՆ». ԹՎՆ. ՌԾԸ (1609թ.): Շահեն Մկրտչյանն էլ գրում է՝ գյուղը կոչվել է Դավթաշեն («Ջեբրայիլ-Ղուբաթլուի հայկական պատմա-մշակութային հուշարձանները». «Ազատամարտ» թերթ, 1993 թ. թիվ 40, էջ՝ 12): Իհարկե, հաստատապես հաստատելու համար, որ մեր նկարագրածը Բարկուշատի ամրոցն է, պետք է լավ ուսումնասիրել, պեղել տարածքը: Ամրոցի արեւելյան կողմում արհեստական լճակ կա, որն այժմ էլ լի է ջրով: Լճակից դեպի գետ ժամանակին ջրատար կամ ճանապարհ է գործել: Հիմքերը լավ են պահպանվել: Ամրոցից դեպի լճակ գաղտնուղի է գործել: Պահպանվել են դրա աստիճանավանդակները, որոնք հասնում են մի քարանձավի: Այժմ այդ մասը մացառապատ է, եւ հնարավոր չէ հետազոտել վերեւի հատվածը՝ գտնելու գաղտնուղու շարունակությունը: Ջուրը հիմնականում պաշարել են ավելի բարձր մասում: Պահպանվել են մի քանի ջրավազաններ՝ 2-3մ տրամագծով, նույն խորությամբ քարաշար եւ կրով ծեփված պատերով: Հարավային կողմում ամրոցից ավելի բարձր սարեր կան: Այս կողմում նույնպես ամրոցը մուտք է ունեցել հատկապես ձիերի ու սայլերի համար: Հյուսիսային մուտքը հիմնականում ծառայել է հետիոտներին: Բերդն ունեցել է նաեւ եկեղեցի, որի հիմքերն ու մի պատի մաս են մնացել: Եթե ընդունենք, որ սա իսկապես Բարկուշատի բերդն է, եւ վերջում նրան տիրացել էր մեր թշնամին՝ Ֆաթ Ալի խանը, բնական է՝ եկեղեցին կործանվել է 18-րդ դարակեսին: Բերդի արեւելյան կողմով պարսպապատն անցել է մոտ 200 մ երկարությամբ՝ 1-ից մինչեւ 10 մ բարձրությամբ հատվածներով: Ներսում կան պարսպապատեր, որոնք կառուցվել են հսկա քարերով. հնարավոր է՝ առաջին պատերն են:
Հիշատակված եկեղեցուց քիչ վերեւ մեկ այլ շինության հետքեր կան: Զգացվում է՝ մոտ 200 քմ մակերեսով կառույց է եղել, որի մուտքի մոտ հսկայական մի քար կա՝ դրված հենաքարերին: Հանգիստ կարելի է անցնել այս քարի տակով: Նման երեւույթ տեսել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի Սեւ սարի մոտակա հնավայրում, որտեղ, ըստ որոշ գիտնականների, հազարամյակներ առաջ աստղադիտարան է եղել: Արեւմտյան կողմում ամրոցի ժայռերն ուղղաձիգ են ու անմատչելի: Բերդի գոյության շրջանում ժայռերի վերնամասերը մշակել, հարթեցրել են, որտեղով երթեւեկել են զինվորները: Ամրոցի արեւելյան կողմում՝ միջին հատվածում, մի պատ կա՝ մոտ 15 մ բարձրությամբ, 10 մ երկարությամբ: Կառուցված է կիսված սեւ գետաքարերից: Մացառներն ու առատ խոտը խանգարում են պատին մոտենալ՝ ճշտելու դրա նպատակը: Պարիսպները կառուցված են անմշակ քարերով ու կրաշաղախով, իսկ նշված պատի քարերը մշակված են: Ըստ տեղեկությունների՝ Բարկուշատի բերդի մոտ է եղել համանուն քաղաքը, որն ուշ միջնադարում կործանվել է:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-11-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO