Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԱՇԽԱՐՀ


Հերթական ահաբեկչությունը

Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը

Նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգի Դեմավենդ քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել Իրանի միջուկային ֆիզիկայի 5-րդ խոշոր գիտնական 63-ամյա Մոհսեն Ֆախրիզադեհը: Նա Իրանի ՊՆ-ի հետազոտության ու նորարարության կազմակերպության ղեկավարն էր, որին համարում են Իրանի Ռոբերտ Օփենհեյմերը (ԱՄՆ ատոմային ռումբի հայրը):
2007 թ. ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ, Թեհրանի դեմ կիրառած սահմանափակումների շրջանակներում, Ֆախրիզադեհին եւս ներառել էր այդ ցուցակում, սակայն 2016 թ., երբ կյանքի կոչվեց Իրան-5+1 համաձայնությունը, եւ ՄԱԿ-ը վերացրեց Իրանի դեմ բոլոր սահմանափակումները, այդ թվում` նաեւ նրա դեմ կիրառվածը: Նա առանցքային դեր ուներ Իրանի պաշտպանական նորագույն զենքերի արտադրության հարցում: Այդ պատճառով էլ 2010-2012 թթ., երբ Իրանի միջուկային ֆիզիկայի 4 հայտնի գիտնականներ ահաբեկչության զոհ դարձան, նրա անվտանգության նպատակով միջոցառումները կտրուկ խստացվել էին, անգամ մերժվել էին ՄԱԳԱԹԷ-ի տեսուչների բազում պահանջները՝ նրա հետ հանդիպման վերաբերյալ:
Նշենք, որ նախորդ դեպքերի համար ինչպես Իրանը, այնպես էլ արեւմտյան բազմաթիվ ԶԼՄ-ներ, հենվելով ԱՄՆ պաշտոնյաների տրամադրած տեղեկատվության վրա, ընդգծել էին, թե ահաբեկչություններն իրականացրել են Իրանի վտարանդի «Մոջահեդին-ե Խալղ» ընդդիմության անդամները, որոնք Ադրբեջանի տարածքով ներթափանցել էին Իրան: Այն 1999 թ. ներառված էր ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն հետագայում հանվեց: Ըստ նշյալ աղբյուրների՝ ահաբեկիչներին մարզել, զինել եւ ֆինանսավորել էր Մոսադը՝ Իսրայելի գաղտնի ծառայությունների կազմակերպությունը: Այս դեպքում եւս Իրանը եւ արեւմտյան որոշ ԶԼՄ-ներ նշել են, որ դա, անկասկած, Իսրայելի ձեռքի գործն է, գործելաոճը՝ Մոսադինը, ապա հավելել, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը անվտանգության ոլորտում սերտ համագործակցում են, բայց պարզ չէ՝ այս մասին Վաշինգտոնը տեղյակ է եղել, թե ոչ:
«Նյու Յորք թայմսի» կարծիքով, ահաբեկչությունն ուղղված եղել է ԱՄՆ-ի Իրան-5+1 համաձայնության հնարավոր վերադարձին ու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների վերականգնմանը հարվածելուն: Իրականում էլ, եթե Իրանը, ի պատասխան, շուտափույթ կերպով կոշտ քայլերի դիմի, ապա Իսրայելը հասել է իր նպատակին, եւ համաձայնությունը վերջնականապես կտապալվի, մանավանդ որ եղել են ցույցեր, որտեղ հնչել է «Պատերազմ եւ ոչ թե բանակցություն» կարգախոսը: Ըստ ամենայնի՝ դա է վկայում նաեւ ահաբեկչության համար ընտրված ժամանակը, քանի դեռ Թրամփը Սպիտակ տանն է:
Ֆախրիզադեհի սպանությունը լայն արձագանք է գտել թե՛ Իրանում եւ թե՛ աշխարհում, ինչը պայմանավորված է ոչ միայն նրա՝ այդ երկրի միջուկային ծրագրերի ու հետազոտությունների հարցում առանցքային դերով, այլեւ միջազգային զարգացումներով, ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով՝ հաշվի առնելով Թհերանի հնարավոր կոշտ հակազդեցությունը: Իսրայելը, ինչպեսեւ նախորդ դեպքերում, ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է ահաբեկչւթյանն իր մասնակցությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հանդես գալով հայտարարությամբ, Իրանին զսպվածության կոչ է արել: Իսկ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու սենատոր Բերնի Սանդերսը, ահաբեկչությունը խիստ քննադատելով, այն գնահատել է չկշռադատված, սադրիչ ու ապօրինի քայլ, ընդգծելով, որ նպատակը ԱՄՆ նոր կառավարության իշխանության գալու նախաշեմին ԱՄՆ-Իրան դիվանագիտությանը հարվածելն է եղել:
Անդրադառնալով իրանյան հակազդեցություններին՝ նշենք, որ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաները դրա համար Իրսրայելին են մեղադրել, բայց արձագանքները հիմնականում եղել են ավելի զգուշավոր եւ դիվանագիտական: Նախագահ Ռոհանին, խստիվ դատապարտելով ահաբեկչությունը, այն գնահատելով որպես հուսահատական քայլ, միաժամանակ շեշտել է, թե Թեհրանը չի ընկնելու Իսրայելի լարած թակարդը եւ ժամանակին համարժեք պատասխան կտա: Սակայն երկրի բարձրաստիճան զինվորականները, այդ թվում՝ Հեղափոխության պահապան կորպուսի հրամանատար Հոսեյն Էսլամին, խոսել են վրեժխնդրության ու համարժեք հուժկու հարվածի մասին: Ավելին, երկրի ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի գրասենյակի տեսակետներն արտահայտող «Քեյհան» օրաթերթի ծայրահեղական հայացքներով մեկնաբան Սաադոլահ Զարեին թերթի նոյեմբերի 29-ի համարում շեշտել է, թե Իսրայելի ահաբեկչություններին պատասխանները եղել են անհամաչափ եւ ոչ կանխարգելիչ, ինչի հետեւանքով էլ այսօր ահաբեկչության զոհ է դարձել Ֆախրիզադեհը: Նա նշել է, թե այժմ ժամանակն է առանց երկար-բարակ մտածելու կշռադատության թիրախ դարձնել Իսրայելի Հայֆա քաղաքի ենթակառուցվածքները, ինչը կուղեկցվի նաեւ մարդկային կորուստներով, որպեսզի ապացուցվի Իրանի կանխարգելիչ ուժի հզորությունը:
Նշենք, որ Հայֆան թիրախ դարձնելու գաղափարը շրջանառության մեջ է դրվել այն ժամանակվանից, երբ Իսրայելը հայտարարել է, թե հարվածելու է Իրանի միջուկային կենտրոններին: Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները՝ Ֆախրիզադեհի նկատմամբ ահաբեկչությունը պատճառ է դարձել նաեւ, որ Իրանը խոստովանի, թե իսրայելական լրտեսական ցանցը որքան խորն է ներթափանցել Իրանի տարբեր ոլորտներ: Հեղափոխության պահապան կորպուսի բարձրաստիճան սպա, գլխավոր շտաբի նախկին պետ Հոսեյն Ալային, ով կողմ է եղել ԱՄՆ-ի հետ բանակցություններին, գրել է, թե Ֆախրիզադեհի սպանության հանգամանքները խոսում են Իրանում Իսրայելի լրտեսական կառույցների խիստ զարգացած ու հագեցված լինելու, գերճշգրիտ տեղեկություններ ունենալու մասին: Նա խորհուրդ է տալիս ուսումնասիրել անվտանգության կառույցներում առկա թերությունները, որոնց հետեւանքով Իրանը հայտնվում է նման փաստերի առջեւ: Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախկին նախարար Ալի Ջանաթին շեշտել է, թե հայտնի գիտնականների ահաբեկումների ու բացարձակ գաղտնի փաստաթղթերի առեւանգման փաստերը վկայում են, որ երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյաները պետք է գիտակցեն Իսրայելի ներթափանցման լուրջ վտանգը եւ միջոցառումներ ձեռնարկեն:
Այս առնչությամբ նշենք, որ 2018 թ. հուլիսին, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարեց, թե Մոսադն Իրանից ձեռք է բերել մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր այդ երկրի միջուկային գործունեության վերաբերյալ, որոնք Իսրայել են տեղափոխվել Ադրբեջանի տարածքով, Իրանը դա խստիվ հերքեց, ԱԳ նախարար Զարիֆն ու փոխնախարար Արաղչին շեշտեցին, թե դա բացարձակ սուտ է: Ավելին, Նաթանյահուն, ցուցադրելով փաստաթղթերը, անդրադարձել էր Ֆախրիզադեհին՝ նրան անվանելով Իրանի միջուկային ծրագրերի ուղեղը, եւ շեշտել. «Հիշեք այս անունը»: Իսկ «Մոջահդին-ե Խալղը», դեռեւս ընթացիկ տարվա օգոստոսին խոսելով միջուկային զենքի ոլորտում Ֆախրիզադեհի առանցքային դերի մասին, նշել էր, թե միջուկային զենքի ստորգետնյա փորձարկում է տեղի ունեցել Սորխեհսար միջուկային կենտրոնում:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

01-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO