Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է

Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում հրադադար հաստատելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանը եւ Թուրքիան իրար հերթ չտալով բազմաթիվ սադրող, իրականությունն ու գործընթացները սեփական շահերի պրիզմայից ներկայացնող հայտարարություններ արեցին: Նման զարգացումները լիովին կանխատեսելի էին բազմաթիվ անորոշ կետերով հագեցած եռակողմ հայտարարության առկայության պարագայում: Փաստաթղթի բոլոր կետերով սպառիչ պատասխան է տրված միայն արցախյան հակամարտության ընդամենը երկու հարցի՝ հրադադարի հաստատմանը եւ ռուսական խաղաղապահներին համապատասխան մանդատ տալուն: Եռակողմ հայտարարության մյուս կետերը բաց են, ինչը ենթադրում է լրացուցիչ բանակցությունների միջոցով դրանց հստակեցում՝ տարընթերցումներից եւ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:
Այս փուլում պահանջվում է փաստերի եւ իրավական գործիքակազմի հավաքագրման ու գույքագրման ծավալուն աշխատանք հայտարարությունն առավելագույնս Արցախի Հանրապետության շահերին համապատասխանեցնելու համար: Նման ծավալուն աշխատանք պահանջում է դեռ միայն եռակողմ հայտարարությունը: Եթե արձանագրենք, որ դրանում բացակայում է արցախյան հակամարտության ամենակարեւոր հարցը՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը, ապա ավելի պարզ կլինեն կատարվելիք աշխատանքների ողջ ծավալն ու կարեւորությունը:
Այս կարեւորագույն գործընթացները պահանջում են հայկական երկու պետությունների հիմնական ռեսուրսների մեկտեղում: Դիվանագիտական հարթություններում արդեն մեկնարկել են նոր ու կարեւոր ճակատամարտերը: Թեպետ դրանցում դեռ չի քննարկվում գլխավոր հարցը՝ Արցախի կարգավիճակը, բայց քննարկման առարկա հարցերը հարթում են դրան տանող ճանապարհը: Հետեւաբար, ներկայիս գործընթացները դիտարկվում են բացառապես հիմնական նպատակին հասնելու համատեքստում:
Այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան անում են քայլեր ու հայտարարություններ, որոնց հակադարձելու համար ծավալուն մասնագիտական աշխատանք է պահանջվում: Ադրբեջանը խոսում է Նախիջեւանի հետ միջանցքներ բացելու մասին եւ սադրելով շեշտում, որ հարցը քննարկում է ռուսական կողմի հետ: Պարզ է, որ այդ հարցում վերջնական խոսքը հայկական երկու պետություններինն է, բայց ինքնին խնդիրը մի քանի լուծումներ է ենթադրում, հետեւաբար, ծավալուն ռեսուրսային աշխատանք է պահանջում:
Թուրքիան պարբերաբար հայտարարում է հակամարտության գոտու հարակից տարածքներում իր բանակի կանոնավոր ստորաբաժանումներ տեղակայելու մասին: Այս պետությունը քայլեր է կատարում նաեւ Արցախի հարակից տարածքները էթնիկ թուրքմեններով վերաբնակեցնելու ուղղությամբ: Այս խնդիրները միջազգային հարթակներում քննարկելու անհրաժեշտություն ունեն, առավել եւս, որ Թուրքիայի գործողությունները համաշխարհային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն են: Այս երկրի շուրջ ձեւավորված ոչ բարենպաստ մթնոլորտի օգտագործումը մեր հարցերի լուծման համար օպերատիվ գործողություններ է պահանջում:
Վերոնշյալից բացի բազմաթիվ անորոշություններ են պարունակում Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ Ալիեւի վերջին հայտարարությունները, որոնք նույնպես լրացուցիչ բանակցությունների եւ ճշգրտումների կարիք ունեն:
Առանձնակի ուշադրության կարիք են զգում տարածաշրջանում առավել մեծ ներկայություն ունենալու Թուրքիայի ձգտումները: Մտահոգիչ է, որ Ադրբեջանում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի կենտրոնի կառուցման մասին հայտարարում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս երկիրը, հրահրած պատերազմի լիիրավ կողմ լինելով, այսօր ձգտում է խաղաղապահի գործառույթներում հիմնական կողմ հանդես գալ, ինչը չի տեղավորվում բանականության որեւէ ձեւաչափում: Ավելին, այս երկիրը ձգտում է կողմերի շփման գոտում ունենալ նաեւ այլ զորակազմ: Առայժմ Հուլուսի Աքարը խոսում է մոնիթորինգի կենտրոնի մասին՝ նշելով, որ այնտեղ ռուս եւ թուրք զինվորականները հավասար են բաժանվելու, եւ նրանց կազմերում լինելու են նաեւ երկու կողմի գեներալները:
Առաջնային կարեւորություն ունի իր բնակության վայրերից տեղահանված քաղաքացիական բնակչության վերադարձի հարցը: Սա առաջիկա կարեւորագույն հարցերից մեկն է: Պետք է լուծվի Հադրութի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի գրավված բնակավայրեր բնակչության վերադարձի հարցը: Այն ամրագրված է հայտարարությամբ, եւ դրա լուծումը կնախանշի բանակցությունների հետագա ողջ տրամաբանությունն ու ընթացքը: Վերջապես պատասխանի են սպասում Ալիեւի այն հայտարարությունները, թե չի տեսնում Արցախի որեւէ առանձնահատուկ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:
Վերոշարադրյալ բաց հարցերի շուրջ դիվանագիտական ճակատամարտերն անխուսափելի են: Հետեւաբար, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի ողջ ներուժի ու ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է: Լուծվում է մեր պետականության պատմության բախտորոշ հարցերից մեկը, որն այսօր, առավել քան երբեւէ, պահանջում է միասնականություն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

04-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO