Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Քարտեզագրում. սահմանագի՞ծ, թե՞ թռչկոտող «նապաստակ»

Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից:
Նապոլեոն Բոնապարտ

Այո, ինչպես Նապոլեոնն է ասում, պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից, եւ, կավելացնեի իմ կողմից` անգամ, եթե այն վերջացած է թվում, քանզի զենքը պատյանում դնելուց հետո էլ առաջանում են հարցեր, որ պատասխաններ ու լուծումներ են պահանջում, ասենք` ինչ ունեինք առաջ, եւ ինչ ունենք հիմա` պատերազմից առաջ եւ հետո, ընդամենը 44 օր, որ փոխեց աշխարհագրական քարտեզը, ու մենք կանգնեցինք նոր իրողության առջեւ…
Ի՞նչ բան է սահմանը, եւ ի՞նչ է տարածքը, որի համար կենաց-մահու կռվում զոհվեցին կյանքը դեռ չճաշակած պատանիներ, ամեն տարիքի ու մասնագիտության տեր քաղաքացիներ, որ ժամերի ընթացքում զինվորագրվեցին հանուն այն տարածքների, որ հայրենիք է կոչվում. զոհվեցին բուհեր ընդունված, բայց ուսանողական կյանքի քաղցրության դեռ մեկ օրն անգամ չճաշակած վառ երազանքներով պատանիներ, արդեն իսկ տարբեր կուրսերի կայացած ուսանողներ, նվիրյալ բժիշկներ ու գիտնականներ, ուսուցիչներ, դասախոսներ, հանրահայտ մարզիկներ, արվեստի գործիչներ, մարդիկ, որ ահռելի գործ ունեին հայրենաշինության տարբեր ու բազում ասպարեզներում, որ պիտի ամրացնեին հայրենիքի ու պետության բետոնե հիմքերը…
Ի՞նչ է այն հողը, որի համար զոհեցինք թանկագին կյանքեր` մեր արյունը, ուրախությունը, կենսագրությունը մարդկային` անցյալով ու ներկայով համեմված հրաշք օրերի պայծառությունը, որ այլեւս կարոտալի, սակայն եւ դառն հիշողություններով այրելու է մեր միտքն ու սիրտը` անընդհատ ետ նայելու պարտադրանքով ու պարտքով նրանց առջեւ, ում հետ կապում է մեզ սերը, անդառնալի կորցրած, բայց եւ հավիտյան մխացող անամոք ցավի բողոքն ու մրմուռը… Նրանք գնացին ի հավերժություն` ավանդելով մեզ լրացնել կիսատ թողածը եւ շարունակել կռիվը անգամ մեկ սմ այն հողի համար, որին թափված է թանկագին արյունը, այն, որ մեր սիրո ամփոփումն է հայրենիքի այն հատվածի վրա, ուր մեր ոտնահետքերն են դարերի, որ պատմությունն է մեր ու աշխարհագրությունը, կյանքը` հայացքով խորասուզված բարձրաբերձ լեռների, անտառների, գետերի ու դաշտավայրերի չքնաղ լուսապատկերին, հոգեւոր խաղաղության կոչնակն հնչեցնող եկեղեցիների գմբեթներին ու խոնարհումը ակունքներից բխող զուլալ ու պաղ, կենարար աղբյուրներին…
Ահա հիմա, այս պահին գծվում են սահմաններ, ու մեզանից շատերը գուցե եւ տեղյակ չեն, թե ինչպես, ինչ սկզբունքով եւ հատկապես ովքեր են զբաղված մեզ համար այդ չափազանց լուրջ գործով, եւ որքանով այն կլինի կամայական եւ ում օգտին, եւ արդյո՞ք մենք` ապրողներս, կարդարացնե՞նք մեր թանկագին զոհերի սպասելիքները` իրենց գործը շարունակելու եւ հնարավորինս առավելագույնն անելու այն բանից հետո, ինչ մնացել է մեր հույսին… Այո, շատերս չգիտենք, քանզի սահմանագծումն ու ճշտումը, քարտեզագրումը փողոցով լուծվող հարց չէ, սոսկ կաբինետային հարց չէ, այլ խիստ մասնագիտական, ոսկերչական մանրազնին աշխատանք, որին մասնագետներից անգամ քչերն են տիրապետում, եւ կան սկզբունքներ, որոնց պետք է մոտենալ խիստ կշռադատված, ամենայն պատասխանատվության զգացումով, ինչպես այսօր խնդրի վերաբարյալ իրենց կարծիքն ու մտահոգությունն են արտահայտում սրտացավ մասնագետներ եւ հարցն ուսումնասիրողներ, ինչպես Շահեն Շահինյանը, Սամվել Ալեքսանյանը…
Մասնավորապես, հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը «Yerkir.am»-ի հետ հարցազրույցում նշել է, որ չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու, քանի որ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ եւ՛ քարտեզագրողներ են, եւ՛ իրավունքի մասնագետներ, եւ՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։ Մտահոգությունը շատ հստակ է եւ արժանի ուշադրության, քանզի, ինչպես շեշտում է Շահինյանը, անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարեւոր է, թե ով է այդ սարքը օգտագործում եւ ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչեւ մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։ Ասել է, թե պատերազմի դադարեցման համաձայնագրով նախնական պայմանավորվածությունը կարող է թեքվել հօգուտ այս կամ այն կողմի, այսինքն` անուշադրության ու անլրջության դեպքում կարող ենք տանուլ տալ արյունով պահված տարածք, ինչը, կարծում եմ, ներելի չէ տվյալ պարագայում։
Հարցերի ու ճշգրտումների պահանջը շատ է ու հիմնավորված, եւ պարզաբանումների խնդիր կա, որ պետք է լուծվի անհապաղ. խիստ կարեւորվում է այն հարցը, թե այս պահին հատկապես ինչ սահմանազատում ու քարտեզագրում է կատարվում, որքանով է այն պայմանական կամ ավարտուն, վերջնական: «Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,- իր մտահոգությունն է հայտնում Շահինյանը. բացի մտահոգություն հայտնելը, նա պատրաստ է գործընկեր քարտեզագրողների եւ գեոդեզիստների հետ անձամբ իր մեքենայով եւ իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման ու սահմանազատման բուն աշխատանքներին, եթե թույլատրվի…
Թե որքան կարեւոր է շահագրգիռ եւ մասնագետ մարդկանց մասնակցությունը վերոհիշյալ աշխատանքներին, այդ մասին շատ լավ օրինակ է բերում Սամվել Ալեքսանյանը` հիշեցնելով, որ 1924-26 թվականներին, երբ տեղորոշվում էր Հայաստան-Ադրբեջան սահմանը, դեմարկացիան համակարգող Զանգեզուրի եւ Քուրդիստանի սահմանգծային հանձնաժողովում Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչն էր Ակսել Բակունցը, ում ջանքերի շնորհիվ «1925 թվականին միայն Ղափանի շրջանում Զանգեզուրին միացավ 20 գյուղ, որոնք մինչ այդ հանձնվել էին Քուրդիստանին: Միաժամանակ ընդլայնվեցին Զեյվա (Դավիթբեկ) գյուղի տարածքները, հօգուտ Կապանի լուծվեց Վալի դուզ անվանյալ անտառամասի խնդիրը, հօգուտ Կապանի ճշտվեցին Սեւաքարի, Մողեսի, Ուժանիսի, Եղվարդի եւ Ագարակի սահմանները»: Ցավոք, հայկական կողմից բոլորը չէ, որ Բակունցի նման եռանդով էին պայքարում ամեն գյուղի ու թփի համար. շատերը վախենում էին մեղադրվել ազգայնամոլության մեջ եւ կորցնել աթոռները, ու այդ պատճառով, չնայած Բակունցի ջանքերին, նրա իսկ վկայությամբ, սահմանորոշման տվյալ գործընթացում մեծ մասամբ զիջող է եղել Զանգեզուրը: Ի հավելումն դրա, ադրբեջանցիներն սկսեցին բողոքել եւ հաջողացրին ներազդել Հայաստանի կառավարության վրա եւ Բակունցին դուրս մղել հանձնաժողովի կազմից, ինչի հետեւանքով հայկական շատ տարածքներ անցան իրենց տիրապետությանը, էլ չասած, որ հետագայում էլ Հայաստանին պատկանող «մեծ եւ փոքր Ալ լճերը հանձնվեցին Քելբաջարի շրջանին՝ նրանց անասնաֆերմաներն ամառային արոտավայրերով ապահովելու ինտերնացիոնալիստական մղումով: Ընդ որում՝ մեծ Ալ լիճը Վարդենիսի տարածաշրջանում էր, փոքր Ալը՝ Սիսիանի շրջանում՝ Ուղտասարից եւ Ծղուկի լեռնագագաթից մի փոքր հյուսիս: Չկարողացանք ճշտել՝ հրաշք այդ տարածքներն ու լճերն ո՞ւմ որոշմամբ եւ ինչի՞ դիմաց են մերոնք հանձնել Քելբաջարին: Հիմա չպարզե՞նք այդ փոխանակման-նվիրատվության իրավական հիմքերը»,- ցավով նշում է Ալեքսանյանն ու հարցադրումներ անում:
Այսօր մենք, գրեթե 100 տարի անց, հայտնվել ենք համանման իրավիճակում եւ պետք է պարզ գիտակցենք, որ կրակի դադարեցումով պատերազմը դեռ չի ավարտվում, այլ սկսվում է պայքարի նոր փուլ` գիտական ու հայրենասիրական, անզիջում պայքարի` ամեն մի թիզ հողի համար, քանի որ մի թիզ հողն անգամ` իր նշանակությամբ, կարող է մի գյուղի կամ մի ճանապարհի, մի կամրջի խնդիր լուծել, մի փոքր անհաշվարկ կամ անփույթ տեղաշարժ կարող է պատճառ դառնալ կենսական կարեւոր օբյեկտի կորստի, ասենք` ջրամբարի կամ հանքի եւ այլն, եւ ամենեւին պատահական չէ, որ ադրբեջանական կողմը համառորեն ու հետեւողական ոչ միայն իր տարածքային իրավունքին է տեր կանգնում, այլեւ չի խորշում բացահայտորեն տիրանալ ուրիշի տարածքներին։
Այսօր, այս խառնակ վիճակում, երբ հստակություն չկա սահմանների կամ հանձնված տարածքների հարցում, երբ կամայականությունն առավել թելադրող է, քան օրինականությունը, երբ դեռ սահմանազատման գիծը նապաստակի պես «թռչկոտում» է այս կամ այն ուղղությամբ, վեր կամ վար, երբ գյուղացին չգիտի` լքի՞ սեփական տունը, թե՞ շարունակի հույսով ապրել, անհրաժեշտ է զգոնություն եւ մեր հողերի հանդեպ իրավունքների առավելագույնս պաշտպանություն, անհրաժեշտ է թիկունք կանգնել իրենց տունն ու գյուղը չլքող շինականին, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել. անգամ մի քանի տուն ունեցող գյուղը ամուր սահման է մեր հայրենիքի համար, քանզի այն մեծ կառույցի կարեւոր մասնիկներից մեկն է, առանց որի կառույցի վերջնական խարխլումը կարող է սպառնալիորեն կործանարար դառնալ…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

05-12-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO